+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Մհեր Մկրտչյան. Կյանք ու Կռիվ | Հերոսապատում…


The-Line-001Այո՛, հերոսապատում, որը ստիպել է այս տողերի հեղինակին  մի կողմ դնել «մասնագիտական» աչքը, վերապրել ամեն-մի դրվագը, դիալոգը, էմոցիան. խճանկարի կտորների պես հավաքել չորս տարեկան մանկան աղոտ հիշողությունները՝ կապված ոչ վաղ անցյալի, մութ ու ցուրտ տարիների, կյանքի ու ազատագրական այդ պայքարի հետ: Պայքար, որը զերծ էր պաթոսից ու կեղծ հայրենասիրությունից, պայքար, որ բոլորինս էր՝ անկախ սոցիալական դիրքից ու մասնագիտությունից: Ապրիլյան հերոսամարտը մի դեժավյու էր, իսկ այս ֆիլմը՝ լավագույն առիթը վերաիմաստավորելու երեկվա ու այսօրվա նահատակված հերոսների ժառանգությունը: Պատերազմներն ավարտվում են միայն զոհվածների համար, իսկ կռիվը՝ մինչև հաղթանակ, վերջնական հաղթանակ, դեռ առջևում է. չկասկածե՛ք:

The-Line-004

Ժանրը՝ պատերեզմական մելոդրամա

Տևողությունը՝ 1 ժամ 46 ր.

Պրոդյուսերներ՝ Ռուբեն Ջաղինյան, Կարեն Ղազարյան

Արտադրությունը՝ Շարմ Հոլդինգ, Հանրային Հ/Ը

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Մհեր Մկրտչյան

Բեմադրող օպերատոր՝ Վահագն Տեր-Հակոբյան

Սաունդտրեկի հեղինակ՝ Արթուր Գրիգորյան

Դերերում՝ Սամվել Թադևոսյան, Անի Խաչիկյան, Հայկ Մարգարյան, Սամվել Թոփալյան, Հայկ Պետրոսյան, Վարդան Պետրոսյան, Նելլի Խերանյան, և այլոք:

Նոստալգիա | Մի անգամ Երևանում

Սերնդակիցներիս մանկության հուշերի թերևս ամենաազդեցիկ դրվագներից մեկը «մութ ու ցուրտ» տարիներն են. հացի ու նավթի հերթը, չոր շոկոլադե սալիկը, բուտերբրոդը և, որ ամենակարևորն է՝ պատերազմը: Քչերը կլինեն, որոնց ընտանիքում, կամ բարեկամների շրջանում չլինեն հերոս հայորդիներ, որոնք զոհաբերելով իրենց երիտասարդությունը ու լավագույն տարիները՝ զոհվեցին, որ այսօր մենք լինենք ու ապրենք ազատ անկախ հայրենիքում (մի կողմ թողնենք մերօրյա իրականության բացասական կողմերը, այստեղ դա չէ կարևորը), ու սիրենք… նրանց փոխարեն: Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» կինոժապավենը, որն իմ համեստ կարծիքով Հայֆիլմի վերածննդի խորհրդանիշն է («կոմիկացված» հայկական կինոարտադրության ֆոնին՝ սա իսկական նվեր էր կինոսիրողներին):

Նոստալգիկ, կորած Երևան, Արցախյան ազատամարտ, անկախություն ու հույս, որ ամեն ինչ դեռ կորած չէ հայրենական կինոյի համար… Ռեժիսորը հաջողացրել էր վերարտադրել մեր ժողովրդի նորագույն պատմության ամենաազդեցիկ ու դարակազմիկ շրջանը, համադրելով այն երիտասարդների կյանքի դրամայի ու նուրբ հումորի հետ: Սա մի ֆիլմ է, որ մտածելու առիթ է տալիս, ու էմոցիաների տեղատարափի պատճառով, ստիպում է արժեվորել կորցրածն ու գտնվածը, սերը, ընկերությունը, պատերազմի գինը:

Գլխավոր հերոսների մեջ ամեն-ոք կգտնի իրեն, ավագ եղբորը, քրոջը, մորը, հորը, ազգական-հերոսին: Կինոժապավենի հաջողության համար առաջին գրավականը՝ անկեղծությունից բացի (ինչպես նշում է ռեժիսորը), դոկումենտալ ճշգրտությունն է, ինչպես նաև ապշեցնող, ռազմական արվեստի բոլոր կանոնների համաձայն բեմադրված մարտական տեսարանները, դեկորատորների ու ռեկվիզիտորների հերոսական աշխատանքը (չհաշված որոշ տարածական, ժամանակագրական թերությունները. օրինակ՝ ՛՛Թիկնապահը՛՛ ֆիլմի հիշատակումը):

The-Line-008The-Line-003


Դերասանական կազմ | Հերոսների ճակատագրերը տարբեր են, բայց պատմությունը մեկն է՝ Ղարաբաղյան պատերազմը

Անկախություն կերտող հայորդիներին մարմնավորում է անկախության սերունդը: Ասել է թե մեծագույն պատասխանատվություն է դերասանն իր ուսերին վերցնում: Երիտասարդ ու խոստումնալից (ու կարևորը՝ «կինոշնի» արտաքինով օժտված) Սամվել Թադևոսյանը ու հայկական ռեփի ակունքներում կանգնած երաժիշտ ու արդեն դերասան Հայկ Մարգարյանը (ՀՏ Հայկո) պատվով դուրս եկան իրենց առջև դրված բարդ խնդրից (ի դեպ, Հայկոն արդեն անդրադարձել է անկախությանը հաջորդած ճգնաժամին՝ իր «Անցած էտապ» երգում):

Պատերազմ չեն խաղում, այն ապրում են: Տիգրան ու Արմեն… չորս ընկերներից երկուսը, որոնք հանգամանքների բերումով հայտնվում են ռազմադաշտում. մեկը չստացված սիրո ու սեփական պիտանելիությունը ապացուցելու, մյուսը՝ սահմանային միջադեպի պատճառով ինքնասպան եղած զինվորական հոր գործը շարունակելու համար: Մյուս երկու ընկերներն էլ, որոնց մարմնավորում են Հայկ Պետրոսյանն (Լևոն) ու Ռուդիկ Մարտիրոսյանը (Էդուարդ), խորհրդանշում են անկախության տարիների թերևս ամենատխուր երևույթներից մեկը՝ երկրից գնալը: Թեպետ դպրոցական ընկերների առօրեական ռուտինան աղոտ է ներկայացված, սակայն յուրաքանչյուրն իր ուրույն դերն ունի պատմության մեջ:

The-Line-009

Եվ ընդհանրապես, այս ֆիլմում չկան առաջին և երկրորդ պլանի դերեր. բոլորն էլ կարևոր են, հատկապես «կանանց ֆրոնտը»… Անի Խաչիկյան (Աննա՝ ում բոլորը սիրում են, բայց նա ոչ մեկինը չէ), Էլեն Սարգսյան (Սոֆի՝ Տիգրանի քույրը, որ 1988 թ. երկրաշարժի հետևանքով կորցրել է խոսելու ու լսելու ունակությունը), Նելլի Խերանյան (Արմենի ու Աննայի մայրը), Նանոր Պետրոսյան (Սալբի՝ սփյուռքահայ աղջիկ, ով Հայաստան էր եկել որպես զբոսաշրջիկ, բայց հայտնվել ռազմաճակատում որպես բուժքույր): Պատերազմի ու ողբերգության ֆոնին՝ նրանք խորհրդանշում են սերը, հավատարմությունը ու նոր կյանքի ծնունդը:

Ազդեցիկ ու հիշվող են ավագ սերնդի ներկայացուցիչներ՝ Դավիթ Հակոբյանի ու Գրիգոր Հովակիմյանի կերպարները. Առաջինը թոշակի անցած դատախազ է, Տիգրանի ու Սոֆիի պապիկը, ով վերջիններիս ծնողների մահից հետո իր վրա է վերցրել թոռնիկների դաստիարակությունը ու իր խրատներով ու նյարդային պորթկումներով, խստաբարո, բայց հոգատար պապու կոլորիտն է ապահովում ու մեծապես նպաստում, որպեսզի Տիգրանը կայացնի իր կյանքի ամենակարևոր որոշումներից մեկը: Երկրորդն էլ՝ ռազմի դաշտում ապահովում է գյումրվա հումորը ու անմահ լավատեսությունը, որն անգամ պատերազմի ու գյումրվա բարբառով ասած՝ «ժաժքի» պարագայում հնարավոր չէ սպանել…

Առանձին հիշատակման է արժանի նաև Վարդան Պետրոսյանը, ով իր կյանքի ամենաողբերգական էտապը կարծես հաղթահարած, փառահեղ կերպով հանդես եկավ համարձակ ու խստահայաց հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի դերում: Փայլեց նաև թատրոնի ու կինոյի դերասան Սամվել Թոփալյանը, ով մարմնավորում էր հատուկ ջոկատային Արմանի կերպարը, և ով ակամայից ի կատար ածեց պապու երազանքը. դարձավ թոռնիկի՝ խուլհամր Սոֆիի կյանքի ընկերը…

 The-Line-007 The-Line-006


Կադրից դուրս | Ազդեցիկ բեմադրություն, օպերատորական «դիպուկ» աչք, դրամատուրգիա, իսկական կինոերաժշտություն

Մշակույթային դինաստիա… Ֆրունզիկ Մկրտչյան դերասանի եղբորորդի, Ալբերտ Մկրտչյան բեմադրիչի որդի… Մհեր Մկրտչյան իսկական բացահայտում էր լքված հայկական կինոյի՝ կծկտուր մեյնսթրիմային շրջանակներում: Թեպետ նա հայտնի ռեժիսոր է Ռուսաստանում, մի քանի ֆիլմերի հեղինակ է: «Կյանք ու Կռիվը» յուրօրինակ դեբյուտ է հայրենիքում:

Մասայական հանդիսատեսի համար նախատեսված իր ֆիլմը թեև բացառապես հեղինակային է. Մհերը և՛ բեմադրիչն է, և՛ դրամատուրգը: Ֆաբուլան նա կառուցել է 1991-1992 թթ կյանքի (Երևան) ու կռվի (Արցախ) շուրջ: Պատմական դեպքերի ֆոնին ծավալվող մասնավոր պատմության կենտրոնում չորս ընկերներ են և նրանցից երկուսի քույրերը, նրանց ճակատագրերը ու բաժին հասած կյանքն ու կռիվը…

The-Line-002 The-Line-005


Կինոխցիկի հետևում կանգնած էր Վահագն Տեր-Հակոբյանը, ով մշտապես առաձնանում է իր ուրույն ձեռագրով: Այստեղ էլ նա չէր զլացել հետաքրքիր լուծումներ տալ մասայական մարտական գործողությունների ընդհանուր պանորամաներին, և մասնավոր հերոսա-պրոֆիլային խոշոր պլաններին ու դետալների միջիններին: Հարկ է նշել նաև ֆիլմի սաունդթրեքը, որի հեղինակներն են երգահաններ Արմեն Մարտիրոսյանը և Արթուր Գրիգորյանը: Վերջինիս դեպքում կարելի է համարձակորեն նշել, որ կինոերաժշտության մշակույթի վերածննդի սկիզբը դրված է: Հոգեցունց ու հուզումնառատ էր վալսի մոտիվներով լեյթմոտիվը, որ խրոխտ էր, ու… հուսադրող…

https://www.youtube.com/watch?feature=share&v=eP6RTSdvA-E&app=desktop

Հ.Գ. «Կյանք ու Կռիվ. 25 տարի անց»՝ այդպես է կոչվում ֆիլմի տրամաբանական շարունակությունը; այն կարող եք դիտել կինոթատրոններում:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով