Ռոման Ջեքոբսոնը Յակոբսոն էր Ռուսաստանում: Նոամ Չոմսկի՞, թե՞ Խոմսկի… Գուցե ավելի կարևոր է քննարկել, թե ինչ են գրել այս հեղինակները:
«Զանգակ» հրատարակչությունը շարունակաբար հարցեր է ստանում ընթերցողներից անձնանունների թարգմանության վերաբերյալ: Վինի Փո՞ւ, թե՞ Վինի Թուխ: Սոմերսեթ Մոե՞մ, թե՞ Մոըմ: Առաջինի դեպքում կարևորվել է թարգմանության համարժեքությունը բնագրին,և խորհրդային փոխադրության «Վինի Թուխ» անձնանունը փոխարինվել է «Վինի Փու»–ով: «Մոըմ»–ի դեպքում հեղինակի անվան արտասանությունը պահպանված է անխաթար, թեև առայժմ անսովոր է ընթերցողի աչքին:
«Զանգակ» հրատարակչությունն աշխատում է տարբեր հեղինակների և թարգմանիչների հետ և կողմ է բազմակարծությանը, եթե մոտեցումները «ծայրահեղական» չեն և նպաստում են հայերենի արդիականացմանն ու զարգացմանը:
Անձնանունների թարգմանության շուրջ բանավեճերին և շարունակական հարցումներին որևէ կերպ արձագանքելու ցանկությամբ հեքիաթագետ, ԵՊՀ պրոֆեսոր, «Զանգակ» հրատարակչության մանկապատանեկան բաժնի խմբագիր Ալվարդ Ջիվանյանի հետ որոշեցինք նախաձեռնել այս զրույցը՝ փորձելով անդրադառնալ անձնանունների թարգմանության կնճռոտ հիմնահարցերին:
Նախ փորձենք ձևակերպել մի պարզ ճշմարտություն:
Երկու լեզուների հնչյունական համակարգերը երբևիցե չեն կարող բացարձակապես համարժեք լինել: Ավելին, հայերենում նույնպես համարժեքություն չկա արևելահայերեն և արևմտահայերեն հնչյունական համակարգերի միջև: Բարբառների մասին նույնիսկ չխոսենք: Նույն անգլերենում կա անձնանունների հնչողության տարբերություն. ասենք՝ Մեծ Բրիտանիայի տարբեր շրջաններում: Անշուշտ, մենք խոսում ենք գրական լեզվի տարբերակների մասին: Նման քննարկումները ժամանակատար են, ձեռքբերումները՝ քիչ:
Գործող գեղարվեստական թարգմանիչների մեծ մասը թարգմանաբան չէ: Ստացվում է, որ թարգմանության տեսությամբ և մասնավորապես տառադարձության հարցերով զբաղվում են տեսաբանները, բայց ո՛չ գործող թարգմանիչները:
Ի՞նչ թարգմանական խնդիրներ կարող են առաջացնել տեղանուններն ու անձնանունները, և արդյոք խնդիրներն ավելանում են միջնորդավորված թարգմանության դեպքում:
Միջնորդավորված թարգմանությունների ծավալը այնպիսի չափերի է հասնում, որ դրանք չնկատելն անհնար է: Եղածին ավելացնենք այն թարգմանությունները, որոնք ներկայացված են որպես բնագրային, սակայն իրականում այդպիսին չեն: Թարգմանաբանության մեջ միջնորդավորված թարգմանությունը անցանկալի երևույթ է համարվում, սակայն հատկապես մանկական գրականության և հեքիաթի տիրույթում ոչ բնագրային թարգմանությունների ծավալը շատ մեծ է, իսկ պատմականորեն վերջիններիս ունեցած դերը՝ անգնահատելի: Այսպես, «Հազար ու մեկ գիշերն» առաջին անգամ անգլերեն և ռուսերեն է թարգմանվել Անտուան Գալանի ֆրանսերեն տարբերակից: Մինչ բնագրից արված անմիջական թարգմանությունների հայտնվելը հայկական հեքիաթին անգլալեզու ընթերցողը ծանոթացել է Էնդրյու Լենգի` Ֆրեդերիկ Մակլերի ֆրանսերեն թարգմանություններից արված փոխադրությունների շնորհիվ (Macler 1905):
Ի՞նչ լույսի ներքո ընկալենք անձնանունների թարգմանական նոր միտումները:
Տառադարձման վերաբերյալ վեճերը հաճախ տանում են փակուղի: Այս տիրույթում գրեթե անլուծելի է անգլերենում «ը» հնչող ձայնավորների հայերեն տառադարձումը: Շատ թարգմանիչներ առաջնորդվում են աղբյուր լեզվի հնչողությանը հարազատ մնալու սկզբունքով, բայց անգլերենում, կախված դիրքից, «ը» կարող են հնչել նույն բառում հանդիպող տարբեր ձայնավորներ. իսկ հայատառ տեքստի մեջ մեկ բառում մի քանի «ը»–ի առկայությունը ցանկալի չէ:
Օրինակ՝«Հարրի Փոթեր» անվան դեպքում կարելի էր գրել Փոթըր, անգամ՝ Փոթր՝ խուսափելով «ը»–ից: Այս նույն սկզբունքը կիրառվեց «Փիթր Փեն»–ը (Peter Pan) տառադարձելիս. «ը»–ն, միևնույնն է, հնչում է: Սակայն «ը»–ն չգրելու դեպքում նոր խնդիրներ կարող են առաջանալ տառադարձված բառը հոլովելիս՝ Փոթրի կամ Փիթրի, որտեղ «ը»–ն կարող է «անհետանալ»: Նման դեպքերում նկատելիորեն հեռանում ենք բնագրային անձնանուններից: Այս մտավախությամբ «Հարրի Փոթերի» շարքը թարգմանելիս հաճախ հրաժարվել ենք հնչյունային տառադարձման սկզբունքներից: Մանավանդ որ Ջ.Ք. Ռոուլինգի վիպաշարը գերբնակեցված է կերպարներով, որոնցից շատերը կրում են «ը» հնչյունը պարունակող անձնանուններ:
Տառադարձության հետ կապված խնդիրներն առցանց տիրույթում:
Լինում են տարաբնույթ խնդիրներ: Շատ հաճախ, եթե խոսքը դասական հեղինակի մասին է, ըստ արտասանության տառադարձման սկզբունքը ցանկալի չէ: «Dickens»–ն, օրինակ, ունի «Դիքենզ», «Դիքինս», «Դիքինզ» անգլերեն արտասանական տարբերակներ, սակայն վերջիններիս ըստ արտասանության տառադարձումը հեղինակի անունը կդարձներ անճանաչելի. հնարավոր չէր լինի առցանց տիրույթում գտնել հայերեն մի շարք հնատիպ հրատարակություններ:
Խնդիրներ են առաջանում սխալ տառադարձման արդյունքում. այսպես, Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի «Խորհրդավոր պարտեզը» առաջին անգամ թարգմանվել է հայերեն 1981 թվականին, սակայն քանի որ հեղինակի՝ Frances Hodgson Burnett–ի անվան տառադարձման (Հադսոն Բառնեթ) մեջ կային ակնհայտ անճշտություններ, բավականին երկար ժամանակ վեպի հայերեն տարբերակի տվյալները մնում էին անհասանելի:
Ինչպես են փոխվում պահանջները
«Հասկեր» մանկական ամսագիրն էի թերթում: Նկատեցի՝որքան անփույթ են տառադարձումները 20–րդ դարասկզբում:
Այսօրվա ընթերցողի պահանջկոտությունը պայմանավորված է նաև իրազեկությամբ: Ժամանակի հետ փոխվում են տառադարձության և համարժեքության պահանջները: Ինչ–որ առումով գնալով աճում է ընթերցողի, հատկապես մանուկ կամ պատանի ընթերցողի իրազեկությունը աղբյուր լեզվից:
Այսպես, հայերենում շեշտը դրվում է վերջին վանկի ձայնավորի վրա, օրինակ՝ Հարրի՛: Սակայն թարգմանական տեքստում հաճախ ստիպված շրջանցել ենք այս կանոնը՝ ելնելով ընթերցողի՝ աղբյուր մշակույթի իրազեկությունից: Հավանաբար քիչ կգտնվեն մանուկ ընթերցողներ, որոնց ծանոթ չի լինի «Հարրի Փոթեր» անունը, և շեշտը անվան վերջին վանկի ձայնավորի վրա պահպանելը կարող է տարօրինակ, եթե ոչ՝ զավեշտական հնչել: Եթե անձնանունը հանրահայտ չէ, կարելի է հարազատ մնալ հայերեն շեշտադրության կանոններին. օրինակ՝ Զոի՛:
Վերջում կցանկանայինք խոսել առանձնակի դեպքի մասին. «Զանգակը» հրատարակել է և՛ «Հայդի» վիպակը, և՛ վիպակի վերապատումը: Ինչպե՞ս է ստացվել, որ հեղինակի անունը մի դեպքում թարգմանվել է Յոհաննա Սպայրի, իսկ մյուս դեպքում՝ Սփիրի:
Վերապատման դեպքում հեղինակի անունը տառադարձվել է Սպայրի, որովհետև թարգմանությունն արված է միջնորդ լեզվից՝ անգլերենից: Իսկ բնագրային թարգմանության մեջ այն տառադարձվել է Սփիրի, ինչպես հնչում է գերմաներենում:
Անգլերենում հնարավոր են և՛ Սփայրի, և՛ Սպայրի արտասանությունները. աուդիոգրքերում հանդիպում ենք երկուսն էլ: Բնագրային թարգմանության դեպքում գրական երկի մշակութային պատկանելությունը խիստ կարևոր է,և նախընտրել ենք «Սփիրի» տարբերակը (ի դեպ, ճիշտ է նաև«Շփիրի»–ն»): Վերապատման դեպքում, երբ ավելի կարևորվում է այս պատմությանը մանուկ ընթերցողի իրազեկվածությունը, ընդունելի է նաև Սփայրի արտասանությունը, քանի որ հիմնվել ենք միջնորդ լեզվի և միջնորդ մշակույթի վրա:
Ամփոփում
Տառադարձում՝ ըստ հեղինակի որոշման, ճաշակի, ըստ արդեն հաստատված ավանդույթի, ինչ–որ չափով նաև՝ ըստ իրազեկ ընթերցողի ակնկալիքների և գրական քիմքի. «Զանգակը» փորձում է կողմնորոշվել: Եվ, եթե հնարավոր է, համադրել:
Զրուցեց Կարին Գրիգորյանը
Թողնել մեկնաբանություն