+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

« 7 Մեղք 7 Բույր»՝ երբ օծանագործությունն ու բարձր արվեստը միահյուսվում են …


Հոդվածի հեղինակ՝ Նարե Զաիմցյան

«Մեր փոխարեն մեր ենթագիտակցությունն է ընտրում այն բույրերը՝ որոնք մեզ դուր են գալիս…»
Ա.Մանուկյան


Արվեստն ամենաբազմազան և երբեմն նաև ամենաանբացատրելի երևույթներից է, միևնույն ժամանակ այն ամենալավ արտահայտչամիջոցն է՝ ինչի շնորհիվ
արվեստագետը կարողանում է ինքնաարտահայտվել՝ դիտողին փոխանցելով իր ասելիքը: Արվեստը ստեղծվում է մարդկանց կողմից և մարդկանց համար, սակայն անշուշտ կան և այնպիսի ստեղծագործություններ՝ որոնք անմահ են… Այն արվեստը, որն ուղղակի հեղինակի վարպետության ցուցադրությունն է, սակայն չունի ասելիք՝ չի կարող երկար կյանք ունենալ: Մերօրյա իրականության մեջ քիչ չեն հեղինակ-ստեղծագործողները, սակայն եզակի են նորարարները, արվեստագետներ՝ ովքեր ներկայանում են նոր ասելիքով՝ արվեստում առաջ բերելով նոր ձևաչափեր և արտահայտչամիջոցներ:
arman-manoukian-005Դեռ ոչ վաղ անցյալում՝ սկսած 20-րդ դարից մի շարք արվեստագետներ՝ նկարիչներ և դիզայներներ տարված լինելով նոր արտահայտչամիջոցների որոնմամբ ՝ փորձել են առօրյայում սովորական կիրառություն գտած իրերն ու առարկաները ներկայացնել նորովի մեկնաբանմամբ՝ առոջարկելով դիտարկել դրանք որպես արվեստի ինքնուրույն ստեղծագործություններ: Այդպիսի ձևաչափերով սովորաբար առանձնանում էին դադաիստ իսկ հետագայում նաև սյուրռեալիստ հեղիակները՝ իրենց կոլաժային և ռեդի մեյդ աշխատանքներով: Մեր օրերում ժամանակաշրջանի փոփոխման հետ մեկտեղ՝ փոփոխվում են նաև արվեստի արտահայտման և ընկալման ձևերն ու միտումները: Հիմքում ունենալով ավանդականը՝ հայ և համաշխարհային արվեստը նորանոր զարգացումներ է ապրում՝ բացահայտելով նորանոր, հետաքրքիր լուծումներ:
Այսպես՝ 2014 թվականին հայազգի նկարիչ-օծանագործ՝ Արման Մանուկյանը՝ գեղարվեստական ծրագրի շրջանակներում, արվեստասեր հանրությանը ներկայացրեց իր առաջին, անչափ հետաքրքիր՝ «7 մեղք 7 բույր» կոչվող նախագիծը:
Արման Մանուկյանի ստեղծագործական աշխարհը հարուստ և հետաքրրիր է ինչպես նրա սյուրռեալիստական-գեղանկարչական, այնպես էլ՝ նրբաճաշակ պարֆումերային կոմպոզիցիոն լուծումներով: Ինքը հեղինակը երկու մասնագիտություններից որևէ մեկը յուրովի կերպով չի առանձնացնում, հավելելով՝ որ դրանցից յուրաքանչյուրն էլ՝ թե՛ գեղանկարչությունը, և թե՛ օծանագործությունը հավասարապես կարևոր ու սիրելի են իր համար և ավելին՝ երկուսն էլ սերտորեն փոխկապակցված են:

Ինչպես և բոլոր երեխաները` երիտասարդ արվեստագետը ևս, նկարել սիրել է դեռ մանկուց, իսկ նկարչական ձիրքն ու ունակությունը նա ժառանգել է իր արվեստագետ պապիկներից: Արդեն 2006 թվականին ավարտելով Երևանի գեղարվեստի պետական
ակադեմիան ստացել է մասնագիտական՝ նկարչական կրթություն, սակայն բույրերի հանդեպ հետաքրքրվածությունն գրեթե միշտ ուղղեկցել են երիտասարդ օծանագործին: Ասում են՝ որ բույրերն ունակ են փոխելու մեր ներաշխարհը, լցնելով մեր կյանքը յուրօրինակ զգացողություններով՝ արթնացնելով հիշողություններ…

arman-manoukian-006Ամեն բան սկսվեց, երբ դեռ մանուկ հասակում՝ մայրիկի զարդասեղանին հայտնաբերելով հայտնի «Fidji» օծանելիքը իր համար բացահայտեց բույրերի զարմանահրաշ և մոգական աշխարհը: Իսկ հետագայում՝ Մոսկվայում հաճախելով արոմաթերապիայի դասընթացների և հետզհետե կատարելագործելով իր գիտելիքները քիմիայի և անուշաբույր յուղերի ստացման բնագավառներում՝ սկսեց ամբողջությամբ տիրապետել օծանելիքի ստեղծման արվեստին: Զրուցելով երիտասարդ հեղինակի հետ տեղեկացանք նաև, որ շատ սիրում է հայազգի օծանագործ Ֆրանսիս Քյուրքջյանի կոմպոզիցիոն բոլոր աշխատանքները, իսկ հայազգի պարֆյումերի ցուցաբերած փոքրիկ վարպետության դասը մեծ փորձ և ոգեշնչության աղբյուր են հանդիսացել նրա հետագա գործունեության համար:
Անրադառնալով նախագծին՝ նշենք, որ այն առանձնանում էր իր բացառիկությամբ՝ երիտասարդ հեղինակը ներկայացրեց իր Աստվածաշնչյան թեմատիկայով արված՝ 7 մահացու մեղքերը խարհրդանշող` գեղանկարչական աշխատանքները, յուրովի կերպով զուգորդելով դրանք` Աստվածաշնչյան 7 առաքինությունները խորհրդանշող՝ 7 հեղինակային բույրերով: Ցուցաբերելով յուրովի մոտեցում և օծանելիքը ներկայացնելով լիովին այլ հարթության վրա՝ երիտասարդ հեղինակը առաջարկեց դրանք դիտարկել որպես բարձր արվեստի մի տեսակ: Ինքնին շատ հետաքրքրական է նաև նախագծի ստեղծման պատմությունը: Ինչպես գիտնք՝ մի շարք հայտնի արվեստագետներ իրենց գլուխգործոցները ստեղծելուց առաջ նախ դրանք տեսել են երազում, այդպես է ծնվել օրինակ՝ հայտնի սյուրռեալիստ՝ Սալվադոր Դալիի գլուխգործոցներից մեկը՝ նրա հայտնի «Փափուկ ժամացույցները» («The Persistence of Memory» 1931, ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք), այդպես եղավ նաև երիտասարդ օծանագործի հետ: Ինչպես պատմում է հեղինակ՝ Ա. Մանուկյանը, նախագծի գաղափարը նրա մոտ նախ ծագել է երազում, իսկ արդեն շատ շուտով՝ հստակ պատկերացնելով դրանք, նա ստեղծել է իր սյուրռեալիստական ստեղծագործությունների շարքը:
Շատ վաղուց հետաքրքրված լինելով Աստվածաշնչյան այս թեմայով, նկարիչը պատկերել է 7 մահացու մեղքերը՝ «Հպարտություն», «Նախանձ», «Բարկություն», «Ծուլություն», «Ագահություն» «Որկրամոլություն», «Բղջախոհություն»:

arman-manoukian-009

«Բղջախոհություն» (էսքիզ) 30×38 թուղթ, մատիտ, 2014

arman-manoukian-007

«Բարկություն» (էսքիզ) 30×38 թուղթ, մատիտ, 2014

arman-manoukian-008

«Հպարտություն» (էսքիզ) 30×38 թուղթ, մատիտ, 2014


Բոլոր 7 կտավներն արված են շատ վարպետորեն և հետաքրքիր լուծումներով, գրեթե բոլոր աշխատանքներում նկատվում է նույն գունային կոլորիտը՝ ինչի շնորհիվ շարքը շատ ամբողջական և համահունչ է դիտվում, միևնույն ժամանակ աշխատանքներից յուրաքանչյուրը կարելի է դիտարկել որպես առանձին՝ ինքնուրույն ստեղծագործություն, որտեղ՝ ամեն մի աշխատանք հստակորեն խորհրդանշում է 7 «մեղքերից» յուրաքանչյուրը: Բոլոր 7 աշխատանքներն էլ նկարչի ներքին հույզերի և զգացողությունների արտահայտությունն են: Ինչպես բնորոշ է ցանկացած սյուրռեալիստական ստեղծագործության՝ այս աշխատանքները ևս գտնվում են իրականի և երազայինի, գիտակցականի և անգիտակցականի սահմանագծում, դրանք՝ առանձնանում են իրենց հետաքրքիր, անամորֆ (ձևախեղված), նրբորեն ձգվող` հալվող ֆորմաներով, որոնք ասես գալարների վերածվելով՝ միահյուսվում են կոմպոզիցիայի ներքին տարածության հետ:

arman-manoukian-012

«Նախանձ» (էսքիզ) 30×38 թուղթ, մատիտ, 2014

arman-manoukian-011

«Ծուլություն» (էսքիզ) 30×38 թուղթ, մատիտ, 2014

arman-manoukian-010

«Ագահություն» (էսքիզ) 30×38 թուղթ, մատիտ, 2014


Այս աշխատանքներում հստակ կերպով առանձնացել որևէ կոնկրետ ֆիգուր կամ առարկա փոքր ինչ բարդ է, իրենց սյուրռեալիստական սկզբունքներով պայմանավորված՝ դրանք՝ նկարչի ենթագիտակցական ներաշխարհի ծնունդն են: Ստեղծագործությունները զերծ են հարթապատկերայնությունից՝ կա հեռանկարի պատրանք՝ պարզ գգացվում է ներքին տարածությունը, աշխատանքներն աչքի են ընկնում իրենց դինամիկայով՝ ներքին շարժով, ինչի շնորհիվ դրանք շատ խոսուն են ու կենդանի: Ստեղծագործություններում պարկերված շախմատային հարտությունը՝ խորհրդանշում է լույսի և խավարի պայքարը, ինչպես նաև՝ կյանքի «մեծ խաղը»:

arman-manoukian-013

«Որկրամոլություն» (էսքիզ) 30×38 թուղթ, մատիտ, 2014

Բավականին հետաքրքիր են նաև ստեղծագործությունների էսքիզային տարբերակները՝ հարուստ լուսաստվերային լուծումներով, նուրբ ու թրթռուն անցումներով՝ դրանք դիտողին են փոխանցում ֆորմաների կենդանությունն ու նյութականությունը: Աշխատանքների այսպիսի մոտեցումը՝ ավելի է շեշտում թեմատիկայի ոգեղեն բնույթը:

Ի հակադրումն կտավների՝ որպես լուսավոր կողմ, նկարիչ-օծանագործը ներկայացրեց իր 7 հեղինակային բույրերը՝ որոնց ստեղծման վրա նա աշխատել է շուրջ 4 տարի: Փորձելով տարբեր բաղադրիչներ ունենալով թե՛ հիասթափության թե՛ ոգեշնչության պահեր հեղինակը ի վերջո կարողացավ ստանալ իր պատկերացրած բուրային շարքը՝ որը հանդիսացավ տվյալ հավաքածուի հիմքը: Բույրերը խորհրդանշում են Աստվածաշնչյան 7 առաքինությունները՝ «Խոնարհություն», «Եղբայրասիրություն», «Հեզություն», «Աշխատասիրություն», «Ողորմածություն», «Ժուժկալություն», «Ողջախոհություն»: Օծանագործության պատմության մեջ ցուցաբերելով յորովի մոտեցում և ստեղծելով միայն նիշային (սելեկտիվ) պարֆումերային կոմպոզիցիաներ, հեղինակն առաջարկեց «օծանելիք» հասկացողությունը դիտարկել որպես արվեստի մի տեսակ՝ որպես հեղինակի ոճն ու ձեռագիրը ընդգծող ստեղծագործություն:

arman-manoukian-004 arman-manoukian-003


7 բույրերից բաղկացած շարքում առկա են միմյանցից խիստ տարբերվող կոմպոզիցիաներ՝ մուշկային-արևելյան, փայտյա-կաշվե, մրգային-ցիտրուսային, շիպրային և այլն: Հավաքածուի յուրաքանչյուր բույրի համար երիտասարդ հեղինակը օգտագործել է շուրջ 30 բաղադրիչ, որոնցից գրեթը բոլորը՝ բացառությամբ մրգայինների, ունեն բնական ծագում: Իր փոքրիկ լաբորատորիայում երիտասարդ օծանագործը ինքնուրույն զբաղվում է նաև անուշաբույր յուղերի պատրաստմամբ, որոնք բոլորը ստեղծվում են համաձայն «պարֆումերային սկզբունքների»: Հեղինակային բոլոր 7 բույրերն էլ նախատեսված են ինչպես կանանց, այնպես էլ տղամարկանց համար [1]:

arman-manoukyan-001 arman-manoukian-002


2014 թվականին տեղի ունեցած այս նախագիծը մեծ հետաքրքրություն առաջացրեց և ուղեկցվեց մեծ հաջողությամբ, այս ամենից ոգեշնչված հեղինակն այժմ աշխատում է իր երկրորդ նախագծի վրա, չբարձրաձայնելով մանրամսները՝ կհավելենք միայն, որ այն՝ ինչպես և առաջինը, խոստանում է լինել ունիկալ և տպավորիչ:


1. http://www.mediamax.am/am/news/special-report/18444/

Հեղինակ՝ Նարե Զաիմցյան

Հոդվածը տրամադրվել է հեղինակի կողմից



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով