Կինոռեժիսոր Լուսինե Սարգսյանի դեբյուտային՝ «Շքամուտք» կինոալմանախի մասին ծավալուն հոդված արդեն հրապարակել էինք: Հետաքրքիր ու հանրամատչելի կինոմտածողության տեր կին ստեղծագործողի մասին վաղուց տեղեկություն չունեինք: Որոշեցինք ուղղել այդ սխալը: Կինոգետ Միքայել Մարգարյանը զրուցեց Լուսինեի հետ: Արդյունքը՝ անիմջական և ջերմ շփումն էր…
–Դեբյուտային «Շքամուտքից» անցել է երկու տարի: Այսօր ի՞նչ հուզումնառատ կինո սպասենք Ձեր կողմից:
– Շնորհակալ եմ գնահատականի համար: Իրականում ինձ համար բոլոր ժամանակներում գերխնդիր է մարդու հոգեբանությունը: Այս անգամ փորձել եմ ներկայացնել կնոջ հոգեբանության մի փոքր հատված՝ մենակության զգացողությունը, իր առօրյա դրսևորումներով:
– Ի՞նչ ասել է լինել կին ռեժիսոր, կարծես, «տղամարդկային» այդ ստեղծագործական իերարխիայում:
-Կա մի ճշմարտություն, երբ պրոֆեսիոնալ ես, բոլորը գրկաբաց ընդունում են քեզ: Ռեժիսուրան առաջին հերթին մասնագիտություն է և չունի սեռի դասակարգում: Ամենակարևորը ռեժիսորի բնավորություն ունենալն է, իսկ դա տրված է թե՛ կնոջը, թե՛ տղամարդուն: Իհարկե որոշ մասնագիտությունների դեպքում տղամարդկային իերարխիան գերիշխում է ամբողջ աշխարհում: Խնդիրը կարծում եմ մտածողության մեջ է: Մեր վիճակը շատ ավելի լավ է համեմատած կին օպերատորների, դեկորատորների, լուսավորողների և շատ այլ մասնագետների հետ:
Տարբեր նախագծերում եղել եք երկրորդ ռեժիսոր, ե՞րբ հասկացաք, որ արդեն ժամանակն է խոսել սեփական կինոլեզվով:
– Սեփական կինոլեզվի մասին մտածում էի դեռ կրթական շրջանում: Ես սովորել եմ 90-ականներին. այդ տարիներին ֆիլմարտադրության հնարավորությունները սահմանափակ էին, գրեթե չկային: Որևէ կինոխմբում հայտնվելը արդեն մեծ հաջողություն էր: Փորձաշրջան անցնելուց հետո ինձ վերցրեցին աշխատանքի և հետո աստիճանաբար դարձա ռեժիսոր, իհարկե դրա համար պահանջվեց 10 տարի:
Որքան մասնագիտանում ես, այնքան դժվար է լինում սեփական ֆիլմ սկսելը, բայց միևնույն ժամանակ նույնքան էլ հեշտ է լինում քո ետևից տանել մի ամբողջ ստեղծագործական խումբ: Իմ ճանապարհը եղել է փուլային (ռեժ. օգնական, ռեժ. ասիստենտ, երկրորդ ռեժիսոր և բեմադրող ռեժիսոր) և դա ինձ շատ է օգնում: Սեփական կինոլեզուն արտահայտելու հատուկ դրթապատճառներ չեն եղել:
Դա ի սկզբանե եղել է նպատակային:
– Ո՞րն է, բացի ֆինանսից, ներկա հայկինոյի խոցելի կողմը:
-Ներկայիս հայկինոյի խոցելի կողմերից է որակյալ մասնագետների պակասը: Եթե ուշադրություն դարձնեք գրեթե բոլոր ֆիլմերում նույն մարդիկ են աշխատում, քանի որ փորձառու մասնագետները շատ քիչ են: Դա վերաբերվում է բոլորին, սկսած սցենարիստներից, վերջացրած վարորդներով և պրոդյուսերով՝ ով ի դեպ ընդհանրապես բացակայում է: Շատ կարևոր է նաև որակավորման հանձնաժողովը, որի բացակայության արդյունքում այսօր ունենք զգալի քանակությամբ խոտան:
– Ոգեշնչումը հաճախ է այցելության գալիս:
– Եթե այս հարցը տայիք կինոյում աշխատող ցանկացած փորձառու մասնագետի, պատասխանը կլիներ նույնը – կինոն ապրելակերպ է: Այդ իսկ պատճառով ոգեշնչվել կարող ես ամեն վայրկյան, ցանկացած հետաքրքիր իրավիճակից:
– Ո՞ր մարդկային արատի հանդեպ եք ամենից ներողամիտ և ո՞ր մեկը երբեք չեք ներում:
– Կինն իր բնույթով հակասական է, ներել կարող է ամեն ինչ, բայց մոռանալ երբեք: Հազվադեպ եմ ներում դավաճանությունը, իսկ ներողամիտ եմ ըստ տրամադրվածության:
– Կա՞ առանձնահատուկ արվեստի գործ, որին վերադառնում եք ժամանակ առ ժամանակ:
– Չէի ուզենա առանձնացնել արվեստի որևէ գործ, ինձ համար կան արմատավորված արժեքներ արվեստի բոլոր ճյուղերում:
– Ձեր պատկերացումը երջանկության մասին:
-Երջանկություն է, երբ կարողանում ես ժպտալ ցանկացած փորձության դեպքում:
-Շնորհակալություն…
Թողնել մեկնաբանություն