Հեղինակ՝ Գոյ
Պապիս տնկած խնձորենուց մի պտուղ քաղեցի, կիսաշրջազգեստիս փեշով մաքրեցի և մի մեծ կտոր կծեցի: Խնձորը մնաց իր տեղում, իսկ ես ընկա վար: Քնեցի: Երբ բացեցի աչքերս, դիմացս կապույտի մեջ Արևն էր լողում, մեջքս այրվում էր, իսկ օդը՝ հեղձուցիչ: Նստեցի: օդում մանր փոշեհատիկներ էին, շուրջս ավազ, հագուստս՝ կեղտոտված սպիտակ սավան, գլուխս՝ սափրած, ես՝ անոթի: Ուզում էի շարժել ոտքերս, երբ նկատեցի, որ լոտոսի դիրքով եմ ու աչքերս փակ է: Մեջքս ցավում էր, ոտքերս թմրել էին, իսկ ես չէի շարժվում: Շուրթերս չորացած կպել էին իրար ու հազիվ էին զգում օդը: Մտքումս կրկնում էի մի բառ, մի բառ, որը չէի հասկանում: Վերջապես բացեցի աչքերս:
Անապատում էի դեռևս ու արդեն գիշեր էր: Աստղերն ու Լուսինը կախվել էին երկնքից ու ծիծաղում էին ինձ վրա, իսկ ես ժպտում էի նրանց: Քամին էր կանացի կերպարանքով հպվում ու հեռանում, մտնում քթածակերով ներս ու դուրս գալիս բերանիցս, գրկախառնվում ինձ հետ ու հեռանում, ապա նորից նույնը: Ցանկացա վեր կենալ և քայլել, երբ զգացի, որ ոտքեր չունեմ և չունեմ ձեռքեր: Ցանկացա սողալ և չունեի մարմին: Ցանկացա գոռալ և չունեի լեզու: Ցանկացա տեսնել և չունեի աչքեր: Ցանկացա լսել ու լսեցի… Հետո տեսա, հետո գոռացի, սողացի, շոշափեցի ավազն ու քայլեցի: Ավազն այրում էր ոտքերս. գիշերով: Քայլեցի ու վայր ընկա: Բացեցի աչքերս ու ես կրկին նստած էի Լոտոսի դիրքով:
Ավազից դուրս եկավ մի տղա ու մոտեցավ ինձ: Նուռ դրեց գլխիս ու հետ վերցրեց: Ես ժպտացի Նրան, իսկ Նա թարթեց: Հանկարծ ձեռքիս տակ կոշտ ինչ-որ զգացի, նայեցի. Խնձոր: Մեկնեցի Նրան: Նա ձախ ձեռքը մեկնեց, որ վերցնի, իսկ աջում ուներ պահած դանակ: Փախցրի խնձորն ու թաղեցի ավազի մեջ: Չքվեց: Աչքերս բացեցի ու գտա ինձ կանգնած ավազի վրա. ոտքերս չէին այրվում. ցերեկ: Հեռվից լսվում էր քաղցր երգ ու ես երգում էի այն՝ չհասկանալով: Աչքերս բացեցի ու ես քայլում էի ավազի վրայով: Սավանը չկար, կար մարմինս ու ես չատեցի ինձ: Վայր ընկա: Աչքերս փակ էին ու զգում էի, որ բարձրանում եմ: Թռչում: Աչքերս բացեցի ու ես Տիեզերքում էի: Մերկ: ես: Տիեզերքում: Ես տեսա Հիսուսին, Բուդդային ու Ալլահին: Ամեն մեկն ուներ ձեռքում Նուռ: Մեկնեցին ինձ ու նշան արեցին, որ լռեմ: Առանց ձեռքս մեկնելու 3 Նուռը հայտնվեց ինձ մոտ՝ ներսում: Ես չէի ուզում հեռանալ, բայց զգացի, թե ինչպես աչքերս փակվեցին ու ես վայր ընկա: Աչքերս բացեցի ու Անապատ: Երգելով մոտեցավ մի տղա: Հանեց հագուստը, նստեց դիմացս, ձեռքը մոտեցրեց ձախ կրծքիս ու սրտիս մեջ լցրեց Գինի: Գինու կաթիլները վերածվեցին Նռան հատիկների ու մարմնովս գլորվեցին ցած, հետո դարձան աղունիկներ ու թռչեցին վեր: Աչքերս փակեցի ու զգացի սառը օդ: Աչքերս բացեցի: Երազ էր: Այգում՝ խոնավ հողին պառկած, խնձորի կտորը բերանումս, հայացքս՝ Երկինք: Աչքերս բացեցի, բայց դեռ չարթնացա:
Վերջ:
Թողնել մեկնաբանություն