+374 99 12 80 82 Երկուշաբթի - 09 Դեկտեմբեր 2024

Հովսեփ Օրբելի

Բաժին: ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Joseph-Orbely-537x359

Հովսեփ Օրբելի

Հովսեփ Օրբելին ծնվել է 1887թ. մարտի 8(20)-ին Քութայիսում: Մեկ տարի անց նրա ընտանիքը հաստատվել է Թիֆլիսում, որտեղ քաղաքի բազմազգ բնակչության մեջ՝ հայեր, ռուսներ, վրացիներ,ադրբեջանցիներ,  Օրբելին սովորում է նրանց լեզուները:

 Հովսեփ Օրբելին, հանդիսանալով հայ (և ոչ միայն հայ) մշակույթի,արվեստի մեծ նվիրյալներից մեկը, ուներ հին հայկական իշխանական ծագում: Օրբելիների տոհմը սերում է Մամիկոնյաններից, Զաքարյաններից և զգալի դեր է խաղացել հայ քաղաքական և մշակութային կյանքում: 13-15-րդ դդ. Օրբելյանների տոհմի տիրակալության մեջ է մտել Սյունիքը: Համաձայն տոհմի պատմաբան՝ Ստեփանոս Օրբելյանի՝ Օրբել անունը կապված է Վրաստանում՝ Օրբետ գյուղի մոտ գտնվող համանուն ամրոցի անվան հետ [1, էջ 2]: Օրբելիների տոհմը մեծ նշանակություն էր տալիս կրթությանը, հարազատ մշակույթի գերազանց իմացությանը, ինչպես նաև մի քանի լեզուների տիրապետելուն: Այս հանգամանքերը, գուցե, պատճառ են հանդիսացել Օրբելիների նման մեծ և կարևոր նշանակությանը՝ հայ և համաշխարհային մշակույթի ու գիտության մեջ: Օրինակ՝  Օրբելի եղբայրներից ավագը՝ Ռուբեն Օրբելին, համարվում է գիտության նոր ճյուղի՝ հիդրոհնագիտության հիմնադիրը, նաև ստորջրյա տեխնիկայի խոշորագույն պատմաբան: Նա իր բարձր կրթվածության, մտքի բարձր թռիչքի և կարևոր հետազոտությունների շնորհիվ կարողացել է գիտության նոր բնագավառ հորինել, որի շնորհիվ ստորջրյա հսկայական տարածքներից դուրս են բերվել մշակութային արժեքներ և առավել համակարգված ու լիարժեք ներկայացվել  հանրությանը: Լևոն Օրբելին՝ միջնեկ եղբայրը, հռչակավոր ֆիզիոլոգ էր, ավարտել է Ս.Պետերբուրգի Ռազմաբժշկական ակադեմիան: Նա համարվում է 20–րդ դարի խոշորագույն ֆիզիոլոգներից մեկը, որն իր խորիմաստ ու համարձակ հետազոտություններով բացահայտել է մարդու օրգանիզմի չբացահայտված բազմաթիվ գաղտնիքներ, որոնց շնորհիվ հարստացրել է համաշխարհային բժշկագիտության և ֆիզիոլոգիայի գանձարանը:

Հովսեփ Օրբելին սովորել է Թիֆլիսի 3-րդ արական գիմնազիայում: Շնորհիվ իր ընտանիքի նպատակասլաց դաստիարակության, Օրբելին գիմնազիայում ցուցաբերել է բացառիկ հետաքրքրասիրություն և աշխատասիրություն: Օրբելին գիմնազիայում բարձր առաջադիմություն ցուցաբերելուց բացի՝ իր հոր շնորհիվ, լրացուցուցիչ պարապմունքներ էր ունենում ուսուցիչների հետ: Հովսեփ Օրբելու հայրը հոգ տարավ նաև, որպեսզի որդին միաժամանակ ձեռք բերի որևէ արհեստ, ուստի պատանի Հովսեփը հմտացել էր ատաղձագործության մեջ [1, էջ 7]: Գիմնազիայում ուսանելու տարիներին Օրբելին ունեցել է միայն գերազանց գնահատականներ, հատուկ հաջողությունների է հասել պատմաբանասիրական գիտությունների բնագավառում:

Joseph-Orbely's-portreit-by-Martiros-Saryan

Հովսեփ Օրբելու դիմանկարը
նկարիչ Մարտիրոս Սարյան, 1943

Հովսեփ Օրբելին, ավարտելով գիմնազիան, 17 տարեկանում մեկնում է Ս.Պետերբուրգ և առանց քննությունների ընդունվում է Կայսրական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը՝ աշակերտելով այնպիսի խոշոր գիտնականների,  ինչպիսիք էին Ս.Ժեբելյևը, Մ.Ռոստովցևը, Ֆ.Զելինսկին, արևելագետ Յ.Սմիրնովը, բյուզանդագետ Վ.Բենեշևիչը և այլք [1, էջ 7]: Ուսանելու տարիներին երիտասարդ ուսանողին էլ ավելի է հրապուրում Արևելքը՝ Հայաստանը, Վրաստանը, Իրանը, նրանց պատմությունն ու մշակույթը: Դրա արդյունքում Օրբելին 1906թ. մասնակցում է Անիի պեղումներին, իսկ արդեն հաջորդ տարի ընդունվում է համալսարանի Արևելյան լեզուների ֆակուլտետը: Նվիրվելով արևելագիտությանը, Օրբելին չթողեց դասական բանասիրությունը, որն անհրաժեշտ էր համարում արևելագիտական առարկաներին տիրապատելու գործում:  Սերն ու հետաքրքրասիրությունը դեպի դասական բանասիրությունը և ընդհանրապես անտիկագիտությունը Օրբելին պահպանեց ընդմիշտ [1, էջ 7]:

Օրբելին փայլուն կերպով ավարտում է Արևելյան լեզուների ֆակուլտետը՝ միաժամանակ անցնելով պատմաբանասիրական ֆակուլտետի լրիվ դասընթացը: Համալսարաններում ստացած իր կրթությունից զատ, շատ կարևոր է Անիի պեղումներին ձեռք բերած գիտելիքները: Օրբելին ամեն ամառ մասնակցում էր Անիի պեղումներին, տնօրինում էր Անիի հնադարանը, որը հիմնվել էր մասնավոր միջոցների շնորհիվ: Օրբելու և Պոլտորացկու նախագծով 1908թ. սեպտեմբերին ավարտվում է թանգարանի նոր մասնաշենքի կառուցումը:

Անիում ձեռք բերած փորձի հիման վրա Հովսեփ Օրբելին պատրաստեց և ‹‹Անիի շարքում›› հրատարակեց քաղաքի ուղեցույցը, ապա հրատարակեց հնադարանում պահվող նյութերի գիտական ցուցակը և այդ ամենը տեղ գտավ նրա ‹‹Անիի ավերակները›› վերնագրով գրքույկի մեջ:

 Օրբելին  Առաքելոց եկեղեցու ներսի արձանագրությունները ճիշտ վերարտադրելու համար՝ աշխատում էի գիշերները՝ գրերը կարդում էր թեք լույսի օգնությամբ: Տեղի բնակիչները այդ գիշերային լույսը կապում էին ‹‹Անիի ոգու›› հետ:

1917թ. Անիի պեղումների վերջին շրջանն էր: Քյազիմ Կարաբեքիրի թուրքական հրոսակները մտան Անի, ավերեցին այն ամենը,ինչ Մառը և իր աշխատակիցները այդքան տարի խնամքով հավաքագրել էին, տակնուվրա արեցին հնադարանը: Անիի պեղումները մեծ նշանակություն են ունեցել Հովսեփ Օրբելու գիտական  (ոչ միայն գիտական) կյանքում:

Անիի պեղումների ընթացքում Հովսեփ Օրբելին գիտական այլ ճանապարհորդություններ է կատարել: 1910թ. սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի ԳԱ պատմաբանասիրական բաժանմունքի նիստում Նիկողայոս Մառի առաջարկով որոշվեց Հովսեփ Օրբելիին ուղարկել Վան: Ուղևորության հիմնական նպատակը լեզվի ուսումնասիրությունն էր, որը շատ դժվար էր, սակայն անչափ կարևոր:

1911թ. հուլիսի 1-ին Օրբելին Բաթումից ուղևորվեց Վան, ճանապարհին անցնելով Կոստանդնուպոլսի, Բայբուրդի և Էրզրումի վրայով: Ճանապարհին մեծ գիտնականը լուսանկարնեց և նկարագրեց բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ, ընդօրինակեց արձանագրություններ:  Հովսեփ Օրբելին ձեռնարկում է կարճատև ճամփորդություն դեպի Մոկս, որտեղ մնում է հինգ շաբաթ: Օրբելին հավաքեց Մոկսի բարբառին հատուկ շատ նյութեր, կազմեց հատուկ բառարան, որտեղ ամփոփվեցին առօրյա կենցաղի բոլոր այն բառերն ու արտահայտությունները, որոնք վերաբերում էին դաշտային աշխատանքներին, արհեստներին, անասունների ու բույսերի անուններին, մի խոսքով այն ամենին ինչը կարելի է տեսնել շուրջը[1, էջ 12]:

Վանում եղած ժամանակ Օրբելին մասնակի պեղումներ է սկսում քաղաքի մոտակայքում գտնվող ‹‹Թոփրակ կալե›› հողաբերդում: Էրմիտաժին է հանձնում տեղի վաճառականներից գնված հնագիտական և ազգագրական նյութերը:

Վերադառնալով Ս.Պետերբուրգ Օրբելին իր գիտելիքները հարստացնում է ուրարտագիտությամբ, որոնց սկիզբը դրվել էր Վան կատարած ճամփորդության ժամանակ: 1922թ.  լույս է տեսնում երիտասարդ գիտնականի ‹‹1916թ. հնագիտական արշավը Վանում›› աշխատությունը: Այդ ժամանակ Օրբելին արդեն ճանաչված գիտնական էր, ուներ 21տպագրված աշխատություն, դասախոսում էր Պետերբուրգի Կայսերական համալսրանում:

1920թ. մայիսին Հովսեփ Օրբելին ընտրվում է Մշակույթի պատմության ակադեմիայի հրատարակչական բաժնի վարիչ, իսկ 1921թ.՝ ԳԱ տպարանի տնօրեն: Այդ տարիները շատ ծանր են եղել տպագրատան համար՝ էլեկտրաէներգիայի, թղթի պակաս, բացակայում էին որակյալ աշխատողներ: Օրբելիին, այնուամենայնիվ,  հաջողվում է հավաքել գիտական աշխատողների մի խումբ և տպագրել ‹‹Նյութական մշակույթի պատմության ռուսական ակադեմիայի տեղեկագրի›› առաջին հատորը: 1918թ. Օրբելին տպագրում է 7-րդ դարի հայ մաթեմատիկոս Անանիա Շիրակացու ‹‹Հարցեր և լուծումներ›› գրքույկը: Տպագրությանը օժանդակում է գիտնականի կինը՝ Մարիա Քերոբովնան:

1920թ. նոյեմբերի 1-ին Օրբելին աշխատանքի է անցնում Էրմիտաժում, որպես ֆոնդապահ: Ֆոնդապահ ընտրվելուց շատ չանցած՝ նա գլխավորեց Մուսուլմանական Արևելքի բաժինը:

Այս ընթացքում՝ 1922թ. Հովսեփ Օրբելին հրաժարվում է տպագրատան ղեկավարի պաշտոնից: 1919-1922թթ. նա դասավանդում է հնագիտության ինստիտուտում, մեկ տարի աշխատում է արվեստի պատմության ինստիտուտում, մասնակցում է Լազարյան ճեմարանի վերակառուցման աշխատանքներին:

 1927թ. Հովսեփ Օրբելին դառնում է իր իսկ ստեղծած Արևելքի բաժնի վարիչ:  1934թ. Օրբելին նշանակվում է Էրմիտաժի տնօրենի օգնական, իսկ քիչ անց  ստանձնում է տնօրենի պաշտոնը:  Էրմիտաժում անցկացրած տարիների ընթացքում Օրբելին նոր հարթակի վրա դնելով թանգարանը՝ կազմակերպեց բազմաթիվ ցուցահանդեսներ, գիտաժողովներ, կոնգրեսներ, չմոռանալով հնագիտությունը, ոչ հաճախ մասնակցում էր  պեղումների, գտածոներով հարստացնում էր Էրմիտաժի հավաքածուն:

Joseph-Orbely-01

Հովսեփ Օրբելի

Հովսեփ Օրբելին նպաստել է Հայաստանում գիտության և մշակույթի զարգացմանը: 1938թ. Օրբելին ընտրվեց ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի նախագահ: Նա հրաշալի կերպով կազմակերպեց գիտության զարգացումը Հայաստանում, ինչպես նաև հիմնադրեց տարբեր գիտական հաստատություններ, ապահովեց դրանց աճն ու ամրապնդումը: Նա գլխավորեց ‹‹Սասունցի Դավիթ›› դյուցազներգության 100-ամյա հոբելյանը:

Հայրենական մեծ պատերազմի սկսվելը ևս մեկ անգամ ստիպեց տարհանել Էրմիտաժի գանձները: Տարհանման աշխատանքները հիանալի կազմակերպեց Հովսեփ Օրբելին, որը այդ աշխատանքի համար 1944թ. պարգևատրվեց Լենինի շքանշանով:

1942թ. մարտին Օրբելին եկավ Հայաստան: 1943թ. հիմնադրվեց ՀԽՍՀ ԳԱ: Մեծ գիտնականը այդ գործի կազմակերպիչներից էր և ընտրվեց Հայաստանի ակադեմիայի առաջին պրեզիդենտ: [1, էջ 22] ԳԱ հիմնադրմամբ սկիզբ դրվեց բնագիտական գիտությունների զարգացումը,որն էլ հիմք դարձավ տնտեսության զարգացման համար: Ընդլայնվեցին աշխատանքները նաև՝ պատմության, լեզվաբանության, բանասիրության բնագավառներում:

1947թ. Օրբելին իր իսկ ցանկությամբ ազատվում է ԳԱ պրեզիդենտի պաշտոնից, քանի որ դժվար էր ղեկավարել երկու այդքան մեծ կառույցներ՝ Էրմիտաժը և ԳԱ:

1947թ. ակադեմիկոսը վերադառնում է Լենինգրադ և սկսում է ավերված Էրմիտաժի վերականգնման աշխատանքները: Հետպատերազմյան շրջանում նա թանգարան է վերադարձնում  տարհանված գանձերը: Նա քայլ առ քայլ սկսում է վերակենդանացնել պատերազմից վնասված թանգարանի սենյակները, կազմակերպում է ցուցահանդեսներ:

1951թ.՝ 31 տարի Էրմիտաժը ղեկավարելուց հետո Հովսեփ Օրբելին անսպասելի ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից:

1951-55թթ. նա զբաղվեց թերի մնացած գիտական աշխատանքների ավարտելու և հրատարակելու գործով:

1955թ. Հովսեփ Օրբելին ընտրվեց Լենինգրադի համալսարանի արևելագիտության բաժնի դեկան, 1956թ. նույն ֆակուլտետի Մերձավոր և Միջին Արևելքի ամբիոնի վարիչ և պրոֆեսոր: 1956թ. մինչև կյանքի վերջ նա միաժամանակ որպես վարիչ ղեկավարում էր ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի աշխատանքները: Այս բնագավառում աշխատելով՝ Օրբելին,  հնարավորություններ տվեց երիտասարդներին, դրանով իսկ ապահովելով իր հետնորդներին և ամենակարևորը որակյալ գիտնականներին:

Ակադեմիկոս Հովսեփ Օրբելին մահացել է  1961թ. փետրվարի 2-ին և թաղվել է Ս.Պետերբուրգի Բոգոսլովյան գերեզմանատանը:

1.Հովսեփ Օրբելի, խմբագիր՝ Հրանուշ Խառատյան, Ե., 2012

Տեսադարան. «Հովսեփ Օրբելի» ֆիլմ:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով