+374 99 12 80 82 Ուրբաթ - 15 Նոյեմբեր 2024

Հայ իմպրեսիոնիստների արվեստը Մոսկվայում


Մարտի 25-ին Մոսկվայի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում բացվելու է «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը, որը մոսկովյան հանդիսատեսին կծանոթացնի «հայկական իմպրեսիոնիզմ» երևույթին: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Ազգային պատկերասրահից: 

Ցուցահանդեսի կազմակերպիչները նշում են, Հայաստանը հայտնի է ամբողջ աշխարհին իր վեհասքանչ լեռներով, միջնադարյան փառահեղ տաճարներով, ավանդական հիանալի խոհանոցով, Արշիլ Գորկու սքանչելի կտավներով, Սերգեյ Փարաջանովի կինոպատկերներով: Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանը այժմ ներկայացնում է հայ արվեստագետներին, որոնք յուրացրել են ֆրանսիական իմպրեսիոնիզմի լավագույն ավանդույթները և որոնց ստեղծագործություններն իրենց արժանիքներով չեն զիջում Էդուար Մանեի, Էդգար Դեգայի և Օգյուստ Ռենուարի կտավներին:

Artworks-of-Armenian-Impressionists-in-Moscow

Եղիշե Թադևոսյան, Տրապիզոնի նավակները, 1906

Arsen-Shabanyan-1898

Արսեն Շաբանյան, Նորմանդացի ձկնորսներ, 1898


Հայկական իմրեսիոնիզմն իբրև ուրույն երևույթ ձևավորվել է XIX դ. վերջին ու XX դ. սկզբին: Նոր քաղաքակրթության, լուսավորչական գաղափարների օրրան Ֆրանսիան հիմնարար դեր է խաղացել հայոց մշակութային կյանքում: Հայ գեղարվեստի զարգացման հարցում որոշակի նշանակություն է ունեցել նաև ռուսական գեղանկարչական դպրոցը, քանի որ բազում հայ նկարիչներ սովորել են Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում ժամանակի ականավոր ռուս վարպետների մոտ (Վասիլի Պոլենով, Կոնստանտին Կորովին, Վալենտին Սերով):

Rafael-Shishmanyan-1913

Ռաֆայել Շիշմանյան, Բնանկար, 1913

Martiros-Saryan-1903

Մարտիրոս Սարյան, Ախուրյանի կիրճում, 1903


«Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը ներկայացնելու է 19 արվեստագետների 54 աշխատանքներ, որոնք տրամադրում են Հայաստանի Ազգային պատկերասրահը, Երևանի Ռուսական արվեստի թանգարանը և մասնավոր հավաքածուատերեր:

Հանդիսատեսը կարող է ծանոթանալ համաշխարհային համբավ վայելող նկարիչներ Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, հայ իմպրեսիոնիզմի կարևորագույն վարպետ Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Սեդրակ Առաքելյանի և այլ արվեստագետների երկերի հետ:

Կհրատարակվի պատկերազարդ կատալոգ, որը հայկական իմպրեսիոնիզմը որպես գեղարվեստական երևույթ լուսաբանող հոդվածներից բացի կներառի ցուցադրվող վարպետների կենսագրական ակնարկներ ու հետաքրքրաշարժ փաստեր նրանց նկարների մասին: Տեղի կունենան դասախոսություններ, թեմատիկ բանավեճեր, երաժշտական երեկոներ, էքսկուրսիաներ:
Ցուցահանդեսը կգործի մինչև ս.թ. հունիսի 4-ը:

Աղբյուրը՝  panorama.am

http://www.panorama.am/am/news


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով