+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

«Ոսկե ծիրան» -ի մրցանակակիրները հայտնի են


«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնը ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարեց մրցանակակիրներին:

Ներկայացնում ենք մրցանակակիրներին…


Միջազգային խաղարկային մրցույթ


Golden-Apricot-1st-Price-Embrace-of-the-serpentՈսկե ծիրան  (1-ին մրցանակ). «Օձի գրկում», ռեժ.՝ Սիռո Գեռա (Կոլումբիա)

Ֆիլմը ներկայացնում է ամազոնյան շաման Կարամակատեի և ի որոնումն նախնյաց գիտելիքների՝ Հյուսիս-արևելյան Ամազոն մեկնած երկու գիտնականի առաջին շփման, հանդիպման, մերձեցման, դավաճանության և մինչև մահ ձգված ընկերության էպիկական պատմությունը:


Golden-Apricot-End-of-winter

Ոսկե ծիրան   (1-ին մրցանակ). «Ձմռան վերջը», ռեժ.՝ Կիմ Դե-հուան, (Հարավային Կորեա)

Չերուոնի տեխնիկական դպրոցի ուսուցիչ Սուն-գընի ընտանիքի անդամները  երկրի տարբեր կողմերից հավաքվում են Չերուոնում՝ նշելու նրա անցումը թոշակի: Ընտանեկան հավաքույթի ժամանակ Սուն-գընը հայտնում է կնոջն ու զավակներին, որ մտադիր է բաժանվել և մնալ Չերուոնում: Իրավիճակն ավելի է սրվում, երբ ավտոբուսների երթևեկությունը դադարում է ձնաբքի պատճառով, և հարազատները ճարահայտյալ երեք օր մնում են Սուն-գընի տանը որպես մի ընտանիք: Բախվելով ծնողների ամուսնալուծության փաստին՝ ընտանիքի անդամներն առնչվում են մեկմեկու անհաճո ներկայությանը:


Golden-Apricot-Special-mention-Ixcanul

Ժյուրիի հատուկ մրցանակ. «Իշկանուլ», ռեժ.՝ Խայրո Բուստամանտե, (Գվատեմալա/Ֆրանսիա) Ազգությամբ մայա

17-ամյա Մարիան ծնողների հետ ապրում և աշխատում է գվատեմալական գործող հրաբխի ստորոտին գտնվող սուրճի տնկաստանում: Նրան սպասվում է ծրագրված ամուսնություն: Չնայած Մարիան երազում է «մեծ քաղաք» մեկնել, բնիկ կնոջ նրա վիճակը թույլ չի տալիս տնօրինել սեփական ճակատագիրը: Հետագայում օձի խայթոցի հետևանքով նա հայտնվում է ժամանակակից աշխարհում, որտեղ կյանքը փրկում են, բայց ի՞նչ գնով…


Golden-Apricot-SanctuaryԱյս տարի առաջին անգամ հանձնվեց նաև նոր՝  Հանդիսատեսի Համակրանք մրցանակը, որը ստացավ գերմանացի ռեժիսոր Մարկ Բրումունդը՝ իր «Սրբարան», (Գերմանիա) ֆիլմի համար:

1968-ի մայիս. «Rolling Stones», հոլիդեյ տաբատներ, կարճ շրջազգեստներ, սեքսուալ հեղափոխություն, ցույցեր ընդդեմ վիետնամական պատերազմի… Մինչ Գերմանիան պատրաստվում է ազատության նոր դարաշրջանին, 14-ամյա ըմբոստ Վոլֆգանգին ուղարկում են Ֆրայշտաթ՝ խնդիրներ հարուցող երեխաների խնամքի տուն: Այնտեղ նա պետք է «դաստիարակվի» և օրինավոր տղա դառնա: Վոլֆգանգը վճռական դիմադրություն է ցույց տալիս աշխատանքային բիրտ պայմանների և դաստիարակների նենգ կրթական մեթոդների դեմ՝ թույլ չտալով իրեն կոտրել: Բայց ինչքա՞ն կդիմանա բռնության համակարգին և ճնշմանը առանց ինքն էլ դաժանանալու: Ֆիլմը հիմնված է հասարակական ճնշիչ համակարգում մարդկության և ճնշիչ արժանապատվության վերջին մնացորդները պահպանել փորձող տղայի իրական պատմության վրա:


Միջազգային վավերագրական մրցույթ

 

Golden-Apricot-The-creation-of-meaningՈսկե ծիրան   (1-ին մրցանակ). «Իմաստի ստեղծումը», ռեժ.՝ Սիմոնե Ռապիզարդա Կազանովա, (Կանադա/Իտալիա)

Ֆիլմը նկարահանվել է Տոսկանական Ալպերում, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացի զավթիչները ոչնչացրել են հարյուրավոր քաղաքացիների: Այդ նույն հոյակապ բնաշխարհում պատերազմի սկզբին ծնված հովիվ Պաչիֆիկոյի առօրյա կյանքի պատմությունն է:


Golden-Apricot-A-German-youthԱրծաթե ծիրան (2-րդ մրցանակ). «Գերմանական երիտասարդություն», ռեժ.՝ Ժան-Գաբրիել Պերիո (Ֆրանսիա/Գերմանիա/Շվեյցարիա)

Ֆիլմը ժամանակագրորեն ներկայացնում է  1960-ականների վերջին Գերմանիայի երիտասարդության մի մասի քաղաքական արմատականացումը, ինչը ծնունդ տվեց Կարմիր բանակի ֆրակցիային (RAF)` հեղափոխական ահաբեկչական խմբի, որը  հիմնվել է գլխավորապես Անդրեաս Բաադերի և Ուլրիքե Մայնհոֆի, ինչպես նաև այս պատմությունից ծնունդ առած կադրերի կողմից: Ֆիլմն ամբողջովին ստեղծվել է արդեն գոյություն ունեցող տեսալսողական արխիվային նյութերից և նպատակ ունի հարցադրումներ անել  ժամանակին այս հեղափոխական շարժման նշանակության, ինչպես նաև այսօրվա հասարակության համար դրա արձագանքների վերաբերյալ:  


«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ

Golden-Apricot-Everything-will-be-okՈսկե ծիրան   (1-ին մրցանակ). «Ամեն ինչ լավ կլինի», ռեժ.՝ Պատրիկ Ֆոլռաթ, (Գերմանիա/Ավստրիա)

Բաժանված հայրը տանում է իր 8-ամյա դստերը՝ Լեային: Ամեն ինչ նման է երկու շաբաթը մեկ տեղի ունեցող հանդիպումներին, բայց Լեային թվում է, որ ինչ-որ բան ճիշտ չէ: Այսպես սկսվում է այն ճակատագրական ուղևորությունը, որ հանգեցնում է անդառնալի աղետի:


Golden-Apricot-Chelleh

Արծաթե ծիրան (2-րդ մրցանակ). «Չելլե», ռեժ.՝ Դավուդ Խայամ (Մեծ Բրիտանիա)

Յահյան մոտ 40-ամյա մարմնեղ տղամարդ է: 40 օր իր խցի  առանձնության մեջ  նա անգիր է արել Ղուրանը, և բանտի ղեկավարությունը դրա համար 12 ժամով ազատ է  արձակում նրան: Այդ կարճ ժամկետում Յահյան սպանում է քաղաքի շատ աղավնիների  կնոջն ու որդուն մսով ապահովելու համար, որոնք չափից դուրս գեր են և նրա բացակայության ժամանակ աշխատելու անընդունակ: Հասարակության կողմից վտարված Յահյան պայքար է սկսել իր ընտանիքի գոյատևման համար, ինչն ամեն պահ նրա կյանքը տանում է դեպի առավել մեկուսացում:


Golden-Apricot-Everything-for-sale

Ժյուրիի հատուկ մրցանակ. «Ամեն ինչ՝ վաճառքի», ռեժ.՝ Ֆարհադ Ղոլամի (Իրան)

Տղամարդը վաճառում է իր ամբողջ ունեցվածքը: Մի երիտասարդ կին գալիս է գնումներ անելու, բայց մենակ է և պետք է ստանա ամուսնու թույլտվությունը: Վերջինիս սպասելու ընթացքում այս երկուսի միջև ընկերական հարաբերություն է սառաջանում: Կինն անհանգստանում է, թե ամուսինն ինչպես կարձագանքի դրան:


Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ


Golden-Apricot-One-Two-ThreeՈսկե ծիրան   (1-ին մրցանակ),լիամետրաժ խաղարկային. «Մեկ, երկու, երեք», ռեժ.՝ Արման Երիցյան, (Հայաստան/Գերմանիա/Նորվեգիա)

Միխայիլի զարմանալի, սրտառուչ և երբեմն էլ զվարճալի պատմությամբ ֆիլմը ցույց է տալիս Ընտրյալների ճանապարհը: Ամեն մի կերպարի անձնական պատումը ներկայացվելով՝ հմտորեն միահյուսվում է գլխավոր հերոսի շուրջը: Չնայած ամեն պատմություն խիստ անձնական է, և Ընտրյալների պայքարը բնորոշվում է հայաստանաբնակ լինելու հանգամանքով, ֆիլմում հնչող առավել մեծ հարցադրումները ընդհանրական են: Ամեն երկրում, քաղաքում և համայնքում մարդիկ ծերանում են և զգում խնամքի, ուշադրության կարիք: Միխայիլը և ընկերներն առաջին քայլեր են անում և կյանքի մայրամուտին վերջապես սկսում լիարժեք կյանքով ապրել:


Golden-Apricot-The-doctorlԱրծաթե ծիրան (2-րդ մրցանակ), կարճամետրաժ խաղարկային. «Բժիշկը», Աննա Գորոյան, (Ռուսաստան)

Չեչնիայի առաջին պատերազմը: Քաղաքացիները փախչում են: Վիրաբույժ Միխայիլը քչերից է, որ մնացել է Գրոզնիում: Միխայիլի չեչեն ընկերը համոզում է նրան գնալ ընտանիքի մոտ: Բժշկի կինն ու դուստրը պատերազմի բռնկվելուն պես լքել են քաղաքը: Միխայիլը որոշում է մեկնել, բայց գիշերը զինվորականներ են ներխուժում բժշկի տուն՝ բերելով վիրավոր հրաձիգի: Իսկ արդեն վաղ առավոտյան ամենագնացով հայտնվում են դաշնային ներկայացուցիչները: Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա:


Golden-Apricot-The-roadՀրանտ Մաթևոսյան անվան հատուկ մրցանակ լավագույն սցենարի համար. «Ճանապարհ», Գագիկ Մադոյան, (Հայաստան)

Պատմությունը մի կնոջ մասին է, որն ուզում է ցած նետվել կամրջից: Այդ պահին նրան է մոտենում մի անօթևան և խնդրում իրեն թողնել ունեցվածքը: Հանդիպումը փրկում է կնոջ կյանքը:


Back-To-Gurun

Հատուկ մրցանակ` «Վերադարձ դեպի Գյուրուն», ռեժ.՝ Ադրինե Գրիգորյան, (Հայաստան)

Ֆիլմը Ադրինեի ուղևորությունն է դեպի Գյուրուն, ուր վերադառնում է այն դեպքից հարյուր տարի անց, երբ ընտանիքի միակ փրկված անձը՝ պապը, 1915-ի ցեղասպանության ժամանակ հեռացել է քաղաքից։ Պատմությունը երևան է բերում «լռեցված» ցեղասպանության տևական ազդեցությունը, որ փոխանցվել է սերնդեսերունդ, ինչպես նաև անհատի փնտրտուքը լուծում գտնելու ճանապարհին։


Ֆիպրեսի մրցույթ


Moskvich-my-love«Մոսկվիչ, իմ սեր», Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան)

Ծերունի Համոն ապաստան է գտել Հայաստանի լեռներում կորած մի գյուղում և տաղտուկ կյանքով ապրում է կնոջ հետ: Ռուսաստանից տղայի ուղարկած գումարը հազիվ բավականացնում է ապրուստին: Համոն թաքուն երազանք ունի. ձեռք բերել «մոսկվիչ»՝ աշխարհի ամենագեղեցիկ ավտոմեքենան, որը նրան խոստացել էր խորհրդային տարիների ղեկավարությունը, բայց որը նա այդպես էլ չստացավ: Միությունը փլուզվել է, Համոյի երազանքը՝ մնացել: Մի օր Համոն հանկարծ իմանում է, որ հարևան գյուղում «մոսկվիչ»՝ են վաճառում…


Էկումենիկ մրցույթ

 Moskvich-my-love«Մոսկվիչ, իմ սեր», ռեժ.՝ Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան)

Ծերունի Համոն ապաստան է գտել Հայաստանի լեռներում կորած մի գյուղում և տաղտուկ կյանքով ապրում է կնոջ հետ: Ռուսաստանից տղայի ուղարկած գումարը հազիվ բավականացնում է ապրուստին: Համոն թաքուն երազանք ունի. ձեռք բերել «մոսկվիչ»՝ աշխարհի ամենագեղեցիկ ավտոմեքենան, որը նրան խոստացել էր խորհրդային տարիների ղեկավարությունը, բայց որը նա այդպես էլ չստացավ: Միությունը փլուզվել է, Համոյի երազանքը՝ մնացել: Մի օր Համոն հանկարծ իմանում է, որ հարևան գյուղում «մոսկվիչ»՝ են վաճառում…



 Նշենք նաև, որ Հուլիսի 19-ին տեղի ունեցած ամփոփիչ ասուլիսի ընթացքում ժյուրիի կազմը հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանի գլխավորությամբ պատասխանեցին լրագրողների հարցերին, նշեցին, որ մասնակից ֆիլմերից շատերն իրենց զարմացրել են, նաև ցավով նշեցին, որ գեղարվեստական ֆիլմի մրցանակ չեն շնորհել և հույս հայտնեցին դա անել հաջորդ տարի: Իրենք ժյուրիի անդամները բարձր գնահատեցին հատկապես հայ երիտասարդ ռեժիսորների քայլերը, նշելով, որ վերջիններս ունեն հրաշալի պատմողականություն և դիտողականություն: Հատկապես հիշատակեցին Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» և Ադրինե Գրիգորյանի «Վերադարձ դեպի Գյուրուն» ֆիլմերը: Ասուլիսից հետո ժյուրիի օտարերկրյա անդամները շնորհակալություն հայտնեցին հայկական յուրահատուկ ջերմ հյուրընկալության համար և շտապեցին օդանավակայան…


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով