+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Մելիք Օհանյանի «տիեզերական ցուցադրությունը» Պոմպիդու արվեստի կենտրոնում


Փարիզի Պոմպիդու արվեստի կենտրոնում ամառը մեկնարկեց Մելիք Օհանյանի մոնոգրաֆիկ ցուցադրությամբ: Արմատներով հայ, Լիոնում ծնված և ներկայումս Փարիզում բնակվող արվեստագետը 2015 թվականին արժանացավ Մարսել Դյուշանի մրցանակին: 2000 թվականից մեկնարկած այս մրցույթը կարևորագույններից է Ֆրանսիայում: Յուրաքանչյուր տարի ժյուրիի անդամներն ընտրում են մեկ արվեստագետի, ում մրցութային աշխատանքը հեղաշրջող է և նորարարական ժամանակակից արվեստի ոլորտում: Որպես մրցանակ, հաղթողը ստանում է 35 000 եվրո գումար, ինչպես նաև Պոմպիդու կենտրոնում ցուցադրվելու հնարավորություն:

Մելիք Օհանյանի «Տևողականության պատկերը» (Portrait of Duration) արվեստանմուշը Պոմպիդու կենտրոնի ցուցադրության գլխավոր աշխատանքներից է: Վերջինս իրենից ներկայացնում է 7 լուսանկար` ցուցադրված յոթ առանձին էկրաններին: Լուսանկարները ներկայացնում են ցեզիում 133 քիմիական ռադիոակտիվ տարրի կառուցվածքային փոփոխությունները` պինդ վիճակից անցումը փափուկի: Մելիք Օհանյանի աշխատանքը հիմնված է ժամանակի և տարածության երևույթների վրա: Ցեզիում 133 քիմիական տարրի ընտրությունը պայմանավորված է արվեստագետի հետաքրքրությամբ դեպի ատոմական ժամացույցը, որի հիմքում գտնվում է այդ ռադիոակտիվ տարրը:


Melik-Ohanian-space-exhibition-005 Melik-Ohanian-space-exhibition-001


Երկար ուսումնասիրության արդյունքում, Մելիք Օհանյանը եկել է ենթադրության, որ ցեզիումի կառուցվածքային փոփոխությունը տեղի է ունենում սենյակային ջերմաստիճանում ուղիղ մեկ վայրկյանի ընթացքում: Հետևաբար Պոմպիդու կենտրոնի ինստալլացիան նույնպես տևում է մեկ վայրկյան: Այսինքն 59 վայրկյանների ընթացքում էկրաններն անջատված են, ապա մեկ վայրկյան առաջանում են ցեզիում 133-ի կառուցվածքային փոփոխության լուսանկարները: Ամենը տեղի է ունենում կայծակնային արագությամբ` ստիպելով դիտողին վերադառնալ և մտորել ժամանակի գոյության և դրա արժեքի շուրջ:


Melik-Ohanian-space-exhibition-006 Melik-Ohanian-space-exhibition-004


Կիսախավար ցուցասրահը լուսավորվում են պատերի երկայնքով տեղադրված լամպերը, որոնց պայծառությունը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է: Արվեստագետը լամպերի շնորհիվ ընդգծում է ցուցասրահի տարածքը և ստեղծում կապ դիտողի հետ: Լամպերի տակ ցուցադրված են լուսանկարներ, որոնք նույն ցեզիումի փոփոխման գործընթացքի վայրկյանական լուսանկարներն են, բայց այս անգամ սև ու սպիտակ: Ցուցասրահի կենտրոնում տեղադրված արվեստանմուշը թերևս ամենատպավորիչն է: Հսկայական էկրանի վրա դիտողը տեսնում է Ծիր Կաթին և Անդրոմեդա գալակտիկաների բախումը, որի արդյունքում նոր գալակտիկա է կազմվում: Այստեղ արվեստագետը հղում է կատարում բախման վերաբերյալ 2012 թվականին ՆԱՍԱ-ի արված գիտական հայտարարությանը:  Հայելու շնորհիվ, ցուցահանդեսի այս «աստղային» նմուշը արտացոլվում է նաև առաստաղի վրա: Եվ հետաքրքիրն այն է, որ այդ արտացոլանքի մեջ դիտողը տեսնում է նաև ինքն իրեն` այդպիսով դառնալով ողջ աստղազարդ տիեզերքի բաղկացուցիչ մասնիկ:


Melik-Ohanian-space-exhibition-003 Melik-Ohanian-space-exhibition-002



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով