+374 99 12 80 82 Ուրբաթ - 15 Նոյեմբեր 2024

Քաղաք Երևան, Հանրապետության 32…


Երևանի կենտրոնական փողոցներով զբոսնելիս դժվար է չնկատել Հանրապետության 32 հասցեում գտնվող այն գեղեցիկ շինությունը, որ չնայած իր փոքր չափսերին միանգամից ուշադրություն է գրավում արտաքին  զարդաքանդակներով: Այն ուսումնասիրելու ցանկությունն ու հետաքրքրասիրությունը ինձ ստիպեցին ներս մտնել: Պարզվեց՝ փոքրիկ սենյակի մուտքը հարակից շինությունից է, որն էլ այդ պահին վերանորոգվում էր:  Դաշնակցության գերագույն մարմնի հարևանությամբ գտնվող այս շենքը իրականում 140 տարեկան է և Երևանի արժեքավոր հուշարձաններից մեկն է: Մտնելով փոքրիկ ու շքեղ այդ սենյակը՝  հանդիպեցի Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնության ղեկավար Միքայել Հարությունյանին, ով  սիրով պատմեց ինձ կառույցի մասին:

Պարզվեց, որ շենքի տեղում նախկինում եղել է փոքրիկ հողաշեն մի շինություն, որը պատկանել է ազգությամբ պարսիկ, ոմն Աբու Հաջի Հասան Օղլուն: Երևանի քաղաքաշինության խորհուրդը 1853թ. պայմանագիր է կնքել պարսիկ Աբու Հաջի Հասանի հետ,  տարեկան 600ռ. տրամադրելով նրան՝ տարածքը քաղաքային խորհրդի իրավասության ներքո լինելու համար:Yerevan-Hanrapetutyan32-015  1876թ.-ին Աբու Հաջի Հասանի հետ բոլոր խնդիրները լուծելուց հետո քաղաքային խորհուրդը քանդել է այդ փոքրիկ հողաշեն շինությունը և կառուցել ահա այս շենքը: Ցավոք շենքի նախագծի հեղինակի տվյալները չեն պահպանվել:  Սակայն հայտնի է շենքի գլխավոր շինարարը, ով այդ ժամանակ աշխատել է Երևանի քաղաքային խորհրդում: Պարզվում է՝ դա ազգությամբ գերմանացի (որոշ տվյալներով` ավստրիացի) Կապիտան ֆոն Դեռնոն է, ում ղեկավարությամբ էլ  շենքը կառուցվել է:

1876-1920թթ. Սոցիալիստական  հեղափոխության տարինեին սա եղել է պարսիկ հյուպատոսի աշխատասենյակը: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո դեսպանություններն ու հյուպատոսությունները կենտրոնացվել են Մոսկվայում և այս տարածքը տրամադրվել է Հայ օգնության կոմիտեին, որը ղեկավարել է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը մինչ իր մահը` 1923թ.:

1924թ.-ից այստեղ գործել է երեկոյան դպրոց կոմունիստների համար, իսկ  1927թ. այս տարածքում  էլեկտրականություն են անցկացրել և կուսակցական երեկոյան բարձրագույն դպրոցի ղեկավարության հետ համաձայնության գալով՝ 1928թ. ճարտարապետ Ալ. Թամանյանն Իտալիայում պատվիրել է սենյակի առաստաղից մինչ այժմ կախված հոյակապ ջահը՝ որն ըստ իրեն շատ համահունչ կլիներ ինտերիերին:  Տարածքն այդուհետ եղել է նաև բանակի ռազմական դատախազի նստավայրը,  ապա մի քանի տարի դատարկ է թողնվել:Yerevan-Hanrapetutyan32-002

Այժմ այս շենքում Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնության գլխավոր գրասենյակն է: 1964թ. տեղի է ունեցել Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության համագումարը: Նախագահ է ընտրվել հայտնի նկարիչ՝ ակադեմիկոս Մարտիրոս Սարյանը  և մինչ իր մահը՝ 1972թ.-ը եղել է ընկերության նախագահը, որից հետո՝ մինչև 1977թ, նախագահել է քաղաքական և մշակույթի բնագավառում մեծ ներդրում ունեցած գործիչ Ռուբեն Ազիզբեկյանը՝ իսկ 1977թ.-ի համագումարում նախագահ է ընտրվել ճարտարապետության ուսուցչապետ Վարազդատ Հարությունյանը և նախագահել մինչև 2008թ.:  Նույն տարում Միքայել Հայությունյանն է ստանձնել նախագահի պաշտոնը և զբաղեցնում է այն մինչ օրս: Նշեմ, որ այս ընկերության ուժերով վերականգնվել են հայկական շորջ վեց տասնյակ պատմաճարտարապետական հուշարձաններ:

Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունն արդեն սկսել է շենքի վերանորոգման աշխատանքները  և շուտով պիտի սկսվեն նաև այս սենյակի թարմացման աշխատանքները:

Իսկապես, պատահական չէ այս շինության հանդեպ յուրահատուկ վերաբերմունքը: Բացի արտաքին և ներքին հարդարանքներից` այն նաև ոգեշունչ մթնոլորտ ունի, չէ՞ որ ինչ-որ ժամանակ այս սենյակում են աշխատել այնպիսի մեծանուն հայեր, ինչպիսիք են Հովհ. Թումանյանը, Ալ.Թամանյանը, Մ. Սարյանը, Վ. Հարությունյանը և այլոք: Միգուցե սա հոյակերտ շինություն չէ ճարտարապետական նախագծի տեսանկյունից, բայց իրավամբ գեղարվեստական մեծ արժեք է ներկայացնում արտաքին և ներքին հարդարանքների տեսանկյունից: Բարձրաքանդակներում հանդիպում են հատիկավոր ու հյուսքեն զարդագոտիներ ու վարդյակներ:  Անհնար է չհիանալ նաև սենյակի ներքին հարդարանքով: Ըստ Միքայել հարությունյանի՝ դրանք հայ վերպետների աշխատանք են, ինչի մասին  վկայում են զարդանախշերում թաքնված հայկական մոտիվներն ու հավասարաթև խաչի պատկերները:Yerevan-Hanrapetutyan32-006 Ուշագրավ է հատկապես դիմային պատի վերին հատվածի որմնանկարների կենտրոնական՝ այսպես կոչված  հայկական գորգը: Եվ իսկապես՝ զարդանախշերը հիշեցնում են հայկական գորգերը, իսկ կենտրոնում առկա հավասարաթև երկու՝ մեծ և փոքր խաչերը դրա հայկականության հավաստիքն են: Ուշագրավ են նաև մուտքի վերևի կամարի որմնանկարները, որտեղ հանդիպում են կենդանիների ու հավքերի պատկերներ: Հայ վարպետները որմնանկարները հարստացրել են նաև պարսկական մոտիվներով՝ ծաղկային էլեմենտներով ու զարդագոտիներով: Տիպիկ պարսկական մոտեցում է առաստաղի հայելապատ վարդյակը և պատերի ներքևի հատվածում հանդիպող կրկնվող ծաղկեփնջերը:

Պարզվում է՝ երկար տարիներ Երևանում ապրելով՝ մենք դեռ շատ բան ունենք բացահայտելու մեր քաղաքի մասին: Ներկայացնում եմ լուսանկարներ, բայց նաև հուսով եմ, որ Հանրապետության փողոցով քայլելիս անպայման մի պահ կանգ կառնեք 32 հասցեում գտնվող այս փոքրիկ բայց շքեղ շինության առջև:

Լուսանկարները՝ Հասմիկ Բարխուդարյանի



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով