+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

ԽՈՍՏՈՒՄ | Սիրային եռանկյունու ու բնաջնջման հորձանոտում


«Խոստում»-ը հոլիվուդյան հայտնի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, օսկարակիր Թերի Ջորջի լիամետրաժ ֆիլմն է: Սա ինտերնացիոնալ սիրո եռանկյունու (հայ տղա, հայ աղջիկ և ամերիկացի տղա) շուրջ պտտվող էպիկական-պատմական դրամա է՝ օսմանյան կայսրության մայրամուտի ու հայոց ցեղասպանության ֆոնին:

                                             ***

Հայոց Մեծ Եղեռնը չափազանց դյուրաբորբոք թեմա է մի ազգի համար, որը 100 տարի շարունակ ապրում է այն հույսով, որ ի վերջո, Թուրքիան կարթնանա ապատիայից և կընդունի իրավանախորդ օսմանյան երիտթուրքերի սանձազերծած մսաղացը, որը խլեց 1. 500. 000 հայի կյանք, մնացածն էլ հայտնեցին անհայրենիքի կարգավիճակում:

The-promise-001 The-promise-003


***

Մինչ այս պահը մատների վրա կարելի է հաշվել ցեղասպանության մասին պատմող ֆիլմ, որը կարտացոլի ոչ միայն նախնյաց ցավը, այլ՝ կընդգրկի այդ պայթյունավտանգ օրերի ողջ «ծաղկաբույլը»՝ ջարդերից մինչևհերոսամարտ, բնաջնջման ակտից մինչև փրկություն:

***

Եվ այսպես, եթե ֆրանսիական արկածային կինոյի աստղ, հայազգի ռեժիսոր Անրի Վերնոյն իր ստեղծագործական հանրագումարում՝ «Մայրիկ» դրամատիկ ֆիլմում, գենոցիդի ողջ ճղճիմությունը ներկայացրել է՝ սյուժեն կառուցելով իր ընտանիքի պատմության և օտար ափերում «ես»-ը չկորցնելու, նոր կյանք սկսելու շուրջ, իսկ կանադահայ Ա. Էգոյանն իր «Արարատ»-ում արմատների վերագտման խնդիրն ու ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու դրաման է առաջին պլան մղել, ապա՝ Թերի Ջորջը՝ իր «Խոստումով», փորձել է ավելի բարձր նշաձող վերցնել, բնականաբար հետևում չթողնելով, ըստ իս էտալոնային ու չափազանց հարազատ «Մայրիկն» ու ժամանակին իրարամերժ զգացմունքեր ծնած «Արարատը»:

***

Երջանկահիշատակ մեկենաս Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ նկարահանված ֆիլմի հիմքում սիրո պատմություն է, որի դեպքերը զարգանում են Մեծ եղեռնի սանձազերծման ժամանակահատվածում: Հատկանշական է, որ կինոժապավենում բոլոր առանցքային դերերը ստանձնել են օտարազգի դերասաններ, որոնց բաժին էր հասել գրեթե անհնար, ահռելի ջանքեր պահանջող խնդիր՝ վերապրել մարդկային տառապանքներից ամենասարսափելին, այն, ինչի միջով անցել է Քրիստոսը:

The-promise-002 The-promise-009 The-promise-008


Ըստ էության, այդ ծանր բեռը բաժին էր հասել Հոլիվուդի նոր սերնդի աստղ Օսկար Այզեքին (Միքայել), որը մարմնավորում էր բժշկական համալսարանի ուսանողի, ով տատանվում էր պարտադրված ամուսնության, իրական սիրո ու տված խոստումի միջև, և ով, այդուհանդերձ կորցրեց ամեն-ինչ, բայց խիզախություն գտավ ողջ մնալ, ցուցաբերելով հերոսական կեցվածք, ապացուցելով, որ մենք՝ թեկուզ և մեզ փորձել են բնաջնջել, ոչ թե տառապյալ, այլ՝ ֆենիքսի պես մոխրից հառնող ազգ ենք:
Իսկ ահա բոլորիս մտքերում որպես Բեթմեն տպավորված Քրիստիան Բեյլին (Քրիս), ով մարմավորում էր ամերիկացի լրագրողի, բաժին էր հասել մի կողմից սիրային եռանկյունում ավելորդի դերը, մյուս՝ սեփական կյանքի հաշվին, հայ ազգի տառապանքները վավերագրելու և մի ակնթարթում ակունքներից զրկված որբուկների կյանքը փրկելու առաքելությունը, մեծ հաշվով խորհրդանշում է այն, որ ԱՄՆ վաղուց ընդունել է հայոց ցեղասպանության փաստը: Դրա վառ ապացույցը այն ժամանակվա դեսպան Հենրի Մորգենթաուի սպառնալիքն է գենոցիդի հեղինակներից մեկին՝ Տալեաթին. «Հայերի բնաջնջումը կդիտարկվի որպես ագրեսիա ԱՄՆ դեմ և նա ստիպված կլինի մտնել Առաջին համաշխարհային պատերազմ»:

The-promise-010 The-promise-005


Հետաքրքիր էր նաև սիրո եռանկյունու օբյեկտը՝ Աննան, գեղեցկուհի Շարլոտ Լե Բոնի դերակատարմամբ: Եվ որ ամենակարևորն է՝ այս սիրո պատմության մեջ մենք չտեսանք այն հեքիաթը, որ բնորոշ է մելոդրամաներին. մենք այս ֆիլմում չտեսանք կնոջ ու տղամարդու սիրո հաղթանակ, ընտրություն երկուսի միջև, այլ տեսանք ինքնազոհաբերություն հանուն սերունդների գոյատևման: Հենց սրանում էլ կայանում է ֆիլմի մելոդրամատիկ կողմի գեղեցկությունը:

Ուշադրության արժանի է նաև այն փաստը, որ սյուժեն, բացի բուն տառապանքների վերարտադրությունից, մտավորականների, այդ թվում նաև Կոմիտասի (ում տիեզերական ձայնը հնչում է ժամերգության ժամանակ, որը ուղեկցվում է կատաղած ամբոխի՝ հայերի դեմ ուղղված հարձակումների ստոպ-մոշն տեսարաններով) ձերբակալությունը: Այլ նաև հայի խիզախությունը, որը մերժեց ծնկի գալ հրոսակի առաջ… ու կռվեց (հիշատակվում է Վանի ինքնապաշտպանությունը), ինչը վառ արտահայտված է ժապավենի կուլմիացիայում՝ Մուսա Լեռան մարտերում…

The-promise-006 The-promise-012


Միով բանիվ, ֆիլմը արժանի է դիտման, և թող տապալված լինի վարձույթում. ի վերջո, լուսահոգի Քըրքորյանը՝ այդ 100.000.000 դոլարը ներդրել է մի նպատակով՝ ստեղծել ֆիլմ, որը կպատմի ոչ թե ցեղասպանության, այլ ցեղապահպանության մասին. դրա լավագույն ապացույցը՝ ֆինալն էր… Դե ինչ, բարի դիտո՛ւմ:

The-promise-007 The-promise-004

Սինոփսիս՝

Ֆիլմի գլխավոր հերոսներն են ուսանող-բժիշկ Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեքը), ֆոտոլրագրող Քրիս Մայերը (Քրիստիան Բեյլ), ով ժամանել է Օսմանյան կայսրություն՝ լուսաբանելու աշխարհաքաղաքական իրադարձությունները և Փարիզում սովորող հայ նկարչոըհի Աննան (Շառլոտա Լը Բոն): Բովանդակությունը կառուցված է նրանց սիրային եռանկյան շուրջ՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին:

Երկիր՝ ԱՄՆ
Ժանր՝ դրամա
Տարեթիվ՝ 2016
Պրեմիերա՝ ապրիլի 21, 2017 (ԱՄՆ)
Ապրիլի 27, 2017 (Հայաստան, ԱՊՀ)
Լեզու՝ անգլերեն
Ռեժիսոր՝ Թերի Ջորջ
Պրոդյուսեր՝ Էրիկ Իսրայելյան
Սցենարի հեղինակ՝ Թերի Ջորջ, Ռոբին Սվիքորդ
Դերակատարներ՝ Քրիստիան Բեյլ, Օսկար Այզեկ, Դանիել Խիմենես Կաչո, Շոխրե Աղդաշլու, Ժան Ռենո և Անժելա Սարաֆյան
Օպերատոր՝ Խավիեր Ագիռեսարոբե
Երաժշտություն՝ Գաբրիել Յարեդ
Մոնտաժ՝ Սթիվեն Ռոզենբլում
Կինոընկերություն՝ Survival Pictures



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով