+374 99 12 80 82 Հինգշաբթի - 21 Նոյեմբեր 2024

Հեղափոխությունը զգացի «ջանիս» վրա


Հայ, լեհ, ռուս և ուկրաինացի արվեստագետների մասնակցությամբ մայիսի սկզբին Երևանում տեղի ունեցան «Body Practices: Postrevolutionary Armenia» անվանումը կրող արվեստային հանրային կատարումներ (փերֆորմանսներ): Կազմակերպիչներն էին՝ Հայաստանում գործող «Ֆոկուս» արվեստի ՀԿն, «Contemporary Choreography Lab Armenia» պարային լաբորատորիան, Վարշավայում գործող «Ադամ Միցկևիչի ինստիտուտը» և «Sens Ruchu» պարային շարժման հիմնադրամը:

Միջոցառման գաղափարական մասը մի կողմից անչափ պարզ էր, մյուս կողմից` քննարկման, խոշորացույցով զննելու ենթակա: Կարծես թե անցյալ տարվա ապրիլ-մայիսյան ներքաղաքական իրադարձությունները նկարահանվել են բոլոր դիտանկյուններից, շարժման մասնակիցները փակել են բոլոր հնարավոր փողոցները, մարդիկ հարյուրավոր կիլոմետրեր են քայլել-անցել անձրևի, արևի ու ոստիկանության բաժանմունք բերման ենթարկվելու վտանգի տակ, համացանցում պատմվել են բոլոր կատակները, վերլուծաբանները լուսավորել են բոլոր մութ անկյունները… իսկ արվեստագետները (հաճախ՝ գրողները, երբեմն` լրագրողները) հետաքրքիր են նրանով, որ տեղի ունեցող իրադարձությունները դիտում են ոչ սովորական աչքով, նրանք կարողանում են տեսնել, զգալ այն, ինչ սովորական մահկանացուներիս «հասու» չէ:

Կարճ կապելով` ասեմ, թե որն է անցած տարվա հեղափոխության արվեստային հարցադրումներից այս մեկը. «Եթե դուք` միջին վիճակագրական հայ մարդը (տղամարդը, կինը), տասը ժամ շարունակ Հանրապետության հրապարակի տարածքում կանգնած դիտել եք ԱԺ նիստը (այն դեպքում, երբ ձեր գիտակցական կյանքում հավանաբար ԱԺ նիստ կես րոպեից ավելի դիտած չկայիք), ապա այդ օրվանից սկսած ձեր և Հանրապետության հրապարակի հարաբերություններն այլևս երբեք նախկինը չեն լինի»:

Չի լինի Լենինի հրապարակ, չի լինի երգող ֆանտանի հրապարակ, չի լինի 2008 թվականի Սերժ Սարգսյանի նախընտրական հանրահավաքի հրապարակ, չի լինի վառված փուչիկների հրապարակ… կլինի ձե՛ր քաղաքական պայքարի, ջղայնացող և հայհոյող հարյուր հազարավոր գաղափարակիցների հավաքատեղին, սիրաշահող ու վառող մայիսյան արևի հրապարակ, հով ծառերի տակ հանգստանալու հրապարակ, կենտրոնական գորգի եզերքով նստելու հրապարակ:

Արվեստագետների հարցադրումը շատ տեղին է, և բնականաբար տարածվում է թավշյա ալիքի վրա հայտնված հանրային և ոչ հանրային բոլոր տարածքների վրա: Իմ անձնական փորձառությունից մի դրվագ պատմեմ. ողջ գիտակցական կյանքս երազել էի Սարալանջի փողոցով (խոսակցական լեզվով` Մոնումենտի դիքով) ոտքով իջնել, բայց երբեք առիթ ու համարձակություն չէի ունեցել: Անցած տարվա ապրիլյան օրերից մեկի ժամանակ իմ երազանքը կատարվեց. թեև երթը սկսվել էր երկրորդ Մասիվից, սահուն կերպով անցանք Ավանի նեղլիկ թաղամասերով, Զեյթունի մեծամեծ փողոցներով, ձնագնդիի պես մեծանալով, երթը ձգվեց- հասավ Հաղթանակի այգի ու գլորվեց դեպի կենտրոն:

Շարժման օրերին ամեն օր քայլում և լուսանկարում էի, բայց այդ օրը հավանաբար 25 կիլոմետրից շատ քայլեցի ու Մոնումենտի դիքն իջնելուց արդեն մարմինս ցավում էր, սիրելի «Եղվարդի բոթասը» (որ կարծում էի՝ մոտակա հազարամյակում կհագնեմ) ծակվել էր, բայց ես երջանիկ էի, որովհետև մարմինս հաղթահարել էր քաղաքի` կարծես թե հետիոտների համար արգելված այդ մեծ տարածքտ: Այժմ էլ այդ հատվածով անցնելիս հիշողություններ են գլուխ բարձրացնում, որ այս ճամփան անցել եմ ժպիտ տվող և հոգատարություն տարածող հազարավոր մարդկանց հետ, ու մի տեսակ նաև պատասխանատվություն եմ զգում այդ փողոցի հանդեպ:

Ի վերջո, հենց փերֆորմասների մասին պատմեմ. դրանցից մեկը կայացավ Աբովյան-Սայաթ-Նովա, երկրորդը` Մաշտոց-Խորենացի խաչմերուկի մոտ: Արվեստային կատարման սառնասիրտ ու շրջահայաց մասնակիցները, որ պարային շարժման հետազոտողներ են, առանց մի բառ արտաբերալու միմյանց եւ անցորդների հետ փորձում էին համաչափ, կարծես թե կիսով չափ յոգայի, կիսով չափ դանդաղեցրած պարային շարժումներով ինչ-որ անտեսանելի սարդոստայն գործել:

Ինձ համար մի կարևոր դիտարկում էլ եմ արել, որով կուզեի կիսվել: Փերֆորմանսի սկզբում, երբ միայն դրսեկ և տեղացի արվեստագետներն էին անտեսանելի պարաններ ձգմգում, անցորդների և թերևս նաև ինձ համար այդ ամենը լավագույն դեպքում մնջախաղ էր, վատագույն դեպքում ինչ-որ ձեռառնոցի: Այսպես մոտ 10 րոպե նույն բանն էր տեղի ունենում, մինչև որ նկատեցի, որ արվեստագետներից մեկը` Հասմիկ Թանգյանը, ու մի երիտասարդ (որ կարծրատիպային լեզվով ասած` քյարթու տղայի տեսք ուներ) կատարում էին փերֆորմանսի ոչ այնքան դյուրին պարային շարժումները: Միանգամից իմ տպավորության «սառը յուղի» վրա «եռման ջուր» լցվեց. հասկացա, որ նման ակցիաները գուցև փոքր մասշտաբով, բայց մեծ ազդեցություն կարող են թողնել հասարակության գիտակցության վրա:

Թերևս արժե, որ ամեն մեկս մտածենք` ի՞նչ արեց հեղափոխությունը մեր մարմինների հետ: Ինչքանո՞վ դա նպաստեց մեր մարմնական գիտակցությանը եւ փոխեց հանրային տարածքի հետ մեր երկխոսությունը:


Հեղինակ՝  Գարեգին Ալեքսանյան


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով