+374 99 12 80 82 Շաբաթ - 16 Նոյեմբեր 2024

Կինո և դիցաբանություն | Հանրահայտ «Վիկինգներ» սերիալը և սկանդինավյան աստված Լոկին


Սկանդինավյան դիցարանի աստվածների հետ ծանոթանալը վերջին տասնամյակներում շատ արդիական է դարձել: Նախ 1962թ Ստեն Լիի, Լարրի Լիբերի և Ջեք Քիրբի ստեղծած Marvel Comics-ի հերոսներ Տոռի, Լոկիի, Օդինի և այլ աստվածների ի հայտ գալը մեծ ոգևորություն առաջացրեց: Նրանք հայտնվում են թե՛ ֆիլմերում, թե՛ վիդեոխաղերում, թե՛ մուլտսերիալներում, այսպիսով հասանելի դառնում մարդկանց տարբեր տարիքային խմբերի համար: Բացի Marvel Comics-ից 2013 թ.–ից ընթացող «Վիկինգներ» հեռուստասերիալում, պատմական դեպքերի զարգացմանը զուգընթաց շատ մեծ տեղ է հատկացվում սկանդինավյան դիցաբանությանը, և որ ամենակարևորն է պարբերաբար կադրերի միջոցով զուգահեռներ տարվում քրիստոնեության հետ, ներկայացնելով ծեսերը միաժամանակ, օրինակ հարսանեկան արարողությունը, պատերազմից առաջ զոհ մատուցելն ու քահանայից օրհնություն ստանալը: Վիկինգներում Ֆլոկի անունով, գլխավոր հերոսներից մեկը, շատ ընդհանրություններ ունի սկանդինավյան աստված Լոկիի հետ:

Սկանդինավյան դիցարանում Լոկին յոտուն (սկանդինավյան դիցաբանության մեջ հանդիպող գերբնական էակներ) Ֆարբաուտի և Լաուվեյի որդին էր, հիշատակվում է նաև որպես խորամանկության և խաբեության աստված։ Սերում է յոտուններից, բայց Ասերը թույլատրել էին նրան ապրել իրենց հետ Ասգարդում (սկանդինավյան դիացաբանության Ինը աշխարհներից մեկը, ուր բնակվում են ասերը՝ բարձրագույն աստվածություններ)՝ ի շնորհիվ նրա ոչ սովորական խելքի և խորամանկության։

Հատված Ֆլոկիի պատժից

Հատված Ֆլոկիի պատժից


Լոկիի բնավորության գծերը բնորոշ են խաբեբաներին. անձի երկվություն, հնարամտություն, խորամանկություն, չարություն։ Համոզմունքը, որ «լավի» և «վատի» մասին պատկերացումները բացակայում են նրա համար, այնքան էլ ճիշտ չէ։ Ասերը հաճախ էին հյուրընկալում ծովային հսկա Էգիրին, և Բալդրի (գարնան և լույսի աստված) մահվանից հետո Էգիրը խնջույք կազմակերպեց, երիտասարդ աստծո հիշատակը վառ պահելու համար: Լոկին իրեն բնորոշ դժգոհություն էր ցուցաբերում այդտեղ, և երբ հյուրասիրության ժամանակ սպասավորներից մեկը պատահմամբ գինին թափեց Լոկիի վրա, նա զայրացավ, վերցրեց թուրը և տեղում սպանեց «մեղավորին»: Հենց նույն խնջույքին էլ Լոկին ընդունում է իր՝ Բալդրին սպանելու մեղքը։ Նրան խնջուքյից հետո, իբրև պատիժ հեռացրին Ասգարդից: Աստվածներին նա առաջին հերթին մեղադրում է վախկոտության մեջ, իսկ աստվածուհիներին՝ բղջախոհության։

Ֆլոկիին հատուկ է խորամանկությունը, նավեր կառուցելու բնատուր տաղանդը և շատ աստվածավախ լինելը: Վիկինգները Արևմուտք կատարած առաջին արշավանքի ժամանակ գերի են վերցնում Էտելստանին՝ քրիստոնյա վանականի, Ռագնարը՝ վիկինգների առաջնորդը, նրան ողջ է թողնում և մտերմանում վերջինիս հետ: Դա Ֆլոկիին դուր չէր գալիս և նա մերթընդմերթ Ռագնարին զգուշացնում էր Էտելստանի այլ կրոնին պատկանելու փաստը, բայց Ռագնարն անտեսում էր և վստահում նրան, անգամ սովորել էր աղոթել քրիստոնյայի պես և փորձում էր սովորել Ավետարանը մի շարք պատմություններ լսելով: Երկար իրադարձություններից հետո Ֆլոկին(համարելով, որ աստվածներն իրեն նշան են ուղարկել արյան տեսքով) որոշում է սպանել Էտելստանին: Եվ աղոթքի պահին կացնով վերջ է տալիս Էտելստանի կյանքին:

Քրիստոֆեր Էկեսբերգ – Լոկի և Սիգյուն

Մորտեն Էսկիլ Վինգ – Լոկի և Սիգյուն


Այս երկու կերպարներն ունեցել են յուրօրինակ պատիժ: Լոկիի դիցաբանական պատմության հիմքով գեղարվեստական ստեղծագործություն է դարձել շատ նկարիչների համար, մասնավորապես Քրիստոֆեր Էկերսբերգի, Մորտեն Էսկիլ Վինգի «Լոկի և Սիգյուն», նկարներում, իսկ հեռուստասերիալում Ֆլոկիի կերպարն է կրկնում Լոկիի պատիժը: Էգիրի խնջույքից հետո Լոկին փորձում է թաքնվել սաղմոնի կերպարում ֆյորդ Ֆրանանգրի շատրվանում։ Զայրացած ասերը բռնում են և՛ նրան, և՛ նրա երկու երեխաներին ՝ Վալիին և Նարվիին։ Վալիին դարձնում են գայլ, և նա եղբորը մասերի է բաժանում։ Լոկիին կապկպում են Նարվիի փորոտիքով և շղթայում են ժայռին։ Սկադին, լուծելով հոր մահվան վրեժը, նրա գլխից կախում է մի օձ, որի թույնը անդադար կաթում է Լոկիի դեմքին։ Սակայն վերջինիս հավատարիմ կինը ՝ Սիգյուն, բաժակ է պահում նրա տակ, որի մեջ էլ հավաքվում է թույնը։ Երբ բաժակը լցվում է, Սիգյունը գնում է այն դատարկելու, իսկ միևնույն ժամանակ թույնը կաթում է Լոկիի դեմքին, և նա ցավից գալարում է մարմինը։ Հենց այդ էլ հանդիսանում է երկրաշարժի պատճառ։

Հատված Ֆլոկիի պատժից

Հատված Ֆլոկիի պատժից


Ֆլոկիին շատ տանջելուց հետո Ռագնարը որոշում է կապել քարանձավում, որտեղից ջրի կաթիլները կաթում են նրա գլխին: Իսկ Ֆլոկիի կինը՝ Խելգան, որը պաշտում էր սիրելի ամուսնուն, թաս է պահում նրա գլխի տակ և հավաքում ջուրը: Այնպես է նկարված կադրը, ասես օձի բերանից թափվի ջուրը , որը հենց խորհրդանշում է Լոկիի պատիժը: Հետաքրքիր է ներկայացված Ֆլոկիի դիրքը, մերկ մարմինը ծածկող ներքնազգեստը, որը հիշեցնում է Քրիստոսի խաչելության ատրիբուտները, սա ամենայն հավանականությամբ Ռագնարը դիտավորյալ է արել, Ֆլոկիին հասկացնելու համար, որ իր վերաբերմունքը չի փոխվել քրիստոնյաների նկատմամբ: Թե՛ Լոկին և թե՛ Ֆլոկին պատժվեցին սպանության և առաջնորդներին մեղադրելու համար, բայց եթե Լոկին այդպես պետք է մնար մինչև Ռագնարյոկ, ապա Ֆլոկին ազատ արձակվեց Ռագնարի կողմից, հիշելով նրանց անցած դժվարին ճանապարհը որոշեց այլևս չտանջել իր վաղեմի ընկերոջը:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով