+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

«Թանգարանների գիշեր» միջոցառման պատմությունը


     Museum-night  Մայիսի  18-ը  թանգարանների  միջազգային  օրն  է: Այն  պաշտոնապես  ընդունվել  է  1977թ-ին,  թանգարանների  միջազգային ոչ պետական կազմակերպության` ԻԿՕՄ-ի, 11-րդ գլխավոր կոնֆերանսսի ժամանակ (ICOM- International Council of Museams–ստեղծվել է  1946թ.-ին):  Թանգարանների միջազգային օր ունենալու մտահաղացումը պատկանում է Ա. Ս. Պուշկինի անվան գեղարվեստի ազգային թանգարանի տնօրեն Ի. Ա. Անտոնինովային:

   1978թ.-ից մշակույթային այս նորույթը ավանդույթի վերածվեց և ընդգրկելով աշխարհի ավելի քան 150 երկրներ` (այդ թվում նաև Հայաստանը) դարձավ թանգարանային հետաքրքիր ու բազմազան միջոցառումների իսկական տոնահանդես, միաժամանակ հնարավորություն տալով ուշադրություն հրավիրել թանգարանային մշակույթի ժառանգության պահպանության խնդիրների վրա: Կարևորելով այդ խնդիրները, 1992թ-ից սկսած, թանգարանների միջազգային օրվա համար, դրանցից բխող թեմատիկ ուղղվածություն է առաջարկվում:

      Այսպես. 1992թ-ին առաջարկված թեման էր «Թանգարանները և շրջակա միջավայրը», 1993թ.-ին` «Թանգարանը և տեղաբնիկները», 1995թ.-ին` «Պատասխան և պատասխանատվություն», 1996թ.-ին «Այսօրվա հավաքչական աշխատանքը` հանուն վաղվա», 2003թ.-ին` «Թանգարանները և ընկերները», 2004թ.-ին` «Թանգարանները և հոգևեր ժառանգությունը», 2007թ.-ին` «Թանգարանը և համաշխարհային ժառանգությունը¦  և այլն: 2009թ.-ին, երբ առաջարկված թեման էր` «Թանգարանը և զբոսաշրջությունը», թանգարանների միջազգային օրը նշող թանգարանների ռեկորդ գրանցվեց` միջոցառմանը մասնակցեցին աշխարհի շուրջ 90 երկների 20.000 թանգարաններ (2010թ.-ին մասնակից երկները 80-ն էին):

Museum-cultural-landscape

      Հետագայում` 1999թ.-ից սկսած, թանգարանների միջազգային օրվա շրջանակներում սկսեց իրականցվել նաև «Թանգարանների գիշեր» ակցիան (թանգարանների միջազգային օրվան հաջորդող շաբաթ օրը), որի համար նախատիպ հանդիսացավ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության կազմակերպած միջոցառումը, որի շնորհիվ գարնանային մի կիրակի Ֆրանսիայի բոլոր թանգարաններն անվճար «բաց էին արել» իրենց դռները այցելունների առաջ: Այս օրինակը մեծ ոգևորություն առաջացրեց Եվրոպական մշակութային կոնվենցիան ստորագրած  39 երկրներում և ստացավ «Թանգարանյին գարուն» անվանումը, իսկ ավելի ուշ  վերանվանվելով «Թանգարանների գիշեր»-ի, սկսեց իրականցվել Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Սկսվելով մայրամուտի հետ և ավարտվելով կեսգիշերին, «Թանգարանների գիշեր» ակցիան նպատակ ունի համախմբել աշխարհի բոլոր թանգարաններին և մեկ գիշեր նվիրել բացառապես մշակույթին` այսպիսով հասարակության ուշադրությունը հրավիրելով թանգարանների վրա:Museum-international-day

      Այսօր, աշխարհի շուրջ 40 երկների հազարավոր թանգարանների շարքում «Թանգարանների գիշեր» ակցիային են միացել նաև Հայաստանի թանգարանները` անմիջական ղեկավար ունենալով «Մշակույթի նախարարությունը», որի ղեկավարությամբ էլ արդեն 6 տարի է հանդես են գալիս հետաքրքիր ու բազմազան ծրագրերով ու միջոցառումներով, դրանք նախապես մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության միջոցով տեղեկացնելով հանրությանը:

      «Թանգարանների գիշեր» ակցիայի մասնակիցների շրջանակը տարեցտարի մեծանում է` ընդգրկելով այնպիսի կայացած թանգարաններ, ինչպիսիք են Հայաստանի պատմության թանգարանը, Ազգային պատկերասրահը, «Էրեբունի» արգելոց-թանգարանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Մ. Սարյանի տուն-թանգարանը և այլն. (շուրջ 40 թանգարաններ,որոնց մեծ մասը մարզերից ):

Այս տարի մայիսի 21-ին «Թանգարանների գիշեր»-ը կընթանա «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» խորագրի ներքո: Այն նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին:


Հեղինակ՝   Սուսաննա Հարությունյան

Երևան քաղաքի պատմության թանգարան


 «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները»

https://issuu.com/mincultam/docs/museumnight/1?e=0



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով