+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը մեկ տարեկան է


Արշակունյաց 28 հասցեում է գտնվում մեր «երգ երգոց» Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Այցելելով այս  թանգարան դեռ ներս չմտած կզգաք վարդապետի վեհությունը… Ճարտարապետ Արթուր Մեսչյանի այն գեղեցիկ մտահղացումը, որ թանգարանի մուտքը լինի երկրորդ հարկից՝ մեծ խորհուրդ ունի. կտրվել աշխարհից ու մտնել լույսի տաճար: Սրահները մեկը մեկից տպավորիչ են: Օդում Կոմիտասի ձա՜յնն է, նրա ոգի՜ն…

2016 թ. հունվարի 29-ին թանգարան-ինստիտուտը նշեց իր մեկամյակը: Տեղի ունեցավ ամերիկացի լուսանկարչուհի Քեթրին Քուքի «Ծառերի հիշողություն» ցուցադրության բացումը: Շրջելով տարբեր երկրներով` լուսանկարչուհին ծանոթացել է հայերի ցեղասպանության պատմությանը և լուսանկարների միջոցով պատկերել այն լռությունը, որը մնացել է հայերից հետո: Այս հետաքրքիր ցուցադրությունը  կարող եք այցելել ամեն օր բացի չորքեշաբթի օրվանից, մինչև ապրիլի 29-ը, թանգարանի տոմսերով:

 Ցուցահանդեսը դիտելուց հետո արվեստասեր հասարակությունը տեղափոխվեց դահլիճ  ու բեմ բարձրացավ նա՝ Հայկ Մելիքյանը, մարդ, ով կախարդե՜ց, օդը լցրեց պարող նոտաներով, իր հզորությամբ փշաքաղեցրե՜ց…. Կոմիտասը նրա մեջ էր. նա Կոմիտասի ոգին առել ու լսողներին էր տալիս… տալիս էր նու՜րբ,  տալիս էր նաև այնքան ամուր հոգով, ինչպիսին հայի արմատներն են….

Լինելով Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ` Հայկ Մելիքյանը մեր ժամանակների առաջատար երաժիշտներից է,ով համաշխարհային դաշնամուրային արվեստում իր ուրույն տեղն է զբաղեցնում: Նա վիրտուոզ կատարող է….: Ներկաները երաժշտությունն օդի պես շնչում էին, շունչները պահած հետևում էին, իսկ նա` վայելում էր, ապրում նոտաները: Կերպարն անմոռանալի էր: Շնորհակալություն թանգարանին՝ արվեստը հասանելի դարձնելու համար (միջոցառումներն անվճար էին): Նորանոր հաջողություններ ենք մաղթում արդեն մեկ տարին բոլորած թանգարանին.այն ամենակարևնորից է մեր թանգարանների շարքում:

Լուսանկարները՝ Արևիկ Մախսուդյանի



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով