+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Ծաղկազարդը «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում


Մեր նախնիները ավանդապաշտ էին և նշում էին բոլոր հայկական տոները ընտանիքի և բարեկամների հետ՝ համեմված ամենատարբեր արարողություններով, երգ ու պարով: Իսկ մեր օրերում շատ հայկական տոներ մոռացվել են կամ նշվում են միայն կիսով չափ: Ամեն տոնն իր նշանակությունն ու խորհուրդն ուներ: Այդպիսի մի գեղեցիկ տոն է ծաղկազարդը՝ հայտնի նաև ծառզարդար անվանումով:

Երևանի թաքնված անկյուններից մեկում՝ «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում մարտի 20-ին տիրում էր տոնական մթնոլորտ: Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամը հյուրանոցի հետ համատեղ կազմակերպել էր հերթական հայկական տոնի՝ ծաղկազարդի տոնակատարություններ: Վայրն ավելի քան հիանալի էր ընտրված,քանի որ «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի ամեն անկյունը հայերեն է շնչում:Tsaghkazardat-Silkroad-007Ամեն քայլափոխին հանդիպող գորգերի գույներից զգացվում է հին ժամանակների հայի գեղագիտական բարձր ճաշակը: Կահավորանքի մեջ ներառված են գորգագործության համար նախատեսված դազգահներ,կահ-կարասի, ճախարակ, հայկական նվագարաններ, տիկնիկներ և շատ ուրիշ իրեր: Կոլորիտը լիովին ապահովված է:

Ահա այսպիսի միջավայրում էլ հավաքված այցելուների համար միջոցառումը սկսվեց «Կենաց տուն» մշակութային կազմակերպության ներկայացուցիչ Լալա Մնեյանի խոսքով: Նա ներկայացրեց Ծաղկազարդի նշանակությունը: Այն նշվել է սկսված նախաքրիստոնեական ժամանակներից որպես բնության զարթոնքի գովերգման տոն:Նաև նախապատրաստություն է Սբ. Հարության ՝ Զատիկի տոնի համար: Կենաց ծառը զարդարված էր ձվերով, ընկույզներով, որոնց վրա «սարդակար» կարի տեսակով գեղեցիկ զարդանախշեր էին պատրաստված:

Մեծ Պահքի շրջանում նշվող Ծաղկազարդ տոնի ժամանակ հնում մի սովորույթ կար, որ ամուսնացած աղջիկներին թույլ էր տրվում տոնից հետո մեկ շաբաթ ժամանակահատվածով գնալ ծնողների տանը մնալ մինչև Զատիկ:

Tsaghkazardat-Silkroad-008Ամեն տանը կհանդիպեիք Ուտիս տատի տիկնիկից,որի կերպարը խորհդրանշում էր տարվա այն կեսը,երբ ամեն ինչ կարելի էր ուտել: Ուտիս տատի կերպարով սրահում կային պատրաստված խոհանոցային կտորե մեծ տոպրակներ, որի գրպաններում կարելի էր տոպրակները հավաքել: Իսկ Բարեկենդանից սկսված պահում էին Ակլատիզի տիկնիկին, որի ներքևի հատվածում սոխի վրա ամրացնում էին  յոթ փետուր,որոնք խորհրդանշում էին մինչև Զատիկ ընկած յոթ շաբաթները: Եվ ամեն շաբաթ պոկում էին մեկ փետուր անհամբեր սպասելով ամենաերանելի տոներից մեկին՝ Սբ. Հարության տոնին:

Tsaghkazardat-Silkroad-001Ամեն տոն ունեցել է նաև իր խաղերը,որոնցից մինչև այժմ պահպանվել են Զառիկի ձվախաղերը: Գոյություն են ունեցել նաև ձու գլորելու խաղեր, երբ բարձրանում էին որևէ բլրի գագաթին և ամեն մեկն իր ձուն էր գլորում այնտեղից: Ում ձուն ամենաերկարը գնար նա էլ հաղթում էր: Ըստում-Ընդում խաղը ներկայացվեց հավաքվածներին:Ձուն պահվում էր երկու անթափանցիկ բաժակներից մեկի տակ, շրջվում էր առաջին խաղացողը, երկրորդը փոխում էր ձվի տեղը և առաջինը ետ շրջվելով ասում էր այս հաշվերգի տողերը «Ըստում, ընդում, Դեղին դդում, Գցեմ, բռնեմ, Գտնեմ ուտեմ, Պապոնց տանը Տիտիկ անեմ:» և գտնում էր թաքնված ձուն:

Էլ ինչ տոն առանց երգ ու պարի: «Ոստան» ազգագրական համույթի կողմից կատարվեցին Ծաղկազարդի և Զատիկի մասին ազգային երգեր: Նրանք նաև մի հայկական պար սովորեցրին ներկաներին և միասին փոքրիկ շուրջպար բռնեցին: Սրան հաջորդեց հյուրասիրությունը հայկական հացիկներով, գաթաներով, հայկական թեյերով:

Եվ ահա այսպես էլ նշվեց Ծաղկազարդի տոնը ջերմ հայկական ավանդական մթնոլորտում: Ամենակարևոր փաստերից մեկն այն էր,որ ներկաների մեջ կային նաև երեխաներ, ովքեր այնքան մեծ սիրով էին մասնակցում ամեն ինչին: Նրանք հայ են մեծանում: Եկեք հիշենք և նշենք մեր ազգային տոները:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով