+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Մարտին Պետրոսյան. Երևակայական աշխարհի հայ վարպետը


Martin-Petrosyan-Friendship-1978

Մարտին Պետրոսյան, Ընկերություն,
1978թ., կտավ, յուղաներկ, 150×130

Դեկորատիվ-գունային ու միաժամանակ, գրաֆիկական,գծային չափազանց ինքնատիպ մտածողության տեր արվեստագետ է Մարտին Պետրոսյանը (ծն.1936): Յուղաներկով կտավի կամ ստվարաթղթի վրա կատարված, տարբեր չափերի բնանկարից մեկնող կամ ամբողջապես հորինված նրա պորտրետային ու պեյզաժային աշխատանքները ինչպես և կենցաղային, պատմական, առասպելական, հեքիաթային, դիցաբանական մոտիվներ արծարծող կամ ստեղծագործական ազատ երևակայությամբ ծնված կոմպոզիցիոն-թեմատիկ հորինվածքները աչքի են ընկնում ասես լուսնային, մթնշաղային լույսով ողողված` խավար ու խամրած, աղոտ ու փայլատ, մոնոքրոմ, սակայն խոր ու թափանցիկ տոներով, ուրվագծային հարթ ձևերով և մշակված, պարզեցված ու ոճավորված գծանկարով: Մարտին Պետրոսյանի կերտած գեղարվեստական կերպարները, նույնիսկ կոնկրետ մարդկանց պատկերող աշխատանքները, զգալի չափով դիմազրկված ու փոխակերպված, արտաքին նմանությունը գրեթե կորցրած, տեսողական ռեալ տպավորությունից հեռացած, հոգեբանական նկարագրից զուրկ խորհրդավոր «տեսիլներ» են: Պետրոսյանի ստեղծագործություններից շատերն ըստ էության արտաքին իրականությունից դիտավորյալ կտրված, օրեցօր լճացող ու համահարթվող, գաղափարապես ու բարոյապես սնանկացող հասարակության կյանքից օտարված, գեղարվեստական զուգահեռ իրականության, սեփական ներաշխարհի մեջ ամբողջությամբ պարփակված պատկերներ են: Դրանք ոչ այլ ինչ են, քան գեղարվեստական ուրույն` փոխաբերական ու պայմանական լեզվով արտահայտված այլախոհության վկայություններ:

Պետրոսյանն ազատորեն տիրապետում է իր հարուստ երանգապնակին: Նկարչի կտավներն աչքի են ընկնում խոր կերպարայնությամբ և արտասովոր երևակայությամբ: Հատկապես հետաքրքիր է վարպետի բնանկարը, քանի որ այն շատ հաճախ սյուժետային նկարների խորք է հանդիսանում:  Բնանկարներում զգացվում է դաշնությունը մոնումենտալության և քնարականության, հատկանիշ, որ շատ բնորոշ է Հայաստանի բնությանը: Գեղեցիկ,  չափի զգացումով ոճավորված ծառերը, սիգապանծ լեռները, հեքիաթային ձկնիկներով խայտացող գետակները ստեղծում են կախարդական աշխարհի տպավորություն:

Martin-Petrosyan-Fairytale-1975

Մարտին Պետրոսյան, Հեքիաթ,
1975թ., խառը տեխնիկա, 65×60

Martin-Petrosyan-The-girls-are-collecting-flowers-in-mountains-1972

Մարտին Պետրոսյան,Աղջիկները սարերում ծաղիկներ են հավաքում, 1972թ. կտավ, յուղաներկ,140×170

Martin-Petrosyan-Girlfriends-1967

Մարտին Պետրոսյան,Ընկերուհիներ,
1967թ., կտավ, յուղաներկ, 160×130


Մարտին Պետրոսյանը խորապես հայ նկարիչ է: Նրա ստեղծագործությունը բնատուր ձիրքի, հարուստ երևակայության, գեղարվեստական զգացողության նկարչություն է, այն առնչվում է ժամանակի առաջադեմ շատ ավանգարդ նկարիչների արվեստին` միաժամանակ հիմքում մնալով միանգամայն ազգային: Հորինվածքային առումով Պետրոսյանի արվեստում որոշակի կապ է նկատվում արևելյան միջնադարյան մանրանկարչական դպրոցների հետ, ինչպես օրինակ Վասպուրականի, Մեծ Հայքի, Տաթևի դպրոցները: Պետրոսյանը հորինվածքը կառուցում է ոչ թե դեպի խորք, այլ խորքին զուգահեռ, մի քանի պլաններով, իսկ նրա ստեղծած ալիքաձև ռիթմը դարձյալ հիշեցնում է մանրանկարչությունը: Այնպիսի կտավներում, ինչպիսինն է օրինակ «Ծիսակատարությունը» տեսնում ենք պարզունակ ձևեր և նույնիսկ կերպարներ, որոնք հիշեցնում են հին հայկական ռելիեֆները:

Martin-Petrosyan-Nellie’s-Portrait-1975

Մարտին Պետրոսյան,
Նելլիի դիմանկարը, 1975թ.,
կտավ, յուղաներկ,70×50

Martin-Petrosyan-Lilac-1982

Մարտին Պետրոսյան,
Յասամաններ, 1982թ.,
կտավ, յուղաներկ, 80×49,5

Martin-Petrosyan-Composition-1965

Մարտին Պետրոսյան, Կոմպոզիցիա,
1965թ., կտավ, յուղաներկ,
142×196


Դրամատիզմը, ըստ երևույթին, Մարտին Պետրոսյանի ստեղծագործության ամենաբնորոշ գիծն է: Լարումը, խորությունը, զսպվածությունը նրա նկարչությանը հաղորդում են ինչ-որ հատուկ լրջմտություն: Այս հատկությունները մեծ մասամբ բացատրվում են նաև մեր բնաշխարհի բնույթով, որն այս հայեցակետից սակավ է բացահայտվել արդի կերպարվեստում: «Մեր ընտանիքը»,  «Համբույր», «Դիմանկար», «ՙԻնքնադիմանկար աղջիկների հետ», «Բզեզով աղջիկը», «Իմ հեքիաթը», «Աղջիկները սարերում» գործերը լուծված են խստաշունչ երանգներով, որոնք կտավներին տալիս են ընդգծված առնականություն [1, էջ 305-308]: Այստեղ գերիշխում են սևը, կանաչը, կապույտը, սպիտակը: Պետրոսյանի կտավներում գույնը ձեռք է բերում մի առանձին թանձրություն և ամուր նյութականություն: Գույները շատ ներդաշնակված են, չնայած ոչ վառ գույների կիրառմանը, այնուամենայնիվ ներկապնակը հարուստ է:

Չափազանց արտահայտիչ ու ազգային գծերով լի  է նաև Մարտին Պետրոսյանի գծանկարը: Երաժշտական գծերը մերթ նրբորեն ճկվում են իբրև ուռենի և ասես մելամաղձոտ երգ են ասում, մերթ կտրուկ, եռանդուն շարժումով ուրվագծում մեր հզոր, անսասան լեռները: Ամենայն ուշադրության է արժանի «Պապը և շաղգամը» հեքիաթի նրա պատկերազարդումը: Նկարիչը ռուսական ժողովրդական հեքիաթի գործողությունը անբռնազբոս կերպով տեղափոխել է լեռների երկիրը և հաղորդել նրան նոր ազգային հնչողություն: Այս պատկերազարդումների ազգային բնույթն անշուշտ չի սպառվում սոսկ այն բանով, որ ծերունին ու իր պառավ կինը հայկական տարազով են, այն արտահայտված է ստեղծագործության արտահայտչամիջոցներում, նրա ոգու, ոճավորման տարրերի մեջ, որտեղ յուրաքանչյուր ժողովրդի մոտ դրսևորվում է վառ ինքնատիպություն:Միևնույն բնանկարային մոտիվը գործում է ամբողջ գրքույկի մեջ, սակայն նկարիչը ոչ մի տեղ իրեն չի կրկնում: Պետրոսյանը կարողացել է հաղորդել հեքիաթի զգացումը, և ընթերցողը էջերը շրջելով տեղափոխվում է մի ինչ-որ անսովոր, բայց ոչ մտացածին աշխարհ: Այն ճշմարտացի է և ոչ ճշմարտանման:Մարտին Պետրոսյանը ձևավորել է նաև Հ. Թումանյանի «Գառնիկ ախպեր» ու «Զարմանալի աշուղը» հեքիաթները: Պետրոսյանի գրաֆիկական աշխատանքները «ձևավորում» հասկացությամբ չեն սահմանափակվում:

Martin-Petrosyan-Sayat-Nova-1963

Մարտին Պետրոսյան, Սայաթ-Նովա, 1963թ., կտավ, յուղաներկ, 134×106

Martin-Petrosyan-Sacrifice-1958

Մարտին Պետրոսյան, Զոհաբերություն, 1958թ., կտավ, յուղաներկ, 140×160

Martin-Petrosyan-Portrait-1990

Մարտին Պետրոսյան, Դիմանկար, 1990թ., կտավ, յուղաներկ, 41,5×29


Դրանք ավելի շուտ գրաֆիկական առանձին գործեր են` ստեղծված ոչ թե գրական աղբյուրների մոտիվներով, այլ միանգամայն ինքնուրույն գեղարվեստական արժեք ունեն, իսկ մեծ մասամբ` նաև համարժեք են գրական երկերին: Պետրոսյանը ձևավորել է նաև «Սասունցի Դավիթ» էպոսը, որտեղ նկարիչը ստեղծել է էպոսի լայնածավալ համադրական պատկերը: Պետրոսյանի «Սասունցի Դավթի» մեկնաբանությունը առավել քնարական է, բանաստեղծական և  բացահայտում է ժողովրդական դյուցազներգության մաքրությունը:Հիշարժան են նաև Վարդան Այգեկցու առակների նրա ձևավորումները, որտեղ արտահայտված են նկարչի բացառիկ երևակայությունը: Պատկերվող առարկայի հանդեպ Պետրոսյանի վերաբերմունքն ու մասնակցության չափը այնքան ակտիվ են, որ դիտողը ակամա ընկնում է ինչ-որ անծանոթ, ֆանտաստիկ աշխարհ, բայց միաժամանակ` այնքան իրական ու համոզիչ, որ հավատում ես նրա գոյությանն ու ճշմարտացիությանը[1, էջ 305-308]: Երբեմն պահպանողական տեսակետներ ունեցող որոշ մարդկանց Պետրոսյանի ստեղծագործությունը կարող է անիրական թվալ, սակայն Մարտին Պետրոսյանը այն եզակի հայ նկարիչներից է, ով չի սահմանափակում իր երևակայությունը, այլ ընդհակառակը, ամբողջովին տրվում է դրան: Նրա երևակայությունը սահման չունի և դրան միանում է բացառիկ տաղանդը:


Գրականություն

1.Իգիթյան Հ., Հովնաթանյանից Մինաս. Ե,. 2011

2.Աղասյան Ա., Հայ կերպարվեստի զարգացման ուղիները 19-20-րդ դարերում, Ե., 2009



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով