+374 99 12 80 82 Հինգշաբթի - 15 Նոյեմբեր 2018

Կինո և կերպարվեստ | Ռեմբրանդտի «Անառակ որդու վերադարձը»՝ Տարկովսկու «Սոլյարիս»


Անդրեյ Տարկովսկին իր ստեղծած յոթ կինոնկարներում երկու անգամ անդրադարձավ գրական ստեղծագործության. 1979թ. նկարահանած «Ստալկեր», Արկադի և Բորիս Ստրուգացկիների «Խնջույք ճամփեզրին», և 1972թ. «Սոլյարիսում» Ստանիսլավ Լեմի համանուն գիտաֆանտաստիկ գրքի: Բայց մեկ անգամ չէ, որ Տարկովսկին ասել է՝ իսկական սցենարը չպիտի հավակնի ավարտուն գրական ստեղծագործություն լինելուն։ Այն ի սկզբանե պիտի մտահղացվի որպես ապագա ֆիլմ։ Ըստ իս՝ որքան ավելի հստակ է գրված սցենարը, այնքան ավելի վատը կլինի կինոնկարը։

Սովորաբար նման սցենարն անվանում են «ամուր», հերոսներն այնտեղ անպայման «վերածվում են», ամեն ինչ «շարժվում է» և այլն։ Իր հիմքում սա տիպիկ կոմերցիոն ձեռնարկ է։ Այլ է հեղինակային կինոն։ Այնտեղ անհնար է կոնցեպցիան շարադրել գրական լեզվով, քանզի ֆիլմը, միևնույն է, այլ է լինելու։ Հարկ է փնտրել համարժեքը։ Լավագույն տարբերակը կլիներ այն, որ սցենարը գրեր ֆիլմի ռեժիսորը։ Իսկական կինոն մտահղացվում է սկզբից մինչև վերջ։ Նա կարծում էր, որ ռեժիսորն ուներ բոլոր իրավունքները իր իսկ գաղափարին հարմարեցնելու տվյալ ստեղծագործությունը և հենց այս պատճառով էլ երկար տարաձայնություններ ուներ Լեմի հետ իր մշակած փոփոխությունների հետ կապված, սկզբում Լեմը չէր համաձայնում, որոշ ժամանակ անց նա համաձայնություն տվեց, սակայն ֆիլմի մասին դրական արձագանքներ չարտահայտեց: Միայն տարիներ անց տեսնելով 2003թ. Հոլիվուդյան «Սոլյարիսը» Ջորջ Քլունիի մասնակցությամբ, ասաց,- «Հիմա նոր հասկացա Տարկովսկու «Սոլյարիս» ի հանճարեղությունը»:

Տարկովսկին գեղանկարչության մեծ սիրահար էր, այդ սերն արտահայտվում էր իր ֆիմերում հայտնված գեղանկարչական աշխատանքներով, որն արտահայտում է տվյալ ֆիլմի ամբողջ գաղափարը: «Սոլյարիսում » Պիտեր Բրեյգելի «Որսորդները ձյան վրա», ստեղծագործությունն է, բայց այս նկարից զատ, ռեժիսորը վերջին կադրերից մեկի միջոցով կարողանում է ստանալ հոլանդական գեղանկարչության ոսկեդարի խոշոր վարպետ Ռեմբրանդտ Հարմենս վան Ռեյնի «Անառակ որդու վերադարձը» կտավը:

Կադր Տարկովսկու “Սոլյարիս” ֆիլմից

Ռեմբրանդտի “Անառակ որդու վերադարձը”


Ղուկասի ավետարանի 15-րդ գլխում Քրիստոսը պատմում էր «Անառակ որդու վերադարձը» առակը: Առակը շատ խորիմաստ է, Քրիստոսը ամեն կերպարի համար խորհրդանիշ ուներ. Օրինակի համար հայրը խորհրդանշում է Հայր Աստծուն, որն իր գթասրտությամբ և ներողամտությամբ պատրաստ է և սպասում է բոլոր իրենից հեռացած զավակների վերադարձին, կրտսեր որդին խորհրդանշում է մեզանից յուրաքանչյուրին, ով մեղք գործելով հեռանում է աստծուց: Առակի հանգուցալուծումը հոր ներումն է իր որդիներին՝ «քո եղբայրը մեռած էր՝ կենդանացավ, կորած էր՝ գտնվեց» խոսքերով:

«Սոլյարիսում» հայտնվելով ֆիլմի հերոսները բախվում են իրենց «նախկին» կյանքում ունեցած դժվարությունների, կատարած և չկատարած արարքների, ունենում են մեղքի զգացում, անցյալին նայելով ներկայի աչքերով: Անուշադրությամբ կնոջն ինքնասպանության հասցրած գլխավոր հերոս Կելվինը «Սոլյարիսում» անընդհատ զգացող ամոթով էր համակվում երկրում կատարած իր քայլերի համար: Նրան պետք էր հոգևոր մաքրություն: Նա քիչ էր զանգել իր մորը, իսկ հորը թողել էր մենակ հավատարիմ շան հետ մեռնելու: Երազներից մեկում մայրը լվանում է տղայի կեղտոտ ձեռքերը, սիմվոլիկ կերպով ցույց տալով մեղքերի թողության գաղափարը: Կնոջ ուրվականը «Սոլյարիսում» գտնվող գիտնականներին խնդրում է, որ սպանեն իրեն, այդպես էլ տեղի է ունենում: Թվում էր՝ Կելվինը կարողանում է հաղթահարել իր «ամոթը », բայց կար նաև հիվանդ հայրը: Ֆիլմի վերջում, «Սոլյարիսը» Կրիսի համար վերստեղծում է մի կղզի, որտեղ տեղավորվում է նրա տան վերակազմությունը, նա ներողություն է խնդրում հորից՝ ծնկաչոք ընկնելով նրա ոտքերի տակ:

Կադրի վերստեղծումը Ռեմբրանդտի հայտնի նկարով, պատահականություն չի կարող լինել, երկու դեպքում էլ գործ ունենք, հոգևոր աղքատության, սեփական ես-ից զզված, կերպարների հետ, որոնք թեկուզ ուշ, բայց գիտակցում են իրենց արարքների բացասական կողմերը և վերադառնում «հայրական» տուն, եթե առակի դեպքում, դա տեղի է ունենում, ինչպես, որ պատկերված է Ռեմբրանդտի կտավում, ապա ֆիլմում, հստակ երևում է, որ դա ոչ թե Երկիր մոլորակում էր, այլ կղզի հայտնված «Սոլյարիսում», բայց միևնույնն է հերոսի գիտակցության մեջ արդեն զղջումը մտել էր:

Անդրեյ Տարկովսկի

Ռեմբրանդտ վան Ռեյն “Ինքնադիմանկար 34 տարեկանում”

 


Տարկովսկին իր «Արվեստը՝ բաղձանք առ կատարյալը» էսսեում գրել է,- Ինչպես հայտնի է, Ադամն ու Եվան նախևառաջ հայտնաբերեցին այն, որ իրենք մերկ են: Եվ ամաչեցին: Ամաչեցին, քանզի հասկացան, և իրենց ուղին սկսեցին մեկմեկու ճանաչելու ուրախությամբ: Հենց այս էր սկիզբը մի բանի, ինչը վերջ չունի: Կարելի է հասկանալ այն հոգու դրաման, որը նոր է դուրս եկել անհոգ չիմացության վիճակից և շպրտվել է երկրային ոլորտներ՝ թշնամական ու անբացատրելի:

«Ճակատիդ քրտինքով պիտի ճարես հացդ …»:

Այնպես պատահեց, որ մարդը՝ այդ «արարչագործության պսակը», Երկիր եկավ այն բանի համար, որ հասկանա, թե հատկապես ինչի համար է եկել: Կամ առաքվել: Իսկ մարդու միջոցով Արարիչը ճանաչում է ինքն իրեն: Այդ ուղին ընդունված է «էվոլյուցիա» անվանել, ուղի, որն ուղեկցվում է մարդու ինքնաճանաչողության տառապալից գործընթացով:

Հենց ինքնաճանաչման դժվար ընթացքի մասին պատմող ֆիլմ է Տարկովսկու «Սոլյարիսը», ուղեկցված Բախի անմահ երաժշտական նոտաներով, դերասանական դրամատիկ և շատ անգամ նաև իմպրովիզացված խաղով:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով