+374 99 12 80 82 Երկուշաբթի - 25 Նոյեմբեր 2024

Զրույց արվեստանոցում. Անի Մխեյան. «Իմ նկարչության միջոցով ես մաքրվում եմ…»


Ի՞նչ գիտենք մենք ժամանակակից հայ արվեստի մասին: Մենք ճանաչու՞մ ենք մեր կողքին ապրող երիտասարդ ստղծագործողներին, գիտե՞նք  ինչ երաժշտություն են նրանք լսում, ինչո՞վ են առաջնորդվում: Մենք ոչինչ էլ չգիտենք, իսկ այդ չիմանալու պատճառով մենք պնդում ենք, որ չունենք վերը նշված  ‹‹ժամանակակից արվեստը››: Իրականում մեր կողքին ապրում են հետաքրքիր, բազմաշերտ երիտասարդներ, որոնքոչ միայն ստեղծագործում են, այլ խորհում են, նրանք խոսում են, պատմում և բողոքում են, սակայն նրանք դա անում են մեկ այլ իրականության մեջ, մեկ այլ իրավիճակում, որը բոլոր ժամանակներում եղել է ամենահզորը և ամենատպավորիչը: Ահա այդպիսի մի երիտասարդ, տաղանդավոր նկարչուհու՝ Անի Մխեյանի մասին ես իմացա բոլորովին վերջերս և ցանկացա զրուցել նրա հետ: Անին պատմեց, թե ինչպես է երաժշտությունը ազդում իր կտավների բովանդակության վրա, ինչու է նա ուսումնասիրում մարդուն, ինչ է ցանկանում տեսնել մարդու մեջ, ինչ խնդիրներ ունի ժամանակակից հայկական իրականության մեջ՝ որպես նկարչուհի, խոսեցինք նաև արվեստի ազգության լինելու կամ չլինելու մասին:

Սա իմ առաջին, սակայն ոչ վերջին զրույցն էր երիտասարդ նկարչուհու հետ, քանի որ Անին իր արվեստով արագ քայլերով առաջ է գնում և վերափոխվում է, ինձ հնարավորություն ընձեռելով նորից հանդիպել իրեն:Ani-Mkheyan-014

Անի, քո կենսագրական տվյալները դժվար էր գտնել, նայել եմ մի քանի հարցազրույց, որոնք քո ֆեյսբուքյան էջին էին և վերջ: Այսպիսով, կցանկանայի խոսեիր քո մասին, որտե՞ղ ես ծնվել, սովորել, ինչո՞վ ես զբաղվել բացի նկարչությունից:

Ծնվել եմ 1992 թվականին փետրվարի 8-ին Արագավանդում: Դպրոցական տարիներին հաճախել եմ պարի խմբակ, որը ամենևին կապ չուներ նկարչության հետ: 9-րդ դասարանից հաճախել եմ նկարչական խմբակ, 15 թե 16 տարեկան եմ եղել: Այդ ժամանակ ինձ բացատրել են, թե որն է լույսը և ստվերը, ինչպես կարելի սրել մատիտը և այլ նուրբ ու կարևոր բաներ: Այդ ժամանակ նաև իմացա, որ կա Գեղարվեստի Ակադեմիա, որը մեզ տալիս է նկարիչներ: Սկզբում մտածում էի, որ պետք է գնամ դիզայնի ուղղությամբ, որպես հագուստի մոդելավորող, քանի որ մայրս դերձակ է, ես մտածում էի, որ այս երկու ուղղություններով պետք է գնամ: Սակայն, հետո ես իմացա գրաֆիկայի բաժնի մասին, որոշեցի ընդունվել: 2009 թվականին չստավեց ընդունվել, քանի որ ես ինքնուսուց էի, չէի պարապել, ուղղակի հաճախել էի դասերի, որպես ազատ ունկնդիր: Հետո 2 տարի սովորեցի քաղաքաշինության բաժնում, և արդեն 3-րդ կուրս տեղափոխվելիս, որոշեցի վերադառնալ Գեղարվեստի Ակադեմիա, ընդունվեցի և այդտեղից սկսվեց:

Ani-Mkheyan-013Իսկ հիմա նկարչությունից բացի ինչո՞վ ես զբաղվում:

Փորձում եմ մատանիների ձևավորումներ անել և սովորել եմ 3D ծրագիր, որը գումարի աղբյուր է, քանի որ նկարչությամբ գումար վաստակելը դժվար է: Ես երբեք չեմ նկարի ուղղակի որպեսզի գումար վաստակեմ, դիմացինիս կստեմ, սակայն ինձ չեմ կարող ստել: Եվ հետո, նկարչության մեջ այդ սուտը միանգամից երևում է:

Քո հարցազրույցներից մեկում ասում ես, որ սիրում ես ռոք երաժշտությունը, և նշեմ, որ դրա ազդեցությունը զգացվում է քո նկարներում, կա այդ երաժշտության գաղափարախոսությունը: Ես կցանկանայի իմանալ, թե ո՞ր տարիքից ես սկսել լսել ռոք երաժշտություն, ո՞ր խմբերն ես նախընտրում:

Մոտ երկու տարի է արդեն լսում եմ ռոք, սակայն այլ ժանրեր նույնպես նախընտրում եմ: Ընդհանրապես, երաժշտության տեսակը ինձ մոտ ըստ տրամադրության է, ըստ միջավայրի, միայնակ եմ թե միայնակ չեմ: Օրինակ՝ երգեր կան, որոնք ես նախընտրում եմ միայնակ լսել, առանց որևէ մեկի ներկայության, քանի որ ինձ համար այդ ամենը շատ անձնական է: Ռոքի միջոցով ես կարողանում եմ նկարիս հետ անմիջական կապ հաստատել: Այդ երաժշտության յուրաքանչյուր անցումը, հարվածային գործիքի օգտագործումը, այդ ամենը կապ ունի իմ ներաշխարհի հետ: Հետևաբար այս ամենը կարելի տեսնել իմ վրձնահարվածների մեջ, որտեղ կա լոկալություն, որն իր մեջ պարունակում է անցումներ: Այո, 2 տարի առաջ էր, երբ Գեղամի հետ արվեստանոցում Փինք Ֆլոյդ, 16 ձիաուժ, այնուհետև սկսեցինք Ռադիոհեդ լսել, և այդ ամենը մերն էր: Հիմա էլ, եթե նկարելիս չլինի երաժշտությունը ես սկսում եմ մտածել խնդիրներիս մասին, որոնք ինձ շեղում են իմ նկարից: Սակայն, երբ կա երաժշտությունը ես կարողանում եմ մեկ գծի վրա դնել թե՛ իմ խնդիրները և թե՛ իմ նկարը, լցնելով կտավներս իմ ապրումներով, որոնք սկսում են գոռալ, լացել, սակայն լուռ: Ես գիտեմ, որ այդ ամենը մարդիկ տեսնում  և զգում են իմ նկարներում:

Եվ այդ ամենը արվեստում կոչվում է էքսպրեսսիոնիզմ: Ես քո նկարներում դա տեսնում եմ և ուզում եմ հասկանալ ինչպես է այն վերաարտահայտվել երիտասարդ նկարչուհու կտավներում, որը ապրում է 2015 թվականի Հայաստանում: Ինչու՞ էքսպերեսսիոնիզմ կամ դու երբևէ մտածե՞լ ես, որ նկարում ես այդ ոճով:

Ani-Mkheyan-022Սկզբից չեմ մտածել, այնուհետև որոշ չափով կարդալով, ուսումնասիրելով կարղանում եմ կապել, բայց, միևնույն ժամանակ, իմ կարծիքով, մոնումենտալիզմ կա այս ամենում, որոշ չափով մինիմալիզմ: Ես երբեք չեմ մտածել ստեղծագործելիս, հետո եմ կապել դրանք ‹‹իզմերին››, որպեսզի հասկանամ թե ուր եմ գնում: Ընդհանրապես, ես որպես ստեղծագործող, այլ նկարիչների գործեր տեսնելով չեմ փորձի նմանակել, որքան էլ այդ ստեղծագործությունը ինձ հոգեհարազատ լինի: Ինձ համար շատ կարևոր է անել այն, ինչը իմն է, լավ թե վատ, բայց իմն է:

Այսինքն, այս ամենը ստեղծվում են տարատեսակ արտաքին ազդակների՞ց: Բացի ռոքից է՞լ ինչը կարող է քեզ ստիպել նկարել:

Միջավայրը, մարդիկ, նրանց էներգետիկ դաշտը: Ինձ շատ անգամ են մեղադրում , որ շատ դաժան եմ նկարում և գուցե ես դաժան եմ, այդ պատճառո՞վ: Ոչ, բացարձակապես, ես ընդհանրապես դաժան չեմ, ուղղակի իմ նկատմամբ են դաժան: Ես իմ դաժանությունը չեմ նկարում, նկարում եմ այն ինչ ինձ գալիս է մարդկանց կողմից: Եկավ ինձ, ինձնից գնաց կտավին: Կտավներում դիտողը տեսնում է իրեն, եթե նա այնտեղ դաժանություն է տեսնում, ապա նա իրեն է տեսնում:

Ես վերջերս եկել եմ նաև այն մտքին, եթե ես չնկարեի այն ամենը ինչ գալիս է դեպի ինձ, ապա դա իմ մեջ նստվածքի նման կմնար: Իմ նկարչությունը միջոց է, որպեսզի ես նրանց նման չլինեմ: Ես այդպիսով մաքրվում եմ…

Քո կարծիքով արվեստը ազգություն ունի՞: Կա այդպիսի հասկացություն ‹‹հայկական արվեստ››, դու քո մեջ խնդիր դրե՞լ ես հասկացվելու այս կամ այն միջավայրում:

Ոչ, մարդը մնում է մարդ: Իմ արվեստը ընկալողը կամ կա, կամ չկա, ես ենթակա չեմ նրա միջուկը փոխելու: Իհարկե, կան մարդիկ, որոնք կարիք ունեն բացատրության, սակայն, իմ կարծիքով, ընկալման այդ ազդակը միշտ էլ կա:

Ani-Mkheyan-027

Իսկ դու ու՞մ կամ ի՞նչն ես հասկացել: Ովքե՞ր կամ ինչե՞ր են եղել արվեստում քո ճանապարհը հարթողները: Լինի դա նկարիչ, երաժիշտ, փիլիսոփա կամ դարաշրջան

Այս հարցին կպատասխանեմ իմ ձևով՝ նկարիչներից սիրում եմ Բրեգելի, Մունկի, Մատիսի, ինչ-որ չափով Սեզանի աշխատանքները: Նրանք ինձ համար որպես ուսուցիչներ չեն: Օրինակ, երբ դասախոսը դասն իր ձևով բացատրում է և ես փորձում եմ իր նման անել, երբեք չի ստացվի, միևնույնն է ես իմը կանեմ: Ես միշտ փորձել եմ իր ասածն ընկալել, սակայն իմ ձևով դա արտահայտել:

Աշխատանքներ ունեմ, որոնք գրքերի հիման վրա են ստեղծվել, դրանցից են՝ Չեխովի ‹‹Վեցերորդ հիվանդասենյակը››, Կաֆկայի  ‹‹Կերպարանափոխությունը››,  ‹‹Դատավարությունը››, Չեխովի  ‹‹Կինը››, ինչպես նաև 2-րդ կուրսում փորձում էի ֆոտոշոփ ծրագրով նկարել, որի արդյունքում նկարել եմ նաև  ‹‹Կիկոսի մահը›› հեքիաթը:

Արվեստում ո՞րն է քո գաղափարախոսությունը:

Արվեստում իմ գաղափարախոսությունը իմ սկզբունքներն են: Ես շատ կցանկանայի, որ  ‹‹մարդը մարդ լինի››, այսօր էգոիզմը շատ է մարդկանց մեջ և ինձ համար շատ կարևոր է, որ մարդու մեջ դա չլինի, շատ բաներ միայն իրենց օգուտի համար չանեն, լինեն հասկացող, զիջող, օգնող: Ես փորձում եմ ապրել այնպես, որ  ‹‹ներողություն›› ասելը ինձ համար դժվար չլինի և շատ կցանկանայի, որ մարդիկ նույնպես չվախենային այդ բառից: Ես նաև իմ շրջապատում գնահատում այն, որ մեկս մյուսին չենք դատում և իմ գաղափարախոսությունն էլ դա է՝ չդատել:

Ani-Mkheyan-005 Ani-Mkheyan-004 Ani-Mkheyan-003


Որպես երիտասարդ նկարչուհի, որը ապրում է ժամանակակից Հայաստանում, որտեղ մշակույթի վիճակը այնքան էլ բարվոք չէ, ինչպես դու նշեցիր՝ գումար չկա և այլն, է՞լ ինչ խնդիրների ես հանդիպում: Ունե՞ս ամբիցիաներ, որոնք այս պահին Հայաստանի սահմաններում չես կարող բավարարել:

Նախ չկա շուկա, չկա պահանջարկ և չկա գնորդ՝ դա առաջին խնդիրն է: Ես իմ մասնագիտությամբ չեմ կարողանում գումար վաստակել և ստիպված շեղվում եմ իմ ճանապարհից, գումար վաստակում և ներդրում անում նկարչությանս մեջ: Նաև մարդիկ, հասարակական մտածելակերպը՝ դա նույնպես ինձ խանգարում է: Ինչպես արդեն նշեցի ինձ համար ամենակարևորը մարդն է: Ես ուսումնասիրում եմ մարդուն, նրա մտածելակերպը, գաղափարները, թե ինչու նա այսպես կամ այնպես մտածեց: Ես ամեն ինչ վերլուծում եմ և փորձում եմ գտնել ակունքը: Մոտ 2 տարի առաջ ես եկա մի համոզման՝ եթե ես ինքս ինձ լավ ճանաչեմ, ապա դիացինիս էլ կկարողանամ ճանաչել:

Զրույցը ամփոփելով ասեմ, որ Անին հիմա գտնվում է փնտրտուքների տարիքում, իսկ մենք ուշիուշով կհետևենք նրա գտածոներին, որոնք անպայման իրենց  մասին կպատմեն Անի Մխեյանի կտավներում


Անի Մխեյանի արվեստանոցում



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով