+374 99 12 80 82 Երկուշաբթի - 30 Դեկտեմբեր 2024

Թարգմանական խնդիրներ. բազմաճյուղ լեզու և բարբառներ


Ի՞նչ փորձություններ են սպասում թարգմանչին, եթե նա գործ ունի բազմաճյուղ լեզվի և դրա բարբառների հետ: Գերմանացի, ավստրիացի կամ շվեյցարացի հեղինակների լեզուն չի կարող լինել նույնը, եթե անգամ նրանք գրում են ստանդարտ գերմաներենով: Բարբառների ազդեցությունն ու դրանց արտացոլումը գրականության մեջ կարող են տարբեր թարգմանական խնդիրներ առաջացնել: Այս ամենի շուրջ զրուցում ենք թարգմանիչ, գրականագետ, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գերմաներենի դասախոս Գայանե Գինոյանի հետ:

 

– Գերմաներենը պետական լեզու է Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում:  Ինչպե՞ս են այս երկրների լեզվական տարբերությունները դրսևորվում գերմանալեզու գրականության մեջ:

– Գերմաներենը, ինչպես հայերենը, ունեցել է զարգացման տարբեր փուլեր, որոնք արտացոլված են գրականության մեջ: Գերմաներեն առաջին գրավոր նմուշները՝ մերզեբուրգյան համայիլները, ծագում են 9-10-րդ դարերից և հայտնաբերվել ու տպագրվել են 19-րդ դարում: Երբ խոսում ենք բուն ավստրիական գրականությունից, մոտենում ենք 18-րդ դարասկզբին, նույնը կարելի է ասել Շվեյցարիայի վերաբերյալ՝ 19-րդ դարասկիզբ:

Այս երեք երկրներն ունեն գերմաներեն դասական գրականություն և չեն բացառում մեկը մյուսին: Օրինակ՝ Ֆրիդրիխ Շիլլերը, որը գերմանական դասական է, ունի շվեյցարական ազգային հերոս Վիլհելմ Թելլին ու շվեյցարացիների ազատագրական պայքարին նվիրված դրամա:

Բոլոր երեք երկրներում էլ ստանդարտ գերմաներենը համալսարանական և վարչական լեզու է: Բայց կան բարբառներ: Երբ շվեյցարացին խոսում է, գերմանացին կարող է չհասկանալ: Լեզուն մարդկային օրգանի նման աճող և զարգացող երևույթ է, և ստանդարտ գերմաներենը դարերի ընթացքում բազմաթիվ փոփոխություններ է կրել, ինչպես հայերենը:

Շվեյցարիայի հիմնական բարբառն, օրինակ, ինչպես արևմտահայերենը, լեզվական այդ փոփոխությունները չի ընդունել և հիմնված է հին վերին գերմաներենի վրա: 

Ավստրիական գերմաներենի հետ կապված կան բառապաշարային տարբերություններ, և դրանք հասնում են այնտեղ, որ 1994-ին ընդունված օրենքի համաձայն՝ գերմանական գերմաներենի հետ հավասար պետք է կիրառվեն ավստրիական գերմաներեն արտահայտություններ և նշվեն ապրանքների պիտակների վրա: Օրինակ՝ Kartoffel (կարտոֆիլ) կամ Aprikose (ծիրան) գերմաներեն բառերի համար ավստրիացիներն ունեն Erdapfel եւ Marille բառերը:

– Երբ սկսում եք թարգմանել, օրինակ, ավստրիացի հեղինակի, հաշվի առնո՞ւմ եք այս նրբությունները:

– Այո՛, եթե Erdapfel բառը օգտագործում է ավստրիացին, ուրեմն թարգմանում ենք «կարտոֆիլ»: Իսկ եթե այդ բառն օգտագործում է գերմանացին և գերմանական միջավայրում, մեծմասամբ պետք է թարգմանվի «գետնախնձոր», որովհետեւ «կարտոֆիլ» բառի համար գերմանացին ունի Kartoffel բառը ստանդարտ գերմաներենում:

Այստեղ հարցը նաև տարբերության մեջ է: Ավստրիացիները ձգտում են շեշտելու իրենց տարբերությունը գերմանացիներից և՛ որպես ազգ, և՛ որպես գերմաներենի լեզվակիր:

– Իսկ ինչպե՞ս են բարբառներն արտացոլվում բազմաճյուղ լեզվի գրականության մեջ, և արդյո՞ք դրանք շփոթեցնող չեն:

– Չնայած երեք պետություններում էլ գործում է ստանդարտ գերմաներենը, բայց հեղինակներն իրենց գործերում որոշ չափով կամ մեծ մասամբ օգտագործում են բարբառային մանրամասներ: Օրինակ՝ նախկին Հարավսլավիայից Շվեյցարիա ներգաղթած հունգարացի գրող Մելինդա Նադյա Աբոնին իր «Աղավնիները թռչում են» վեպում կիրառում է բարբառ, որը թարգմանելիս ես օգտագործել եմ Ալաշկերտի բարբառը, որով խոսում եմ տանը: Բարբառն ինձ [թերևս նաև՝ հեղինակին – Կ.Գ.] տալիս է այն զգացողությունը, որ ես չեմ խորթացել իմ ընտանիքից:

Ռոբերտ Զեեթալերի «Մի ամբողջ կյանք» վեպում Մարին խոսում է նաև բարբառով: Ամբողջ վեպը գրված է ստանդարտ գերմաներենով, և Մարիի այդ մի խոսքն ասվում է ավստրիական գերմաներեն բարբառով: Ես թարգմանեցի և պնդեցի, որ տպագրվի արևմտահայերենով՝ տարբերությունը նկատելի դարձնելու համար:  Իսկ ինչու ընտրեցի արևմտահայերենը, քանի որ այն մերհ այերենի երաժշտական տեսակն է, և կարծում եմ,  որ այսօր պետք է ցույց տանք, որ արևելահայերենի, գրական հայերենի մասն է: Հայաստանում էլ բարբառներ կան, բայց ցանկացա շեշտել, որ արևմտահայերենը տեղ ունի մեր գրական հայերենում:

Այս վեպում կան նաև աշխարհագրական անուններ, որոնք ոչ մի տեղ չես գտնի. ո՛չ համացանցում, ո՛չ քարտեզի վրա:  Չնայած եղել եմ Ավստրիայում որոշ ժամանակով, բայց հնարավոր չէ իմանալ ամեն լեռան ու գետի անունը: Այս առումով շատ եմ գնահատում, որ գերմանական կողմն օգնում է թարգմանիչներին կապ հաստատելու գրողի հետ: Այդպես պարզեցի, որ տեղանունները բոլորն էլ մաքուր հորինվածքներ էին: 

Գրողի հետ կապի առումով մի ուրիշ բան հիշեցի. վեպի մի դրվագում, երբ հերոսը, լեռներից իջնելով, իր տեսած դրոշները նմանեցնում է Գերմանիայի դրոշի հետ, դրանք նկարագրվում են որպես Խորհրդային Ռուսաստանի դրոշներ:  Լիտվացի գործընկերս, որը նույնպես թարգմանել էր վեպը, ասաց, որ նկատել է նույն խնդիրը և ուղղել այն: Գրեցի հեղինակին. նա և իր խմբագիրը վերջնական որոշման չէին եկել այդ հարցում, և նշեց, որ մենք ազատենք՝ թարգմանելու ինչպես ճիշտ ենք համարում: Հեղինակը բարյացակամ էր, գոռոզ չէր և պատրաստ էր ընդունելու իր սխալը: Նրա համաձայնությամբ թարգմանեցի որպես Խորհրդային Միության դրոշներ:

Առնո Գայգերի «Ծեր թագավորն իր աքսորավայրում» վեպում ևս կան բարբառային արտահայտություններ, և աշխատանքի արդյունքում կարողացա պահպանել «ապի»-ն և «նան»-ը: Նկատեմ, որ ավստրիական հեղինակներին թարգմանելիս հոգեհարազատ կապ եմ զգում տեքստի հետ:

– Հասկանալի է դառնում, որ բազմաճյուղ գերմաներենի պարագայում բարբառները կիրառվում են մի կողմից ինքնությունը շեշտելու, մյուս կողմից (ներգաղթյալների պարագայում) չխորթանալու, հարազատությունը պահպանելու համար: Իսկ անձնանունների տառադարձման հարցում ի՞նչ նրբություններ կան:

– Լատինատառ լեզուները չունեն անունների տադառարձման խնդիր, իսկ մենք ունենք. երբ գերմաներենից տառադարձում ենք կատարում, կորչում են որոշ մանրամասներ: Օրինակ՝  «Ման» և Մանն» ազգանունները, որոնցից մեկը մեկ, մյուսը երկու ն-ով է գրվում:  Այդ տարբերությունը երբեմն էթնիկ ծագման մասին է վկայում, օրինակ՝ մեկ ն-ով դեպքը կարող է հուշել հրեական ծագման մասին: Օրինակ՝ «Գրքեր գողացողը» ֆիլմում հարևանը մատնում է հարևանին՝ մատնացույց անելով հենց այդ վերջավորությունը: Եվ չմոռանանք, որ ամեն ազգ կարող է ունենալ Պետրոս, և նա Պետեր է, եթե գերմանացի է, Փիթեր է, եթե ամերիկացի է, Պյոտր է, եթե ռուս է…

Կուզեի հիշել մի բանավեճ: Երբ նոր էի զբաղվում գերմանալեզու գրականությամբ, ես փորձում էի իմ գերմանացի պրոֆեսորին ապացուցել, որ Կաֆկան հրեա գրող է՝ հիմք ընդունելով նրա ազգային պատկանելությունը: Կաֆկան ծնվել է Պրահայում, բայց գերմանալեզու ավստրիացի գրող է, որովհետև Չեխիան եղել է Ավստրո-հունգարական միապետության կազմում: Այսօր չեխերը Կաֆկային համարում են իրենց հայրենակիցը, ավստրիացիները՝ իրենց լավագույն գրողներից մեկը,  իսկ հրեաներն էլ՝  հրեա գրող, որովհետև նա ծագումովհրեա է: Կաֆկայի նամակների և ձեռագրերի հեղինակային իրավունքները պատկանում են Իսրայելին: Գրականության մեջ այս ամենը չի երևում:

 

Զրուցեց Կարին Գրիգորյանը


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով