+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Լիդիա Դուռնովո

Բաժին: ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Lydia-Durnovo537x359

Լիդիա Դուռնովո

Լիդիա Դուռնովոն ծնվել է 1885 թ-ին Սմոլենսկում: 1902 թ. նա ավարտում է տեղի վարժարանը, որտեղ սովորում է նկարչություն: 1904թ. Դուռնովոն տեղափոխվում է Պետերբուրգ, և ընդուվում է Ա.Վ. Մակովսկու արվեստանոց, սակայն սովորում է այստեղ ընդամենը մեկ տարի, քանի որ սկսվում է ռուս-ճապոնական պատերազմը, և նա՝ որպես գթության քույր, մեկնում է ռազմաճակատ:

1906թ. Դուռնովոն վերադառնում է Պետերբուգ, իսկ 1915 թ. ավարտում է Գեղարվեստը խրախուսող ընկերությունը:

Միաժամանակ Դուռնովոն հետաքրքրվում էր արվեստի պատմությամբ: 1914թ. նա դասընթացներ է անցնում Արվեստի պատմության ինստիտուտում, որտեղ 1919թ. մնում է որպես ասպիրանտ, 1923թ. տնօրինում է ընդօրինակման արհեստանոցը՝ ինքնուրույն հիմնելով և մշակելով օրիգինալների ընդօրինակման նոր, խիստ գիտական մեթոդ[1, էջ 8 ]:

Դուռնովոն դժվար ժամանակաշրջանում կարողանում  ստանալ բավականին ընդարձակ հումանիտար կրթություն: 1919թ. որպես արվեստաբան և հին արվեստի մասնագետ՝ նա աշխատում է այդ ժամանակ կազմավորված՝ Նյութական մշակույթի պատմության պետական ակադեմիայում, իսկ 1920թ. աշխատում է Ռուսական թանգարանում:

20-ական թվականներին Դուռնովոն հրատարակում է մի շարք հոդվածներ մոնումենտալ գեղանկաչության ընդօրինակման մասին: Նրան հաջողվում է իր շուրջը համախմբել երիտասարդների, սովորեցնել նրանց այս արհեստը և այդպիսով ստեղծել վերականգնողների և ընդօրինակողների դպրոց [1. Էջ 9] :

1937թ. Ռուբեն Դրամբյանի (Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր և տնօրեն 1935-1951թթ.) հրավերով Լիդիան Դուռնովոն գալիս է Հայաստան: Ազգային պատկերասրահում ստեղծվում էր Միջնադարյան արվեստի բաժինը, և հարկավոր էր կարգավորել գիտական աշխատանքը ձեռագրերի համակարգման ու պահպանման գործում, ստեղծել հուշարձանների համակրգված ընդօրինակում: Այսպիսով՝ Լիդիա Դուռնովոն, գալով Հայաստան կրկին իր շուրջն է համախմբում երիտասարդների, որոնց ընդօրինակման և վերականգնման արհեստի դասեր է տալիս: Հայաստանում Դուռնովոն գրում է ավելի հասուն և կարևոր աշխատանքները, որոնք բացառապես կապված էին Հայաստանի հետ:

Martiros-Saryan-Lydia-Durnovo's-portrait

Արվեստաբան Լիդիա Դուռնովոյի դիմանկարը,
նկարիչ Մարտիրոս Սարյան,1958

1937թ. սկսած Լիդիա Դուռնովոն թանգարանում սկզբնական շրջանում աշխատում է պայմանագրերով, իսկ 1939թ. նա դառնում է մշտական աշխատող:

Միջնադարի ուսումնասիրողը գալով Հայաստան հանդիպում է վաղքրիստոնեական հուշարձանների, որոնց մեջ արտացոլվել էին պատկերագրական համակարգի առաջին գծերը, և որոնք հետագայում զարգանալով՝ կանոնիկ դարձան ողջ քրիստոնեակաան արվեստի համար: Հարկ է նշել, որ  30-ական թվականների վերջում գործ ունենալով Հայաստանի ձարտարապետության, որմնանկարչության և մանրանկարչության հետ, Դուրնովոն՝ Ա. Սվիրինի և Ռ. Դրամբյանի հետ առաջիններից էր, ով այս նյութը դիտարկեց արվեստաբանական տեսանկյունից [1, էջ 9]: Հայագիտությունը այդ ժամանակաշրջանում իր տրամադրության տակ ուներ պատմա-բանասիրական հետազոտություններ, մասնավորապես Գարեգին Հովսեփյանի հրատարակված աշխատությունները, շատ բան էր արված ճարտարապետության ուսումնասիրության գործում (Ստրաժիգովսկու և Թորոմանյանի աշխատությունները), հրատարակվել էին Նիկողայոս Մառի աշխատանքները, սակայն միջնադարյան Հայաստանի արվեստը սպասում էր մի գիտնականի, որը կարող էր վերագիտակցել ամբողջ նյութը, և այն տեսնել քրիստոնեական արվեստի ողջ համակարգում, տալով նրան ամբողջական, էսթետիկական գնահատական: Այդպիսի մարդ հանդիսացավ Լ.Դուռնովոն, հասկանալով այդ գործի ողջ պատասխանատվությունը:

Շոշափելի է Դուռնովոյի ավանդը հայ որմնանկարչության ուսումնասիրության գործում: Նա հայտնաբերում և հետազոտում է հուշարձանների մինչ այդ անհայտ որմնանկարներ, այդպիսով հերքելով Սստրաժիգովսկու այն տեսակետը, որ միջնադարյան Հայաստանը չուներ որմնանկարչություն: Լիդիա Դուռնովոն թվագրում, դասակարգում և ընդօրինակում էր ոչ միայն որմնանկարները, այլ նաև մանրանկարները: Հատկանշական է Դուռնովոյի ավանդը կտորեղենի ուսումնասիրման և ընդօրինակման գործում, որոնք նա նվիրել է մի ամբողջ ալբոմ: Դուրնովոն առաջիններից էր, ով վերը թվարկված նյութերը դիտարկեց արվեստաբանի տեսանկյունից, տալով դրանց էսթետիկական նկարագիրը:

1953թ. հայկական գիտական աշխարհում մեծ իրադարձություն էր Լիդիա Դուռնովոյի կողմից տպագրված ‹‹Հին հայկական մանրանկարչությունը›› (ռուսերեն) ալբոմը: Այն տպագրվել է նաև արտերկրում, գրավելով տարբեր բնագավառների մարդկանց ուշադրությունը՝ դեպի հայ միջնադարյան արվեստը:

1955թ. Լիդիա Դուռնովոն սկսում է աշխատել ՀԽՍՀ Հայաստանի գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտում:

1957թ. լույս է տեսնում Լիդիա Դուռնովոյի երկրորդ գիրքը՝  ‹‹Краткая история древнеармянской живописи››, որը ուներ դասագրքի նշանակություն:

Լիդիա Դուռնովոն նաև հրատարակում է մի շարք հոդվածներ և աշխատություններ՝ հայ միջնադարյան արվեստի վերաբերյալ:

Լիդիա Դուռնովոն հսկայական ավանդ է ունեցել ոչ միայն հայ միջնադարյան արվեստի ուսումնասիրման գործում, այլ նաև նա մեծ նշանակություն է ունեցել Հայաստանում համակարգված արվեստաբանական դպրոցի ստեղծման գործում:

Դուռնովոյի կենսագրությանը, ինչպես նաև ուսումնասիրած նյութերին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ 1979թ. լույս տեսած ‹‹Очерки изобразительного искусства средневековой Армении›› գրքից:

  1. Дурново Л., Очерки изобразительного искусства средневековой Армении, М., ‹‹Искусство›› 1979

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով