+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

«Ավետիս» ասոցիացիան ներկայացնում է «ՎԻՎԱ Կալլաս» համերգաշարը` Ժնևում


Մոտ օրերս, Ժնևի Victoria Hall-ում տեղի է ունենալու «ՎԻՎԱ Կալլաս» համերգաշարի առաջին համերգը և հնչելու են օպերային ստեղծագործություններ`աշխարհահռչակ սոպրանո Մարիա Կալլասի երգացանկից:

«ՎԻՎԱ» անվանումով համերգաշարը նախաձեռնել և իրականացնում է «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիայի կողմից բոլորովին վերջերս հիմնված` նույնանուն` «Ավետիս» փառատոնային նվագախումբը:Viva-Callas-004

Ե’վ նվագախմբի և’ ասոցացիայի հիմնադիրն է մեր հայրենակցուհի, օպերային երգչուհի, մեցցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը:Երգչուհու խոսքերով. «Նվագախումբը կազմված է լինելու շվեյցարացի և շվեյցարաբնակ հայ երաժիշտներից, յուրաքանչյուր համերգի մեջ ընդգրկվելու են հայ մեներգիչներ և հայ դիրիժորներ»։ Առաջիկայում նաև սպասվում է մեծ դաշնամուրային համերգ, որտեղ Եվրոպայի հայտնի դաշնակահարների հետ համատեղ Հայաստանը ներկայացնելու է Հայաստանի վաստակավոր արտիստ, դաշնակահար՝ Հայկ Մելիքյանը։

Ինչ վերաբերվում նվագախմբին, ապա ըստ նախաձեռնողների, այն շատ ճկուն կազմ է ունենալու, այսինքն մեծանալու և փոքրանալու է ըստ համերգային ծրագրի պահանջի։ Նվագախումբը  նպատակ ունի  Եվրոպայում ներկայացնել հայ կոմպոզիտորների նվագախմբային ստեղծագործություններ, եվրոպացի հանդիսատեսին ծանոթացնել ինչպես երիտասարդ, այնպես էլ մեծ ճանաչում ունեցող հայ դիրիժորների և երաժիշտ կատարողների հետ։

«ՎԻՎԱ Կալլաս» համերգը ղեկավարելու է Իսրայելից հրավիրված հանրաճանաչ հայ դաշնակահար և դիրիժոր Վագ Պապյանը։

Նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավարն է աշխարհահռչակ ջութակահար և այսօր նաև դիրիժոր Սերգեյ Օստրովսկին։

Sergey-Ostrovsky-003 Varduhi-Khachatryan-002


«Առաջին համերգը` «ՎԻՎԱ Վիվալդի»-ն, նվիրված է եղել Վիվալդիի ստեղծագործություններին, ներկայացվել է նաև Վիվալդիի սերտ կապը Հայաստանի հետ, համերգի ընթացքում հնչել են հատվածներ Վիվալդիի «Տիգրան Մեծ» օպերայից: Յուրաքանչյուր «ՎԻՎԱ» շարքի համերգ ունի իր թեմատիկան և նվիրվում է կոնկրետ մեկ երաժիշտի կամ մեկ ուղղության»- նվագախմբի գործուներության մասին մանրամասնում է Վարդուհի Խաչատրյանը:

«ՎԻՎԱ Կալլաս» համերգային շարքը նախատեսվում է այս տարվա ամռանը ներկայացնել նաև Նյու-Յորքի Carnegie Hall-ում և Փարիզի Salle Gaveaux-ում:

Իսկ թե ինչո՞ւ հատկապես Մարիա Կալլասին որոշեցին անդրադառնալ, երգչուհին պատասխանում է . «Գաղափարը ծնվել էր դեռ մի քանի տարի առաջ, երբ ես որպես MARIA CALLAS GRAND PRIX մրցանակակիր հրավիրվեցի Աթենք` երգելու Կալլասին նվիրված համերգին, դրան հաջորդեցին ևս մի քանի հրավերներ, իսկ ամենագլխավորն ինձ համար իմ մենահամերգների շարքն էր եվրոպական քաղաքներում, Անթվերպենում, Ամստերդամում, Կոպենհագենում,  Ժնևում և իհարկե Երևանում, որը նույնպես նվիրված էր Կալլասի 90-ամյակին, այն չափազանց մեծ հաջողություն ունեցավ և հանդիսատեսը խնդրում էր կրկնել համերգը…դրանից հետո միտք ծնվեց ստեղծել «ՎԻՎԱ Կալլաս» համերգաշարը: Այս նախագիծը առիթ հանդիսացավ նաև «Ավետիս»-ի և Մարիամ Շահինյանի կողմից  հիմնադրված  «Արվեստների պատկերսարահ» մշակութային հիմնադրամի միջև սերտ կապերի ստեղծման համար»:

Varduhi-Khachatryan-005 Maria-Callas-competition-001

Վարդուհի Խաչատրյանը միշտ նշում է, որ Մարիա Կալլասի տաղանդով ոգեշնչվել է դեռևս պատանեկան տարիքից, երբ իր հոր` Հայաստանի ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Ալբերտ Խաչատրյանի հավաքածուններում լսել է Կալլասի ստեղծագործությունները ու թերևս հենց այդ ժամանակ էլ որոշել է դառնալ օպերային երգչուհի և կատարել նրա դերերգերից:

Ժնևում գործող «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիան շուտով տոնելու է իր ստեղծման 5-ամյակը և գուցե հենց այդ հոբելյանի առիթով էլ ստեղծվել է «Ավետիս» փառատոնային նվագախումբը, որ հրաշալի նվեր է  հայ երաժիշտների և արվեստասերների համար:


Պատրաստեց Լիանա Հայրապետյանը



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով