+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Ռուբեն Ամիրեան. Բնության հայեցման արվեստ


Ռուբեն Ամիրեանը մանկուց երազել է նկարիչ դառնալ: Այդ ցանկության պատճառը տան պատից կախված իր մոր նկարներն էին: Սակայն հենց ծնողների խորհրդով էլ ընտրել է ճարտարապետի մասնագիտությունը, սովորել Վաշինգթոնում, կատարելագործվել ծննդավայրում` Թեհրանում: 1980 թվականից աշխատում է Գլենդելում: Վերջին տարիներին ավելի թափով է զբաղվում նկարչությամբ, ինչը նկարչին կատարելագործվելու և նոր բացահայտումներ անելու հնարավորություն է տալիս: Նկարչի ոգեշնչման աղբյուրը իր կնոջ՝ Թամարի մշակած այգին է: Այդտեղ արվեստագետը հարաբերվում, ուղիղ կապի մեջ է մտնում բնության հետ:

Ruben-Amirian

Ռուբեն Ամիրեան

Ձևի ու գույնի  բազմազան փոխակերպումների ու բնության միախառնումների արվեստագետ է Ռուբեն Ամիրեանը: Բնության երկարատև հայեցման արդյունքում առաջ եկած ձևերն ու հորինվածքները գալիս են հաստատելու մարդու և բնության ներդաշնակ կապը: Բնությունը որպես կատեգորիա, որպես տարերք ու հիմնաքար ներկայացնելու արվեստագետի փորձերը հանգում են բնության ամենափոքր մասնիկներին: Յուրաքանչյուր տերև ու ճյուղ կարևոր է դառնում և ստանում կերպարային հնչեղություն: Յուրաքանչյուր բջիջ այդ տերևում ձևափոխվում, զրկվում է ձևից ու փոխակերպվում բնության սիմվոլի՝ խորհրդանշանի: Արդյունքում առաջ է գալիս արվեստագետի կողմից ստեղծված յուրատեսակ նշանային համակարգ, որտեղ բնության ամեն մի մասնիկ ամբողջի արտահայտումն է: Իր աշխատանքներում արվեստագետը հետևում է ոչ միայն ֆորմալ և ոչ ֆորմալ սկզբունքների հարաբերմանը, այլ նաև խորհրդանշանային-բանաստեղծական ավանդույթներին: Այդ ընթացքում նաև զրկում է կերպարները առաջնային ձևերից, տալիս դրանց հեռավոր-ասոցիատիվ, նշանային ձևեր: Յուրաքանչյուր տերև, ինչպես ինքն է ասում,  կարող է նկարել այնքան, մինչև այն վերածվի բոլորովին այլ պատկերի՝ սեփական մտածողությամբ ու լեզվով: Սակայն ձևի փլուզման ու ժխտման փորձերը արվեստագետը չի հասցնում վերջնական վիճակի, չի շտապում խզել բոլոր կապերը բնության նախաստեղծ ձևերի հետ:

Արվեստը Ռուբեն Ամիրեանի համար ներքին անհրաժեշտություն է: Դեռևս Վ. Կանդինսկին ասել է, որ արվեստի երկը ներքին անհրաժեշտության արտաքին արտահայտությունն է: Խոսքն արվեստի՝ որպես ներքին անհրաժեշտության արտահայտության և մարդու հոգևոր կողմերի մասին է: Ռուբեն Ամիրեանի դեպքում ներքին անհրաժեշտությունը մղում է արվեստագետին տեսողական ձևերի մասնակի ժխտման: Այս առումով ժամանակակից աբստրակցիան հանդիսանում է մոդեռնիզմի առավել ցայտուն տեսակ` որպես տեսողական ձևի և դրան համապատասխան կերպարի աստիճանական վերացում, ինչի սկիզբը դրված է եղել դեռևս Արիստոտելի կողմից, իր միմեզիսի մասին աշխատություններում: Չնայած աբստրակտ մտածողության գերակայությանը, այնուամենայնիվ, որևէ իզմի մեջ տեղավորված չլինելով և դրա նպատակը հետապնդած չլինելով՝  Ռուբեն Ամիրեանի համար կարևոր է բնությունն ու բնության ընդօրինակումը, սակայն այս դեպքում՝ ոչ թե ֆորմալ, ուղիղ հղումների, այլ ասոցիատիվ կապերի միջոցով: Առաջ են գալիս ստեղծագործություններ որպես աբստրահված արվեստ, որոնք սակայն  պարզ և ֆորմալ առումով ուղիղ կերպով իրենց մեջ ներառում են աշխարհը, բնությունը որպես էլեմենտներ ու որպես խորհրդանշաններ:    Յուրահատուկ ժանրային աբստրակցիա է ներկայացնում Ռուբեն Ամիրեանը: Աբստրակտ ձևերի հետևում նշմարվում են վերացական բնանկարներ, որտեղ, անկախ ստեղծագործական մաներայից առկա է լայն հայեցակարգ՝ լինի դա բնապատկեր, բուսական ասոցիատիվ պատկեր, թե դեկորատիվ հորինվածք: Այդուհանդերձ ամեն ինչ այնքան ներդաշնակ է, որքան ինքը բնությունը: Արդյունքում  ի հայտ են գալիս ձևի և գույնի հանդեպ արվեստագետի ունեցած յուրահատուկ վերաբերմունքն ու չափի զգացողությունը:


Ruben-Amirian-002 Ruben-Amirian-003 Ruben-Amirian-004


Առաջնային են երկու խնդիր. գիծը, որը ուրվագծում է հորինվածքի ներքին ձևն ու կառուցվածքը և գունային գամման,  որը միշտ զուսպ է, հավասարաշռված, չի ճնշում դիտողին և ունի լոկ հուզական-բանաստեղծական պատկերն ամբողջացնելու նշանակություն: Գունային գամման հիմնականում անփոփոխ է, հաճախ են հանդիպում կանաչի, դեղինի և կապույտի տարբեր երանգներն ու միախառնումները: Այս ամենը լրացվում է ռիթմի յուրահատուկ զգացողությամբ: Մասնագիտությամբ ճարտարապետ լինելով՝ Ռուբեն Ամիրեանը հավասարակշռում և յուրատեսակ գծային ռիթմ է հաղորդում իր կտավներին՝ ստեղծում միտեսակ մոդուլներ ու չափման միայն իրեն հատուկ միավորներ: Հաճախ կտավի մակերեսին հանդիպում են միանման, կրկնվող ձևեր, որ խիտ-խիտ դասավորվելով պատում են ողջ մակերեսը: Հաճախ էլ՝ կտավին մեն միակ կերպար է անխառն գունային խորքին, որ միանգամից գրավում է իր դեկորատիվությամբ ու ձևի հստակությամբ: Կտավների մակերեսին բուսական վերացական ձևերը միախառնվում ու հոսում, հատվում կամ ստեղծում են զուգահեռ ռիթմ: Իրենց գունագծային ու գունապլաստիկական լուծումների շնորհիվ դրանք կարծես իրական բնական տարածություններ են, յուրատեսակ լենդ-արթ կտավի վրա:


Ruben-Amirian-009 Ruben-Amirian-010 Ruben-Amirian-013


Հորինվածքային առումով Ռուբեն Ամիրեանի կտավները բազմազան են: Կան այնպիսիք, որոնցում պարզ ու հստակ ձևերի շնորհիվ արվեստագետը հասել է ցանկալի արդյունքի, կան և այնպիսիք, որ աչքի են ընկնում հորինվածքային հարստությամբ, որոնք կարծես խտացնում, ամբողջացնում են մյուս կտավներում արծարծված պարզ գեղանկարչական խնդիրները: Գծային խաղը, ռիթմը, գունային նուրբ բազմազանությունը յուրատեսակ կենդանություն են հաղորդում կտավներին, դրանք շնչում են, ապրում, դրանցից տարածվում է բնության բույրն ու ոգին: Բնության  կենսական ուժը, ռիթմն ու ձևերը նրա արվեստ են ներխուժում օրգանական ձևով, կարծես այն, ինչ պատկերված է, գալիս է նկարչի խորքից, և կարծես դա հենց ինքն է՝ մարդը, որ բնության անքակտելի մասն է: Ինչպես յուրաքանչյուր ճարտարապետի համար, այնպես էլ Ռուբեն Ամիրեանի համար կարևոր է ստեղագործության կոնցեպցիան, ընդհանուր միտքը՝ որպես մի կուռ համակարգ, որտեղ ամեն մի մասնիկ ունի իր հստակ դերն ու նշանակությունը: Սակայն ի տարբերություն ճարտարապետության՝ գեղանկարչությունը միայն երկչափ հնարավորություններ է ընձեռում նկարին, ինչն էլ Ռուբեն Ամիրեանը հաջողությամբ  օգտագործում է ի շահ իր կտավների: Վառ երևակայության տեր արվեստագետ լինելով՝ Ռուբեն Ամիրեանը ձևափոխում է տեսանելի բնական աշխարհը, այն տեղափոխում  երկչափ հարթության վրա, ստեղծում նոր հարաբերություններ, շեշտում կամ փոխակերպում ձևեր ու հատկություններ, ստեղծում նոր կերպարներ: Ruben-Amirian-015Հաճախ շեշտում է պատկերվող նյութի գծապլաստիկական, գեղանկարչական հատկանիշնեը, հաճախ էլ՝ ֆակտուրայի հագեցվածությունն ու ձևերի դինամիկ փոխհարաբերությունները: Այս բոլոր հատկանիշները արվեստագետին տրվում են հեշտությամբ, ընդ որում՝ կրկին օրգանիկ ու նույնքան բնական, որքան ինքը բնությունն է: Կտավների մակերեսին հաճախ նկատելի է նկարչի ձեռքի շարժը, որը երբեմն անփույթ է ու շտապող, հաճախ էլ՝ գեղարվեստական մաներան զգույշ է ու ճշգրիտ, հստակ գծերով ու գունային հստակ առանձնացված դաշտերով: Այս ամենի զուգորդումները ի հայտ են բերում տարաբնույթ մակերեսներ, ու դրանց ամենատարբեր համադրություններ: Նկարչի փնտրտուքները բազմաբնույթ են: Դրանք գալիս են հաստատելու, թե որքան կատարյալ է բնությունն ու որքան անկատար մարդը՝ բնությունը նույնությամբ կրկնօրինակելու համար, բայց միևնույն ժամանակ հաստատելու արվեստի անբնական ուժը, որ կարող է արտահայտել նկարչի ներքին աշխարհը, վերաբերմունքն ու ներքին կապերը բնության հետ: Ռուբեն Ամիրեանի արվեստը բնության հայեցման արվեստ է, բնության ուսումնասիրություն որ ձգտում է պարզաբանել բնությունը իր «կենսաբանական» մանրամասնություններով, շեշտում մանրուքներ ու կարևորություն տալիս դրանց: Դա մի չշտապող, զննող, սիրող և հոգատար հայացք է դեպի մեր շրջապատող աշխարհ:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով