+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Հայտնի արվեստագետներից մինչև հասարակ հայ գեղջուկներ. Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարները


 Հայ գեղանկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը (1922-2005)` տաղանդավոր արվեստագետ, «թիֆլիսյան դպրոցի» ականավոր ներկայացուցիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դուստրը, ով իր մասնագիտական կրթությունը ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանում և Մոսկվայի Վ. Սուրիկովի անվան ինստիտուտում, իր 60 տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում կատարել է բնանկարներ, նատյուրմորտներ. սակայն առավել ուշագրավ են նկարչուհու վրձնած դիմանկարները: Լավինիայի տաղանդը հատկապես դրսևորվել է այս ժանրի աշխատանքներում:

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան,  Ինքնադիմանկար, 1978

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան,
Ինքնադիմանկար, 1978

Դիմանկարը գրավել է նրան իր ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում: Իր դիմանկարներում նկարչուհին պատկերել է բոլոր այն մարդկանց, ում ինքը սիրել է, ովքեր տպավորել են նրան իրենց ինքնատիպությամբ, հոգու գեղեցկությամբ և ներքին արժանապատվությամբ: Որոշ նկարիչներ իրենց դիմանկարներում ուշադրություն են դարձնում մարդու արտաքին նմանությանը՝ մոռանալով արտահայտել ներաշխարհը, ոմանք էլ ստեղծում են ընդհանրացված կերպար՝ չկարևորելով արտաքինը: Լավինիան իր դիմանկարներում պարտադիր պայման է համարում նմանությունը, պահպանում է բնորդին բնորոշ արտաքին հատկանիշները և բաց չի թողնում ոչ մի մանրամասն՝ կերպարն անհատականացնելու համար: Նա նշել է. «Եթե նման չէ, նշանակում է չեմ սիրել բնորդին»: Բնորդը հուզում է նրան որպես արտաքին ու ներքին ձևի ամբողջություն:  Լավինիային հաջողվել է թափանցել բնորդի ներաշխարհ, նրա հետ ներքին երկխոսության մեջ մտնել: Նկարչուհին մանրակրկիտ ուսումնասիրել է պատկերվողին, «յուրացրել» նրա աշխարհն ու հասել միայն տվյալ անհատականությանը բնորոշ արտաքին ու ներքին գծերի վերհանման: Լավինիայի տաք գույներով հագեցած կտավներից դիտողին են նայում շքեղությունից զերծ, անմիջականությամբ, անկեղծությամբ, կենդանի բնավորություններով, ներքին ներդաշնակությամբ աչքի ընկնող կերպարներ [1, էջ 7]: Սրանք շփման մեջ մտնելով դիտողի հետ, պատմում են իրենց մասին, զրուցում վերջինիս հետ: Լավինիայի կատարած դիմանկարներում կա ներքին դինամիկա: Նկարչուհին ուշադրություն է դարձնում դեմքերին, ձեռքերի կատարմանը: Լավինիայի դիմանկարներում չկա իդեալականացման ոչ մի նշույլ:

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան,  Մինաս Ավետիսյանի դիմանկարը,1965

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան,
Մինաս Ավետիսյանի դիմանկարը,1965

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան,  Մարտիրոս  Սարյանի դիմանկարը,1972

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան,
Մարտիրոս Սարյանի դիմանկարը,1972

    Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը, մտերիմ լինելով իր ժամանակի հայկական ու ռուսական կերպարվեստի կարկառուն ներկայացուցիչների հետ, ստեղծել է վերջիններիս դիմանկարները: Բացի արվեստագետ ընկերների դիմանկարներից` նա  ստեղծել է նաև իր ու իր հարազատների դիմապատկերները:

           Կատարողական մեծ վարպետությամբ են աչքի ընկնում Մինաս Ավետիսյանի (1965), Արա Շիրազի (1970), Մարտիրոս Սարյանի (1972), նկարչուհի Նանա  Գյուլիքևխյանի (1972), Ռոբերտ Էլիբեկյանի (1979)  և այլոց  դիմանկարները, որոնցում պատկերված անձինք` անվանի արվեստագետներն օժտված են իրենց ինքնությունը մեկնող արժանապատվությամբ, ներքին հպարտությամբ: Այս նկարներում որսված է տիպականը:

     Իր հարազատներին` հորը, եղբորը, քրոջը, ամուսնուն, դստերը, թոռնուհիներին պատկերող դիմանկարներում Լավինիան արտահայտել է նրանց հանդեպ տածած իր ողջ սերը: Հատկապես առանձնանում է հոր դիմանկարը, որտեղ,  չնայած տարիքին՝ պատկերված մարդը` անվանի նկարիչը, լի է եռանդով, ամրությամբ, վճռականությամբ, կենսական ուժով:

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան,  Հոր`  Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարը, 1960

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան,
Հոր` Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարը, 1960

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Զուլեյկայի դիմանկարը,1971

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան,
Զուլեյկայի դիմանկարը,1971

                          Մեծ թիվ են կազմում քրոջ` Զուլեյկայի դիմանկարները, ուր կերպարում իշխում են կանացիությունն ու քնքշությունը: Համեմատելով Զուլեյկայի դիմանկարները Լավինիայի ինքնանկարների հետ, նշենք, որ քրոջը պատկերող աշխատանքները քնարական են, օժտված են նրբագույն կանացիությամբ` ի տարբերություն Լավինիայի առնական ու խստադեմ ինքնանկարների. վերջիններում նա իրեն ներկայացրել է  եռանդուն, ոգեշնչված, չկա իդեալականացում:

        Լավինիայի դիմանկարների շարքում առանձնանում են նաև հայ գյուղացիներին պատկերող աշխատանքները: Նկարչուհին նշել է. «Ես սիրում եմ գյուղի մարդկանց իրենց պարզությամբ, կենսական ուժով, անմիջականությամբ, արևահար ու հողմահար դեմքով:

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան,  Տատը թոռան հետ,1968

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան,
Տատը թոռան հետ,1968

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան,  Քուչակ գյուղի ծեր կանայք, 1960

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան,
Քուչակ գյուղի ծեր կանայք, 1960

Չի կարելի անտարբեր լինել այդպիսի մարդկանց նկատմամբ և մեծագույն բերկրանք է նրանց պատկերելը»: Այս դիմանկարներից դիտողին են ներկայանում տապից այրված մաշկերով, կոշտ, աշխատավոր թուխ ձեռքերով, խոր, թախծոտ հայկական աչքերով, արևից թրծված ճակատներով մարդիկ [2, էջ 4]: Նրա պատկերած հայ գեղջկուհիները անսեթևեթ կանայք են՝ առանց դիմափոշու, առանց շրթներկի, պարզ, բնական ու բնության պես գեղեցիկ [3, էջ 5]: Նրանց գլխաշորերի, շալերի մեջ է նկարչուհին տեսնում իրական գեղեցկությունը: Այս խմբի աշխատանքների մեջ առանձնանում է մի գործ, ուր Լավինիան մարդու հանդեպ ունեցած իր սերն արտահայտել է շատ նուրբ, շոյող հումորով: Այս աշխատանքը խմբակային դիմանկարի հիանալի օրինակ է:

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան,  Լուսագյուղցի աղջիկը, 1972

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան,
Լուսագյուղցի աղջիկը, 1972

Խոսքը «Քուչակ գյուղի ծեր կանայք» ստեղծագործության մասին է: Արևակեզ, լեռնային քամուց հողմահար դեմքերից դիտողին սևեռուն նայում են բարի, խաղաղ աչքեր: Այս խմբի դիմանկարներից են նաև «Տատը թոռան հետ» ստեղծագործությունը, «Լուսագյուղցի աղջկա դիմանկարը»` դեմքի գեղջկական անմեղ ու միամիտ արտահայտությամբ, «Վերմակ կարող կինը»՝ ձեռքի երակների թրթռումով, «Լավաշ թխող կինը»՝ թոնրահացի բույրը դեմքին և այլն:

Այսպիսով, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարների գլխավոր արժանիքը մարդուն պարզ և անպաճույճ ներկայացնելն է, կերպարը հոգեբանական վերլուծության ենթարկելը:

Գրականություն

  1. Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի ստեղծագործությունների կատալոգ, /Տեքստի հեղինակ՝ Հենրիկ Իգիթյան/,  Երևան, 1978:
  2. Խաչատրյան Շ., Հողաշունչ գունաշխարհ – «Գրական թերթ», Երևան, 1979, № 21, էջ 4:
  3. Մատինյան Ջ., Կյանքի հավատամքը – «Հայրենիքի ձայն», Երևան, 1969, 22 հոկտեմբերի, էջ 5:
  4. Սիլվիա Մանուչարյանի դիպլոմային աշխատանք, Երևան, 2012:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով