+374 99 12 80 82 Ուրբաթ - 04 Հոկտեմբեր 2024

Ռայներ Վերներ Ֆասսբինդեր: Իսկ տասնմեկերորդ պատվիրանն ասում է՝ հիմար մի՛ լինիր։ Այդպես չէ՞


2020 թ․ մայիսի 31-ին լրացավ գերմանացի աշխարհահռչակ ռեժիսոր Ռայներ Վերներ Ֆասսբինդերի 75-րդ տարելիցը: Ապրելով ընդամենը 37 տարի, Ֆասսբինդերն իր կյանքի ընթացքում նկարահանեց 44 կինոնկար, բեմադրեց 20-ից ավելի ներկայացումներ: Ֆասսբինդերն իր կարիերան սկսեց թատրոնից, որտեղ և գտավ իր համախոհներին՝ դրամատուրգ Կուրտ Ռաաբին, կոմպոզիտոր Պեռ Ռաբենին, դերասանուհի Իռմ Հառմաննին և Հաննա Շիգուլային Նրանց հետ միասին նա ստեղծեց «Հակաթատրոնը»:

Ֆասսբինդերի առաջին քայլերը կինոյում կրում են ֆրանսիական նոր ալիքի՝ հատկապես ժան Լյուկ Գոդարի ազդեցությունը: Առաջին հաջողությունը Ֆասբինդերին ուղեկցում է 1971թ․ -ին նկարահանած «Տարվա չորս եղանակների վաճառողը» դրաման,որը Մարտին Սկորսեզեյի կարծիքով կինեմատոգրաֆիայի պատմության լավագույն 100 ֆիլմերից մեկն է:

Հետագայում Ֆասսբինդերը նկարահանեց «Վախը խժռում է հոգին» մելոդրաման: Այս շրջանում նկատվում է Ֆասսբինդերի նոր ուղղության վրա աշխատելը՝ մելոդրամա համեմված քաղաքականությամբ, որը տվեց իր արդյունքները: Մյուս հայտնի ֆիլմերից են 1950-ական թթ. Գերմանիայի դաշնային հանրապետության մասին պատմող «Մարի Բրաունի ամուսնությունը», «Լոլա», «Վերոնիկա Ֆոսսի տրտմությունը» եռապատումը:

 

«Բեռլին, Ալեքսանդրպլաց» հեռուստասերիալի ազդագրերից

 

Ֆասսբինդերի ամենամասշտաբային նախագիծը համարվում է 14 մասից բաղկացած «Բեռլին, Ալեքսանդերպլաց» հեռուստասերիալը: Նախագիծը գերմանացի էքսպրեսսիոնիստգրող Ալֆրեդ Դյոբլինի համանուն վեպի հիման վրա է նկարահանվել: Մինչ Ֆասսբինդերը «Բեռլին, Ալեքսանդերպլաց»-ը հայտնվել էր մեծ էկրաններին 1931թ․-ին, գերմանացի ռեժիսոր Պիլ Յուցիի կողմից, երկրորդ՝ ամենաստացված էկրանավորումը պատկանում է հենց Ռայներ Վերներ Ֆասսբինդերին: 2020թ․ Բեռլինի կինոփառատոնին,«Ոսկե արջ»-ի (մրցանակաբաշխության գլխավոր մրցանակի) համար պայքարում էր՝ աֆղանական ծագմամբ գերմանացի ռեժիսոր Բուռհան Քուռբանիի էկրանավորումը՝ ավելի ժամանակակից ներկայացնելով թեման:

Ֆասսբինդերի հեռուստասերիալի իրադարձությունները տեղի են ունենում 1927-28թթ Գերմանիայում: Իրատեսական կերպով ներկայացված է Գերմանաիայում աշխատատեղերի պակասը, երկիրը քայքայող հիվանդություննեը, նացիստների հետզհետե առաջխաղացող դիրքերը: Հաճախակի հանդիպում է հեղինակի խոսքը (հենց Ֆասսբինդերն է կարդում հեռուստասերալում) կադրերում, կամ դրանից զատ: Դրանք թե՛ Աստվածաշնչից հատվածներ են, թե՛ բանաստեղծություններ, թե՛ հարցադրումներ, կամ էլ պարզապես հենց Դյոբլինի գրքից հատվածներ, որոնք տեղ չեն գտել հեռուստասերիալում, բայց հեղինակն արտաբերում է, որպեսզի հեռուստադիտողի համար պատկերն ավելի ընկալելի լինի: Նմանօրինակ խոսքային, բանաստեղծական հայտնվելը տեսարաններում հիշեցնում է Անդրեյ Աարկովսկու ձեռագիրը, ում մոտ հիմնականում իր հոր՝ ԱրսենիՏարկովսկու, բանաստեղծություններն են հնչում(«Ստալկեր», «Հայելի»):

Կադր նկարահանման հրապարակից

 

Գլխավոր հերոս Ֆրանց Բիբերկոպֆը բարեհոգի անձնավորթյուն է, չնայած դրան նա սպանել է իր ընկերուհի Իդային, ինչի համար 4 տարի ազատազրկման է դատապարտել: Հեռուստասերիալը սկսվում է Բիբերկոպֆի՝ բանտից ազատվելու տեսարանով, բայց հետագա ընթացքը ցույց է տալիս, որ գործ ունենք հետևյալ իրողության հետ՝ պատիժը դեռ նոր է սկսվում: Ֆռաու Բաստը, ով Բիբերկոպֆի տան տիրուհին է, ջերմորեն ետ է ընդունում նրան: Իդայի քույրը, ում Ֆրանցը գրեթե բռնաբարել էր բանտից ազատվելուց հետո իսկույն, նրա վրա չի բարկանում, այլ միայն մտածում ամուսնու չտեղեկանալու մասին: Այս իրադարձություններին զուգահեռ Ֆրանցը սիրահարվում է մի լեհուհու՝ Լինային, ով հենց սկզբից ցույց տվեց Ֆրանցին իր սերն ու օգնելու պատրաստակամությունը: Ֆրանցի մասին հոգ է տանում իր նախկին ընկերուհի Եվան: Գլխավոր հերոսները մեծ մասամբ վերը նշված կերպարներն են, Ֆրանցի վաղեմի ընկեր Մեկը, գլխավոր բացասական կերպար Ռայնհոլդը, գարեջրատան տեր Մաքսը ում մոտ հաճախ էր լինում Ֆրանցը և անգործությունից տրվում խմիչքի գայթակղությանը, և իհարկե Ֆրանցի մեծ սեր Միցեն, որի հայտնվելուն երկար էր սպասել Ֆրանցը, իսկ անհայտացումը դարձավ սյուրռեալ վերջաբանի գլխավոր նախապայմանը:

Ֆրանցի սյուրռեալ երազի տեսարաններից մեկը

 

Բիբերկոպֆն անընդհատ ինքն իրեն խոստումներ է տալիս՝  կարգապահ, հավատարիմ, աշխատասեր լինելու: Ֆիլմում լավ մատուցված է հերոսի ներքին պայքարն իր ու իրեն շրջապատող չարիքների միջև: Ֆասսբինդերն ասես երևակայական պատ կառուցած լինի հերոսի ու շրջապատի բացսականության միջև, որը քանդվում է վերջինիս ուժեղ ազդեցությամբ: Բիբերկոֆֆը ունակ է նուրբ զգացմունքների: Երբ զբաղվելով կոշկաքուղի վաճառքով նա հայտնվում է այրի կնոջ մոտ, և պարզվում է, որ նա իր հանգուցյալ ամուսնու պատճենն է: Ֆրանցը այրու հետ կապը ընկալում է որպես կարեկցանքի դրսևորում, առեղծվածային նվեր և ոչ թե որպես ուրիշի հաշվին աշխատանք ստանալու հնարավորություն  (չնայած նա փող է վերցնում): Երբ Լյուդերսը՝ Լինայի հորեղբայրը, օգտվելով ստեղծված իրավիճակից, կոպիտ կերպով շանտաժում է այրուն, Ֆրանցն ունենում է իր առաջին տրոհումը: Հետագայում ներկայացվում է Ֆրանցի և Ռայնհոլդի, Մաքսի գարեջրատնում ծանոթանալը: Ռայնհոլդը իր «հնացա» ընկերուհիներին ուղարկում էր Ֆրանցի մոտ, պատճառաբանելով, որ շուտ է հոգնում կանանցից: Ֆրանցը ներքաշվում է Ռայնհոլդի և իր ղեկավար Պուպսի բանդայի մեջ, չգիտակցելով, որ թալանչիների հետ գործ ունի: Դա հասկանալուց հետո Ֆրանցը կորցնում է ձեռքը իրեն ընկեր համարող Ռայնհոլդի հետ վեճից հետո, երբ ընթացքի մեջ գտնվող իրենց մեքենայի ետնամասից գլորվում է ցած և աջ ձեռքը տրորվում է հայտնվելով իրենց «հետապնդող» մեքենայի անվադողի տակ: Դա ասես վերջնական հարվածը լիներ առանց այն էլ մնայուն աշխատանք չգտնող Ֆրանցի համար, բայց ի տարբերություն հարազատների՝  Եվայի և իր ամուսնու, վրեժ լուծելու հորդորներին Ֆրանցը որոշում է ներել Ռայնհոլիդն և կրկին իրեն որպես գործընկեր է առաջարկում:

Գյունտեր Լամպրեխտը, Ռայներ Վերներ Ֆասսբինդերն ու Հաննա Շիգուլլան

 

Մարմնավաճառ Միցցեն, ով հայտնվեց Ֆրանցի կյանքում, հույս տվեց նրան իրեն կրկին վերագտնելու, բայց այնպես ստացվեց, որ Ֆրանցի կողմից սպանված ընկերուհի Իդայի պատմությունը կրկնվում էր* հաճախ ֆլեշբեք՝ հակառակ կադր է լինում Իդայի սպանության տեսարանով, ասես ակնարկ Ֆրանցի նույնը մնալու մասին  և Միցցեյի ծեծկռտուքին ականատես է լինում նաև Ռայնհոլդը, ով հետագայում անձամբ է սպանում Միցցեյին, բայց դա ասես լինի սպանություն ուրիշի փոխարեն՝ Ֆրանցի չիրագործված ցանկության իրականացում, ինչը ավելի նկատելի է դառնու, երբ դատարանում Ֆրանցի ցույց տված ցուցմունքները քիչ ավելի մեղմում են Ռայնհոլդի պատիժը:

Եթե առաջին 13 սերիայում գործ ունենք իրատեսական դրամայի հետ, որ կարելի է համարել գրքի էկրանավորման կատարված գործողություն, ողողված Պեռ Ռաբբենի լիրիկական երաժշտությամբ, ապա 14րդ՝ վերջին սերիայում իրատեսությանը փոխարինում է սյուրռեալիզմը, գլխապտույտ առաջացնող տեսարանների հետ, որն ասես ավելի շատ պոստմոդեռն թատրոն հիշեցնի, քան հենց ֆիլմ: Առաջին պլան է մղում երկու հերոսների հոմոսեքսուալ հարաբերթւոյւնները, ներկայացնելով  Kratwerk «Radiactivity» երգի ներքո նկարահանած բռնցքամարտի տեսարանում: Կրոնական ակնարկներ ենք տեսնում. Ֆրանցի խաչելության տեսարանը՝ սիմվոլիկ նրանհամեմատելով Քրիստոսի հետ, հիմք ընդունելով երկուսի մահը ամբոխի կողմից, եթե Քրիստոսի մոտ դա ֆիզիկական (մարմանական) մահ էր, ապա Ֆրանցի մոտ՝ գիտակցության (մտքի) մահ: Խաչելության ետնամասում պատկերված է Հիերոնիմուս Բոսխի «Հաճույքների այգի» եռանկարը: Պատահական չի հենց Բոսխի ընտրությունը, նա այն եզակիներից է, ով հայացք էր գցել դեպի մարդու ներաշխարհ, դուրս հանելով և վրձնելով նույնիսկ ամենափոքրիկ միտքը, որ ծնվել է մարդու գլխում: Իսկ Ֆրանցի երազի տեսարանում մենք նույն սկզբունքն ենք նկատում. նա նայում է իր ներսի Ես-ին, և վախենում իր իսկական էությունից, մտքերից, գործած արարքներից: Ներկայացվում է նաև շատ կոպիտ փոխաբերություններ, օրինակ առնետների, օրգիայի, սպանդանոցի, ի դեպ վերջինը մեծ տեղ է գրավում Ֆասբինդերի մեկ այլ ֆիլմում՝ «Տարում 13 լուսին», որտեղ գլխավոր հերոսը նախկին մսավաճառ է և ընկերուհու հետ այցելում է սպանդանոց, որտեղ շատ ռեալիստական ձևով ներկայացվում է կենդանիների մորթազերծումը: Բիբերկոպֆի կյանքն ինչ-որ չափով հիշեցնում է Հեսսեյի «Տափաստանի գայլ»ի Հարրիին. այնտեղ էլ հեղինակը Հարիի նկատմամբ վախի և զգուշավորության զգացում է ցուցաբերում, սակայն հետո նրան տիրում է համակրանքը, կամ փորձելով ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ՝ Հարրին պարտություն է կրում: Գրեթե նույն սկզբունքն է Ֆասսբիների Ֆրանցի մոտ:Խելագարների թատրոնի մուտքի տեսարանը աղերսներ ունի ֆասսբինդերյան վերջաբանի սյուրռեալ տեսարանների հետ:

Ձախից Ֆրանցը (Գյունտեր Լամպրեխտ), աջից Ռայնհոլդը (Գոտֆրիդ Յոն)

 

Ֆասսբինդերը զարգացնելով իր սեփական կինոլեզուն և իրեն վայել նրբությունները՝  հայելային կադրի իդեալականացում, թրթռացող լույսի կարևորություն, այստեղ կրկին նմանօրինակ խնդիրները լուծել է մեծ պատասխանատվությամբ․ առաջինն օգտագործելով հայելու լինելիության ամեն հնարավոր տեսարանում (Ֆրանցի ննջասսենյակը հիմնականում), իսկ երկրորդ՝ թրթռացող լույսը կրկին օգտագործվել է Ֆրանցի ննջասենյակում, վարդագույն տագնապ, հանգստություն, խռովություն առժամանակ փոխանցելով դիտողին: Առհասարակ Ֆասսբինդերն իր կինոգործունեության սկզբից աշխատել է հնարավորին չափ քիչ տեղանքներ օգտագործել, հիշենք օրինակ «Կանցելմախեր», «Պետրա ֆոն կանտի դառն արցունքները», «Վախը խժռում է հոգին»ֆիլմերը․դա խոսում է իր՝ թատրոնում աշխատելու փորձի մասին․ մաքսիմալ լարվածություն, մինիմալ տեղօգտագօրծում:

Ֆասսբինդերն այս ստեղծագործությամբ հասավ իր մանկության երազանքին, քանզի նա 15 տարեկանում առաջին անգամ կարդալով այս վեպը, քանիցս հայտարարել էր, որ իրեն ապրելու մեծ ցանկություն է տվել, հաճախ փրկել նույնիսկ, և ով գիտի`  իր վաղեմի տարիքից հոմոսեքսուալության մասին կասկածներն ու վախերը դուրս են եկել իր միջից և նա հասել է ինքնաճանաչման և ինքնաընդունման վերընթերցելով այն կրկին ու կրկին: Ինքը՝  ֆասսբինդերը, գոհ է մնացել կատարած աշխատանքից: Եվ իրոք, ինչպես գոհունակություն չհայտնել, երբ դու 15 ժամում դրսի դիտողին ներկայացնում ես երկրիդ ներսի ամենաթաքնված անկյունները, երբ մեկ հերոսի միջեցով էմպատիայի չափաբաժին ես տալիս դիտողին, ամեն անգամ քիչ քանակությունից մաքսիմալ շատի հասցնելով․․․

Ամենն իր ժամանակն ունի, Եվ ամեն գործի համար Երկնքի տակ կա իր ժամանակը՝ Ծնվելու, մահանալու ժամանակը, Տնկելու, արմատախիլ անելու ժամանակը, Սպանելու, բժշկելու ժամանակը, Քանդելու, կառուցելու ժամանակը, Լաց լինելու, ծիծաղելու ժամանակը, Սգալու, պարելու ժամանակը, Քարեր դեն նետելու և հավաքելու ժամանակը․

 

Հեռուստասերիալի գրեթե մեծ մասում օգտագործվում է կոմպոզիտոր Պեռ Ռաբբենի երաժշտությունը, որը հաճախ փոխարինվում է վագներյան «Տրիստան և Իզոլդա»-ով: Ֆասսբինդերը՝ դեռ իր երկրորդ պահպանված կարճամետրաժ «Փոքրիկ քաոս» -ում, (գլխավոր հերոսը Ֆասսբինդերն է), երբ ընկերներով թալանում են մեծահարուստ մի կնոջ, ընկերներից մեկը, երբ Ֆասսբինդերի հերոսին հարցնում է՝ ինչ միացնե՞լ, Չայկովսկի՞, Դիդրի՞խ, նա բացասական պատասխան է տալիս և մեծ հպարտությամբ շեշտում՝ ո՛չ, Վագներ:

«Բեռլին, Ալեոսանդրապլաց»- ում  հանդիպում են նաև հետևյալ ստեղծագործությունները՝
Handel: Organ Concerto No.10 In D Minor, Op.7 No.4 HWV 309 – 1. Adagio
Schubert – String Quartet No. 14 in D minor (Death and the Maiden) – II. Andante con moto
Liebe Kleine Nachtigall *որը հաճախ Ֆրանսը լսում է իր ննջասենյակում, երբ ունենում է երջանկության րոպեներ
Rudolf Schock; “Wolgalied”; Der Zarewitsch; Franz Lehár
Richard Strauss – Der Rosenkavalier, waltz sequence No. 2
Johann Strauss – An der schonen blauen Donau
Rossini: Messa di Gloria – 1a. Kyrie: Kyrie eleison
Hymnus ”Veni Creator Spiritus” – (Gustav Mahler, Symphony No.8 / Franz Welser-Möst)
Donovan – Atlantis
Leonard Cohen-Chelsea Hotel NO.2 և վերը նշված Kratwerk – Radiactivity-ն

«Մարդը մեքենա չէ, տալիս է այնքան, որքան կարող է, ավելին չես քամի։ Իսկ տասնմեկերորդ պատվիրանն ասում է՝ հիմար մի՛ լինիր։ Այդպես չէ՞»։



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով