+374 99 12 80 82 Շաբաթ - 21 Դեկտեմբեր 2024

Կինո և կերպարվեստ | Լեոնարդոյի «Խորհրդավոր ընթրիքը» Բունյուելյան «Վիրիդիանայում»


Իսպանացի ռեժիսոր Լուիս Բունյուելի 1961թ. Նկարահանած Վիրիդիանա ֆիլմը մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ ֆիլմում արծարծվում են ֆրանկիստական Իսպանիայում արգելված թեմաներ՝ ինքնասպանություն, ինցեստ, բռնություն կնոջ նկատմամբ, շվեդական ընտանիք (որտեղ միանգամից մի քանի զույգ ակտիվորեն զբաղվում են խմբակային սեքսով ), սրբապղծություն:: Սա հսկայական խնդիրներ է առաջացնում, Վատիկանը զայրանում է և ֆիլմն Իսպանիայում արգելվում է 16 տարով՝ մինչև ֆրանկիստական ռեժիմի տապալումը:

Ֆիլմում ներկայացված է հետևյալը. Վիրիդիանան պատրաստվում էր սրբազան ուխտ ընդունել, երբ քեռին՝ Դոն Խայմը, նրան հրավիրում է իր տուն։ Լինելով Խայմի միակ ազգականը, Վիրիդիանան ընդամենը մի անգամ էր տեսել նրան և պատրաստվում էր մերժել առաջարկը, բայց մենաստանի իր վերադաս մոր համոզելուց հետո դժկամությամբ համաձայնում է։

Դոն Խայմը մենակյաց ծերուկ էր, ով ապրում էր իր անտեսված ֆերմայում, մի քանի սպասավորների՝ Ռամոնայի (Մարգարիտա Լոզանո), նրա դստեր Ռիտայի և Մոնչոյի հետ։ Քրոջ աղջկան տեսնելիս Խայմը պարզապես ապշում է աղջկա և իր հանգուցյալ կնոջ անհավանական նմանությունից։

Ֆերմայից հեռանալու նախօրեին Վիրիդիանան՝ ի երախտագիտություն քեռու երկարատև ֆինանսական աջակցության, համաձայնում է Խայմի առաջարկին հագնել նրա հանգուցյալ կնոջ հարսանեկան զգեստը։ Ռամոնան տեղեկացնում է Վիրիդիանային, որ Խայմն ուզում է ամուսնանալ նրա հետ։ Վիրիդիանան շվարում է։ Ռամոնան գաղտնի դեղեր է ավելացնում աղջկա բաժակի մեջ։ Դոն Խայմը անգիտակից Վիրիդիանային տանում է իր սենյակ՝ բռնաբարելու մտադրությամբ, բայց վարանում է։

 

Հաջորդ առավոտյան նա ստում է, ասելով, որ ինքը բռնաբարել է Վիրիդիանային և որ նա այլևս չի կարող մենաստան վերադառնալ քանի որ զրկվել է կուսությունից։ Տեսնելով, որ Վիրիդիանան միևնույն է պատրաստվում է հեռանալ այդ տնից նա խոստովանում է, որ ստել է, և աղջիկն այդպես էլ չի իմանում, թե ինչ է իրականում կատարվել այդ գիշեր։ Երբ նա ավտոբուսի կանգառում էր արդեն, նրան ասում են, որ Խայմն ինքնասպան է եղել և իր ողջ ունեցվածքը թողել է Վիրիդիանային և իր ապօրինի որդուն՝ Խորխեին (Ֆրանցիսկո Ռաբալ)։

Խիստ անհանգստացած Վիրիդիանան այնուամենայնիվ որոշում է չվերադառնալ մենաստան։ Փոխարենը, նա տեղի մուրացկաններին հավաքում և բնակեցնում է ֆերմայի հարակից շինությունում։ Նա իրեն նվիրում է այս խայտաբղետ խմբի բարոյական կրթության գործին։ Մոնչոն՝ Խայմի սպասավորը, զզվելով մուրացկանների ներկայությունից, հեռանում է։

Խորխեն իր ընկերուհու՝ Լուսիայի հետ տեղափոխվում է ֆերմա։ Կարճ ժամանակ անց Լուսիան հեռանում է, տեսնելով, որ Խորխեը սիրահետում է Վիրիդիանային։ Շուտով Խորխեը հարաբերություններ է սկսում Ռամոնայի հետ։

Երբ Վիրիդիանան ու Խորխեը որոշ գործերով մի քանի օրով գնում են ֆերմայից, մուրացկանները ներխուժում են տուն։ Սկզբում նրանք մտադիր էին պարզապես ուսումնասիրել տարածքը, բայց շուտով, ոգևորվելով ներսի շքեղությունից, որոշում են խնջույք կազմակերպել։ Սաստիկ հարբած նրանք հավաքվում են լուսանկարվելու։Լուսանկարը հիշեցնում է Լեոնարդո դա Վինչի Սանտա Մարիա դելլա Գրացիե վանքի սեղանատան պատին արված «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը, որի գլխավոր երկու հերոսներին՝ Հիսուսին և Հուդային նկարելը երկար ժամանակ է պահանջել նկարչից: Այսպես ուրեմն նույն դասավորվածությամբ ֆիլմի հերոսները կրկնում են աստվածաշնչյան անձանց, հետաքրքրական է այն, որ ֆիլմում տեղ գտած մուրացկաններն ունեին տարբեր առողջական խնդիրներ՝ մեկը կույր էր, մյուսը կաղ, ասես հիշեցնեն Քրիստոսի անցած ճանապարհն ու իր բժշկած մարդկանց: Լեոնարդոյի մոտ Հովհաննեսն ու Հիսուսն առանձնանում են իրենց մեղմ շարժումով մյուսներից՝ նրանք մտքի մեջ են, մնացած առաքյալները անհանգստության ու կասկածի մեջ են: Ֆիլմում Հովհաննեսի տեղը զբաղեցրած մուրացկանն ավելի շարժուն է և աչքերի դիրքից երևում է, որ ավելի մոտ է իրենից աջ գտնվողների հոգեվիճակին, քան տվյալ դեպքում Քրիստոսի: Քրիստոսի տեղը զբաղեցրած մուրացկանը խմբի առաջնորդն էր, նա կազմակերպեց ընթրիքն ու արդեն դրան հաջորդող ավերվածությունները: Թե որմնանկարի և թե ֆիլմի այս կադրում կա մի հետաքրքիր սիմվոլիկա. Երկու դեպքում էլ ընթրիքը վերջինն էր, բոլորս լավ գիտենք, թե ինչ եղավ Աստվածաշնչում, իսկ ահա ֆիլմում Վիրիդիանայի և Խորխեյի վերադարձից հետո նրանք վտարվեցին: Երկուսն էլ ցանկանում էին «վերջինը»  խորհրդանշական ձևով նշել:

Վիրիդիանայի կերպարը շատ նմանություններ ունի Քրիստոսի հետ. Նրանք երկուսն էլ օգնում էին աղքատներին, հաշմանդամներին, հասարակ մարդկանց: Ի վերջո նրանք երկուսն էլ ստացան ոչ այն ինչին արժանի էին. Վիրիդիանայի դեպքում նրա իսկ դեմ դուրս եկան անբռնազբոս մուրացկանների մի ստվար զանգված և վերստանալով Լեոնարդոյի հայտնի որմնանկարն իրենց «շնորհակալությունն» այդ կերպ արտահայտեցին բարեսիրտ ու կամեցող Վիրիդիանայից: Քրիստոսն էլ Ecce Homo(սա է մարդը) բառերը լսելուց հետո խաչվեց:

Բունյուելն ասես «Ավետարան ըստ Վիրիդիանայի» է ստացել և դերերով փոխել է վերջին ընթիրք անող մուրացկաններին և առաքյալներին, տեղիք տալով մտածել այն մասին, թե ի՞նչ կլիներ, եթե ընթրիքը չլիներ այնպես, ինչպես, որ գրված էր Սուրբ գրքում: Բայց վերջում էլի գալիս է մարդկանց անշնորհակալ լինելու և եղածով չբավարարվելու անմիտ որոշմանը, փորձելով հազարամյակներ եղած պոտմությունը համեմատել իր ժամանակաշրջանի կյանքի հետ, ասելով, մարդկություն քեզ դեռ երկու հազարամյակ էլ պետք կգա ուշքի գալու համար:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով