+374 99 12 80 82 Ուրբաթ - 15 Նոյեմբեր 2024

Ժամանակի ստվերները | Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը 1970-1995 | ցուցահանդես

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

«Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամը և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը ներկայացնում են «Ժամանակի ստվերները:

Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը 1970-1995» խորագրով անհատական հետահայաց ցուցահանդեսը Հայաստանի Նկարիչների միությունում:

Բացման հանդիսավոր արարողությունը և պատկերագրքի շնորհանդեսը` 
2017թ.-ի օգոստոսի 25-ին, ժամը 18-ին: Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 9-ը:

Համադրող` Վիգեն Գալստյան
Նախագծի ղեկավար՝ Սոնա Հարությունյան

«Ժամանակի ստվերները» լայնածավալ ցուցահանդեսը լույս է սփռում 20-րդ դարի վերջի խորհրդային լուսանկարչության անտեսված ժառանգությանը, ներկայացնելով 1970-90-ականների նշանավոր հայ լուսանկարիչներից՝ Գագիկ Հարությունյանի (ծնվ. 1946) առաջին հետահայաց ցուցահանդեսը: 
«Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ կյանքի կոչված այս նախագիծն ու երկլեզու, Գերմանիայի Հալլե քաղաքում հրատարակված պատկերագիրքն ընդգրկում են Հարությունյանի ողջ ստեղծագործական ուղին պատկերող 183 աշխատանք, որոնց մեծ մասը ներկայացվում է հանրությանն առաջին անգամ: 
Դեռևս 1970-ականների սկզբին ճանաչված որպես վավերագրական լուսանկարչության վարպետ՝ Գագիկ Հարությունյանի լուսանկարները տարիներ շարունակ հրապարակվել են տեղական և համամիութենական պարբերական մամուլում: 
Նա միակ խորհրդահայ լուսանկարիչն է, որը պատկերել է Աֆրիկան և յուրատիպ շարքերով անդրադարձել Լատվիային, Էստոնիային, Ֆրանսիային, Բելգիային, Ավստրիային և այլ երկրների: 
Սակայն Հարությունյանի հիմնային նպատակն էր ստեղծել Հայաստանի կերպարանափոխվող հասարակության իրապես վերլուծական դիմանկարը, որը նա հետևողականորեն կառուցել է գործածելով հետազոտական պատկերաշարերի նորարական ձևաչափը: 
1990-ականների վերջերին, խորը հիասթափություն վերապրած արվեստագետը ոչնչացրել է իր տպված լուսանկարների գրեթե ամբողջ հավաքածուն: Պահպանված սևապատկերներից երկու հարյուրը վերականգնվել ու տպվել են այս նախագծի իրականացման համար անհրաժեշտ վեց տարվա ընթացքում:
Եվ այսպես, Գագիկ Հարությունյանի առաջին հետահայաց ցուցահանդեսում մեկտեղված լուսանկարները ընդգծում են Հարությունյանի տեսլականի զարգացումը` 1970-ականների Հայաստանի բանաստեղծական պատկերավորումներից մինչև բարդ փիլիսոփայական հարցադրումներով հագեցած նրա վերջին պատկերաշարքերը: 
«Ժամանակի ստվերները» բազմանկյուն ցուցահանդեսը նորովի է բացահայտում Գագիկ Հարությունյանի լուսանկարչական ստեղծագործության լայնամասշտաբ համայնապատկերը և հաստատում դրա առանցքային կարևորությունն արդի ու ժամանակակից հայ արվեստի պատմության համար: 
Նախագիծը իրականացնում է «Մշակույթի և կառավարման լաբորատորիան» «Հարավային Կովկասի տարածաշրջանային արվեստ և մշակույթ» նախագծի շրջանակներում՝ Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ (SCO)։

Պատկերագրքի հովանավորողներ են` 
դոկտոր Գիզելա և դոկտոր Ռայներ Ֆրիթչերը


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով