+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Զրույց Հասմիկ Թանգյանի հետ, մշակութային ներառական միջոցառումների խնդիրների շուրջ…


Հայտնի դրամատուրգ Բերտոլդ Բրեխտն ասել է. «Արվեստի բոլոր տեսակները ծառայում են արվեստներից բարձրագույնին՝ աշխարհի վրա ապրելու արվեստին»:

Արվեստը բոլորի համար է: Բոլորս էլ հաճախում ենք տարբեր միջոցառումների, դիտում ներկայացումներ, ներկա  լինում համերգների, ցուցահանդեսների ու կինոդիտումների, մեզ համար սովոր ու հանգիստ միջավայրում վայելում այս կամ այն մշակութային իրադարձությունը: Այդ ընթացքում հաճախ չենք էլ հիշում, որ կան մարդիկ և հատկապես երեխաներ, ովքեր զուրկ են թե բեմում իբրև արտիստ ներկայանալու, և թե իբրև հանդիսատես այդ ամենին ներկա գտնվելու հնարավորությունից: Ba-Ar-Di-A-therapeutic-dance-studioՀատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար հաճախ դժվար է ինտեգրվել մշակութային միջավայր, քանի որ միջոցառումներն ի սկզբանե իրենց համար նախատեսված չեն և հաշվի չեն առնված նրանց կարիքներն ու առանձնահատկությունները: Մյուս կողմից՝ հաճախ հասարակությունը պատրաստ չէ ընդունելու առանձնահատկություններ ունեցող մարդկանց, շատերը խուսափում են նրանցից, ոմանք թերագնահատում են նրանց կարողությունները, շատերն էլ պարզապես չգիտեն, թե ինչպես դրսևորեն իրենց և ինչպես վերաբերվեն նրանց:Այս առումով մեզանում դեռ զարգացած չէ ներառական միջոցառումների կազմակերպման ինստիտուտ և այս բնագավառում պրոֆեսիոնալ ու համակարգված մոտեցման կարիք է նկատվում: Ահա թե ինչու, մեզ հետաքրքեց  Հ. Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնում 2015թ.-ի հունիսի 29-ին «Բաարդիա» պարային-թերապևտիկ ստուդիայի կողմից ներկայացված «Ծարավը և կաթիլիկները» պարային ներառական ներկայացումը, որտեղ ընդգրկված տաղանդաշատ երեխաներից ութը հատուկ կարիքներ ունեցող երեխաներ էին: Ուրախ, եթերային, լուսավոր երազներով լի կաթիլիկներն այս ու այն կողմ էին թռչկոտում, ապա «գլորվում բեմից ցած», ժպտում հանդիսատեսին: Երեխաները, որ գտնվում էին բեմում, և նրանք՝ որ հանդիսատեսի դերում հետևում էին իրենց ընկերներին, համակված էին մի հեքիաթային,  լուսավոր տրամադրությամբ: Նրանք հաստատում էին, որ ունակ են շատ բաներ անել, ունակ են արարել, ունակ են ժպտալ, երազել  ու երջանիկ լինել: Ներկայացման ընթացքում նկատեցինք բազմաթիվ մասնագիտական նրբություններ, և խնդիրներ, որոնց մասին հարկ ենք համարում խոսել, բարձրաձայնել և ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը սևեռել հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնդիրների և նրանց՝ մշակութային միջոցառումներում ներգրավելու հարցի վրա: Ահա թե ինչու ներկայացումից հետո հանդիպեցինք «Բաարդիա» պարային-թերապևտիկ ստուդիայի հիմնադիր, արվեստաբան, պարուսույց և պարային թերապևտ Հասմիկ Թանգյանին և նրան ուղղեցինք մեզ հուզող հարցերը…

Խնդրում եմ, մի փոքր պատմեք նախ Ձեր, ապա՝ ստուդիայի և հատկապես ներկայացման գաղափարի մասին:

Ba-Ar-Di-A-therapeutic-dance-studio-033Հասմիկ Թանգյան, արվեստաբան, պարուսույց, պարային թերապևտ: Այս բոլոր երեք բնակագավռներում էլ գործունեություն ծավալում եմ: Աշխատում եմ երեխաների զարգացման կենտրոնում, որպես թերապևտ, նաև «Ba-ar-di-a» պարային թերապևտիկ ստուդիայում, որը ինքս եմ հիմնադրել 2011թ.-ին: Այս բոլորը փորձում եմ համադրել, մեկը մյուսին չի զիջում: Երբ սկսեցի աշխատել երեխաների հետ, պարզվեց, որ նրանց հասարակության մեջ ներգրավելու լուրջ խնդիր կա:  Սակայն ինձ համար առավել հետաքրքիրը բուն ներկայացումն էր, ներկայացման պրոցեսները, ինչպես ներգրավել երեխաներին, ինչպես աշխատել այդ ամբողջ պրոցեսի մեջ, միևնույն ժամանակ անել այնպես, որ դա լինի ոչ թե սովորական բեմադրական պրոցես, որ միայն արտիստները սովորեն, այլ նաև ուսուցողական լինի բոլորի համար, սկսած ծնողներից, երեխաներից, ընդ որում խոսքը վերաբերում է թե հատուկ խնդիրներ ունեցող երեխաների ծնողներին, թե մյուս երեխաների ծնողներին: Այսինքն՝ ուսուցողական պրոցես լինի բոլորի համար էլ, նաև ինձ համար, նաև ներգրավված կամավոր թերապևտների համար, քանի որ մենք չունենք շատ մեծ փորձ աուտիստներին ներգրավելու ստեղծագործական պրոցեսների մեջ, շատ բաներ մեր գիտելիքի և ինտուիցիայի վրա է հիմնված:Ներկայացումը թերապևտներով համատեղ աշխատանքի արդյունք է, առաջարկներով, դրանք քննարկելով, թե ինչպես այս երեխային ներգրավել, ինչպես մյուսի հետ առաջացած հարցը լուծել, ինչպես այս ծնողի հետ աշխատել, ինչպես մյուսին համոզել, որ երեխայի համար ապահով է մեզ մոտ, որ նրան դա պետք է, ինչպես հատուկ կարիքներ ունեցող երեխաների և նրանց հետ շփման փորձ չունեցող  մյուս երեխաների միջև հանդիպումը կազմակերպել, ինչպես կազմակերպել այդ պրոցեսը… կռվում են, Ba-Ar-Di-A-therapeutic-dance-studio-029հաշտվում են, սա անընդհատ պրոցես է: Եվ շատ կարևոր էր ինձ համար որպես այդ հանդիպման հիմք վերցնել հենց հեքիաթը, այն ինչի շուրջ երեխաները ստեղծագործելու են: Հեքիաթը ունի մի առանձին պատմություն:Մի քանի տարի առաջ Վալդորֆյան մանկավարժության սեմինարների ընթացքում սկսեցինք հեքիաթներ գրել, ես այդ հեքիաթը գրեցի՝ «Ծարավը և կաթիլիկները», էլի շատ հեքիաթներ կային, բայց ընտրեցինք այս մեկը: Հետաքրքիրն այն էր, որ հեքիաթի հիմքում ընկած էր հենց իմ ստուդիայի երեխաներից ասոցիացիաները, տպավորությունները, նրանց խնդիրները, այն համընդհանուր հարցերը, որոնք որ կային, հուզում էին ինձ իմ երեխաների մեջ, իրենց մեջ էլ, տեսնում էի այդ կերպարները, ու քանի որ հենց իրենցից էր շատ բան դուրս գալիս, բոլորն էլ կողքից ասում էին արի բեմադրի, ու սկսվեց մի բեմադրական պրոցես: Մինչ այդ ես փորձեցի դիմել տարբեր գրանտերի, բայց ոչ մի ֆինանսական աջակցություն չստացա:Միայն Տիկնիկային թատրոնի տնօրենը, շատ բարի մի մարդ, ասաց,  որ կտրամադրի բեմը  շատ սիմվոլիկ մի գումարով, միայն աշխատողների համար: Սա մեզ համար շատ մեծ աջակցություն էր:Բացի իմ ընկերների ներդրումից այդքան մեծ աջակցություն մեկ ուրիշից ես չէի սպասում: Տարածքը տրամադրվեց ու հեքիաթի պրոցեսը սկսվեց: Տեսարանները ավելի շատացնելու գործում ինձ օգնեցին ընկերներս, միասին մշակեցինք, հարմարեցրեցինք բեմադրությանը, մեծացրեցինք հեքիաթը և եկավ դերերը բաշխելու ժամանակը, ինչը ամենաբարդն էր: Նույնիսկ հատուկ կարիքներ ունեցող երեխաներից մեկը ինքն իրեն դեր տվեց այդտեղ. նման դեր չկար այդտեղ: Ահա այստեղ է, որ կարող ենք շեշտել, թե ինչու է կարևոր նման երեխաների ներգրավումը հասարակության մեջ: Իրենք ոգևշնչում են մյուս երեխաներին: Մյուս երեխաները, որքան էլ տաղանդավոր լինեն, հաճախ որոշ ազատության պակաս ունեն և մեր խմբում շատ լավ ստացվեց, երբ հիպերակտիվություն ունեցող որոշ երեխաներ ազատ շունչ էին  մտցնում պրոցեսի մեջ ու այդ դերի ինքնուրույն ընտրությունն էլ մյուսների համար խթան հանդիսացավ:

Ինչքանո՞վ է  տարբերվում աշխատանքը հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ մյուս երեխաների հետ աշխատանքից, թե մասնագիտական թերապևտիկ առումով և թե ավելի մանր ստեղծագործական պրոցեսներում:

Ba-Ar-Di-A-therapeutic-dance-studio-034Մեր պարային թերապևտիկ ստուդիան, ինքն իր սկզբունքով երկու մասից է բաղկացած, մի հատվածը առանձին, անհատակսն տիպի ստուդիան է, մյուս հատվածը՝ ուղղակի պարային ստուդիան է, որտեղ ի սկզբանե հատուկ կարիքներ ունեցող երեխաներ չեն եղել և միայն տարիների ընթացքում ինձ հաջողվեց այդ երկուսը իրար հետ սերտաճեցնել: Դա միանգամից չէր կարող լինել, ինչ-որ նախնական աշխատանք էր պահանջվում դրա համար: Օրինակ՝ պարապմունքի ավարտին գալիս էր մի առանձնահատկություններ ունեցող երեխա, նրանք տեսնում էին իրար, գոնե ներս մտնելուց, դուրս գալուց, մի փոքր հանդերձարանում, այսպես քիչ-քիչ ինչ-որ կերպ հարաբերվում էին միմյանց հետ, սովորում էին միյանց, ու ժամանակի ընթացքում սովորական էր դառնում նրանց համար, որ օրինակ նույն հանդերձարանում կարող էր իր հետ միասին հագուստ փոխել մի քանի այլ երեխա, դահլիճում բացի իրենից էլի երեխաներ կարող էին լինել և այլն: Սա հենց այն կարևոր կետերն են, որ ներառական պրոցեսում պետք է հաշվի առնել: Հենց այդ սկիզբը՝ առաջին հանդիպման քայլը ամենաբարդն է ու ամենակարևորը: Ba-Ar-Di-A-therapeutic-dance-studio-VacuumԵրկրորդ կարևոր կետը երկուսին էլ շփման մեջ ազատություն տալն է: Երբ տալիս ես ազատություն, իրենք իրենց հարցերի պատասխաններն ավելի շուտ են գտնում:  զարմանալի էր, թե մեր երեխաները ինչպիսի լավ լուծումներ էին գտնում, ինչպես էին շփման բերում առանձնահատկություններ ունեցող երեխաներին, ինչպես էին որոշ դեմոնստրատիվ վարքի դեպքում հաղթահարում այդ ամենը, դա շշմելու բան էր: Հետո արդեն գալիս է համատեղ ստեղծագործական պրեցեսը, դա էլ մեր ներկայացումն էր, հանգուցալուծումն էր այն ամենի, որ գնաց, հասավ մի կետի որտեղ իրենք իրենց կարող էին  բավարարված զգալ: Այսինքն մի բան են արել, որ հասնեն մի բանի, աննպատակ չէր իրենց արածը, դրա համար շատ կարևոր էր, որ տարին եզրափակվեց ներկայացումով:

Ներկայացման ժամանակ նստած էի մի փոքրիկի կողքին, ով կարծես հատուկ առանձնահատկություններ ունեցող երեխա էր: Նախքան ներկայացումը շատ անտարբեր էր շրջապատի հանդեպ, ոչ մի աղմուկի, կամ շփման փորձի չէր արձագանքում, սակայն ներկայացման սկսելուն պես ուշադրությունը կենտրոնացրեց բեմին: Եվ ինձ մոտ հարց առաջացավ թե արդյո՞ք իրեն պարզապես հետաքրքրեց այդ ներկայացումը, թե՞ ներկայացումը արված էր հենց իր համար, այսինքն հաշվի էին առնված իր խնդիրները: Եվ առհասարակ որքանո՞վ է կարևոր նման երեխաների ներկայությունը մշակութային միջոցառումներին իբրև հանդիսատես:

Ba-Ar-Di-A-therapeutic-dance-studio-008Մեզանում այսօր շատ միջոցառումներ են կազմակերպվում, որոնց սակայն ծնողները չեն կարողանում բերել իրենց երեխաներին: Քիչ տեղեկացվածությունն է խնդիրը: Երեխայի անսպասելի վարքի պահին  ծնողն անզոր է: Դրա համար շատ կարևոր է կազմակերպել միջոցառումներ ոչ թե հատուկ առանձնահատկություններ ունեցող երեխաների համար, այլ միջոցառումներ, որ բաց են նաև իրենց համար: Նման միջոցառումներ շատ քիչ են հանդիպում, ես կասի նույնիսկ երբ կազմակերպվում են ներառական ներկայացումներ,  ավելի շատ հաշվի է առնվում բեմադրական պրոցեսը ներառական արտիստների մասով, քան ներառական հանդիսատեսի մասը: Արդյոք հանդիսատեսը կարող է դա ընկալել, արդյոք կարող է կենտրոնանալ դրա վրա, իրեն լավ զգալ և այլ հարցեր հաճախ չեն գտնում իրենց պատասխանները: Մեր ներկայացման հեջ այդ երկու հատվածն էլ հաշվի էր առնված: Ներկայացումն ինքնին ուներ մի քանի շատ կարևոր կետեր, որոնց վրա անհնար էր ուշադրություն չդարձնել: Նախ՝ գույները. գույների մեջ չկար ոչ մի լարում մցնող բան, մոնոխրոմություն կար, հանգիստ, պարզ գույներ էին, չկային լուսային ու գունային խաղեր, շատ մինիմալիստիկ էր և այդ առումով կենտրոնացնում էր երեխաներին: Բացի այդ չկար վերբալ հաղորդակցություն, խոսքեր կային, բայց շատ քիչ և երաժշտությունն էլ իրենով կենտրոնացնում էր: Երաժշտությունն էլ պատահական չէր ընտրված: Ես արդեն չորս-հինգ տարի է երեխաների համար միացնում էի կելտական երգեր, և նրանք շատ հաճույքով էին լսում: Այդ երգերը ոչ մի կերպ իրենց չէին նյարդայնացնում, հնարավոր է անտարբեր լինեին, բայց ոչ մի դեպքում չէին նյարդայնանում:  Պատահական չէր նաև, որ հենց կենդանի կատարում ընտրեցինք, քանի որ եթե տեխնիկաներով, բարձրացուցիչներով լիներ, դա ևս կարող է լարվածություն առաջացներ: Կենդանի կատարումը երեխաների համար ուսուցողական տեսանկյունից էլ շատ կարևոր է: Եվ այդ բնական էներգիան դրական է ազդում երեխայի վրա: Ես շատ ուրախ եմ, որ «The windrose» խումբը ցանկացավ մեզ հետ համագործակցել: Ba-Ar-Di-A-therapeutic-dance-studio-025Երեխաներից մեկը, որ սայլակի վրա էր, երգեց իրենց հետ, դա էլ մի յուրատեսակ համագործակցություն էր: Այդ աղջիկը շատ ուրախ էր, որ հին կելտական երգ է երգում, բրետոնական լեզվով, դա իր համար շատ մեծ իրադարձություն էր, որ սովորական երգ չի երգում: Բացի այդ, երեխաները տարիներ շարունակ լսել էին այդ երգերը, անգիր երգելով վազվզում էին այս ու այն կողմ և դա շատ մեծ իրադարձություն էր իրենց համար, որ երաժիշտներ եկան ու նվագեցին հենց իրենց համար: Բացի  The windrose խմբից, կցանկանայի նշել ևս մի շատ կարևոր համագործակցության մասին: Այս ներկայացման մեջ շատ հետաքրքիր մի համագործակցություն եղավ մի արգենտինացի աղջկա հետ՝ Մարսելա Պերեսի հետ, ով այստեղ որպես կամավոր էր, օդային պարերի մասնագետ էր և երկու շաբաթ մեր մի քանի աղջիկներ հետ աշխատեց, օդային պարեր սովորեցրեց, և իմ երեխաների համար սա նաև շատ հետաքրքիր համագործակցություն էր ոչ հայ մարդու հետ շփվելու և ինչ-որ նոր բան սովորելու տեսանկյունից: Օդային պարերը շատ կարևոր կետ հադիսացան աուտիստների ներգրավման տեսանկյունից: Պատահական չէր ոչինչ: Երբ  տեսա այդ օդային պարերը հասկացա, որ սա հենց այն կետն է, որով ես կարող եմ որոշ երեխաների ևս ներգրավել: Հեշտ չէր, իրենք հաճախ հրաժարվում էին, բայց այդ օդային պարերը այլ էին, երբ տեսնում էին թե ինչպես են աղջիկները պարում, գալիս էին, օգնում էին, շատ հետաքրքիր էր, թե ինչպես էր այդ ամենը տեղի ունենում

Նաև նկատեցի, որ շատ ազատ էին իրենց զգում բեմի վրա, ոչ մի հուզմունք, ոչ մի լարվածություն չկար, ինչպե՞ս էիք հասել այդ հանգիստ վիճակին: 

Ba-Ar-Di-A-therapeutic-dance-studio-023Ինքս մանկուց բեմի հետ կապ ունեմ, ինձ համար կարևոր էր նաև երեխաներին բեմին ծանոթացնելու հարցը: Ես երբեք չեմ ցանկանա, որ երեխան բեմին վերաբերվի որպես ինչ-որ քննական հարթակի: Այսօր գուցե բարձրանա բեմ, ուղղակի քայլի և դուրս գա, վաղն արդեն կկարողանա բեմի վրա ինքնաարտահայտվել, արդեն ազատ կզգա իրեն: Միգուցե այսօր պրոֆեսիոնալ տեսանկյունից թույլ մի բան ցույց կտա. նա դեռ երեխա է, բայց վաղը մենք կունենաք արտիստներ, ովքեր շատ ազատ են զգում իրենց բեմում: Իրենց համար չեն լինի այն դասական կանոնները, թե բեմի վրա սա չի կարելի անել, մյուսը չի կարելի անել, ոչ, մենք աշխատում են ժամանակակից մեթոդներով և ուղղություններում, տարբեր տարիքային խմբերի որոշակի ժամանակակից ուղղությունների ենք ծանոթացնում:  Շատ ավելի փոքրիկներին մի քիչ մոդեռնի ուղղությամբ ենք զարգացնում, ավելի  մեծերին ավելի ժամանակակից, ամենամեծերն՝ արդեն պոստմոդեռն ուղղություններոով: Շատ տարբեր են, բայց իրենք բոլորն էլ իրար հետ հարաբերվում են, իրար հետ պարում են, ու դրան հեշտ չէ հասնել, որովհետև նախ ինքս իմ մեջ պիտի շատ բան հաղթահարեի, բայց դա էլ ունի իր լավ կողմերը: Երեխաները իրենց ներկայացման առաջին փորձը ունեցան ոչ թե բեմի վրա, այլ բացօթյա, անցած տարի հունիս ամսին Գավառում, Հայրավանքում տեղի ունեցավ «Վակում» ներկայացումը, որը շատ ավելի լավ էր ներկայացնում այդ ամենը: Իրենք ավելի ազատ էին բնության գրկում, ներկայացումն էլ այնպես էր կառուցված, որ շփում կար նաև հանդիսատեսի հետ: Եվ իրենց մեջ արդեն ազատ կուլտուրա էր մտնում, որ իրենք արտիստ են, բայց կարող են դուրս գալ, հանդիսատեսի հետ խոսել: Իհարկե, դժվարություններ էլ են առաջանում, հաճախ նաև դիսցիպլին է պետք, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր է և ես չեմ ցանկանում այդ ազատությունը կոտրել: Հաճախ ասում են՝ այս ինչ է կատարվում, բայց իրենք իրականում շատ պատասխանատու են, ներկայացմանը շատ պատրաստված են, բոլորը գիտեն իրենց դերերը:

Իսկ ծնողների հետ որքանո՞վ է դժվար  աշխատել , համոզել, ներգրավել

Ba-Ar-Di-A-therapeutic-dance-studio-017Ծնողների հետ թերևս ամենաբարդն է: Նախ, հատուկ կարիքներ ունեցող երեխաների ծնողների հետ մեկ այլ տեսանկյունից շատ բարդ է, քանի որ իրենք ունեն շատ վախեր, ելնելով հասարակության հետ խնդիրներից, իրենք շատ դժվարություններ են հաղթահարում, ու դժվար է իրենց հետ համագործակցության եզրեր գտնել հանգիստ ձևով, հաճախ իրենք էլ ինչ-որ վախերի միջով են անցնում, մինչև հասնում են մի կետի, հաճախ լարված են լինում, անհանգիստ, չեն սպասում որ լավ կլինի, վերջում ասում են՝ ինչ լավ է, որ լավ ավարտվեց: Այսինքն՝ չկա այդ հանգստությունը, թե ինքը հանգիստ կարող է իր երեխային ինչ-որ մի տեղ տանել … Սա շատ բարդ հարց  է: Մյուս ծնողների դեպքում էլ խնդիրները քիչ չեն: Դեպքեր են եղել, երբ եկել ու վերցրել են երեխաներին, ասելով, թե էլ չեն պատրաստվում բերել մեզ մոտ, քանի որ չեն ցանկանում, որ նրանց կողքին լինի նման վարք ունեցող երեխա: Սա ամենաբարդ խնդիրն է, ու ինձ մոտ այդ դեպքերում ավելի մեծ ցանկություն է առաջանում շարունակելու սկսածս գործը, որովհետև շատ հաճախ իրենք ծնողները լավ չեն պատկերացնում, թե իրենց երեխան առանձնահատկություններ ունեցող երեխայի հետ ինչպես է շփվում, ինչպես է օգնում, սիրում, թեկուզ չի օգնում, բայց ամեն դեպքում չի էլ վնասում, չի էլ խանգարում, իր համար դա նորմալ է: Ներկայացումը նաև քայլ էր սա ցույց տալու: Շատ ծնողներ են հրաժարվել ու գնացել, շատերն էլ շատ ուշ են համակերպվել դրա հետ: Ba-Ar-Di-A-therapeutic-dance-studio-014Շատերը զարմանալի կերպով փոխել են իրենց մոտեցումը: Սկզբում շատ ագրեսիվ պահվածք են ցույց տվել, բայց հետո միանգամից փոխվել են, չեմ էլ հասցրել ֆիքսել այդ պահը, թե ինչից հանկարծ փոխվեցին: Պարզապես ես աշխատում եմ, ու հանկարծ նկատում եմ, որ մի ծնող արդեն ինքն է գալիս օգնություն առաջարկում, կամ լսում եմ ինչ-որ լավ արձագանքներ, կամ մյուս երեխային, որ այդ պահին վարքի ինչ-որ խնդիր ունի, մոտենում է, օգնում է, և սա շատ զարմանալի է: Երբ մենք երեխաների հետ աշխատում ենք դահլիճում, իսկ ծնողները սպասում են դրսում, իրականում այդ պահին իրենց մոտ էլ ինչ-որ  աշխատանք է տեղի ունենում, ես հաճախ չեմ էլ իմանում այդ մասին, բայց շատ հետաքրքիր փորձի փոխանակում է տեղի ունենում իրենց միջև: Դրա արդյունքում շատ բաներ են փոխվում:

Խոսքի սկզբում նշեցիք, որ արվեստաբան եք. հետաքրքիր է, թե որքանո՞վ է այդ մասնագիտությունը օգնում Ձեզ երեխաների հետ ստեղծագործական պրոցեսներում, քանի որ վստահ եմ՝ մեկ այլ բան է պարուհին կամ պարուսույցը, մի այլ բան, երբ նա նաև արվեստաբան է:

Ba-Ar-Di-A-therapeutic-dance-studio-015Եթե ես չլինեի արվեստաբան, ապա չէի շարունակի այս ամենով զբաղվել, քանի որ տեսական շատ մեծ գիտելիքների արդյունքում հաճախ պրակտիկ, ստեղծագործական գործունեության ցանկությունը հաճախ մարում է: Ինչ-որ երկընտրանք եղավ՝ միայն տեսություն, թե պակտիկ, մարմնի հետ կապված ստեղծագործական վիճակ: Բայց, երբ  արվեստի պատմությունը,  ինձ որպես տեսություն տարավ ժամանակակից պարերի պատմության միջով, պերֆորմատիվ արվեստներով, պոստմոդեռն պարերի ուղով, կարդալով, արդեն ցանկություն առաջացավ աշխատել: Տեսությունը օգնում է պրակտիկան ավելի լավ իրականացնել, ավելի ինքս ինձ բավարարող կերպով իրականացնել, թեպետ երբեք էլ չի բավարարում, բայց առանց դրա բուն գործողությունները շատ ավելի դժվար կլինեին: Բացի այդ արվեստաբանությունը ինձ տալիս է ազատություն, չի դնում սահմանենր, որ սահմանափակվեմ միայն պարարվեստով: Օգնում է ավելի լայն մտածել, ավելի բաց լինել նորարարությունների հանդեպ, երեխաների կողմիօց առաջարկվող ինչ-որ մտքերի հանդեպ, նկատել ինչ-որ հակումներ երեխաների մոտ, օգտագործել դրանք: Նախորդ ներկայացման մեջ սա շատ լավ արտահայտվեց, երբ երեխաները նախօրոք լսել էին երաժշտությունը, խոսքեր գրել, և հետո մենք դա օգտագործել էինք մեր ներկայացման մեջ: Մի ամբողջական պրոցես էր դա և ըստ երեևույթին հենց իմ մասնագիտությունը ինձ օգնեց նկատել, որ երեխաները հրաշալի ստեղծագործում են:

Սպասե˚նք նոր ներկայացումների, նոր հեքիաթների

Ba-Ar-Di-A-therapeutic-dance-studio-031Շատ կցանկանայի շարունակել, բայց խնդիրներ կան, կապված կազմակերպչական մասի հետ, քանի որ ինքնաֆինանսավորվող  պրոեկտ է, և նախորդ անգամներն այդ բեռի մի մասը ծնողների ուսերին էր, մյուս մասը իմ, և դժվար է տարին մեկ-երկու անգամ անել նման ներկայացումներ, բայց, ոչ այդքան մեծ ֆինանսներ պահանջող պրոեկտներ հենց այս ամսվա մեջ կլինեն, արդեն մեծերի համար: Մեզ մոտ բոլոր ներկայացումներն ել ներառական են, դրա համար արդեն չենք էլ ցանկանում շեշտել այդ բառը: Լինելու է երկու այդպիսի  ներկայացում:

Շնորհակալ եմ

Նշեմ նաև, որ «Արվեստագիրը» շարունակելու է հետևել ներառական մշակութային միջոցառումների իրականացմանը Հայաստանում և մասնավորապես «Baardia» պարայինթերապևտիկ ստուդիայի աշխատանքներին, և արդյունքները ներկայացնել իր ընթերցողներին:


 Լուսանկարներ «Բաարդիա» պարային-թերապևտիկ ստուդիայի կողմից ներկայացված «Ծարավը և կաթիլիկները» պարային ներառական ներկայացումից

Լուսանկարները՝ Հասմիկ Բարխուդարյանի


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով