Կերպարվեստը միավորում է գեղանկարչությունը, քանդակագործությունը, գրաֆիկան, դեկորատիվ-կիրառական արվեստը: Կերպարվեստի ստեղծագործություններում պատկերված գործողությունը խտացած, կենտրոնացած է մեկ պահի մեջ, արտաքուստ ստատիկ է և չի զարգանում ժամանակի ու տարածության մեջ ինչպես թատերական արվեստում, պարարվեստում կամ երաժշտության մեջ, սակայն դա չի խանգարում գաղափարներ, մտքեր ու ապրումներ արտահայտելուն՝ չկորցնելով մեծ արվեստի ուժը [1]:
Ճարտարապետությանն է վստահված մարդու կենսագործունեության համար հարմարավետ և գեղեցիկ տարածական միջավայր ստեղծելը: Ճարտարապետության մեջ գեղարվեստական կերպարի ստեղծման հիմնական միջոցներն են կառուցման արվեստը և տարածության ձևավորումը: Հավասարապես կարևոր են կառույցի մասշտաբայնությունը, համամասնությունները, ծավալատարածական հորինվածքը, գործառնական և կառուցվածքային պահանջները [2]:
Ի տարբերություն կերպարվեստի, ճարտարապետությունը պատկանում է ոչ միայն արվեստի դաշտին, այլև՝ գիտության: Իհարկե այս կապակցությամբ բազում սահմանումներ արդեն իսկ տրված են, այնուամենայնիվ ճարտարապետության տեղը որոշելու համար կատարենք ևս մեկ փորձ. ճարտարապետությունը գտնվում է հիմնականում իրար վանող երկու բևեռների՝ գիտության և արվեստի բախման կետում՝ եզակիորեն հանդես գալով որպես արվեստ պարունակող գիտություն և գիտություն պարունակող արվեստ: Եվ միայն այս բախման բարերար ազդեցությունից սերված հուշարձաններն են դառնում արվեստի ստեղծագործություններ: Ճարտարապետության մեջ արվեստի բաժնի «պատասխանատուն» կերպարվեստն է և դրա բացակայության պայմաններում ճարտարապետությունը կընկալվի միայն որպես գիտական հարթություն:
Կերպարվեստի և ճարտարապետության կապի օգտավետ անխուսափելիությունը հայտնի է դեռևս հնագույն մեգալիթյան, պաշտամունքային, դամբարանային և այլ կառույցներից: Քանի որ տվյալ դեպքերում ճարտարապետությունը գործառնականից առավել ուներ ծիսական և գեղարվեստական նշանակություն, հետևաբար թե´ քանդակագործությունը, թե´ որմնանկարչությունն իրենց կիրառությունն են գտել ճարտարապետության մեջ դեռևս հազարամյակներ առաջ: Այս կապը դարձնենք ավելի շոշափելի՝ դիտարկելով հայկական ճարտարապետության մեջ գոյություն ունեցող արտահայտիչ օրինակ:
Քանի որ հայկական ճարտարապետությունը կատարելապես դրսևորվել է պաշտամունքային կառուցների միջոցով, ուստի դիտարկենք հայկական միջնադարյան ճարտարապետական գոհարներց մեկը՝ Ախթամարի սբ. Խաչ եկեղեցին, որը հայ արվեստի մեջ ճարտարապետության և կերպարվեստի կապի լավագույն դրսևորումն է:
Ախթամարի սբ. Խաչ եկեղեցին՝ Վասպուրականի ճարտարապետական դպրոցի գլուխգործոցը, կառուցվել է 915-921 թթ. Գագիկ Արծրունու պատվերով՝ դարաշրջանի հանճարեղ ճարտարապետ, քանդակագործ ու նկարիչ Մանվելի մտահղացմամբ: Հիրավի, դժվար է Ախթամարի տաճարը սոսկ ճարտարապետական կոթող համարել, քանի որ առաջատար նշանակություն ունեն դրա հոյակապ բարձրաքանդակները և որմնանկարները: Դրանք իրականացված են երեք հիմնական շերտերով՝ տաճարի բոլոր պատերին ու խմբավորված են ըստ բովանդակության: Կրոնական թեմաներով հորինված բարձրաքանդակների հետ միասին, առատորեն տեղ են գտել աշխարհիկ կյանքը պատկերող որսի, աշխատանքի, խրախճանքի և այլ տեսարաններ պատկերող բարձրաքանդակներ, որոնք կատարյալ հանրագիտարան են հադիսանում 10-րդ դարի կյանքի այլազան կողմերի ուսումնասիրության համար: Իսկ ներսում՝ բոլոր պատերին, տեղ են գտել գծանկարի վարպետությամբ և գույների ներդաշնակությամբ իրականացված որմնանկարներ [3]: Դրանցից առավել կատարյալը ավագ խորանի պատին ամփոփված որմնանկարն է, որում պատկերված է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ:
Տարակույսից վեր է, որ Ախթամարի սբ. Խաչը կրում է կերպարվեստի առանցքային ճյուղերը՝ ժանրային յուրօրինակ բազմազանությամբ: Այս կոթողն իր բարձրարվեստ որմնանկարների և բարձրաքանդակների շնորհիվ անկրկնելի տեղ է գրավում ոչ միայն հայկական, այլև համաշխարհային ճարտարապետության և կերպարվեստի պատմության մեջ:
Գրականություն
1.https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A5%D6%80%D5%BA%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF
2.https://hy.wikipedia.org/wiki/%D5%83%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6
3. Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992, էջ 222
Թողնել մեկնաբանություն