+374 99 12 80 82 Շաբաթ - 21 Դեկտեմբեր 2024

Աղմուկը Երևանի փողոցներում. Ժամանակակից ստրկությունն ու Աղմուկը


Համահեղինակ՝

Արաշ Ազադի  Կոմպոզիտոր, ձայնային արտիստ


Ուրբաթ: Այլ դեպքերում սովորական  օր է, բայց իշխող սպառողական մշակույթի շրջանակներում Ուրբաթը առանձնանում է:  Այն պատված է հատուկ ծիսականությամբ: Այն խոստանում է ծանր աշխատանքային շաբաթվա կուտակված հոգնածությունը ու բոլոր խնդիրները չեզոքացնել: Ժամանակակից միջավայրում տարածված «Work Hard Party Hard» գաղափարն իր արմատներով կարելի է կապել հին հունական Դիոնիսյան տոների հետ: Դրա նոր տարբերակը՝ կրոնականությունը հանված ու փոխարենը դրված ապրանքայնացման գաղափարախոսությունը: Տարբերությունը միայն մեկն է՝ Դիոնիսյան տոները կրում էին ավելի թերապետվիկ, ինքնամաքրող բնույթ, մինչդեռ մեր օրերում տարածված PARTY HARD ծեսի հիմնական նպատակն  է շեղումը տարատեսակ սուր խնդիրներից: Շեղում ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրներից, լուրջ քաղաքական հարցերից, շեղում ամենահասարակ ու տարրական հարցից, որը բոլորս ենք մեզ տալիս՝ “Ինչ եմ ես անում”, «Ինչու եմ սա անում»: Դրա մասին վկայում է անգամ PARTY HARD  սերնդի մոտ տարածված երաժշտության տեսակը, որը կարելի է բնութագրել որպես «կենցաղային, սպառողական երաժշտություն, որը նույնական է կառավարվող աշխարհի հետ» (Թ. Ադոռնո, «Երաժշտության սոցիոլոգիա»): Նման շեղման միջոցով ապահովվում է անձի, քաղաքացու վերադարձը դեպի ընդունված կարգ: Նա, շեղվելով, մնում է ուրախ և գոհ սեփական կյանքից, և չի ունենում որևէ բողոք հասարակարգի հանդեպ: Սա նշանակում է, որ շեղման մեթոդն ազդեց և անձը կրկին որոշ ժամանակահատվածով զերծ կմնա տարբեր հարցադրումներից, որոնք կարող են վնասել տիրող սիստեմը՝ դրա  գործունեությունը կամ առհասարակ կասկածի տակ դնել այն ամբողջությամբ:

the-noise-in-the-streets-of-yerevan-001

Աղմուկի անհարմարությունն ու շեղումը դրանից

Աղմուկը դա  ոչ ցանկալի, հաճախ տհաճ ձայն է, որը խոչընդոտ է հանդիսանում մարդու և հարմարավետության, մարդու և  հաճույքի միջև: Սովորաբար աղմուկն ընկալվում է իբրև որևէ տեսակի ակտիվության անցանկալի արդյունք:

Հիմնականում աղմուկը բաժանվում է հետևյալ տեսակների

  • Ֆոնային աղմուկ
  • առաջնային աղմուկ

Ֆոնային աղմուկը դա սովորական, կենցաղային զբաղվածության կողմից ստեղծվող «ձայնային թափոնն է»: Առաջին հայացքից այն աննկատ է, սակայն միևնույն ժամանակ տհաճություն է առաջացնում ու խանգարում է: Այս տեսակի աղմուկի դեմ պայքարի միջոցներից ամենատարածվածն ու հաճախակի կիրառվողը  շեղումն է:

the-noise-in-the-streets-of-yerevan-002Իշխող մարմիններն հիմնականում այդպես են լուծում անցանկալի աղմուկի կողմից ստեղծված անհարմարության խնդիը՝ ուղղակի շեղելով այլ բաների վրա: Աղմուկի ֆիլտրացիայի հիմնական նպատակը դա աղմուկը հնարավորինս ավելի աննկատ, թաքնված դարձնելն է:  Թաքցնելու  հիմնական ձևերից մեկն է շեշտադրումը ՀԱՃՈՒՅՔԻ վրա, որին կարելի է հասնել  որևէ զբաղվածության, ակտիվության միջոցով: Հասարակության ուշադրությունը սևեռում է դեպի հետևյալը՝ որքան  հաճելի է գնել, սպառել: Սպառելով ավելի ու ավելի շատ ջանք գործադրել ու վերջում հասնել ցանկալի երջանկության պատկերին: Սպառողական  գաղափարախոսությունը փորձում է չափազանցնել սպառման առաջացրած ակնթարթային բավարարվածության զգացումը ու դարձնել այն ՀԱՃՈՒՅՔ: ՀԱՃՈՒՅՔ-ն արդեն ինքնին բավարարվածություն է խոստանում սպառողին ու հանգստություն, սակայն դրան պետք է հասնել՝ սպառման միջոցով: Եվ դա անելով, սիստեմը փորձում է թաքցնել կապիտալիստական հասարակարգում առկա մանր-մունր առօրեաական անհարմարությունները, կարևոր խնդիրները: Սա աղմուկի ֆիլտրացիայի դասական ձևաչափ է, որը թաքցնում է տարբեր խնդիրները, դրանց լուծման տարբերակ փնտրելու փոխարեն:  Այն փորձում է ստեղծել հնարավորինս ավելի շատ հաճելի ու գրավիչ գաղափարներ հետո այդ գաղափարը կրող ապրանքներ, որոնք կշարունակեն հետին պլան մղել ու այդտեղ պահել տհաճություն առաջացնող բոլոր գործոնները: Արդյունքում ստացվում է արհեստականորեն ձևավորված հաճույքի կոնստրուկտ, որն իր ծավալներով փակում է իրական տեսադաշտը: Արդեն նշված “work hard, party hard” գաղափարը դրա լավագույն օրինակն է: Այն իրենից ներկայացնում է ժամանակակից ստրկության կոնցեպտ, որի շրջանակներում մարդը դառնում է հաճույք փնտրող գործիք, ով հաճույք որսալու ճանապարհին չի նկատում մի շարք հասարակական խնդիրներ: Լավագույն օրինակը բացօդյա սրճարաններում որևէ համեղ ուտեստ համտեսող մարդիկ են, ովքեր մուրացկան տեսնելիս դադարում են իրենց գործողությունը, նայում այլ կողմ, մինչև իրենց մտավոր հարմարատեվության զոնան խախտած մուրացկանը չհեռանա ու թույլ տա կրկին սպառել՝ հաճույք ստանալով: Սրա արդյունքում կանգնում ենք շատ վտանգավոր երևույթի՝ հասարակական իմպոտենցիայի առջև: Անձը դադարում է գիտակցել իր գործողությունները, դրանց իմաստը: Նա դադարում է հարցադրումներ անել ընդունված կարգի վերաբերյալ, քանի որ հաճելի է այդ կարգի ներսում լինել:

Առաջնային աղմուկ

Աղմուկի երկրորդ տեսակը դա առաջնային աղմուկն է: Այս տեսակի դեպքում նույնպես աղմուկը անցանկալի է,  և տհաճ: Սակայն այս դեպքում աղմուկը հնարավոր է դարձնել նաև գործիք, ինչը ֆոնային աղմուկի դեպքում չի լինի անել: Ֆոնային աղմուկն իրենից ներկայացնում է խնդիր, որը պետք է լուծել, մինչդեռ առաջնային աղմուկը դա որևէ խնդրի լուծման տարբերակ է: Այն գործածվում է և նրանց կողմից, ովքեր փնտրում են հասարակական խնդիրների լուծման տարբերակներ և նրանց, ովքեր ձևեր են փնտրում տարբեր խնդիրներ առաջացնելու, ստեղծելու նույն հասարակության մեջ Առաջին խնբում կարող են լինել ընդդիմությունը, տարբեր ակտիվիստները, մարդու իրավունքի պաշտպանները, և բոլոր նրանք, ովքեր փորձում են որևէ  դրական շարժ, որևէ փոփոխություն մտցնել տիրող կարգի մեջ:

Երկրորդ խումբը դա ագրեսսիվ ռազմական քաղաքականություն վարող պետություններն են և բոլոր նրանք, ովքեր շահ ունեն հասարակության նեգատիվ, ապակառուցողական փոփոխություններ ստեղծելուց, այլ կերպ ասած «պատերազմ ստեղծելու նախադրյալներ են փնտրում» կամ ստեղծում: Այս գաղափարի լավ օրինակ է մեր սպառողական հասարակարգը, որը գոյատևում է մարդկանց անվստահություն ներարկելու և անձնական պառակտումներ առաջացնելու շնորհիվ: Այս սիստեմը փորձում է ստեղծել վախ՝  բոլորին նման չլինելուց: Ընդունված ստերեոտիպային երջանկության ու պահանջված լինելու պատկերին անհամապատասխանությունը դառնում է սարսափելի պատկեր: Այս կոնտեքստում անհամապատասխանությունը նշանակում է օտարացում և անջատում հասարակությունից՝ ցավոտ «պոկում» մշտապես ակտիվ ու միմյանց հետ շփվող, հասանելի համայնքից, որը ձևավորվել է նաև սոց-ցանցային մշակույթի շնորհիվ:  Այս սիստեմն աշխատում է ստեղծելով հասարակական անկայունություն, դեպրեսիա, որը ոչ ռեալիստիկ և անհասանելի նպատակների կարևորման ադյունք է:  Բարոյական և ֆինանսական աբսոլյուտի հասնել կամ ավելի շատ հաճույք ստանալ՝ ավելի շատ սպառելու միջոցով: Սիստեմի կողմից ստեղծված ազատության պատկերը կատարյալ ստրուկներ ստանալու միջոց է: Այլ կերպ ասած օտարացումը անձի ցավոտ փոխակերպում է դեպի ՈՒՐԻՇ: Երբեմն այդ ՈՒՐԻՇ-ը կարող է ընկալվել իբրև թշնամի, ով վտանգի է ենթարկում սիստեմի կյանքը ու դրա հանգիստ ընթացքը: Այստեղ կարևոր է անդրադառնալ առաջնային աղմուկի կիրառման ամենավտանգավոր օրինակներից մեկին՝ ծայրահեղականների խմբերին: Նրանք գործածում են հասարակարգում արդեն գոյություն ունեցող դժգոհություններն ու ՈՒՐԻՇ-ներին, ստանդարտների մեջ չինտեգրված մարդկանց ներքին անվսհատությունը՝ նրանց համախմբելու և հեշտ կառավարելու համար: Մեծ շեշտադրում անելով տվյալ մարդկանց ներքին զայրույթի վրա, նրանք ստիպում են հնազանդվել ու որդեգրել էքստրեմիստական գաղափարներ: Բոլոր տեսակի վտանգավոր դեստրուկտիվ խմբերի գործունեության մեջ նույնական է կազմակերպված շեղում կամ կազմակերպված առաջնային աղմուկ:

 

Աղմուկը երաժշտական ժանր՝ Նոիզ

Հայաստանում դեռ նոր տարածում գտնող նոիզ երաժշտական ժանրի արմատները տանում են 1913 թ: Իտալացի ֆուտուրիստ Լուիջի Ռուսսոլոն իր Աղմուկի Արվեստ մանիֆեստում նշում է, որ արդյունաբերական հեղափոխությունը մարդուն հնարավորություն է տալիս ձայների ավելի լայն դաշտի ընկալման:

Հետագայում այս գաղափարները  զարգացնում է Անտուան Արտոն իր   Pour en Finir avec le Jugement de dieu  աուդիոձայնագրության մեջ:

Աղմուկի գործածման օրինակները տեղ են գտնում նաև փոփ-երաժշտության մեջ, որի լավ օրինակներից է 1966 թվականի The Velvet Underground-ի և Էնդի Ուորհոլի համատեղ Noise գործն է:

Աղմուկը, երաժշտական ձևաչափի բերված, դառնում է ընդունված կարգի ու ընկալումների հարցադրման ազդեցիկ գործիք: Երաժշտական ոչ ստանդարտ լուծումների միջոցով լսողը դուրս է բերվում սպառողոկան մակույթի կողմից ստեղծված հարմարավետության զոնայից և ազատագրվում պայմանականություններից:  Նոիզը որպես մեթոդ խաղում է ունկնդրի էսթետիկական ընկալման, կարծրատիպերի հետ ու հարցականի տակ դնում դրանք: Նոիզը արևմտյան մշակույթների, ուսմունքների ու գաղափարների մեծ ազդեցություն է կրում: Արևեյլան երաժշտական մշակույթների ուսումնասիրմամբ ու բացահայտմամբ Նոիզը փորձում է ընդդիմանալ ինդուստրիալ մշակութային գաղութացմանը, որն այդքան մեծ հաջողությամբ տարածում է Արևմտյան Կապիտալիզմը:

the-noise-in-the-streets-of-yerevan-003

Արվեստը անվտանգ հարթակ կարող է դառնալ Անարխիզմի համար: Նոիզը որպես ռադիկալ երաժշտական ժանր դա հիանալի կերպով ցույց է տալիս:


Համահեղինակ՝

Արաշ Ազադի   Կոմպոզիտոր, ձայնային արտիստ


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով