+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

[Մենք կանք] Նոր Արվեստանոց


Նոր Արվեստանոց (Պուշկին/4)՝ փոքր մշակութային տուն, որը պատրաստ է հյուրընկալել արվեստով հետաքրքրվածներին:

-Ի՞նչ կարող է տալ Նոր Արվեստանոցը՝այցելուին:

-Սեր, ընկերություն,_ասում է արվեստանոցի համահիմնադիր Հարութ Հովսեփյանը:

Նոր Արվեստանոցը հիմնադրվել է Երանուհի Մանուկյանի(տնտեսագետ), Հարութ Հովսեփյանի(ՀովՀար՝ գեղանկարիչ) և Ստեփան Ավետիսյանի (ծրագրավորող) կողմից: Երեք տարբեր ոլորտների ներկայացուցիչներ միասին մեկ տանիքի տակ, ստեղծել են արվեստի բոլոր ոլորտների ինքնադրսևորման հարթակ: Հիմնադրվել է, որ բարձրաձայնի՝ «Մենք կանք»: Այն հարցին թե ինչպե՞ս առաջացավ Նոր Արվեստանոցն ու ինչու՞մ է կայանում հիմնական նպատակը, Հարութը նշում է, որ եթե մեկը արվեստաբան է, մյուսը՝ երաժիշտ, մեկն էլ նկարիչ, ապա կապ ստեղծելու խնդիր է առաջանում: 004Ըստ Հարութի, եթե լինի որևէ հավաքական հարթակ, որը կմիավորի արվեստի բոլոր ոլորտները, ապա գործը միանշանակ արդյունք կտա: Նոր Արվեստանոցի հիմնադրման գործում մեծ դեր է խաղացել Հ. Թումանյանի «Վերնատան» գաղափարը, որը միավորել է ժամանակաշրջանի մտավորականներին: Հարութը հավելում է, որ մասնատվածությունը շատ մեծ խնդիր է և ըստ մեզ ներկայիս սերունդը պայքարող է ու կարող է ստեղծել 21րդ դարի «Վերնատուն»: Նա նաև նշում է,որ երիտասարդությունը կոտրել է խորհրդային արվեստի կարծրատիպերը ու այսօր երիտասարդությունն ունի Կոմիտասներ, Թերլեմեզյաններ ու Սիմանաթոներ, Հարութը հստակ տեսնում է նրանց: Հարութը կարծում է, որ սերունդների միջև ահռելի պատնեշ կա, որը երբեմն խանգարում է երիտասարդին՝առաջ շարժվել: Նա նաև հավելեց, որ կարևոր է երբ ստեղծվում է կապ՝ սերունդների միջև:

Այն հարցին թե արդյոք ի՞նչպես է կրթում Նոր Արվեստանոցը, Հարութը պատասխանում է.

_Մեզ մոտ անցկացվում են քանդակագործության, նկարչության, ձեռագործ իրերի վարպետության դասեր: Դասերն անցակվում են առանց որևէ ֆինանսավորման ու բացառապես հիմնված են մեր իսկ ջանքերի վրա:

Հարութը նաև նշում է, որ Նոր Արվեստանոցի հիմնական գաղափարախոսությունն է՝ «Չվաճառել արվեստը»: Արվեստը կարող է դուրս գալ փողոց, դուրս գալ՝ արվեստանոցից, ցուցասրահից, բայց ոչ երբեք վաճառվել(այս բառի ամենալայն իմաստով): Նա նաև նշում է, որ կարևոր է Արվեստը աղբի չվերածելու խնդիրը: Որպես հարցի լուծում, նա առաջարկում է արվեստից հեռու մարդկանց տրամադրել արվեստ, փոխարինել անորակ երաժշտությունը՝ Կոմիտասով ու դա կտա «թաքնված փոփոխության» արդյունքը: Ըստ Հարութի, երիտասարդ արվեստագետը ունի ցուցադրվելու խնդիր, որը կախված է բացառապես սոցիալական խնդիրներից: Չկան ցուցադրվելու վայրեր, կամ եթե կան էլ՝ հարմար չեն ո՛չ ուսանողի, ո՛չ էլ մարզերի երեխաների գրպանին: Նոր Արվեստանոցը իր առջև դրած խնդիրը շարունակում է լուծել ու օր օրի, Պուշկին/4 հասցեի հին, վերածնված տանը հավաքվում են երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են արվեստով, ուզում են լինել մոտ արվեստին ու ամեն օր անորոշությամբ են սպասում՝ «բա որ քանդեն շենքը, ի՞նչ է լինելու»: Նոր Արվեստանոցում հավաքվածները տուն-մարդիկ են՝ նրանք են մեր քաղաքային արվեստը, որ պիտի ձևավորեն նոր ու որակյալ արժեհամակարգ: Նրանք պիտի դուրս հանեն արվեստը՝ նեղ սալոնային սահմաններից ու ձևավորեն արվեստի նոր հարթակներ:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով