+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

ԱՐՏՈՒՅՏ | Շարֆեր, որ թույլ կտան փաթաթվել արվեստով


Նորաձևությունն այն է, ինչ դուրս է նորաձևությունից…

Կոկո Շանել

Արվեստի և նորաձևության շփման եզրերի մասին տարվող դիսկուրսները բավական հաճախ են: Ի վերջո արվեստն ու նորաձևությունը այնքան էլ հեռու աշխարհներ չեն… Նորաձևության և արվեստի համագործակցությունը շահավետ է երկու կողմերի համար էլ: Արվեստն օգնում է նորաձևությանը լինել գեղեցկության բարձր հասկացություններին ավելի մոտ, իսկ նկարիչներին հնարավորություն է տրվում հնչեցնել իրենց անունը նորաձևության հանրահայտ աշխարհում:  Այս «փոխշահավետ» համագործակցությունը վերջին տարիներին ձեռք է բերել թանգարանների, խոշոր մասնավոր կոլեկցիաների և առանձին ցուցասրահների մասշտաբներ: Արվեստի և նորաձևության փոխազդեցության  հետաքրքիր օրինակ է արվեստի ուղիղ ազդեցությունը նորաձևության վրա: Պատմության մեջ բազմաթիվ են նման համագործակցության օրինակները: Սալվադոր Դալիի, Ժան Կակտոի  և էպոտաժային դիզայներ Էլզա Սկիապարելիի ծանոթությունը առաջ բերեց մի աղմկահարույց հավաքածու: Հանճարեղ խենթություն ստեղծված երեքի կողմից:     Դժվար է հստակ ասել թե իրենցից ինչ են ներկայացնում Սկիապարելիի ստեղծած իրերը. մի՞թե այդ սյուրռեալիստական իրերը, արվեստ չեն: Քիչ չեն նաև օրինակները, երբ դիզայներները ձևեր, գունային համադրություններ և զարդանախշեր են վերցրել արվեստի պատմության տարբեր ոլորտներից:  Դեռևս վերջերս Dolce & Gabbana-ի աշուն-ձմեռ հավաքածուն հիացրեց ամբողջ աշխարհը նրբաճաշակությամբ՝ միավորելով Բյուզանդական միջնադարյան խճանկարային արվեստն ու հագնվելու ժամանակակից մոտեցումները:  Եվ ուրախալի է, որ հայկական նորաձևության աշխարհում ևս կան արվեստի և նորաձևության համագործակցության նման օրինակներ:

Artuyt-001jpg

«Արտույտ»-ի շարֆերը «5concept» խանութում

Artuyt-002

«Արտույտ»-ի շարֆերը «5concept» խանութում

Artuyt-003

«Արտույտ»-ի շարֆերը «5concept» խանութում


Ամիսներ առաջ հիմնադրվեց «Արտույտ»-ը, որը նոր խոսք դարձավ ձեռագործ շարֆերի արտադրության մեջ: Լինելով արվեստի մեծ սիրահար՝ հիմնադիրներ Արևիկ Առաքելյանը, Լուսինե Թորոսյանը  և Հովհաննես Պետրոսյանը առաջ քաշեցին շարֆերի ձևավորման նոր ու հետաքրքիր գաղափար, որի խորքային նպատակն էր Հայաստանում և արտերկրում ճանաչելի դարձնել հայ թե՛ միջնադարյան և թե՛ ժամանակակից արվեստը: Այսպես՝ Հովհաննեսը իր ուսերի վրա վերցրեց մարքեթինքային մասը իսկ Արևիկն ու Լուսինեն ընկղմվեցին արվեստի և նորաձևության աշխարհում: Այստեղ մենք հանդիպում ենք այս երկու աշխարհների համագործակցության մի յուրահատուկ տեսակի, և հարկ է նշել, որ սա շատ հետաքրքիր ռազմավարական քայլ է վերջնական արդյունքի տեսանկյունից: Իսկ վերջնական արդյունք այս պարագայում կարելի է համարել ժամանակակից նորաձևության բարձրացումը արվեստի մակարդակի, կամ, ավելի շուտ, այդ հանգամանքի ապացուցումը: Սա հիանալի հնարավորություն է մեզնից յուրաքանչյուրի համար՝ արվեստի մի կտոր կրելու, արվեստի հետ հարաբերվելու և  մի նոր արվեստագետի ստեղծագործության հետ առնչվելու առօրյա, կիրառելի իրի՝ շարֆի միջոցով:

Artuyt-004

«Արտույտ»-ի շարֆերը՝ ներկայացված Asian Dev Bank Expo-ին

Artuyt-005

«Արտույտ»-ի շարֆերը՝ ներկայացված Asian Dev Bank Expo-ին

Artuyt-009

«Արտույտ»-ի շարֆերը «Մուրաբա» խանութում


Ինչպես նշում են «Արտույտ»-ի հիմնադիրները՝ նրանց առաջին համագործակցությունը եղել է աբստրակցիոնիստ Միհրան Ավետիսյանի հետ:  Վերջինս այժմ ակտիվ ստեղծագործական պրոցեսում գտնվող արվեստագետ է, ով ծնվել է 1957թ. Բաքվում և սովորել Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանում ապա Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում:Միհրան Ավետիսյանը ցուցահանդեսներով է հանդես եկել Կանադայում, Գերմանիայում, Արցախում, Երևանում, և այլուր, ՀՀ նկարիչների միության և Մոմիկ մշակութային միության անդամ է: Նրա կտավների մակերեսները ստեղծում են երազային, անիրական ռիթմիկ զգացողություն, քանդում դիտողի մոտ եղած բոլոր պատկերացումները առարկայական աշխարհի մասին, տեղափոխում բոլորովին այլ աշխարհ, որտեղ վրձնի ամեն շարժում իրականացված է միայն իրեն հատուկ զգայունությամբ: Նրա յուրաքանչյուր վրձնահարված և գունաբիծ ստեղծում է անընդհատ փոխոխվող ռիթմ, որի մեջ բաբախում են իր կյանքի տեսիլները: Այդ աչք շոյող գունային ռիթմը յուրահատուկ հանգստություն է հաղորդում կտավների պոռթկուն մակերեսներին: Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչպես են այդ մակերեսները նրբորեն փաթաթվում ձեր պարանոցին: Հիանալի պատկեր է… Ահա թե ինչու նորաձևության և արվեստի համատեղումը դատապարտված է հաջողության:

Artuyt-008

«Արտույտ»-ի շարֆերը՝ ներկայացված Asian Dev Bank Expo-ին

Artuyt-006

«Արտույտ»-ի շարֆերը՝ ներկայացված Asian Dev Bank Expo-ին

Artuyt-007

«Արտույտ»-ի շարֆերը՝ ներկայացված Asian Dev Bank Expo-ին


Մյուս արվեստագետը, ում ստեղծագործությունները կրելու հնարավորություն ստեղծեց «Արտույտ»-ը՝ Կարեն Սմբատյանն էր, ով ծնվել է 1932թ. Լենինականում, սովորել  Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, անհատական ցուցահանդեսներով է հանդես եկել Երևանում, Վիլնյուսում, Մոսկվայում, Պալանգայում, Մյունխենում, Լոս-Անջելեսում և այլուր: Գույնի և ձևի խնդիրները, դրանց ազատ մեկնությունները, մտքի և զգացմունքների ազատ հոսքը Կարեն Սմբատյանի արվեստի գեղարվեստական դավանանքն են:  Նկարիչը ինտենսիվացնում է նկարի գունապնակը, այնքան, որ այն վերածվի հրավառության: Հորինվածքային պարզությունը, ոճի ամբողջականությունը, մանրամասներից հրաժարվելը Կարեն Սմբատյանի ուշ շրջանի ստեղծագործության ամենագրավիչ տարրերից են, դրանց շնորհիվ նկարիչը հասնում է մոնումենտալ հնչեղության:

Artuyt-012

Artuyt-013

Artuyt-014


«Արտույտ»-ը սակայն չի բավարարվում միայն ժամանակաից արվեստագետների ստեղծագործություններով և ստեղծում է շարֆերի առանձին շարք՝ Մատենադարանի, մասնավորապես՝ Հրաչյա Թամրազյանի և Արմեն Կյուրկչյանի հետ համագործակցությամբ՝ հատուկ Մատենադարանի թանգարան-խանութի համար: Նոր շարֆերը ներկայացնում են հայկական միջնադարյան դրոշմազարդեր,  16-րդ դարից Երուսաղեմում պահպանված կամ 17-րդ դարից Եվդոկիայից մեզ հասած եզակի զարդամոտիվներ, որոնք աչքի են ընկնում նուրբ և ներդաշնակ գունային անցումներով և եզակի բուսական, երկրաչափական զարդագոտիներով: 

Artuyt-015 Artuyt-011 Artuyt-016


Ներկայումս համագործակցություն է իրականացվում նաև երիտասարդ նկարչուհի Տաթև Ղամբարյանի հետ, ով բնակվում է Ֆրանսիայում։ Տաթևի աշխատանքները պարբերաբար ցուցադրվում են Էքս ան Պրովանս քաղաքի արվեստի ցուցասրահներում, ինչպես նաև «Bils and Rye» ժամանակակից արվեստի թանգարանում (Յորքշիր, Անգլիա), որտեղ այս տարի տեղի կունենա նաև անգլիացի քանդակագործ Ֆիլիպ Ուեյքհամի հետ համատեղ ցուցահանդես։ Իսկ ահա որակյալ լուսանկարչական աշխատանքի համար Արտույտը պարտական է լուսանկարիչ Հրանտ Սահակյանին (https://www.facebook.com/sahakyanq):

Artuyt-017

Միհրան Ավետիսյանը

Artuyt-018

Կարեն Սմբատյանը

Artuyt-029

Տաթև Ղամբարյանը


Համագործակցություններն ընդլայնվում են: «Արտույտ»-ի շարֆերը արդեն հասանելի են օնլայն հարթակում (https://www.facebook.com/artuyt/ , և http://www.artuyt.com), Երևանում՝ մասնավորապես Մատենադարանի թանգարան-խանութում, ինչպես նաև «5concept»,  «Մուրաբա»  խանութներում։  Շուտով «Արտույտ»-ի շարֆերը ներկայացված կլինեն նաև «EL Fashion Avenue» խանութում և Երվանդ Քոչարի  թանգարան-խանութում: Հպարտությամբ նշենք նաև, որ «Արտույտ»-ի շարֆերը ներկայացված են Միլանի TB Studio Milano showroom-ում: 

Հաջողություն մաղթենք «Արտույտ»-ին՝  նոր, արվեստային շարֆերի ստեղծման գործում:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով