+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Մարիամ Գալստյանի արվեստը


Երիտասարդ, շնորհալի արվեստագետներին խրախուսելու կարևոր ձևերից մեկը նրանց արվեստի մասին պարբերաբար գրելն է, նրանց անհատական ցուցահանդեսների կազմակերպումն է, որով ստեղծագործողին հնարավորություն է ընձեռնվում ոչ միայն ցուցադրելու իր ստեղծագործությունները, այլև հաղորդակցվելու, հանդիպելու միմյանց, բանավիճելու, մտորելու, քննադատորեն մոտենալու իր իսկ ստեղծագործություններին, ճշգրտելու իր ստեղծագործական դիրքորոշումը, որոշելու անելիքը:

        Երևանում է ապրում և ստեղծագործում շնորհալի գրաֆիկ  նկարչուհի Մարիամ Գալստյանը: Մարիամը ծնվել է 1990-ին` Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղում: Նրա մորաքույրը` Նեկտար Սահակյանը նույնպես նկարչուհի է: Մարիամը շատ լավ է հիշում այն պահը, երբ I անգամ վրձինը ձեռքը վերցրեց. «Փոքր էի այն ժամանակ, որոշեցի մորաքրոջս նկարներից մեկի վրա վրձնի օգնությամբ դետալ ավելացնել և ինձ թվում էր, թե դրանից ոչինչ չի փոխվի… ծնողներս դա տեսնելով, ինձ համար իմ առաջին ջրաներկերը գնեցին…»: 1999-2006 թթ. Մարիամը եղել է Հ. Իգիթյանի և Նեկտար Սահակյանի սանը:

I անհատական ցուցահանդեսն ունեցել է 9 տարեկանում` Մարտունու պատկերասրահում: Ներկայացրել է օլիմպիական խաղերի թեմաներով աշխատանքներ, Հնդկաստանի մշակույթը ներկայացնող գործեր, հեքիաթների ձևավորումներ, Սևանի հիմնահարցերին վերաբերող նկարներ: Փոքր տարիքում Սասունցի Դավթի նկարազարդումներն է արել: 2000 թ. արժանացել է Սիդնեյի օլիմպիական խաղերին նվիրված մրցույթի  գլխավոր մրցանակին: 2006-2012 թթ. Մարիամը սովորել է Երևանի Գեղարվեստի Ակադեմիայի Գրաֆիկայի բաժնում: 2014-ին Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Մարիամի II անհատական ցուցահանդեսը:

 

      Մարիամ Գալստյանի արվեստն ունի լայն ընդգրկում. դիմանկարներից, ինքնանկարներից, նատյուրմորտներից ու գրաֆիկական բնույթի տարբեր հետաքրքիր կոմպոզիցիաներից սկսած մինչև նյու ժանրի աշխատանքներ ու նկարների պարսական և արաբական շարք: Կատարելով զանազան թեմաներով, տարբեր ժանրերի, տարբերի ուղղություններին հարող, տարբեր տեխնիկաներով արված  գրաֆիկական աշխատանքներ, նկարչուհին ձեռք է բերել իր ինքնատիպ ձեռագիրը, իր դիմագիծը, իր անհատական ոճը: Մարիամի արվեստում կարելի է տեսնել աղերսներ արևելյան` եգիպտական ու միջագետքյան արվեստի հետ: Նա նշում է. «Սիրում եմ արևելյան արվեստը, Արևելքն առհասարակ»: Էքսպրեսիոնիզմի, կուբիզմի արձագանքները ևս նկատելի են որոշ աշխատանքներում: Մանկական նկարչությանը բնորոշ անմիջականություն` զուգորդված խորը փիլիսոփայական խոհեր արտահայտող գաղափարներով – ահա Մարիամի արվեստին բնորոշ հիմնական գիծը:

   


    Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Մարիամ Գալստյանի ինքնադիմանկարները: Գրաֆիկական այդ  գործերը արված են խառը տեխնիկայով: Այդ ինքնանկարներում արտահայտված է նկարչուհու հոգեվիճակը, տրամադրությունը, հույզերը, ու որ ամենակարևորն է` այդ հոգեբանական դիմանկարներում չենք տեսնում ոչ մի իդեալականացում: Դրանցում նա շեշտը դրել է ներքինի, իր ներքին եսերի արտահայտման վրա: Դիտելով դրանք`  հողորդակից ենք լինում նկարչուհու տարբեր տրամադրություններին, ապրումներին: Տպավորիչ են որոշ ինքնանկարների ետնախորքերը`  պատված ծաղկային մոտիվներով, երբեմն էլ տարբեր դրվագներ ներկայացնող պատկերներով:

    


     Մարիամի նատյուրմորտները մրգեր, կենցաղային առարկաներ պատկերող, մեղմ գույներով աչքի ընկնող գործեր են` արված խառը տեխնիկաներով- թուղթ, տուշ, մարկեր, պաստել, ակրիլ, գուաշ:

     Հետաքրքիր են նկարչուհու գրաֆիկական այն հորինվածքները, որոնք դասել կոնկրետ որևէ ժանրի չենք կարող: Հարթության վրա տարբեր պատկերներ` կենդանիներ, մարդկային դեմքեր (հաճախ հենց իր դեմքը), միջատներ, երկրաչափական մարմիններ, տեքստեր, մաթեմատիկական բանաձևեր և տարբեր դետալներ պարունակող այդ նկարները խորը մտքեր են իրենց մեջ ամփոփում: Այդ տարբեր պատկերների մեջ կա իմաստային կապ:  Հորինվածքներում բազմիցս հանդիպում է նույն խորհրդանշական կենդանին, որը, Մարիամի խոսքերով խորհրդանշում է այն էմոցիոնալ դաշտը, որում ինքն ապրում է: Այս կոմպոզիցիաները ևս խառը տեխնիկաներով են արված` թուղթ, յուղաներկ, տուշ:


         Սահուն, վարժ գծանկարով են աչքի ընկնում Մարիամի նյու ժանրի (մերկ մարմնի պատկերում) մատիտանկարները:

      Մարիամի մի շարք գործեր էքսպրեսիոնիզմին հարող աշխատանքներ են` բավական արտահայտիչ, էմոցիոնալ: Դրանցում հանդիպում ենք կմախքատիպ, դեֆորմացված, զսպանակի պես լարված, երկար մատներով, լայն բացված բերաններով կերպարներ- հատկանիշներ, որոնք տիպիկ են էքսպրեսիոնիզմին: Այդ գործերում նկարչուհին, իր իսկ խոսքերով, փորձել է ցույց տալ մարդու մեջ ապրող մի քանի եսերի բախումը:


        Մարիամն ունի 2 հետաքրքիր շարք, որոնք վերաբերում են պարսկական և արաբական գրական 2 հայտնի հուշարձանների: Դրանցից մեկը Ֆիրդուսու «Շահնամեի» թեմաներով արված նկարներն են, մյուսը արաբական «Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածուի գլխավոր հերոսուհի Շահրազադեի կյանքին նվիրված շարքն է: Սրանք այնքան համոզիչ են, որ անմիջապես զգացվում է, որ Մարիամը խորապես ուսումնասիրել է արևելյան   այս երկու գրական երկերը:

Խոսելով Մարիամի աշխատանքների գունային գամմայի մասին, նշենք, որ նրա գործերում հանդիպող կապույտը միայն իրեն` Մարիամ Գալստյանին բնորոշ կապույտն է, իսկ դրա համադրումը սևի հետ` հիանալի է արված մի շարք  աշխատանքներում:

         Սպասենք Մարիամ Գալստյանի նոր ստեղծագործություններին, որոնք, ինչպես իրենց նախորդները, անկասկած կլինեն ասելիքով լի և կկրեն իրենց արարող հեղինակի անկրկնելի ոճի կնիքը:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով