Դեկտեմբերի 3-ին «Արվեստագիրը» Գաֆէսճեան արվեստի կենտրոնում էր, որտեղ «Հանդիպում արվեստի հետ» շարքի շրջանակներում ներկայացվում էր «Նամակներ ափսեի մեջ» ցուցադրությունը, որն անց է կացվում «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 2`Ռուբեն Անգալադյան, նամակներ ափսեի մեջ» ցուցադրության շրջանակներում: Երեկոն մեկնարկեց ԳԱԿ-ի «Սասունցի Դավիթ» սրահում, որտեղ այցելուները հնարավորություն ունեցան ևս մեկ անգամ ծանոթանալու հավաքածուի հետ: Հավաքածուն ընդգրկում է ափսեներ` նկարազարդված այնպիսի անվանի արվեստագետների կողմից, ինչպիսիք են Ռ. Էլիբեկյանը, Ա. Շիրազը, Է. Խարազյանը, Հ. Գարուկյանը, Տ. Պետրոսյանը, Ս. Բեքարյանը, Մ. Խաչատրյանը, Գ. Միքայելյանը(Քիքի) Գ. Խաչատրյանը, Ս. Զումյանը, Հ. Սևոյանը, Ֆ. Եղիազարյանը, Ա. Գևորգյանը և այլոք: Միջոցառումը շարունակվեց հատուկ հանդիսությունների դահլիճում, որտեղ արվեստագիտության թեկնածու Արմեն Եսայանցի կողմից ընթերցվեց դասախոսություն` «Կլոր տարածության ընկալումը երեկ և այսօր» թեմայով, ինչի շրջանակներում արվեստաբանը ներկայացրեց տարբեր ժամանակաշրջաններում կլոր տարածության ընկալումը` մեջբերումներ կատարելով Կ. Յունգից և Ռ. Արնհեյմից, ինչպես նաև` նկարազարդ ափսեների պատմությունը, արխայիկայից մինչ մեր օրեր: Դասախոսության ավարտին խոսքով հանդես եկավ կոլեկցիոներ, գրող և մշակութաբան Ռուբեն Անգալադյանը, ով զրուցեց «Հավաքածուն և արվեստի հավաքչության խնդիրները հայերի շրջանում» թեմայի շուրջ: Վերջինս մտահոգություն հայտնեց, Հայաստանում կոլեկցիոներների սակավաթիվ լինելու շուրջ և նշեց Հայաստանի կոլեկցիոներների միություն ստեղծելու կարևորությունը: Ռուբեն Անգալադյանը նաև հույս հայտնեց, որ Երևանը կվերգտնի իր երբեմնի կարևորությունը Հայաստանյան մշակութային կյանքում: Ըստ մշակութաբանի Գաֆէսճեան արվեստի կոնտրոնը դրա իրականացման հիանալի սկիզբ է:
Թողնել մեկնաբանություն