+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Կարպետները հայկական գորգագործական մշակույթում


Մարդկության խոշոր նվաճումներից մեկը ոստայնանկությունն է: Հին աշխարհում, հատկապես Ասիայի այն վայրերում, որտեղ ժողովուրդները զբաղվում էին անասնապահությամբ, մասնավորապես ոչխարաբուծությամբ, լայնորեն զարգացել են մանածագործությունը, ջուլհակությունը և կարպետագործությունը:

Կարպետագործությունը գորգագործության նման գալիս է դարերի խորքից, սակայն այն  ունի ավելի հին պատմություն: Կարպետագործության համար հում նյութ է հանդիսացել ոչխարի, ուղտի բուրդը, այծի փափուկ մազը (դֆտիկ), բամբակը, մետաքսը: Վասպուրականում, օրինակ՝ օգտագործել են «չուռ» կոչվող այծի մազը (կյաժը), բուրդը, կանեփը, վուշը, բամբակը, մետաքսաթելը:

Կարպետի զանազան տեսակներ են կիրառվել: Դրանցից են, օրինակ, մեզարները (նուրբ, բարակ, ոչ խիտ գործվածք), որոնք կիրառվել են լավաշի խմորի գնդերը ծածկելու համար և գործվել են ինչպես կտավը:

Կարպետ. Արցախ-Սյունիք

Կարպետ. Արցախ-Սյունիք

Սկզբում այն գործվել է խսիրի ձևով: Սերիկ Դավթյանի կարծիքով, մեզարը ոստայնանկությունից անցումն է կարպետագործությանը: Մեզարները լինում են միմյանց հաջորդող նեղ ու լայն շերտերով `դասավորված վերից վար: Մեզարները նաև յուրահատուկ են նրանով, որ դրանց հիմնաթելերը լինում են գունավոր: Հիմնականում տարածված են եղել Հայաստանի բոլոր շրջաններում, ինչպես օրինակ Դիլիջանում, Արցախում:

Ջեջիմը (ճիմ-ճիմ) (բազմագույն, նախշավոր, խիտ գործվածք է) ծառայում էր որպես փռոց, դրանով կարում էին նաև ներքնակի երես: Ջեջիմները մեզարների նման ունեն գործելու գրեթե նույն տեխնիկան: Նախշերը ստեղծում էին առանձին թելով` փայտիկների միջոցով: Փայտիկներն օգնում էին գործվող նախշի հաշիվը պահելու համար: Ջեջիմի նախշերը հիմնականում լինում են ուռուցիկ: Նախշավոր ջեջիմները գործվել են օժիտի համար:

Երկկողմանի («մատնաքաշ») կարպետները ամենաշատն էին կիրառում կեցաղում: Այս տեսակի կարպետների հիմնաթելը միագույն է, գործվածքը` խիտ և բազմանախշ, երբեմն` շերտավոր կամ կրկնվող նախշերով: Կարպետի երկու կողմում նույն զարդանկարն է, նախշերը խոշոր են, գույնզգույն և հստակ: Ի տարբերություն մեզարների և ջեջիմների սրանք հիմնականում ունեն եզրագոտիներ և կենտրոնական հատված: Վերջիններս  հորինվածքով մոտ են գորգերին և իրենց մեջ կրում են զարդաձևերի ամենահին տեսակները և գաղափարները:

Կարպետ. Արցախ-Սյունիք

Կարպետ. Արցախ-Սյունիք

Դրանց մեջ առավել աչքի են ընկնում խոշոր մեդալիոնները, խաչաձև զարդանախշերը, թռչնային, կենդանական նաև բուսական զանազան զարդաձևեր: Երկկողմանի կարպետներում կիրառում էին բամբակյա և մետաքսյա թելեր:

Դրանց կիրառության սահմանները բազմազան են. գցում էին հատակին, փռում անկողնու տակ կամ կախում էին պատից:  Կարպետները կիրառվել են՝  որպես ննջեցյալի տապան, եղել են նաև աղոթքի կարպետներ:

Գեղեցիկ են ինչպես Արցախի, այնպես էլ Սյունիքի, Լոռվա կարպետները: Կարպետների յուրահատուկ տեսակով առանձնացել են Վան-Վասպուրականը, Խոյ-Սալմասը, Կիլիկիան, Բարձր Հայքը, Սեբաստիան և այլն:

Արցախում համընդհանուր տարածում են ունեցել մեծադիր կարպետները, որոնք գործվել են օժիտի մեջ մտնող տոհմագորգերի, բազմականների, անկողնապարկերի հետ: Հատկանշականն այն է, որ դրանք ունեն դասական վիշապագորգերին բնորոշ չափեր երկու մետր լայնություն և մինչև ութ մետրի հասնող երկարություն: Արցախի և Սյունիքի գորգագործական կենտրոններին բնորոշ են Մեղվակարպետներները և Կրկենի կոչվող կարպետները, որոնց զարդանախշով ստեղծվել են նաև գորգեր: Արևագորգերին բնորոշ զարդանախշով կարպետներ էլ են ստեղծվել:  Վերը նշված տարածաշրջանին բնորոշ են թելթող տեսակի կարպետները:

Կարպետ. Լոռի

Կարպետ. Լոռի

Կարպետագործական հետաքրքիր նմուշներ են ստեղծվել այժմյան Լոռվա և Տավուշի տարածաշրջաններում: Այս շրջաններին բնորոշ են ոչ միայն երկրաչափական հորիվածքները, այլ նաև բուսական և կենդանական, թռչնային պատկերները:

 Մեծ տարածում են ունեցել եղնիկներով կամ սիրամարգներով ինչպես կարպետներն, այնպես էլ՝ գորգերը: Այս տարածաշրջաններում տարածված են եղել նաև նշազարդերով հարդարված կարպետները: Երկաչափական հարդարում ունեցող հորինվածքներից ամենատարածվածը կենաց ծառի պատկերն է, ոչ հաճախ բայց հանդիպում են նաև կանացի ֆիգուրներ:

Իրենց հորինվածքով և գունային գամմայով խիստ տարբերվում են Արևմտյան Հայաստանի կարպետները: Դրանք ունեն երկրաչափական մանր հարդարում, համեմատաբար ավելի մուգ գունավորում:  Մանր զարդանախշային ձևավորում ունեն նաև Խոյ-Սալմաստի, Ջուղայի կարպետները:

Այսպիսով 19-20-րդ դարերում և դրանից վաղ կարպետները հայկական կենցաղում կիրառվել են զանազան ձևերով և գուցե այդ է պատճառը, որ մենք այսօր ունենք այդքան տարատեսակ կարպետներ: Եվ յուրաքանչյուր կարպետ արտահայտում է իր ստեծման վայրի առանձնահատկությունը, պատմությունը և կարելի է ասել  նաև իրենց կենցաղը:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով