+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Հայկական կիրառական արվեստի հիմնադիրը. Հռիփսիմե Սիմոնյան


         Հռիփսիմե Սիմոնյանը (1916-1998) ՀՀ ժողովրդական նկարչուհի, քանդակագործ-խեցեգործ է, ով ծնվել է Կարսում:  Նա 1945-ին ավարտել է Վրաստանի Գեղարվեստի ակադեմիայի քանդակի դասարանը (պրոֆ. Յա. Նիկոլաձե) և ստացել նկարիչ-խեցեգործի կոչում: 1956-ից Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում խեցեգործության դասընթացներ է վարել: 1960-ին արժանացել է վաստակավոր նկարչի պատվավոր կոչման: Հռիփսիեմե Սիմոնյանը կիրառական արվեստի հիմնադիրն է Հայաստանում: Նրա ստեղծագործությունը հայ դեկորատիվ-կիրառական արվեստի ամենանշանակալի արտահայտություններից մեկն է։ Նրա ոգեշունչ, դեկորատիվ ուժով լեցուն աշխատանքներում հնչում է հայ հնադարյա մշակույթի հանդեպ սերը։ Հռիփսիմե Սիմոնյանը ձգտել է հայկական դեկորատիվ արվեստ ներբերել գեղարվեստական ժառանգության մեջ եղած լավագույնը։ Նա ընդունել է ավանդները ոչ թե որպես ինչ-որ անփոփոխ մի բան, այլ որպես կենդանի, արդիականության պահանջով անընդհատ հարստացող իրողություն։

Hripsime-Simonian-002

Հռիփսիմե Սիմոնյան,
Վանեցի աղջիկը, 1975, հրակավ, բազալտ

Hripsime-Simonian-001

Հռիփսիմե Սիմոնյան,
Մայրություն, 1974, հրակավ

Նրա արվեստում գլխավորը ձևի նոր ըմբռնումն է՝ արտահայտված ժամանակի դեկորատիվ արվեստին հատուկ պարզորոշ հակիրճությամբ և առարկաների ու քանդակների մեջ գույնի ուժն ու հնչողությունը զորացնելու ցանկությունը՝ նյութի բնական գեղեցկությունը պահպանելու ձգտմանը զուգորդված [1, էջ 6]։  Սիմոնյանի արվեստի ամենագլխավոր գիծն այն է, որ նրա գործունեության ընթացքում երբեք չի  նկատվել  ստեղծագործական նախորդ փուլերի  կրկնություն.  ամեն անգամ նա հայտնաբերել է իր համար մինչ այդ անծանոթ տեխնիկաներ, կերպարներ։

       Հռիփսիմե Սիմոնյանն աշխատել է փոքր քանդակի ասպարեզում, նաև պատրաստել կենցաղային դեկորատիվ ամանեղեն, ստեղծել թռչնակերպ առարկաներ, ընտրել տարբեր իրեր, դրանք զարդարել բարձրաքանդակ նախշերով, նկարներով: Նրա բոլոր ստեղծագործություններին բնորոշ են արտահայտիչ լուծումները։ Նրա գործերը բանաստեղծական են, զգացմունքով ներթափանցված։ Սիմոնյանը եղել է նուրբ ճաշակի տեր արվեստագիտուհի: Նրա խեցեգործությունը օրգանական է, նրա կերպարները հուզում են, կլանում առանձնահատուկ դեկորատիվ վերապրումով և ջերմությամբ։

     Կերամիկայից Սիմոնյանը պատրաստել է բազմազան ու երփներանգ իրեր՝ դեկորատիվ սափորներ, ծաղկամաններ ու եղնիկներ, սպասքներ ու ափսեներ:

      Արվեստագիտուհու խեցեգործական հորինվածքները զարդարող նկարների մեջ, ինչպես նաև քանդակային կերպարներում  հաճախ հնչում է մարդու թեման։ Նա ստեղծել է ազգային դեկորատիվ զգեստներ հագած հայ կանանց ու աղջիկների կերպարներ՝ պատկերելով նրանց բնորոշ խիստ ու վեհ գեղեցկությունը։ Նա հաճախ իր կժերի հիմքում նկարել է աղջկա դեմք՝ թանկարժեք գլխազարդով։

      Անդրադարձել է նաև հայ գրականությանը, ժողովրդական առասպելներին, Սայաթ Նովայի, Թումանյանի պոեզիային, Իսահակյանի  լիրիկային։

Hripsime-Simonian-010

Հռիփսիմե Սիմոնյան,
Դեկորատիվ անոթներ
, 1968-1970 թթ., հրակավ

Hripsime-Simonian-009

Հռիփսիմե Սիմոնյան,
Լիկյորի սպասք
, 1963

       Կավե, ճենապակյա ու հախճապակյա սկուտեղներ, կժեր, թասեր, գավաթներ, ափսեներ ստեղծելիս նա դիմել է թափանցիկ կամ խուլ գունային ջրաներկման։ Օգտագործել է վերականգնող կրակի տեխնիկան՝ նպատակ ունենալով ստանալ գեղանկարչական  էֆեկտներ, որ արտահայտվում են բազմազան երանգների խաղում մի գույնի մեջ մյուսի անորսալի թրթռուն ներթափանցությամբ։ Ստեղծել է կանացի մարմնի գծագրությամբ արված շատ անոթներ՝ հասնելով երանգավորման զարմանալի թավշյա փափկության։

      Սիմոնյանի արվեստը մշտապես գրավել է վառ արտահայտված ազգային բնույթով [2, էջ 43]: Հին հայկական մանրանկարչությունից սերած մի մոտիվ է այս արվեստագիտուհին օգտագործել՝  կանացի գլխով կախարդական  թռչուններ, որ օրորվում են ճյուղերի վրա, վարդակապ ծաղիկների մեջ։ Այս պատկերը  հաճախ է հանդիպում նրա դեկորատիվ ափսեների վրա՝  կոբալտով նկարված։

         Հռիփսիմե  Սիմոնյանի պատրաստած ամանեղենի և քանդակ ամանեղենի շարքում հայտնի գործեր են՝ Լիկյորի սպասք <<Խնձորեսկ>> (1963,  կավ, վերականգ. ջրաներկ),  Գինու աման <<Հեղինե>> (1964, կավ, վերականգ. ջրաներկ), Մաճարի աման <<Երեկո>>  (1964, շամոտ, օքսիդիչ ջրաներկ) և այլն։

    Դիմաքանդակներից  նշենք նրա մոր ու հոր դիմաքանդակները տերակոտայից։

Hripsime-Simonian-003

Հռիփսիմե Սիմոնյան,
Արմենուհի, 1968 (տեղադրվել է 2009-ին)

Hripsime-Simonian-006

Հռիփսիմե Սիմոնյան,
Վանա աղջիկը,1969,
փայլաներկ, հրակավ,ջնարակում

    Ունի <<Հայկական ժողովրդական պարեր>> կոչվող քանդակաշար (<<Նազելի>>, <<Քելե-քելե>>, <<Աղջիկն ու եղնիկը>> և այլն)։

     Դեկորատիվ քանդակներից են՝ <<Թամար>> (1964, շամոտ, անգոբա), <<Աղջիկների պարը>> դեկորատիվ սափորը ինտերիերի համար, <<Կլոր պար>> կոչվող դեկորատիվ սափորը զբոսայգու համար (1964, շամոտ, ջրաներկ, փորագրում), <<Հայուհի>> կոչվող պատվանդանը ծաղիկների համար (1964 շամոտ, ջրաներկ) և այլն։

      Նախշանկար դեկորատիվ ափսեներից և սկուտեղներից նշենք <<Անուշ>> (1950),  <<Փյունիկ>> (1955), <<Հայկական օրնամենտ>> (1953) ճենապակյա ափսեները, <<Զանգեզուրցի կոլտնտեսուհին>> (1960),  <<Թախծում եմ քեզ համար>> (1961), <<Նաիրյան աղջիկը>> (1962) , <<Ընկերուհիներ>> (1966) սկուտեղնեը։

        Հատկապես ուշագրավ են արվեստագիտուհու հրակավե արձանները, որոնցից <<Մայրություն-ը>>  Երևանում, ավելի կոնկրետ Նորքի II զանգվածում  տեղադրվել է 1974-ին, <<Վանեցի աղջիկը>>՝ Աբովյան փողոցում 1975-ին, <<Արմենուհի>> քանդակը (ստեղծվել է 1968թ.)՝ Սիրահարների այգում 2009-ին: Սիմոնյանը կարողացել է շաղկապել  դեկորատիվ արվեստը ճարտարապետության հետ:

     Ունի նաև ջրանկարներ՝ <<Վառ կարմիր վարդեր>>, (1945), <<Լիճ Արագածի վրա>> (1950), <<Անձրևից առաջ>> (1962), <<Դվինի լեռները>> (1965) և այլն։

Hripsime-Simonian-007

Հռիփսիմե Սիմոնյան,
Ախթամար, դեկորատիվ քանդակ,1964

Hripsime-Simonian-005

Հռիփսիմե Սիմոնյան,
Զանգեզուրցի կինը

     
Սիմոնյանի գործերը պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Հովհաննես  Թումանյանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններում, նաև Կուսկովոյի կերամիկական թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Լենինգրադի ազգագրական թանգարանում և այլուր:

   Այսպիոսվ, Հռիփսիմե Սիմոնյանն իր անգնահատելի վաստակն ունի դեկորատիվ-խեցեգործական արվեստի զարգացման մեջ։ Նա ինքն է հիմնադրել Հայաստանոմ արվեստի այս ձևը:




Աղբյուրներ՝

1. Հռիփսիմե Սիմոնյան: Ցուցահանդեսի կատալոգ / խմբ. Ա. Տոնիկյան/, Երևան, 1966:

2. Հովհաննիսյան Ռ., Երկու ցուցահանդես – <<Սովետական, արվեստ>>, Երևան, 1967, № 3, էջ 40-48։



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով