2016 թ. հունիսի 10-ին «Դալան» պատկերասրահում բացվեց նկարիչ Ալեքսանդր Մկրտչյանի «Երևանի պատկերներ» ցուցահանդես-վաճառքը։ Վերջերս նկատել եմ, որ Երևանին նվիրված ցուցահանդեսները նույնքան հաճախացել են, որքան դրան նվիրված երգերը։ Երևանյան ցուցահանդեսային անցուդարձով ապրող մարդիկ կփաստեն, որ շատ փոքր հավանականություն կա, որ նման կոնցեպտ ունեցող միջոցառումը հաջողված կարող է լինել։ Դրան, իմ կարծիքով, կա մի քանի պատճառ` մենք չենք ուզում ընդունել, որ հին Երևան այլևս չկա, այն մեր երազած ու պատկերացրած ճարտարապետությունը նույնպես, մենք չենք ուզում ընդունել, որ երևանյան դեմք է ոչ միայն նստարանին թերթ կարդացող պապիկը, Արամ-Աբովյան փողոցների խաչմերուկում նվագող երաժիշտը կամ Աֆրիկյանների այլևս գոյություն չունեցող շենքը և այլն։ Մենք չենք կարողանում համակերպվել, որ Երևանը ենթարկվել է տրանսֆորմացիայի, որոշ տեղերում մուտանտային, իսկ որոշ տեղերում գեղեցիկ, ոճային, ժպտերես և ուրախ։ Երևանում այժմ ապրում են բավականին ոճային, խելացի և լավ երաժշտություն լսող, գրախանութներում նոր գրքեր փնտրող, այսքան հաճախացած գինետներում լավ գինի ըմպող, ցուցահանդեսներ, թատրոն, կինո հաճախող երիտասարդներ, որոնք ունեն հստակ նպատակներ, շարժվում են ժամանակի հետ կամ նույնիսկ դրանից առաջ են ընկնում և անգիտակցաբար ստեղծում են բոլորիս համար այսքան սիրելի Երևանի նոր մթնոլորտը։ Դա չի նշանակում, որ բոլորս ուրախ ենք երևանյան քանդված շենքերի համար, բայց առաջ շարժվելու համար շատ կարևոր է բաց չթողնել համակերպման պահը, չլճանալ ու փորձել շրջակա միջավայրը դարձնել ավելի բարձր, քան այն, ինչը կործանեց երբեմնի հին Երևանը։
Այնուամենայնիվ, «Երևանի պատկերներ» ցուցահանդեսի կոնցեպտում չկար վերը նշած ոչինչ, կար միայն նկարիչը, որի գլխավոր և միակ հերոսը Երևանն էր։ Նրա նկարներում մենք չկանք, չկա պաթոս, ողբ, զայրույթ, կռիվ, ցույց` միայն Երևանը, շենքերը, երևանյան օդը, գույները, ապահովության զգացումը։ Նկարիչը ներկերն այնպիսի զգուշությամբ էր տեղադրել կտավին, որպեսզի բաց չթողնի երևանյան հմայքի որևէ կտոր։ Ցուցահանդեսը թեթև էր, երաժշտությունը` բարի։ Ցուցահանդեսից հետո ամպայման ցանկություն է առաջանում զբոսնելու և փնտրելու Ալեքսանդր Մկրտչյանի երևանյան պատկերները։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 17-ը։
Թողնել մեկնաբանություն