+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Գյումրին այսօր. Բեռտա Մարտիրոսյանի ցուցահանդեսը


2016թ. դեկտեմբերի 4-ին Զվարթնոց Միջազգային օդանավակայանում, այնուհետև դեկտեմբերի 14-ին Սարգիս Մուրադյան ցուցասրահում բացվեց լուսանկարչուհի Բեռտա Մարտիրոսյանի «Գյումրին այսօր» անհատական ցուցահանդեսը: Ներկայացաված սև ու սպիտակ ֆորմատով լուսանկարներում Բեռտան ընդգծել էր Գյումրի քաղաքի այժմյան իրավիճակը, որը հեռու էր ժամանակակից կոչվելուց: Ավելին` այն 1988թ. վիրավոր և պատառոտված Գյումրին է:

gyumri-today-005Բեռտայի խոսքերով այս շարքը ստեղծվել է շատ պատահական` Գյումրիում զբոսանքների արդյունքում: Նա տպավորվել էր քաղաքի ճարտարապետական այդ շինություններով, որոնք կորցրել էին իրենց գեղեցկութան երբեմնի հմայքը` ավերիչ երկրաշարժի արդյունքում: Պատկերված են քաղաքի գողտրիկ անկյունները` իրենց գեղեցիկ ճարտարապետական շինություններով, զարդարվեստային հրաշալի լուծումներով: Բեռտայի այս շարքում չկա մարդը (ի տարբերություն իր ավելի վաղ աշխատանքների): Փոխարենը կա մարդու հետքը` կախված լվացք, վարագույրով փակված պատուհան, սակայն չկա ձայն, շունչ, ծիծաղ: Ցուցահանդեսը ուղեկցվում էր այդ քաղաքի զավակ, աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի երաժշտությամբ, սակայն նկարները դուրս էին այդ ամենից: Քաղաքի այդ պատկերներում բացարձակ լռություն էր և անօգնականության զգացում: Կարծես այդ քաղաքը, որը տարիներ շարունակ եղել է «անհատականության» մարմնացում` թե’ իր բնակիչներով, թե’ իր ճարտարապետական կառուցվածքով, այսօր նույնպես վեհ ու ամուր կանգնած է, սակայն վիրավոր է, ճաքած ու անտարբերության մատնված: Նայելով այդ ամենին սկսում ես ինքդ քեզ մեղադրել, որ թողել ես այդ մարդկանց, կերտվածքները, այդ շենքերը նման իրավիճակում և մոռացել ես, որ այդ ամենը, բացի պետությունից, նաև ունի մեր խնամքի, սիրո կարիքը:

Բարեբախտաբար, այսօր Գյումրին հանրության ուշադրության կենտրոնական մասն է կազմում, և հուսանք, որ Բեռտայի այս լուսանկարները նույնպես կնպաստեն, վերջապես, այդ հրաշալի քաղաքի վերակենդանացմանը` բոլոր ասպեկտներում:

Շնորհավորում ենք Բեռտա Մարտիրոսյանին ցուցահանդեսի կապակցությամբ և սպասում ենք հետագա լուսանկարչական շարքերի:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով