+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Հարցազրույց լուսանկարիչ Կարեն Միրզոյանի հետ: Միրզոյան լուսանկարչական գրադարան


Պատմեք մի փոքր Ձեր լուսանկարչական գործունեության մասին:

Ես վավերագրական լուսանկարիչ եմ. սկսել եմ լրագրությունից, հետո անցել եմ վավերագրական լուսանկարչության ու հիմա արդեն քիչ-քիչ այլ բաներով էլ եմ զբաղվում: Ներկայումս շատ էքսպերեմենտներ եմ անում, որոնք բոլորը հիմնված են իրական պատմությունների վրա: Դրանց ֆորմատները բավականին էքպերեմենտալ են, դուրս են վավերագրական լուսանկարչության ֆորմատներից, ոչ մի կանոնների մեջ չեն մտնում: Իմ՝ լուսանկարչությամբ զբաղվելու առաջին 10 տարվա ընթացքում շատ բաներ եմ արել, և կարծում եմ՝ նման էքսպերեմենտների իրավունք ունեմ: Ես տպվել եմ տարատեսակ արտասահմանյան ամսագրերում, մի պահ պատվերներ էլ էի անում, հետո դադարեցի և հիմա միայն նախագծերովս եմ զբաղված: Բայց երբեմն ես կատարում եմ պատվերներ, երբ դրանց մտահղացումը մոտ է իմ գաղափարին կամ իմ գաղափարի շարունակությունն է: Ես անկախ վավերագրական լուսանկարիչ եմ, ով նաև դասավանդում է: Մարտից սկսել ենք դասավանդել այստեղ, Սուրեն Մանվելյանն ունի իր խմբերը սկսնակների համար, ինձ մոտ էքսպերեմենտալ լուսանկարչության խումբ է, որոնց դասավանդում եմ խառը ծրագրով: Վերջինս կազմված է այն ծրագրերից, որոնցով ես աշխատել եմ նախկինում՝ World Press Photo-ի ծրագիրը, որի կողմից ես արդեն 8-9 տարի է, ինչ դիպլոմավորված դասախոս եմ, ինչպես նաև Նյու Յորքի համալսարանի ծրագիրը, որտեղ ես սովորել եմ, և մի քանի նորամուծություններ իմ կողմից: Այդ պատճառով էլ խումբն էքսպերեմենտալ եմ համարում, տեսնենք՝ ինչ կստացվի:

Եկեք խոսենք Ձեր գրադարան-սրճարանից:

Գրադարանը բացվել է օգտոստոսի 10-ին՝ ցուցահանդեսով: Սա գրադարան է, և ոչ թե գրադարան-սրճարան, չկան մատուցողներ, թեև կա ինքնասպասարկում. մարդիկ կարող են թեյել այստեղ:

Նմանատիպ լուսանկարչական գրադարանի ֆորմատը որքանո՞վ է տարածված արտասահմանում և մասնավորապես մեր տարածաշրջանում:

Karen-Mirzoyan-Library-008Կովկասում առաջին անգամ ենք հանդիպում լուսանկարչական գրադարանի: Աշխարհում, իհարկե, կան, սակայն դրանք շատ քիչ են, քանի որ շատ թանկ հաճույք են: Ողջ կյանքումս զբաղվելով լուսանկարչությամբ և բավականին տեղյակ լինելով այս ոլորտից՝ տեսել եմ երևի երկու հատ մեծ լուսանկարչական գրադարան, մեկը Նյու Յորքի ICP-ն՝ Լուսանկարչութան միջազային կենտրոնը (International Center of Photography), աշխարհում լուսանկարչությանը վերաբերող և լուսանկարչություն սովորելու համար լավագույն և ամենաթանկ տեղերից է, նրանք, բնականաբար, ունեն մեծ գրադարան, քանի որ ունեն հսկայական միջոցներ:  Մյուսը, որտեղ ես անցած տարի մեկ ամիս հետազոտություն էի անում Arab Image Foundation-ն է Բեյրութում, այնտեղ շատ սիրուն գրադարան կա՝ նաև առցանց նյութերով: Իրենք արդեն 15 տարի է, ինչ գոյություն ունեն: Երբ բացում էի իմ լուսանկարչական գրադարանը, բոլոր ընկերներս հարցնում էին՝ ինչու եմ շեշտը դնում հենց գրադարանի վրա: Ես ինքս էլ երկար ժամանակ մտածում էի՝ արդյոք արժե ռիսկի դիմել, բայց իմ նպատակն այն էր, որ ունենանք այսպիսի գրադարան, որը մեկ տարուց կհամալրվի շատ-շատ գրքերով, և, առհասարակ, մի օր պետք էր սկսել: Չգիտենք՝ հետագայում ինչ ուղղվածությամբ կգնա գրադարանի զարգացումը, սակայն ես փորձում եմ պահել հավասարակշռությունը, որպեսզի այս վայրը չդառնա սրճարան: Կա մի տխուր երևույթ, ինչը, սակայն, բնական է. բոլորը  դա կապում են Հայաստանի հետ, բայց ես բացարձակ դա հայերի հետ չեմ կապում. մարդկանց ավելի շատ այստեղ գրավում են սրճարանը և ամենաշատը՝ գինին, նրանք սիրում են նստել և միասին ժամանակ անցկացնել, աշնանը նստում են պատշգամբում: Սակայն սա նորմալ է, և, առհասարակ, հայերի հետ կապ չունի: Իմ նշած գրադարաններում գրեթե մարդ չէր լինում, ես մենակ էի այնտեղ: Ու խոսքը լուսանկարչական գրադարանների մասին չէ միայն, այլ նաև սովորական գրադարանների. դրանք բնավ պոպուլյար տեղեր չեն: Եվ առաջարկելով թեյ-սուրճ՝ դու մարդկանց ես հրավիրում: Երբ ես այս վայրը բացում էի, իմ նպատակը լուսանկարիչների համար տարածք ստեղծելը չէր, քանի որ սա գրադարան է, որը կատարում է իր ֆունկցիան և դեռ ավելի լիարժեք կկատարի հետագայում: Karen-Mirzoyan-Library-006Այս վայրի երկրորդ գործառույթը լինելու է ուսուցումը, երրորդը՝ ցուցասրահը, ինչն, իհարկե, երրորդական նշանակություն ունի, որովհետև նման բան բացում են այն ժամանակ, երբ երկրում փող ու բիզնես կա, քանի որ որակով ցուցահանդես անելը մեծ միջոցներ է պահանջում: Երբ ցուցահանդես ես անում, նշանակում է՝ երկրում արվեստ գնահատող այդքան հարուստ մարդիկ կան, ովքեր պատրաստ են նկար գնել, ու երկու նկար վաճառելով կարող ես շարունակել գործդ: Այդիպիսով՝ արվեստագետը կարող է ապրել, իսկ մեզ մոտ այդպես չէ: Ցուցասրահը երրորդական է ու պրոֆեսիոնալ լուսանկարիչներին տպագրության մասին պատմելու ֆունկցիա է կատարում՝ ինչպես և որտեղ տպել, ինչպես ներկայացնել քո ցուցադրության կոնցեպցիան, բայց ինձ մոտ տարածքը շատ փոքր է նորմալ էքսպոզիցիայի համար: Այս փոքր տարածքի մեջ ես փորձում եմ ցույց տալ, որ հնարավոր է էժան և թանկ տպագրությունները համադրել, օրինակ՝ մեր գրադարանում ես թանկ տպագրությամբ արված մեծ լուսանկարների կողքին ներկայացնում եմ էժան և փոքր ստիկերներ: Թեև էժան տպագրություն չեմ ընդունում, բայց այս փոքր տարածքում անհնար կլիներ այս շարքն այլ կերպ ցուցադրել, և այդպիսով ես որոշակի հավասարակշռության եմ բերել ընդհանուր ցուցադրությունը՝ օրինակ ծառայելով այլ լուսանկարիչներին, ովքեր լինելով հրաշալի լուսանկարիչներ՝ այնուամենայնիվ բացարձակ տեղյակ չեն տպագրությունից, ֆորմատներից և այլն: Նրանք, իհարկե, ուզում են ցուցադրվել այստեղ, բայց ես միշտ նշում եմ, որ ցուցադրվելուց առաջ իրենց էքսպոզիցիան պետք է ենթարկվի մշակման թե՛ կոնցեպտի, թե՛ ցուցադրության ընդհանուր կազմակերպման և թե՛ տպագրության որակի առումով: Karen-Mirzoyan-Library-003Այդ իմաստով մենք հետաքրքրիր աշխատանք ենք կատարել Արթուր Լյումենի հետ, ով ցուցադրվել է մեր լուսանկարչական գրադարանում: Ես նրան խորհուրդ էի տվել, թե որտեղ կարելի է բարձր որակի տպագրություն կատարել, և նա իր լուսանկարները տպեց Թիֆլիսում: Ցուցադրության ընդհանուր կազմակերպումը նույնպես տարբերվում էր ՆՓԱԿ-ում իր ունեցած ցուցադրությունից: Մենք միասին փորձեցինք հետաքրքիր դասավորություն և լուծումներ տալ լուսանկարներին՝ հետաքրքիր շրջանակների և ֆորմաների մեջ ներառելով դրանք, ինչպես նաև ընդգրկելով աուդիո հարցազրույցներ, որոնց մշակմանը ես մասնակցել էի: Այդպիսով, այն այցելուները, ովքեր լուսանկարիչներ չէին և չէին եղել Պոմպիդուի կամ ՄՈՄԱ-ի պես ժամանակակից արվեստի հայտնի թանգարաններում, կարողացան տեսնել, որ լուսանկարը կարող է կիրառվել նաև նմանատիպ հարցազրույցների ֆորմատի մեջ[1]:Այս տարածքը և գրքերը ոչ թե լուսանկարիչների համար են, այլ մարդկանց, ովքեր ընդհանրապես չգիտեն, թե ֆոտոն ինչ բան է: Երբ բացում էի այս գրադարանը, նպատակն այն չէր, որ ես բավարարեի մարդկանց ինչ-որ կոնկրետ խմբի: Այն լուսանկարիչները, ում հետ ես աշխատում էի, օրինակ՝ Արթուր Լյումենը, Դավիթ Գալստյանը կամ Արմեն Աղայանը, բոլորն ինտերնետում հետևում են լուսանկարչական նորություններին: Իհարկե, կարող են գալ այստեղ գրքեր նայել, բայց ինձ համար շատ ավելի կարևոր են այն մարդիկ, ովքեր առհասարակ տեղյակ չեն լուսանկարչությունից և չեն գնահատում այն:

Դուք նպատակ ունե՞ք արդյոք այս վայրը նաև մշակութային կենտրոն դարձնելու, քանի որ, որքանով գիտենք, այստեղ նաև ֆիլմերի ցուցադրություններ և դասախոսություններ են տեղի ունենում:

Karen-Mirzoyan-Library-010Ես կուզենայի այս վայրը լիներ լուսանկարչական իմաստով մշակութային կենտրոն, թեև մեզ մոտ անցկացվող միջոցառումները դեռևս ոչ լուսանկարչական թեմաներով են: Քանի որ Երևանում լուսանկարչական կյանքն այդքան ակտիվ չէ, և լուսանկարչական գրքերի շնորհանդեսներ հաճախակի չեն անցկացվում, մենք որոշեցինք, որ կարելի է նաև կինոյի վերաբերյալ միջոցառումներ կազմակերպել, մասնավորապես՝ ֆիլմերի դիտումներ, հատկապես, եթե դա որևէ երիտասարդ հայ արվեստագետի ֆիլմ է, ով ինչ-որ փորձարարական բան է անում: Եվ ընդհանրապես, այո, ես կուզենայի, որ այս վայրը դառնար մշակութային կենտրոն, որտեղ կհավաքվեին արվեստագետները, բայց, այնուամենայնիվ, նմանատիպ վայրեր Երևանում շատ կան, և ես կուզենայի, որ միջոցառումները հենց ֆոտոյի վերաբերյալ լինեին: Վերջինս շատ դժվար է, քանի որ Երևանում շատ քիչ իրադարձություններ են տեղի ունենում, և դա մի փոքր բարդացնում է մեր գործը: Բարեբախտաբար, մեզ մոտ սկսվել է լուսանկարչական դպրոցը, որի շնորհիվ ավելի շատ մարդիկ կգան և կաշխուժացնեն այս վայրը: Մենք ունենք Լուսանկարիչների ասոցացիա, որը փորձում է ինչ-որ բաներ անել, բայց, այնուամենայնիվ, ըստ իս՝ բավարար չափով չի իրականացնում իր գործառույթները: Ձևավորվել է նաև երիտասարդ լուսանկարիչների մեկ այլ խումբ, որն ավելի ակտիվ է ինտերնետում, օրինակ՝ Բիայնան(Մահարի), ՍուրենըՄանվելյան և այլոք: Իրենք լավ խումբ են, շատ լավ բաներ են անում,  բայց դեռևս տեղ ունեն զարգանալու, երբեմնհավաքվում են այստեղ, հիմա պիտի փորձեմ իրենց ամեն շաբաթ այստեղ հավաքել:

Վերջին տասնամյակում շատացել է լուսանկարչական ապարատ ունեցողների քանակը, օրինակ՝  ֆեյսբուքում պարբերաբար բացվում են նորանոր Photography-ներ, ինչպե՞ս եք դրան վերաբերվում, որո՞նք են դրա բացասական կամ դրական կողմերը, կա՞ն ընդհանրապես բացասական կամ դրական կողմեր:

Շատ լավ եմ վերաբերվում, ոչ մի դրական ու բացաասական կողմ չկա, ու ես գժվում եմ, երբ պրոֆեսիոնալ լուսանկարիչները բացասական բաներ են գտնում ու ինչ-որ անիմաստ քննադատության են ենթարկում, քանի որ ես կողմ եմ այդ ծավալներին: Ես դրական եմ վերաբերվում նույնիսկ այֆոնով նկարելուն, որովհետև տեխնիկան երբեք կարևոր չէ: Շատ լավ է, որ կարելի է ասել բոլորի ձեռքին հիմա կամերա կա, ու երբ մարդու ձեռքին կամերա կա, նա նոր կարող է հասկանալ՝ ինքը ուզում է զբաղվել ֆոտոյով, թե՝ ոչ:Karen-Mirzoyan-Library-002 Ես սկսել եմ ֆոտո անել, որովհետև  տանը ֆոտոկախցիկ կար, ու ինձ անհետաքրքիր էր համալսարանում սովորելը: Եթե ֆոտոկամերան չլիներ, ես կարող է նկարիչ լինեի հիմա կամ չգիտեմ նույնիսկ: Հիմա միջոցը շատ կարևոր է, ու այդ միջոցը արդյունքում  միջոց էլ մնում է, այսինքն՝ գործիք: Երբ դու շատ հզոր տեխնիկա ունես ու ուզում ես լուսանկարիչ դառնալ, ինչ կամերայով էլ սկսես նկարել, այնուամենայնիվ, դա քեզ էլի լավ լուսանկարիչ չի դարձնի. դու պարզապես լավ տեխնիկան կիմանաս: Գլխավորն այն է, թե դու ինչ ես ուզում ասել, ինչ ես ներկայացնում մարդկանց: Այդպիսով, դու կարող ես դա և՛այֆոնով անել, եթե հասկանաս այդ կոնցեպտը, և՛շատ լավ տեխնիկայով: Այսինքն՝ տեխնիկան միշտ՝ և՛ սկզբում և՛ վերջում, պարզապես գործիք է և ո՛չ ավելին: Եթե դու այդքան հիանալի գաղափարներ ունես ու փող չունես որակյալ կամերայի համար, լավ լուսանկարիչները քեզ միշտ սիրով կամերա կտրամադրեն այդ գաղափարն իրականացնելու համար: Հիմա, օրինակ՝ եթե ինձ մեկը ասի՝ կամերան կտա՞ս, ես կասեմ՝ ոչ, բայց, եթե ինքն ասի՝ ինչի համար, բնականաբար, ես կտամ ու հնարավոր է նույնիսկ նվիրեմ, գլխավորը, որ լավ գաղափար լինի: Բայց չէ, չեմ նվիրի (ծիծաղում է): Բացի այդ լուսանկարիչների այս մեծ քանակությունն ունի մի քանի դրական կողմեր. առաջինը, որ շատ մարդկանց մոտ կամերա կա, ու ինտերնետում տեսնում ես նրանց արած նոր շարքերը, ու եթե լավ խորը նայես՝ որպես պրոֆեսիոնալ, ով լավ պատմություն գիտի, նկատի ունեմ՝  ֆոտոյի և արվեստի պատմությունը, հասկանում ես, որ լավ գաղափարների քանակը չի շատանում, այն նույնն է կամ կարող է նույնիսկ քչացել է: Karen-Mirzoyan-Library-004Այսինքն՝ ինչ-որ շատ տարբեր սիրուն, թիթիզոտ բաներ են դուրս գալիս, որոնք դեռ չի նշանակում, որ լավն են: Լավ է, որ մարդիկ լուսանկարում են, ու եթե մարդը նման բանի է հասնում,  նա մի օր ավելի լավ բան կանի: Կա աճ, այսինքն՝ եթե խորանաս, խորը բաներ չեն ստեղծվում, որակը նույնն է, ո՛չ իջնում է, ո՛չ բարձրանում, նույն բանն է. ասենք, եթե հարյուր տարի առաջ տասը հոգի կար լավ գաղափարներով, կամերա չկար՝ մարդիկ գիրք էին գրում, հիմա շատ կամերաներ կան, ու նույն ձևով էլի տասը հոգի լավ գաղափարով ֆոտո կանի, մյուսները էլի ինչ-որ տափակություն կանեն: Սակայն լավ է, որ կա միջոց, որով մարդը կկարողանա  հասկանալ, օրինակ՝ունեմ ընկերներ, ովքեր բջջային հեռախոսով նկարում են ու ասում՝ նայի ինչ լավ բան եմ նկարել կամ նայի՛ր՝ աղջիկս ինչ լավ բան է նկարել: Երբեմն տեսնում ես, որ լավ բան է նկարել ու չի մտածում կամերա առնելու մասին, ամբողջ օրը ֆեյսբուք է գցում իր այֆոնի նկարները, բայց հետո տեսնում ես, որ մի տարի հետո կամերա է առել. դա այֆոնի շնորհիվ է, որ նա որոշեց կամերա գնել, որովհետև եթե դա չլիներ նա կարող է ուրիշ գործով զբաղվեր ու, բացի դրանից, քանի որ նա հեռու է ֆոտոյից, դեռ չես կարող ասել՝ լավ լուսանկարիչ է, թե՝ չէ, պարզապես զարգացման ընթացքի մեջ է: Երկրորդ դրական կողմն այն է, որ այսպիսի մեծ ծավալներ կան: Կան պրոֆեսիոնալ լուսանկարիչներ, ովքեր բողոքում են, ու կան ընդհանրապես չբողոքողներ՝ ես չեմ բողոքում: Մեզ համար դա լավ մարտահրավեր է, որպեսզի հասկանանք, թե ինչ պիտի անենք իրենցից ավելի ուժեղ լինելու համար, քանի որ աճը շատ ուժեղ է: Հիմա ցանկացած սկսնակ լուսանկարիչ ունի թվային կամերա: Այնպիսի կամերա, որ երեք-չորս տարի աշխատելով որպես պորֆեսիոնալ լուսանկարիչ՝ ես չունեի: Karen-Mirzoyan-Library-007Երազում էի նման կամերա ունենալու մասին, քաղաքում կար երեք-չորս նմանատիպ կամերա, օրինակ՝ Զավեն Խաչիկյանի մոտ, ու մենք պարզապես բերաններս բաց էինք մնում այն տեսնելիս: Ես երեք-չորս տարի աշխատում էի շատ վատ տեխնիկայով, որը շատ անորակ էր բոլոր առումներով: Հիմա ամեն ինչ ավելի արագ է ընթանում, այսինքն՝ այժմ սկսնակ լուսանկարիչն անում է տեխնիկապես ինձ նման աշխատանք կամ կարող է անել մի տարի ինքնուրույն սովորելուց հետո, ինչին ես յոթ, հնարավոր է՝ վեց տարիների աշխատանքի շնորհիվ  էի հասնում: Արագություն կա, ինչը  լավ է ու, երբ տեսնում ես նմանատիպ զարգացում, ինքդ քեզ ասում ես՝ օքեյ, ինչ կարող եմ անել, որպեսզի ավելի խորանամ և ավելի բարձր որակի հասնեմ. էներգիա է հարկավոր, որպեսզի կարողանաս դա անել, այսինքն՝ եթե դու չես կարողանում, նշանակում է՝ իրենք ավելի լավն են: Մյուս սերունդը պետք է քեզ անցնի, որովհետև նոր սերունդը միշտ ավելի ուժեղ է, քան նախորդը, այն միշտ սովորում է նախորդից: Օրինակ՝ եթե մենք խոսում ենք Էյնշտեյնից, ով հանճարեղ ֆիզիկոս էր, իր ուսանողներն իրենից ավելի խելացի էին, քանի որ նրանք գիտեին այն, ինչ  ինքը գիտեր: Դրանում կա տրամաբանություն. եթե ես մարդ եմ, ով ցանկանում է, որ այստեղ որևէ բան զարգանա, ապա իմ առաջին նպատականերից մեկն այնպետք է լինի, որ ես պարզ լինելով ինքս իմ առջև՝ հասնեմ իմ նպատակին և ունենամ ուսանող: Եվ այդ ուսանողն ինձանից ավելի լավը կլինի, քանի որ, եթե ես միշտ մնամ ամենաուժեղը, դա կնշանակի, որ ես երբեք լավ մասնագետ չեմ եղել, չեմ տվել և պահել եմ: Ուզում եմ ասել, որ սկսնակները մեզ վախ են ներշնչում, որպեսզի ավելի շատ զարգանանք: Շատերը չեն դիմանում ու մնում են նույն տեղում, օրինակ՝ ես հիմա ինչ-որ նախագիծ անելիս և՛ հնչյունավորում եմ, և պորտֆոլիո ու ընդհանուր վիդեո եմ սարքում, քանի որ գիտեմ, որ կարող է այն ֆոտոյի համար կամ ցուցահանդեսի ժամանակ օգտագործեմ, գրում եմ նաև, բայց ոչ որպես լրագրող, հետևում եմ նոր թրենդներին, օրինակ՝ կալիգրաֆիայի ասպարեզում կատարվող նորություններին, որպեսզի օգտագործեմ ֆոտոյի մեջ, ինչպես նաև կոմիքսներ եմ նայում: Ես ավելի շատ եմ աշխատում ինձ վրա, քան հիմա երիտասարդ լուսանկարիչները, ես դա հաստատ գիտեմ, քանի որ միանգամից նկատում եմ, երբ ինչ-որ մեկը աշխատում է իր վրա: Բայց գիտեմ, որ ես սովորածս հաստատ կտամ ուրիշին, քանի որ ամենաքիչը մի նախագիծ վերջացնելով՝ նա կտեսնի ու կասի ՝ ես էլ կարող եմ դա անել ու հաստատ ավելի շատ կանի, քան ես, այդպիսով զարգացնելով այդ ուղղությունը:

Մյուս հարցս վերաբերում է ֆոտոշոփին և նմանատիպ ծրագրերին, ի՞նչ դեր ունի այն լուսանկարչության մեջ, ո՞րն է վերջինիս նշանակությունը ժամանակակից լուսանկարչության մեջ:

Karen-Mirzoyan-Library-013Շատ կարևոր է: Եթե հիմա թվային կամերայով ես նկարում, չես կարող առանց ֆոտոշոփի, եթե նույնիսկ ժապավենով ես նկարում առանց ֆոտոշոփի չես կարող: Պետք է հասկանաս՝ ինչ է նշանակում ֆոտոշոփ, դրա կիրառումը կախված է նաև նրանից, թե ֆոտոյի ինչ ուղղությամբ ես զբաղվում: Եթե դու գովազդային ֆոտո ես անում, կարող ես բացարձակապես ամեն ինչ անել: Եթե մարդիկ դրանով զբաղվում են, իրենք սովորում են նախորդներից, հին ֆոտոներից, նոր գովազդներից, Լուի Վիտոն, Շանել են նայում ու ասում են՝ վայ, ինչ լավ է և պարզապես նայելով փորձում են ընդօրինակել: Դա շատ լավ է, թող անեն, թող տեխնիկապես զարգանան, բայց իրենք չգիտեն, թեընդհանրապես  ինչպեսէ արվել այդլուսանկարը: Դրանց 99% -ը կազմված է երեք-չորս ֆոտոյից, 99%-ով չկա ֆոտո, որ ուղղակի նկարվել է ու օգտագործվել այդ գովազդային ընկերության կողմից: Ֆոտոշոփի առումով մեզ մոտ շատ խորացել է Արման Աղայանը: Նա շատ լավ առցանց դասեր է նայում այդ ուղղությամբ ու շատ լավ ֆոտոշոփ է անում, մենք ֆոտոշոփ չենք ասում՝ post-production ենք ասում: Որևէ ընկերության կամ ամսագրի համար կատարվող նկարահանումների 60-70 %-ը post-production-ի աշխատանքն է, դրա համար լուսանկարիչը այնտեղ 30-40 % մասնակցություն ունի: Գլխավորն այն է, որ նահստակ ասի, թե ինչ շարժում է հարկավոր: Նա չի կարող  հասնել նրան, ինչպետք է այդ ընկերություններին: Լուսանկարն անելուց հետո շատ որոշումներ են կայացվում ֆոտոյի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որոնք  լուսանկարիչնարդեն կատարել չի կարող, քանի որ ֆոտոներն արդեն արված են:Օրինակ՝ երբ գեղարվետսական գծով տնօրենը զանգում է ու ասում ՝ մենք մոռացել ենք, որ այս տարի թուխ մաշկն է նորաձև լինելու, Post-productionը պարզապես ամբողջովին փոխում է մաշկի գույնը: Բացի դրանից, գովազդային նպատակներով արված լուսանկարներում ամեն ինչ ֆոտոշոփվում է: Այսինքն՝ պետք է լավ  իմանաս, թե որպես լուսանկարիչ ինչպիսին է լինելու քո դերը: Այն երբեք այնտեղ գլխավորը չի լինելու, դու լինելու ես ասենք երկրորդը, նույնիսկ երրորդական էլ կարող էլինես, բայց երբեք ոչ առաջինը: Առաջինն այնն է, որ ճիշտ մարդ գտնես քո ֆոտոները մշակելու համար, եթե դու կարող ես մշակել քո ֆոտոները (օրինակ Արմանը անում է) դա շատ լավ է, որովհետև ամենամեծ փողը post-production-ն է ստանում: Լուսանկարիչն երկրորդ-երրորդն է ու դրա համար պետք չէ խորանալ և փորձել ինչ-որ կատարյալ բան նկարել: Դոկումենտալի մեջ ուրիշ օրենքներ կան, որտեղ արդեն բարդություններ են սկսվում՝ դու չես կարող շատ բան ֆոտոշոփել, իսկ լրագրության մեջ՝ընդհանրապես: Օրինակ, եթե դու լույս ես նկարում, չես կարող նույնիսկ ցերեկը ֆլեշով նկարել: Karen-Mirzoyan-Library-005Ես ցերեկը նկարում եմ ֆլեշով: Օրինակ՝ երբ հանրահավաքներն էի նկարում ֆլեշ էի օգտագործում, քանի որ, այդպիսով շատ սիրուն էֆֆեկտ էի ստանում: Բայց դա թույլատրելի չէ, որովհետև Associated Press-ը կարող է ասել, որ դու արևի բնական լույսը խախտում ես և դիտողը կարող է չհասկանալ՝ օրվա որ ժամին է կատարվել լուսանկարը, որովհետևֆլեշ օգտագործելիս, exposure-ն իջեցնում ես և, այդպիսով ուրիշ լույս ես ստանում: Դոկումենտալ լուսանկարչության մեջ դու կարող ես տեխնիկապես ավելի ազատ լինել: Դրանք ակադեմիական օրենքներ են, բայց ես հիմա պայքարում եմ դրանց դեմ, երբ ասում եմ, որ  էքսպերեմենտներ եմ անում: Նախկինում ես ընդհանրապես  շտկումներ կատարելը չէին ընդունում, այսպես՝ տասը տարի շարունակ 99%-ով եզրատում (crop) չէի անում. նկարում ես ինչպես կա ու, եթե չի ստացվել, ուրեմն չի ստացվել: Սակայն հիմա հասկացա, որ ուզում եմ մի տարի ինձ տրամադրեմ մենակ կտրելուն: Խորանալով լուսանկարչության պատմության մեջ, ուսումնասիրելով լավագույն դոկումենտալիստների գործունեությունը՝տեսնում ես, որ կային լուսանկարիչներ, ովքեր իրենց հռչակավոր ֆոտոներն եզրատումէին և դու նույնիսկ չգիտես, որ դրանք իրականում եզրատած են: Այսինքն՝ տարբեր լուսանկարիչներ տարբեր մոտեցումներ ունեն: Օրինակ՝ Բրեսոնը իր կյանքի ընթացքում չէր կտրում ու թույլ չէր տալիս, որ ամսագրերը եզրատեն իր լուսանկարները, դրա համար իր ֆոտոները շրջանակներով էին, այսինքն՝ ժապավենի շրջանակն երևում էր: Կա նաև հակառակ երևույթը, օրինակ՝ ես նկարում եմ 99%-ով 50 մմ ոսպնյակով՝ ինպես տեսնում է մարդու աչքը: Երբ լուսանկարվող իրադարձությունը կատարվում է հեռվում, և լուսանկարիչը դրանից հեռու է գտնվում, արդյունքում ստացվում է, որ այն ինչ կատարվում է փոքր մասշտաբի է դուրս գալի. մի լուսանկարիչ կարող է  դա եզրատելու մեծ ցույց տալ: Ես դա չեմ անի, որովհետև ես նաև ուզում եմ, որ մարդ զգա, թե ես ինչ հեռավորության վրա էի գտնվում լուսանկարվող առարկայից, իրադարձությունից, այսինքն՝ ամեն մեկն իր ձևով է անում: Լուսանկարիչն իրավունք ունի ամեն ինչ անել ֆոտոշոփի իմաստով՝ կտրել, բայց չի կարող ավելացնել և հանել. դա սև ու սպիտակով արվող լուսանկարչության համար եմ ասում: Գույնի  տեսակետից կարող ես կոնտրաստը տալ այնքան, ինչքան ուզում ես, բայց իհարկե ոչ շատ: Եթե գույնը հագեցած է, ապա կարող ես մի քիչ իջեցնել, շատացնել չես կարող, որովհետև այդպես խաբում ես դիտորդին: Դու չես կարող գույները փոխել: Դա օրենքն է, բայց գալիս է ինչ-որ փուլ, երբսկսում ես խաղալ այն մարդկանց հետ, ովքեր դիտում են քո պատմությունը: Օրինակ՝իմ արած լուսանկարը, որում կնոջ դեմքը կտրած է, ոչ մի ձևով չի տեղավորվում դոկումենտալ օրենքների մեջ, բայց դա մաքուր վավերագրական լուսանկար է` շատ դժվար ճակատագիր է ունեցել այս կինը (բալետի պարուհի է եղել Իրանում և երկար տարիներ ազատազրկման է ենթարկվել միայն իր մասնագիտության պատճատով): Karen-Mirzoyan-Library-001Ես շփվում, վիճում եմ մարդկանց հետ և ասում եմ, որ ես ցույց  եմ տալիս  իսկական պատմություն և իրավունք չունեմ ցույց տալ իր դեմքը: Կան հնարքներ, որ ես կիրառել եմ իմ երկու-երեք շարքերում՝ դիմանկարներ եմ արել առանց երեսները ներկայացնելու՝ long exposure կատարելով, blur-ելով: Հետո մի պահ եկավ, երբ ես հասկացա, որ ուզում եմ post-production էլ անել: Դու միշտ ուզում ես ինչ-որ նոր բան անել, փոփոխություններ մտցնել, բայց կան բաներ, որ կարելի է անել, կան բաներ, որոնք՝ չի կարելի: Մեր օրերում դու չես կարող ֆոտոշոփ չանել, որովհետև ցանկացած թվային կամերայի մեջ կա իր կոնկրետ ծրագրային ապահովումը (software) և կարող ես ընտրել, թե շատ կոնտրաստային ֆոտո լինի, թե՝ քիչ, ավելի հագեցվածությունը (saturation) բարձրացնում ես, թե՝ ոչ: Արդեն անում ես որոշակիորեն չընդունված բաներ, հատկապես այն մարդկանց համար, ովքեր չեն ընդունում ֆոտոշոփը: Հիմա, օրինակ՝ ես իմ բոլոր սև ու սպիտակով ֆոտոները նկարում եմ 0,-2, կամ-3 կոնտրաստով, քանի որ, երբ առանց կոնտրաստի ես նկարում, ինֆորմացիան ավելի շատ է լինում և, հետո կարող ես ավելի լավ մշակել: Դրա համար իմ բոլոր ֆոտոները մոխրագույն են, բայց դա նրանից չէ, որ ես չեմ կարող սիրուն սարքել, այլ այն պատճառով, որ ինձ պետք է լավ ինֆորմացիա, որպեսզի ասենք տասը տարի հետո այդ ինֆորմացիան ուրիշ ծրագրով ավելի լավ օգտագործեմ: Այդպիսով, կարելի է ասել, որ ֆոտոշոփ կարելի է կիրառել, պարզապես պետք է իմանալ, թե ինչ ես անում, բանաձև չկա:

Ի՞նչ զարգացվածության աստիճան ունի լուսանկարչությունը Հայաստանում համեմատ մեր տարածաշրջանի մյուս երկրների:

Դե շատ տարբեր է, սխալ կլինի, եթե գովեմ. ես չեմ սիրում, որ ասում են՝ մենք տաղանդավոր ազգ ենք, բայց իմ կարծիքով ամեն դեպքում հայերի մոտ ինչ-որ հետաքրքիր բան կա: Վրացիների մոտ հիմա հետաքրքիր երևույթներ են տեղի ունենում. իրենքշատ լավ տեխնիկա ունեն, աշխարհագրական լավ դիրք, բացի դրանից, քանի որ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ էին և դեռևս այդ գործընթացը շարունակվում է, բոլոր լուսանկարչական կազմակերպություններն իրենց գրասենյակները բացում են Թիֆլիսում: Karen-Mirzoyan-Library-012Նաև ամենահարմար վայրն է, ուր ադրբեջանցի և հայ լուսանկարիչները կարող են միասին հավաքել: Magnum հիմնադրամի ժողովուրդը այնտեղ է հավաքվում, իրենք Magnum հիմնադրամի գիրք  են հրատարակել: Թոմաս Դվորժեկը, ով Magnum հիմնադրամից է, այնտեղ էր ապրում ու իրենք փառատոն  բացեցին, ուրգալիս էին աշխարհի լավագույն լուսանկարիչները և դասախոսություններ էին կարդում, ինչպես նաև ցուցադրվում, ինչը մեզ մոտ ընդհանրապես բացակայում է: Իսկ դա ամենակարևորն է. ես հիմա հենց դա եմ փորձում անել, բայց իմ արածը կազմում է պահանջվելիք աշխատանքի միայն 5 տոկոսը: Չնայած անցած տարվանից իրենց գործերը վատացան, քանի որ Դվորժեկը տեղափոխվում է Իրան ու արդեն իրենց մոտ ավելի թուլանում է զարգացման այս միտումը, այսինքն՝ այդքան բան ստեղծելուց հետո իրենց մոտ լուսանկարիչներ չձևավորվեցին, բայց իրենք դարձան Կովկասի ֆոտոյի կենտրոն, որը մի ութ-ինը տարի առաջ մեզ մոտ էր գտնվում: Երևանում գործում էր Կովկասյան Մեդիա  Ինստիտուտը, որտեղ ես ու Ռուբեն Մանգասարյանը դասավանդում էինք. սա շատ կարևոր կենտրոն էր, որովհետև և՛World Press Photo-ն էր մեզ աջակցում, որի գրասենյակը հիմա Թիֆլիսումէ գտնվում և՛ դրսից էին մարդիկ գալիս մեզ մոտ սովորելու, օրինակ՝ Իսպանիայից, Ռուսաստանից, Բելոռուսից, արաբական երկրներից, որոնց թվում կային և՛ հայեր և՛ ոչ միայն: Մեր ինստիտուտնարդեն շատ ուժեղ կենտրոն էր դարձել: Ու բացի դրանից, ցուցահանդեսներ էինք անում. երկու տարի World Press-ի հետ ակստեղ ցուցահանդեսարեցինք: Հետո, երբ մեզ մոտ փակվեց ինստիտուտը, Թիֆլիսը միանգամից շատ արագ զարգացավ: Որպես հիմա հայտնի դարձող լուսանկարիչներկարծում եմ, որ կարելի է նշել  ադրբեջանցիներին, օրինակ՝ Ռենա Էֆենդիին: Նա շատ լավ լուսանկարիչ է, և մենք  միասին շատ ենք  աշխատել ու ցուցադրվել դրսում:  Նա հիմա Ադրբեջանում չի ապրում: Իլքինը (Իլքին Հուսեյնով), ով այժմ Իսպանիայում է բնակվում, նոր էայնտեղ տեղափոխվել: Ադրբեջանում շատ ուժեղ աջակցություն կա, ես չգիտեմ, թե ինչ գումարների հետ է կապված, բայց կառավարությունը շատ ուժեղ աջակցում է, նույնիսկ ընդդիմադիր լուսանկարիչներին: Օրինակ՝ Իլքինը ընդհանրապես պրո-կառավարական չէ: Ունի Ղարաբաղի հետ կապված ֆիլմ, որտեղ չկա մի վատ բառ հայերի մասին: Այն պատերազմի մասին է, ու նա ավելի շատ քննադատում է Ալիևի ընտանիքին, որը չկարողացավ ապահովել ժողովրդին բարեկեցիկ կյանք պատերազմից հետո, ու որքանով տեղյակ եմնա հաճախ է մեկնում արտասահման Ալիևի հիմնադրամների գումարներով:

Karen-Mirzoyan-Library-011Հայաստանը՝ Երևանը, կարծես թե տեխնիկապես զարգացած է, բայց առաջ չենք գնում: Եթե խորանանք Կովկասի լուսանկարիչների մեջ, ապա պետք է ասեմ, որ Թիֆլիսում հիմա մի լուսանկարիչ կա, որ իմ կարծիքով ամենաուժեղն է դառնում, և նա հայ է, ես կուզենայի իրեն այստեղ բերել՝ Դինա Օգանովան: Մինչև նրա հայտնվելը իրենց մոտ կար հռչակավոր լուսանկարիչ՝ Յուրի Մեչիտովը, ով նույնպես հայ է արմատներով: Մեչիտովը այն լուսանկարիչն է, ով նկարել էր Փարաջանովին թռնելիս պատկերող հայտնի լուսանկարը: Դինան Մեչիտովի ուսանողն է, ու Մեչիտովը կարելի է ասել իրենց լուսանկարչության հայրն է համարվում և իրեն հաջորդում է  Դինան:

Մեզ մոտ, ցավոք, չկա ոչ մի կազմակերպություն, որ աջակցի լուսանկարիչներին, այսինքն՝ վրացիները ավելի շատ առավելություններ ունեն, որովհետև իրենց մոտ լուսանկարիչների համար կան կազմակերպություններ, օրինակ՝Associated Press-ը  ու կարծեմ Reuters-ը գրասենյակներ ունեն և վարձում են այդ երկրից մեկ կամ երկու լուսանկարիչ, ովքեր բարձր աշխատավարձով են աշխատում: Երբ Հայաստանում հանրահավաք է լինում կամ որևէ խոշոր իրադրաձություն, վրացիներն են գալիս և նկարում այն ամբողջ աշխարհի համար: Սա արդեն առավելություն է: Թիֆլիսում կա նաև Լուսանկարչության տուն: Իրենք շատ աշխատանք են կատարել և դրա շնորհիվ՝ ճիշտ ուղով են ընթանում և ստանում են մեծ աջակցություն այլ երկրներից: Դա էլ արդեն ընդհանուր ազդում է լուսանկարիչների որակի վրա՝ նպաստելով, որ աճեն և այլն: Բայց ես դժվարանում եմ ուրիշ լուսանկարիչ նշել, որ ինձ դուր է գալիս ու դրսում կարող է ինչ-որ հաջողության հասնել: Դինան  կարող է, բայց նա իմ կարծիքով, Ռենայից  ու Իլքինից այդքան ուժեղ չէ ու դեռ պիտի աճի: Իհարկե, նա շատ սիրուն ֆոտո է անում, շատ ճիշտ, բայց Ռենան ու Իլքինն ավելի  ուժեղ լուսանկարներ են անում: Ռենան անցած տարի երկու World Press Photo-ի մրցանակ է ստացել:

Շնորհակալություն հետաքրքիր և բովանդակալից հարցազրույցի համար:

Միրզոյան լուսանկարչական գրադարանն աշխատում է երկուշաբթի օրվանից կիրակի օրը ներառյալ, ժամը 14.00-ից մինչև 24.00-ն:


[1]https://www.youtube.com/watch?v=sS1TY725lL0



Համահեղինակ


Image-Anahit300x300jpgԱնահիտ Գալստյան

Արվեստաբան


Լուսանկարները  Հասմիկ Բարխուդարյանի



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով