+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Եկեղեցաշինության ետնաբեմում կամ անհաղորդ վեղարներ


Այս նյութն ամենևին լրագրողական խայթիչ ակնարկ կամ աստվածաբանական մտորումների շարադրանք չէ: Սա զարթուցիչ ազդաշեփոր է՝ ուղղված ճարտարապետին, պատվիրատուին, ինձ, քեզ, նրան:

            Ինչու՞ են մեկենասներն իրենց անվան հավերժացումը փնտրում եկեղեցաշինության ճանապարհին: Արդյո՞ք նրանք կրողն են այն դավանանքի, որի տաճարի վիմագրերը սերունդներին պիտի հիշեցնեն իրենց մասին:

Սա մերօրյա մոլուցք չէ: Հիշե՛նք Հուստինիանոսի բացականչությունը Այա Սոֆիայի կառուցման ավարտից հետո. «Սողոմո՛ն, ես հաղթեցի քեզ…»: Արդյո՞ք մարդկային ինքնաբավարարող հավակնությունը զորեղ է Աստծուն տաճար ընծայելու մեծագործումից:

Արուճի տաճար

Մայրավանք


Թվում է՝ խնդիրը մշակութաբանական, կրոնագիտական կամ հոգեբանական է: Բայց պաշտամունքային ճարտարապետությունը հենց սրանց հանրագումարի ածանցյալն է, որով դավանանքը մարմին է ստանում՝ ճարտարապետի ձեռամբ և պատվիրատուի միջոցներով:

Անմահության մոլուցքն ահագնացել է մեր օրերում: Եթե միջնադարյան վարպետի անունը փնտրում և գտնում ենք վանական համալիրի գավթի շթաքարային երդիկի մի անկյունում, ապա այսօր ճարտարապետի անունը փնտրել պետք չէ, չեք էլ հասցնի, այն ավելի արագ կգտնի ձեզ:

Ինչևէ, այս ամենը շքանշանի դարձերեսն է միայն: Մյուս կողմում է պաշտամունքային կառույցների տեղադրման հարցը: «Ազատ տեղ է, ի՞նչ վատ է եկեղեցի կանգնեցնելու համար»,- ասում է պատվիրատուն ճարտարապետին: «Տեղն ազատ է, բայց ոչ՝ դատարկ: Քաղաքաշինական այդ հանգույցում՝ կամրջի, կանգառի, լցակայանի և առևտրի կենտրոնի միջև ընկած ազատ տարածքը նպատակահարմար չէ Ձեր Աստծո տան համար»,-  այդպես էլ չի հնչում ճարտարապետի պատասխանը:

Աղջոց վանք

Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին


Ավելի կարևոր է միջոցների խնդիրը: Ա՛յն ահռելի միջոցների, որոնք ուղղվում են նույն գործառույթին, ինչը կարող է կատարել կամ արդեն իսկ կատարում է միջնադարյան կառույցը: Ո՞րն է միջոցներն ուղղելու քաղաքակիրթ տարբերակը. թմրեցնող ագահությամբ կառուցել նո՞րը, թե վերականգնել հինը:

«Մեզ սարերի եկեղեցիները չեն հետաքրքրում» միտքը ծանոթ է շատերիս: Ի՞նչ, սրանով առաջնորդվելով՝ պիտի կառուցենք նո՞րը, ավելի մե՞ծը, ավելի բա՞րձրը, պիտի մոռանա՞նք բաբելոնյան աշտարակի խորհուրդը:

Այս և այլ հարցերի պատասխանները պտտվում են իմ, քո, նրա մտքում: Եվ մինչ փորձում ենք որսալ պատասխաններ, հայոց երկնակամարում հառնում է մի նոր անհաղորդ վեղար՝ մի նոր մեղքով «սրբագործելով» մեկենասին ու ճարտարապետին: Իսկ վարագույրից այն կողմ մեզ են սպասում «սարերի եկեղեցիները»՝ խոնարհված Մայրավանքը, ջրահեղձ Պողոս-Պետրոսը, փշրվող Մաթոսավանքը, գլխաբաց Արուճը, կիսված Հավուց Թառը, վիրավոր Աղջոցն ու եղջերավորների ճեմասրահ դարձած Սպիտակավորը:

Մաթոսավանք

Հավուց Թառի սբ. Ամենափրկիչ

Սպիտակավոր վանք


Եկել է վերականգնելու՛ ժամանակը, որպեսզի ուշանա «Աստծո տներ» կառուցելու համար սահմանված պատիժը:Սողոմո՛ն, ես չե՛մ ուզում հաղթել քեզ… [1]

  1. Պետրոսյան Դ., Եկեղեցաշինության ետնաբեմում կամ անհաղորդ վեղարներ, «Ճարտարապետություն և Շինարարություն» ամսագիր, հ. 4, Երևան, 2017

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով