+374 99 12 80 82 Երկուշաբթի - 23 Դեկտեմբեր 2024

Այրեր. Կոմիտասից Թումանյանին ուղղված երկու նամակ


150 տարի առաջ հայոց «գեղարվեստի այգին» ծնեց գրող-երգիծաբան Երվանդ Օտյան, գրող-թատերագիր Լևոն Շանթ, մեծությամբ երկրորդ հայազգի ծովանկարիչ Վարդան Մախոխյան, Հովհաննես Թումանյան ու Կոմիտաս: Եթե վերջին երկուսը վայելում են որոշակի ժողովրդականություն, ապա մյուսները դեռևս կարոտ են բավարար հանրայնացման: Ասվածն ունի մի քանի մշակութաբանական պատճառներ, որոնցից առավել նշանակալի են երկուսը. նախ՝ Թումանյանն ու Կոմիտասը «գագաթներ» են իրենց բնագավառներում, երկրորդ՝ թե՛ Թումանյանը, թե՛ Կոմիտասը հանդիսանում են ազգային գործիչներ: Իսկ երբ գեղարվեստի «գագաթները» նաև ազգային գործիչներ են, «դատապարտված» են դասվել պաշտելիների  շարքին: Նման փաղանգի գործիչների անձնականը, կենցաղը, բնավորությունը միշտ էլ բոլորիս է հետաքրքիր: Առավել հետաքրքիր է մեզ հասած նամակագրությունը, որով բացահայտում ենք նրանց պարզ մարդկային հույզերը: Իսկ կա՞ն ավելի «համեղ» հույզեր, քան երկու հայ-հայրերի միջև նամակագրություն-գրկախառնություններն են:

Ներկայացնում ենք Կոմիտասից Թումանյանին ուղղված 2 նամակ: Ցավոք, պատասխան նամակները պահպանված չեն:

1908 թ. 24 մայիսի, Ս. Էջմիածին

«Սիրելի՛ Յովհաննէս,

Ափսոս, որ Տփխիս եղած ժամանակս քեզ տեսնել չըկարողացայ. պէտք է միլաւ ծեծէի: Ա՛յ աղբէր, քեզ սպասելով աչքս ջուր դառաւ, չէ՞ որ դու ասել էիր, թե Զատկի տօներից յետոյ կը գաս մի քանի օրով: Էսա Համբարձումն էլ անցաւ, դեռ դու չերեւացիր եւ ես ստիպուած, յոյսս էլկ տրած, առայ գրիչս, որ քեզ լաւ հայհոյեմ, բայց ջահել ջիւան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար:

Աղբէր, վաղուց է սկսել եմ եւ բաւական բան գրել քո «Անուշից», բայց դեռ պակասաւոր բաներ շատ կան, որպէսզի մի ամբողջութիւն դառնայ: Այս գիրս առնելուն պէս գրիչդ կառնես եւ ինձ մի դրական բան կըգրես: Այս ամառու անարձակուրդին պէտք է զբաղուեմ առաւելապէս «Անուշով»: Գրի՛ր, թէ ե՞րբ կարող ես մի քանի օրով ինձ մօտ հիւր գալ եւ այստեղ միասին վերջացնենք եւ ես հանգիստ շարունակեմ. ամեն անգամ երբ տրամադրութիւնս տեղն է, ձեռքերս թուլանում են, որովհետեւ երգի յարմարեցրած չեն դեռ բաներ եւ պակասներ էլ կան:

Սպասում եմ պատասխանիդ:

Կըգաս եւ առանց այլ եւ այլութեան կիջնես ինձ մօտ եւ միասին կաշխատենք: Գալուդ օրը եւ ժամը հեռագրով իմացուր, որ կառք ուղարկեմ քեզ համար կայարան:

Շատ բարեւներ Տիկնոջ, օրհնութիւն սիրասուն զաւակներիդ եւ քեզ միլաւ համբոյր:

 Քո Կոմիտաս Վ.»

 

Հազար ութ հարյուր վաթսունինն թվին

Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին,

Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել,-

Դժվար է ասել:

Սակայն այդ թվին Մայր Հայաստանի

Արգանդը եղավ սրբորեն բեղուն: (Պ.Սևակ)

 

 1908 թ. 8 հունիսի, Ս. Էջմիածին

 «Սիրելի՛ Յովհաննէս,

Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդ սնորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել:

Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի. դաշնամուրի հոգ մի՛ անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն եւեթ բառերը՝ բանաստեղծութիւնը լրացնել դերակատարներով եւ երգերով, մի խօսքով լիբրէթթօն: Իսկ միւս բաները՝ երաժշտականը կըկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենեակում հարկաւոր յարմարութիւններն էլ կան ինձ համար:

Մանրամասն ծրագիներս կըպատմեմ, երբ տեսնուենք, շատ դժուար է երաժշտութեան մասին գրով խօսել-բացատրուելը:

Առայժմ ես էլ եմ զբաղուծ մինչեւ ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եւրոպական թերթերի համար, յետոյ մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կըգամ Դիլիջան մինչև «Անուշը» լրացնենք:

Իշխանուհի Թումանեանին յատկապէս բարեւներս յիշիր:

Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջոյններս:

Համբոյրներով

 Քո Կոմիտաս Վ.»


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով