+374 99 12 80 82 Հինգշաբթի - 14 Նոյեմբեր 2019

Ի՞նչ ընթերցել, խորհուրդ է տալիս Արվեստագիրը. 20 գիրք հայ արվեստի վերաբերյալ


Հայկական մշակույթին և արվեստին  նվիրված տարբեր տարիներին և մինչև օրս լույս են տեսել մի շարք արժեքավոր գրքեր: Դրանց հեղինակների շնորհիվ լուսաբանվել են հայ արվեստի այս կամ այն ճյուղի՝ մինչև այդ բաց մնացած կողմերը, որոնք կարոտ էին լուրջ ուսումնասիրության: Արվեստագիրը` իր ողջ անձնակազմով առանձնացրել է մի շարք գրքեր, որոնք կհետաքրքրեն թե’ մասնագետներին և թե’ հայ արվեստով հետաքրքրվողներին, տալով նրանց բավականին շատ տեղեկություն, բավականին պարզ լեզվով:

Եվ  այսպես՝


Matenadaran-Armenian-manuscripts-1

С. С. Манукян, В. О. Казарян, Матенадаран, армянская рукописная книга, VI-XIV веков, Москва, 1991

Այս ռուսալեզու գիրքը ներկայացնում է Երևանի Մատենադարանում պահվող 6-14-րդ դարերի հայկական ձեռագրերը: Գրքում ներկայացված են բազմաթիվ ձեռագրեր՝ ամենայն մանրամասնությամբ: Նկարագրված են ձեռագրերի էջերը, տերունական պատկերները, լուսանցազարդերն ու գիրը: Տեքստն ուղեկցվում է եզակի ու լավ որակի վերատպություններով ու  պատկերներով, որոնք դժվար է գտնել այլ գրքերում:


Shahen-Khachatryan-Armenian-French-fine-art-2Շահեն Խաչատրյան, Ֆրանսահայ կերպարվեստ, Երևան, 1991

Գիրքն ընդգրկում է ֆրանսահայ կերպարվեստի զարգացման պատմությունը: Տրվում է արվեստագետների, այդ թվում Է. Շահինի, Հ. Գյուրջյանի, Վ. Մախոխյանի, Զ.Զաքարյանի, Գառզուի և այլոց ստեղծագործական դիմանկարները: Այն հարուստ է մեզ անհայտ նյութերով և տեղեկություններով:Ֆրանսահայ կերպարվեստին նվիրված առաջին ամբողջական աշխատությունն է մեզանում:


Hravard-Hakobyan-The-Vaspourakan-Miniature-3

Հրավարդ Հակոբյան, Վասպուրականի մանրանկարչություն, գիրք1, Երևան,1976

Այս աշխատանքի հեղինակը ներկայացնում է սոցիալ-մշակութային այն միջավայրը, որի հիմքի վրա ձևավորվել է Վասպուրականի մանրանկարչության ինքնատիպ ոճը: Իբրև առանձին հարցեր քննության են առնված Վասպուրականի դպրոցի սկզբնավորողներից մեկի՝ Սիմեոն Արճիշեցու, ինչպես նաև հայ միջնադարյան մշակույթի խոշոր կենտրոն՝ Աղթամարի 14-15 դդ. մանրանկարիչների գործերը՝ կապված ժամանակի գեղագիտական նախասիրությունների ու հասարակական -քաղաքական անցուդարձերի հետ:


Hravard-Hakobyan-The-Vaspourakan-Miniature-4

Հրավարդ Հակոբյան, Վասպուրականի մանրանկարչություն, գիրք2,  Երևան,1982

Աշխատության մեջ ներկայացված է 14-րդ դարի 30-ական թվականներից մինչև 15դ. 50-60-ական թթ. ստեղծագործած նկարիչների կյանքն ու գործունեությունը:


Levon-Chookaszyan-Grigor-Tsakhkogh-5

Լևոն Չուգասզյան, Գրիգոր Ծաղկող, Երևան, 1986

Ուսումնասիրությունը նվիրված է հայ մանրանկարչության բացառիկ հուշարձաններից մեկի՝ Թարգմանչած Ավետարանի, 1232թ. պատկերազարդմանը: Աշխատության մեջ հետազոտված են ձեռագիրը ձևավորող Գրիգոր Ծաղկողի ժառանգության պատկերագրական և ոճական առանձնահատկությունները, նրա կապերը հին ավանդների և իր ժամանակի արվեստի հետ:


Gold-of-ancient-Armenia-6

Հին Հայաստանի ոսկին ,Երևան, 2007

Գիրքն ընդգրկում է Մ․Թ․Ա 3-րդ հազարամյակից մինչև Մ․Թ․ 14դար, Հայկական լեռնաշխարհում գտնվող տարբեր հնավայրերից հայտնաբերված ոսկե և մասսամբ ոսկե առարկաներ։Տրվում է ոսկե գտածոների նկարագրությունն ու հայտնաբերման պատմությունը,ինչպես նաև քննվում է ոսկին ՝տվյալ ժամանակաշրջանի աշխարհընկալման համակարգում։ Գիրքն արժեքավոր է նաև իր մեջ պարունակող լուսանկարներով։


Hamlet-Petrosyan-The khachkar-7

Համլետ Պետրոսյան, Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, 2008

Ինչպես հուշում է վերնագիրը՝ աշխատությունը նվիրված է խաչքարային մշակույթին՝ ծագմանը, գործառույթին , պատկերագրությանը ։ Գիրքը հարուստ է բարձրորակ ,թվային լուսանկարներով։


History-of-Armenian-art-8

Արարատ Աղասյան, Հրավարդ Հակոբյան, Մուրադ Հասրաթյան, Վիգեն Ղազարյան,Հայ արվեստի պատմություն, Երևան, 2009

Գիրքն ավելի շատ ճանաչողական բնույթ ունի:Մասնագետները բավականին հանրամատչելի լեզվով ներկայացրել են հայկական կերպարվեստի, ինչպես նաև ճարտարապետության պատմությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:


Henrik-Igityan-Armenian-palette-9

Հայկական գունապնակ, 20-րդ դար, Երևան 2004թ.:

Անգլալեզու և Ռուսալեզու այս գիրքը արվեստաբան Հենրիկ Իգիթյանի երկահատորյակի առաջին մասն է, որտեղ ներկայացված են 20-րդ դարի հայ կերպարվեստի ականավոր ներկայացուցիչները:  Արվեստագետների կենսագրությունն ուղեկցվում է լավ որակի վերատպություններով և հենրիկ Իգիթյանի հեղինակած վերլուծական տեքստերով: Գիրքը հիանալի ուղեցույց է 20-րդ դարի և հատկապես 1960-80-ական թվականների հայ կերպարվեստի ուսումնասիրողների համար:


Henrik-Igityan-Armenian-palette-new-generation-10

Հենրիկ Իգիթյան, Հայկական գունապնակ, նոր սերունդ, Երևան 2005թ.:

Անգլալեզու և Ռուսալեզու այս գիրքը արվեստաբան Հենրիկ Իգիթյանի երկահատորյակի երկրորդ մասն է, որտեղ ներկայացված են հայ ժամանակակից արվեստի՝ 1990-ական թվականների երիտասարդ արվեստագիտական սերնդի ներկայացուցիչները: Գրքում տեղ են գտել արվեստագետների կենսագրություն ու ստեղծագործությունների ըտրանի: Այս ամենից բացի,  ընթերցողին են ներկայանում մի շարք արվեստաբաններ՝ ներ սերնդի արվեստագետների ամսին վերլուծական փոքրածավալ տեքստերով: Գիրքը հինալի ուղեցույց է հայ ժամանակակից արվեստն ուսումնասիրողների համար:


Stream-of-Fire-New-art-from-Armenia-11

Stream of Fire, New art from Armenia, Cyprus, 1995

Կիպրոսում հրատարակված այս անգլալեզու գիրքը հայ ժամանակակից արվեստի՝ 1990-ականների նոր արվեստագիտական սերնդի նոր մոտեցումների մասին պատմող հիանալի ուղեցույց է: Գրքում տեղ գտած արվեստագետների կարճ կենսագրական ակնարկից զատ կարելի է ծանոթանալ նաև նրանց ստեղծագործությանը և թերթել ստեղծագործությունների վերատպությունների ընտրանին:


Garegin-Hovsepyan-Amenaprkich-of-Havuts-Tar-and-other-similar-monuments-of-the-Armenian-art-12

Գարեգին Հովսեփյանը, Հաւուց Թառի Ամենափրկիչը եւ նոյնանուն յուշարձաններ հայ արուեստի մէջ, 1937, Երուսաղեմ

Այս աշխատության մեջ Գարեգին Հովսեփյանը խոսում է  ոչ միայն հայ փայտարվեստի «Ամենափրկիչ» անունը կրող հուշարձանի ու միջնադարյան Հայաստանի  նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոնի՝  Հավուց Թառի նույնանուն վանքային համալիրի,  այլ նաև հայկական «Ամենափրկիչ» խաչքարերի մասին:  Գիրքը նվիրված է ակադեմիկոս Նիկողայոս Մառի հիշատակին:


Bezalel-Narkiss-Armenian-Art-treasures-of-Jerusalem-13

Բեզալել Նարկիզ, Երուսաղեմի հայկական արվեստի գանձերը (Armenian Art treasures of Jerusalem),  1979

Աշխատությունը նվիրված է Սիրարփի Տեր-Ներսիսյանին, անգլերենով է: Գրքի պատկերազարդումն արված է Մայքլ Սթոնի կատալոգի հիման վրա: Գրքում տեղ  գտած պատկերները ներկայացնում են Երուսաղեմում պահվող հայ արվեստի գանձերը՝ կիրառական արվեստի նմուշներ, Երուսաղեմի հայկական խճանկարները, ձեռագրերի բացառիկ մանրանկարներ:  Պատկերները զետեղված են գրքի շարադրանքին զուգահեռ:


Nona-Stepanyan-Armenian-Art-14

Նոնա Ստեփանյան,Հայաստանի արվեստը (Искусство Армении),  Երևան, 1989

Բացառիկ մի աշխատություն է:  Հեղինակն անդրադարձել է միջնադարյան Հայաստանի արվեստին. խոսվում է ինչպես քանդակագործական արվեստի, այնպես էլ մոնումենտալ գեղանկարչության ու մանրանկարչության մասին, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի: Ներկայացված է  նաև ուշ միջնադարյան և նոր շրջանի հայ արվեստը, լավագույն օրինակներով  խոսվում է  16-18-րդ, ապա 19-20-րդ դարերի հայկական գեղանկարչության մասին: Եվ վերջապես <<Խորհրդային Հայաստանի կերպարվեստը>>` 1920-1940-ական, 1941-1960-ական և 1960-80-ական թթ..


The-Vishap-Karakotoghs-15

Վիշապ քարակոթողները, խմբ.՝ Ա. Պետրոսյան, Ա. Բոբոխյան, Երևան, 2015

Հայկական Լեռնաշխարհում՝ հիմնականում բարձրադիր լեռներում, պահպանվել են հայոց վիշապ կոթողները: Այս ժողովածուում զետեղված են Հայկական Լեռնաշխարհի բոլոր հայտնաբերված վիշապաքարերը, որոնք գնտվել են ամենատարբեր վայրերից և որ ամենահետաքրքրիրն է ամենատարբեր հանգամանքներում: Գրքում մանրամասն զննվում են վիշապների տիպերը և միջավայրերը , ինչպես նաև ասյտեղ տեղ են գտել առասպելական, ազգագրական, հնագիտական նոր տվյալների հետազոտություններ:Գիրքը կհետաքրքրի բոլորին:


Siranush-Galstyan-Look-at-our-cinema-16

Սիրանուշ Գալստյան, Հայացք մեր կինոյին.պատմությունը և ներկան , Երևան, 2011

Աշխատությունն ընդգրկում է հայ կինոյի պատմության ընթացքը` հիմնադրումից մինչև մեր օրերը: Նախատեսված է մասնագետների, ուսանողության և արվեստասեր հասարակության համար: Անցյալում գրված գրքերի, գրականության և հեղինակների ուսումնասիրությունների և սեփական կարծիքի միաձուլումից կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սիրանուշ Գալստյանը ստեղծելէ բովանդակ մի աշխատություն` անդրադառնալով հայ կինոյի երախտավորներին, բոլորիս քաջ հայտնի և գուցե շատերիս համար դեռ չբացահայտված հայկական բոլոր ֆիլմերին: Ֆիլմերի նկարագրական և վերլուծական ուսումնասիրությունների, տպագրված գունավոր պատկերների շնորհիվ ընթերցողը կարծես ակամա դառնում է յուրաքանչյուր ֆիլմի գործողությունների անմիջական մասնակիցը:


Varazdat-Arutunian-History-of-Armenian-architecture-17

Վարազդատ Հարությունյան, Հայաստանի ճարտարապետության պատմություն, Երևան, 1992

Գիրքը հարուստ նյութ է հանդիսանում հայկական ճարտարապետության ուսումնասիրման համար։ Այն բովանդակում է հայ ժողովրդի բազմադարյան շինարվեստի, քաղաքաշինական և ճարտարապետական մշակույթի համառոտ պատմությունը:


Vahagn-Grigoryan-The-small-early-Medieval-monuments-of-Armenia-18

Վահագն Գրիգորյան, Հայաստանի վաղ միջնադարյան փոքր հուշարձանները, Երևան, 1982

Գրքում քննության են առնվում հայկական գմբեթավոր հորինվածքների նախնական օղակը ներկայացնող 5-7-րդ դարերի կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները։ Վերջիններս դիտարկվում են հորինվածքային, կոնստրուկտիվ և դեկորատիվ լուծումների հետ առնչվող հարցերի տեսանկյունից:


Stepan-Mnatsakanyan-Zvartnots-and-other-similar-monuments-19

Ստեփան Մնացականյան, Զվարթնոցը և նույնատիպ հուշարձանները, Երևան, 1971

Հեղինակն անդրադարձել է հայկական դասական ճարտարապետության գլուխգործոցին` Զվարթնոցի տաճարին, և նրա հորինվածքին հարող կովկասյան այլ հուշարձաններին։ Գրքում խոսվում է զվարթնոցատիպ տաճարների ուսումնասիրության մասին։ Այստեղ քննվում են նաև վերջիններիս ծագման, սիրիական և բյուզանդական համանման հուշարձանների հետ ունեցած առնչության հարցերը:


Ruben-Angaladyan-Armenian-avant-garde-inside-totalitarianism-20

Рубен  Ангаладян, Армянский авангард внутри тоталитаризма 2006 (Ռուբեն Անգալադյան, Հայկական ավանգարդը տոտոլիտարիզմի ներսում, 2006)

Մշակութաբան Ռուբեն Անգալադյանի հեղինակած այս ռուսալեզու և անգլալեզու գիրքը հայկական ավանգարդ արվեստը ներկայացնող ծավալուն աշխատություն է: Նախաբանում  հեղինակի կողմից ներկայացված է հայ մշակույթի ընդհանուր համայնապատկերը 1960-80-ական թվականներին: Այնուհետև ներկայացված են հայկական ավանգարդի ականավոր դեմքերը, նրանց ստեղծագործություններն ու ռուբեն Անգալադյանի վերլուծական խոսքը յուրաքանչյուրի մասին:

Շարունակելի…



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով