«Ավելի լավ է մարդկային աչքեր նկարեմ, քան`տաճարներ, քանի որ մարդկանց աչքերում կա մի բան, որ չկա տաճարներում` մարդկային հոգին»:
Մեջբերումս «Այսպիսին է Վան Գոգը» գրքից է: Ջորջ Ռոդըմի արվեստաբանական վերլուծությունները, որոնք և գրքի հիմնական բովանդակությունն են, հիմնված են Վան Գոգ նկարչի ինչպես փաստագրական մեզ հայտնի և անհայտ բազմաթիվ տվյալների, այնպես էլ արվեստաբանի նուրբ վերլուծական կարողության վրա: Հետաքրքիր է, որ բերված փաստերի մեծ մասը հղում է նկարչի և իր եղբոր նամակագրական կապին. թերևս ընթերցողին կհետաքրքրեն նաև այնպիսի փաստեր, թե ովքեր են եղել պոստիմպրեսիոնիզմի հոլանդացի վարպետի սիրելի նկարիչները, ում գործերով է տարված կամ հիացած եղել նա, ումից է ազդվել այս կամ այն ստեղծագործության վրա աշխատելիս, ո՞ր հայտնի նկարիչների ժամանակակիցն ու ընկերն է եղել: Այս բոլոր հարցերի փնտրտուքը ընթերցողին կտանի դեպի «Այսպիսին է Վան Գոգը» գիրքը:
Գիրքն ընթերցողի առաջ կբացի Վան Գոգ նկարչի և Վան Գոգ կերպարի ընդհանրություններն ու տարբերությունները. աստվածաշնչյան գիտելիքները և խիղճը վերցնելով իբր և հիմնական նյութ՝ Վան Գոգը մի անանցանելի պատ էր հյուսել կտավների ընկալման համար, դետալների հանդեպ անասելի ուշադրությունն ու նկարներին տված երկիմաստությունը (իրական և սիմվոլիկ) ավելի և ավելի էին բարդացնում նկարչի ընկալելիության խնդիրը: Գրքում տեղադրված նկարներում և նկարների վերլուծություններում տրված են բազմաթիվ լուծումներ, թե ինչպես ընկալել միայնակ արվեստագետի հոգու տատանումները և թե ինչպես հետևել դրանց ընթացքին՝ զարգացումից դեպի պայմանական անկում: Վան Գոգ կերպարը մարմնացումն էր այն թեմաների, որոնց բարձրացնողը դարձավ, մարմնացումն էր այն բոլոր առանձին կերպարների, որոնց միջոցով խնդիրներ էր լուծում հենց իր ասելիքի մեջ:
Այդպիսին էր Սիենի «Վիշտը», որը նկարչի չկայացած երջանկության և փրկության խորհուրդն էր կրում: Գրքում տեղ գտած վերլուծությունները երկիմաստ են, հեղինակը վերլուծում է նկարչին՝ վերլուծելով նկարը: Գրքում տեղ գտած նկարներից մեկը ճապոնական նկարի ազդեցությամբ արված մի բնանկար է, ՎանԳոգի փախուստը բնության տարերքի միջով նա ձգտում էր դեպի ճապոնական գեղանկարչություն կամ հակառակը: Վան Գոգի անձնական դրաման նրան տարավ դեպի մտագարություն:
«Այսպիսին է Վան Գոգը» գրքին կարազարդումն ու ընդհանուր ձևավորումը թույլ կտան ընթերցողին ավելի հաճելի դարձնել ընթերցանության ընթացքը, նյութի լեզուն թեթև է: Ընթերցողը կգտնի նաև նկարչի մարդասիրության և կարեկցանքի, հախուռն և բուռն բնավորության, սեփական անձը հավերժական միայնության դատապարտած և միայն հետմահու իր արժանի գնահատականը ստացած այս հանճարի անհատական կռիվը կյանքի, հասարակության դեմ: Վան Գոգ նկարչի կռիվն այլ էր, բախման ճակատները՝ իրականությունն ու կտավը, զենքը՝ վրձինն ու գույները… և պատահական չէր, որ որքան մռայլվում և օտարանում էր նկարիչը, այնքան վառ և արտահայտիչ էին դառնում գույները… դա հանճարի սիրո դրսևորումն է… Այդպիսին էր Վան Գոգը:
Եվա Մալխասյան
Արվեստաբան
Թողնել մեկնաբանություն