Վերջին շրջանում հայ ընթերցողի սեղանին դրվեց համաշխարհային գրականության գոհարներից ևս մեկը՝ Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» ստեղծագործությունը, նորաբաց «Դարակ» հրատարակչության կողմից: Վիրջինիա Վուլֆը 20-րդ դարասկզբի մոդեռնիստական գրականության վառ ներկայացուցիչներից է, Բլումսբերի խմբավորման անդամ: Նրա ամենահայտի ստեղծագործությունեից է «Սեփական սենյակը», որ ֆեմինիստական գրականության վառ օրինակներից է համարվում: Իր ուղին դեռ նոր սկսած «Դարակ» հրատարակչության տնօրեն Արմեն Գասպարյանի հետ զրուցեցինք հրատարակչության, գրիքերի ու Վիրջինիա վուլֆի մասին…
-Պատմեք «Դարակ» հրատարակչության գաղափարի, ստեղծման ու նպատակների մասին…
– Մենք նկատում ենք, որ Հայաստանն ունենալով փոքր ռեսուրսներ, շատ հաճախ գրահրատարակչական ոլորտում չի հասցնում ժամանակին արձագանքել համաշխարհային գրականության միտումներին: Այս փոքր ռեսուրսներն էլ պատճառ են դառնում, որ հայաստանյան հրատարակչությունները ոչ թե կոնկրետ գաղափարական խնդիրներ դնեն իրենց առջև, այլ ավելի շատ փորձում են բացերը լրացնել: Շատ բացեր կան, որոնք մենք ևս փորձելու ենք լրացնել և մեր լուման ունենալ մեր ռեսուրսներով: Մյուս կողմից փորձելու ենք մեր հրատարակած գրքերով բարձրացնել հանրության մեջ հրատապություն ունեցող խնդիրներ, ինչպես նաև խրախուսել գրականություն մուտք գործող նոր անուններին:
-Որքանո՞վ է դժվար, այսօր Հայաստանում հիմնել հրատարակչություն… գրականության պահանջարկի տեսանկյունից:
– Իհարկե, դժվար է: Հայաստանյան գրաշուկան չափազանց փոքր է, ինչը բացասաբար է անդրադառնում թե՛ գրողի, թե՛ թարգմանչի, թե՛ հրատարակչի, թե՛ գրավաճառի սոցիալական վիճակի վրա: Բայց եթե հավատում ես արածիդ կարևորությանը, չպետք է դժվարություններից վախենալ:
-Կա՞ն որոշակի ֆորմատներ, որոնց շրջանակներում գործում եք, թե պատրաստ եք հրատարակել ցանկացած գրականություն:
– Խորհրդային շրջանում կար մի ֆորմատ. տպագրվող գրքերը պետք է ծառայեին մի գաղափարախոսության: Բարեբախտաբար, այսօր այդ միակ ֆորմատի գաղափարը չկա, և մենք պատրաստ ենք տպագրել ցանկացած լա՛վ գրականություն: Մենք նկատում ենք նաև, որ այսօր էլ շատ լավ գրականություն տպագրվում է, սակայն դա շատ հաճախ չի հասնում ճիշտ հասցեատիրոջը: Հրատարակչության խնդիրն է նաև իր հրատարակած գրքերը ճիշտ հասցեատիրոջը հասցնելը, ընթերցողին մասնակից դարձնել այն գաղափարների քննարկմանը, որոնք մատուցվում է լավ գրականությամբ:
-Առաջինը հրատարկել եք Վիրջինա Վուլֆի «Սեփական Սենյակը» … Ինչու՞ հատկապես այս գիրքը առաջին հրատարակման համար…
– Մինչև այս գիրքը հրատարակել որոշելը, նախ որոշեցինք տպագրել մի մատենաշար, որտեղ ընդգրկված կլինեն միայն կին հեղինակներ և այդ գրականությամբ կբարձրաձայնվեն կանանց իրավահավասարության խնդիրները, ինչպես նաև կին հեղինակների միջոցով կբարձրաձայնվեն հասարակության մեջ առկա բազմաթիվ խնդիրների մասին: «Սաֆո» մատենաշարի բացման համար որոշեցինք տպագրել Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը», որը լավ նախաբան կլիներ մատենաշարի ընդհանուր միտվածությունը բացահայտելու համար:
-Գրքի ամենակարևոր ուղերձը ընթերցողին…
– Գրքի ամենակարևոր ուղերձները, կարծում եմ, խտացված են գրքի վերջին էջերում: Չեմ ուզում խոսել դրանց մասին, քանի որ ինքս գեղարվեստական այն հմայքով չեմ կարող արտահայտել դրանք, ինչպես Վուլֆն է արտահայտել: Գրականության ուժը գեղարվեստի մեջ է:
-Որքա՞ն ժամանակ է անցել գրքի՝ գրախանութներում հայտնվելուց ի վեր, և ինչ հաջողություններ եք գրանցել. հասցրե՞լ է արդյոք գիրքը դառնալ երևանյան բեսթսելլեր:
-Գրքի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է. այն եղել է նաև «Երևանյան բեսթսելլեր» նախագծի ամենավաճառված գիրքը, սակայն գրքի հաջողությունները պայմանավորված չեն միայն վաճառքի քանակով: Մեզ ավելի շատ ուրախացնում է այն հանգամանքը, որ ընթերցողները մեծ հետաքրքրությամբ ցանկանում են կիսել իրենց կարծիքները և նախաձեռնել են գրքի քննարկումներ, որոնց հրավիրել են նաև մեզ: Մեր նպատակը գրքում առաջ քաշվող խնդիրների բարձրաձայնում էր: Կարծում եմ` մենք հասել ենք դրան:
-Հրատարակչության հետագա պլանների մասին…
– Մի քանի նախագծեր կան, որոնք կյանքի կոչվելու ընթացքի մեջ են: Կարծում եմ` շուտ է դրանց մասին բարձրաձայնելը, բայց ասեմ, որ պատրաստվում ենք կյանքի կոչել ևս մի քանի մատենաշարեր, որոնք հատուկ խնդիրներ կբարձրաձայնեն:
Թողնել մեկնաբանություն