+374 99 12 80 82 Հինգշաբթի - 28 Մարտ 2024

Արմիս. Մոռացված նկարչի ստեղծագործական կյանքի ուրվագիծը


«Եթե օրին մեկը ինձ վիճակուի Փարիզի մէջ արուէստս կատարելագործելու, նպատակս պիտի ըլլայ զայն նուիրել իմ ժողովրդին բարոյական ու հոգեկան վերականգնումին»: Արուէստս ի սպաս դնել իմ ժողովրդին, այդ իմ կեանքին երազն է»:

Այս խոսքերի հեղինակը 20-րդ դարի ֆրանսահայ նկարիչ Արմիսն է (Արմենակ Միսիրյան, 1901-1977):

Նա ծնվել է Ադյամանում` ջութակահարի ընտանիքում: Դառը մանկություն է ունեցել: Հազիվ դպրոցն  ընդունված դառնում է տարագիր` մինչև Դեր Զոր: Հրաշքով փրկվելով, ընկնում է Հալեպ և Գառզուի, Կալենցի, Օննիկ Ավետիսյանի նման նա ևս իր կյանքի վաղ շրջանը ապրում է Հալեպում: Այնտեղ աշխատում է որպես գծագրության ուսուցիչ: Գեղարվեստական կրթություն է ստացել ԱՄՆ-ից ժամանած Եղիա Գասպարյանի մոտ: 1930-ին մեկնել է Փարիզ, սովորել Ժյուլիեն և Գրան Շոմիեր ակադեմիաներում: Կարճ ժամանակում բոլորին անհայտ ու ստվերի մեջ ապրող այս համեստ արվեստագետը դարձավ քննադատների ուշադրության առարկան` վայելելով լայն ճանաչում և արժանանալով բարձր գնահատանքի: Մասնակցել է Փարիզի խոշոր ցուցահանդեսներին:

armis-001

Երիտասարդ հայուհի (1960 )

armis-002

Երիտասարդ զույգը (1963)


1960-ական թթ. վերջերին հալեպաբնակ բժիշկ Ռ. Ճեպեճյանի և Սուրեն Կալենտերի անմիջական նախաձեռնությամբ ՀԱՊ-ում հանգրվանեցին Արմիսի մի շարք կտավներ և գրաֆիկական գործեր: Սրանով սկիզբ դրվեց Հայաստանում շնորհալի նկարչի ճանաչմանը:

Արմիսը  նաև բանաստեղծություններ է գրել, որոնք տեղ են գտել «Ամպ և Ծիածան» ինքնակենսագրական գրքում:

Արմիսի արվեստը 3 շրջանի է բաժանվում`

  • Հալեպի շրջան – (1920-ական թթ.-1930 թ.): Այս շրջանում հիմնականում բնանկարներ է կատարել, որոնց համար նյութ են հանդիսացել քաղաքի հնությունները, մզկիթները, փողոցները:
  • Փարիզյան շրջան- երբ նոր է հաստատվում Փարիզում: Այդ տարիները նրա համար որոնման շրջան էին:
  • Հասունության շրջան` սկսած 1952-ից: Հենց այս շրջանում` 50-ականներից սկսած է նա ստեղծագործական բուռն ոգևորություն ապրել: Սկսեց նկարել նոր շնչով: Այդ հարցում օգտակար դեր է խաղում նույն թաղամասում բնակվող Ժանսեմը:

Արմիսի արվեստը կյանքից է ներշնչված: Այն աչքի է ընկնում անկեղծությամբ, պարզությամբ: Արվեստի լեզվով նա դիտողին է հաղորդել իր ներաշխարհը, հույզերը, ապրումները, բարձր գաղափարները: Արմիսը գծերի հիանալի վարպետ է: Նրա գծանկարը կատարյալ է: Գրեթե բոլոր աշխատանքներում շեշտված են գծերը: Դրանք հիմնականում կոր են:  Լուսաստվերների հետաքրքիր, կանաչի, սևի, դարչնագույնի տոնային համարձակ լուծումներով ու գծային աշխույժ ռիթմով են աչքի ընկնում նրա գործերը: Նկարիչն ուշադրություն է դարձնում դիմագծերի և մարմնի տարբեր մասերի գծագրությանը: Նա բարձր տիպականությամբ է օժտել իր կերպարները:

armis-003

Ընտանիք (1963)

armis-004

Ընտանիք (1963)

armis-005

Ընտանիք (1963)


Կուբիզմին բնորոշ տարրեր ենք տեսնում Արմիսի աշխատանքներում: Դրանց բնորոշ է ձևերի երկրաչափայնացումը: Կոմպոզիցիայում պատկերված կերպարների մարմինները, առարկաները երկրաչափական մարմիններ են հիշեցնում: Նկարիչը հատկապես ուշադրություն է դարձնում ձեռքերի մշակմանը:

Նկարչի աշխատանքներում կարելի է որոշակի ազդեցություններ տեսնել նաև պրիմիտիվիզմից, էքսպրեսիոնիզմից, Սեզանից, Պիկասոյից, Մոդիլիանիից ու անգամ հայկական մանրանկարչությունից: Բայց նա չի ընդօրինակել, նա ինքնատիպ նկարիչ է: Պարզապես նրա ուշադրության կենտրոնում են եղել բոլոր ժամանակների հանճարեղ վարպետների գեղագիտական կարևոր նվաճումները: Օրինակ` «Երիտասարդ հայուհին» (1960)  աշխատանքում ակնհայտ նմանություն ենք տեսնում Մոդիլիանիի դիմանկարների հետ: Խոսքը վերաբերում է դեմքի, պարանոցի, ձեռքերի մշակմանը: Գունային հետաքրքիր լուծումներով   աչքի ընկնող աշխատանք է: Ինքը` նկարիչը նշել է, որ իր ստեղծագործական կյանքի մի շրջանում հրապուրվել է Մոդիլիանիի արվեստով:

Արմիսը հիմնականում թեմատիկ-կոմպոզիցիոն աշխատանքներ է կատարել: Նրա ստեղծագործության հիմնական թեման մարդու կյանքն է, ընտանիքը, պանդուխտ հայի կյանքի պայքարը, աշխատանքը: Նրա հերոսները իր շրջապատի մարդիկ են:

Արմիսի ստեղծագործական կյանքում եղավ մի փուլ, երբ իր աշխատանքներում արտահայտեց մարդկային ամենախոր տառապանքը, վիշտը: Գույները դարձան գորշ, տխուր: Այդ աշխատանքներում արվեստագետի ալեկոծ հոգեվիճակն է արտահայտված. դա ուներ իր պատճառը, իսկ պատճառը նկարչի կնոջ վաղահաս մահն էր: Այս շրջանում Խաչելության թեմայով աշխատանքներ է կատարել:

Սակայն շուտով Արմիսը սկսում է մխիթարվել իր  ստեղծագործական աշխատանքնով և հոգեկան վերականգնումով պայմանավորված` որոշ փոփոխությունների է ենթարկվում նաև նրա արվեստը: Ավարտվում է «Խռովքի» շրջանը: Նա հրաժարվում է «Խաչելություններից» և դրա փոխարեն այժմ ստեղծագործության գլխավոր նյութ են դառնում ընտանիքը, ընկերական կյանքը, մանկան ծնունդը, մոր կերպարը նորածնի սնարի մոտ: Կիրքն ու բողոքը իրենց տեղը զիջում են գոհունակ և ազնիվ զգացումներին:  Տանջվող, կմախքացած մարմինների փոխարեն  հորինվածքում տեղ են գրավում հանդարտ ֆիգուրներ: Ուշ շրջանի աշխատանքներում զուսպ գույները իրենց տեղը զիջում են ավելի շողշողուն, ծիածնային գույներին («Սեղանի շուրջը» (1963), «Երիտասարդ զույգը» (1963):

armis-006

Ընտանիք (1963)

armis-007

Ընտանիք (1963)

armis-008

Վիրահատություն (1963)


Ինչպես նշվեց` Արմիսի ստեղծագործության մեջ ուրույն տեղ է զբաղեցնում ընտանիքի թեման: Նա «Ընտանիք» խորագրով մի քանի աշխատանքներ ունի, որոնք կոմպոզիցիոն տարբեր լուծումներ են ստացել: Բայց այդ բոլոր աշխատանքներում իշխող է խաղաղ տրամադրությունը: Դրանցում հիմնականում ներկայացված է նորածին մանուկը և երիտասարդ զույգը: Հատկանշական մի հանգամանք. նկարչի «Ընտանիք» վերնագրով բոլոր նկարներում հորինվածքում տեղ են գտել եզի և էշի պատկերները – կենդանիներ, որոնք հանդիպում են Քրիստոսի Ծննդյան տեսարանում:

Այս ամենից կարելի է հասկանալ, որ նկարիչն արտահայտել է իր վեհ գաղափարները, ընտանիքի մասին ունեցած իր պատկերացումները. այն, որ ընտանքիը, երեխայի ծնունդը սրբություն են իր համար: Եվ եթե չլինեին այս նկարների վերնագրերը, կարելի էր նույնիսկ կարծել, որ Քրիստոսի Ծննդյան տեսարանն է պատկերված, ոչ թե հասարակ ընտանիք: Հզոր արտահայտչականությամբ են աչքի ընկնում այս թեմայով աշխատանքները, սրանց բնորոշ է պարզունակ ոճը: Արտահայտիչ են մարմինները, կեցվածքները:

armis-009

Գնդակախաղ (1962)

 Արմիսը բազմաֆիգուր հորինվածք կառուցելու հիանալի վարպետ է : Այդ են վկայում «Գնդակախաղ»  (1962) «Վիրահատություն» (1963) աշխատանքները:

Նկարչի մյուս նշանավոր գործերից են` «Հայաստանի ատլասը», «Ընթերցում», «Հանգստի պահին», «Երեք բարեկամներ», «Կիթառահար» (բոլորը` 1960-ական թթ.):

Նշենք, որ Արմիսը երբեք չի վաճառել իր աշխատանքները:

Այսպիսով, Արմիսն իր անհատական ոճն ունեցող արվեստագետ է և նրա ոճը անհնար է շփոթել այլ նկարիչների հետ:

Աղբյուրներ`

1. Արմիս, Եռատաղանդ քարոզիչ մը  /Արմենակ Միսիրեան/, Բեյրութ, 1964:

  1. Արմիս, Դրուագներ նկարչական կեանքէս, Հալեպ, 1965:
  2. Խաչատրյան Շ., Ֆրանսահայ կերպարվեստ, Երևան, «Անահիտ», 1991:
  3. Էջեր գրականութեան և արուեստի /Հրատ. Վ. Թորոսեան/, Պեյրութ, 1965:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով