+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

«Գունատ ստվերներ». Բեռտա Մարտիրոսյանի անհատական ցուցահանդեսը


Լուսանկարչություն` սա է Բեռտա Մարտիրոսյանի նախընտրած ճանապարհը արվեստում: Այսօր գեղարվեստական լուսանկարչությունը հայկական իրականության` հատկապես երիտասարդության շրջանակում մեծ հետաքրքրություն է առաջացնում: Շատերի մոտ այն ուղղակի հոբբի է, շատերը նորաձևության միտումներին են հետևում, որոշներն էլ կարողանում են տեսախցիկի միջոցով տալ այն, ինչը մենք զգում ենք: Բեռտայի ստեղծած պատկերները մտածված են, նրանք չեն եկել տվյալ միջավայր հանկարծակի, առանց նախապատրաստության: Կերպարները նրա համար հիմքն են, իսկ միջավայրը հիմքն ավելի հզոր դրսևորելու աղբյուր: Ցուցահանդեսի անունը <<Գունատ ստվերներ>> է, ինչը իրենից ենթադրում է տեսնել մելամաղձոտ, տխուր, իրենց մեջ պարփակված, սակայն, միևնույն ժամանակ ազատ կերպարներ, որոնք ունեն պատմություն, բայց դրա մասին չեն ուզում խոսել:

Այս լուսանկները ուշադիր զննելով մի քանի հարց առաջացավ, որոնք ես ուղղեցի հեղինակին, նախապես ակնկալելով այդ պատասխանը, բայց ակնկալիքներում համոզվելը երբեք ոչ ոքի չի խանգարել:

_Բեռտա, պատմիր լուսանկարների մասին` ինչպե՞ս են ստեղծվել: Ի՞ նչն է եղել լուսանկարների հիմքը և ինչպե՞ ս է ստացվել, որ նրանք հավաքվել են մի վերնագրի տակ` «Գունատ ստվերներ»:
_Լուսանկարները ստեղծվել են 2011-2016 թվականներին` Հայաստանում և արտերկրում: Նկարներում պատկերել եմ վառ անհատականություն ունեցող մարդկանց, որոնք մեջ տեսել եմ իմ ներքին ստվերները: Փորձել եմ փոխանցել մարդկային ներաշխարհը` իր միայնության և ազատության դրսևորումներով: Կարծում եմ, մարդ ազատ է, երբ երջանիկ լինելու համար կախում չունի այլ մարդկանցից:

_Քո աշխատանքներում մի քանի հայտնի գեղանկարիչների աշխատանքների ազդեցություն նկատեցի` Յան Վերմեեր «Մարգարտե ականջօղով աղջիկը», Ռենե Մագրիդի մի քանի հայտնի գործեր, կա՞ նման բան քո աշխատանքներում, հիմքը գեղանկարչությու՞նն է:
_Սիրում եմ սյուրեալիզմը, ոգեշնչվում եմ Սալվադոր Դալիի, Ռենե Մագրիդի և այլ գեղանկարիչների աշխատանքներից:

_Հետաքրքիր է, այդ դեպքում ինչու՞  լուսանկարչություն, ոչ թե գեղանկարչություն:
_Ես նաև նկարում եմ, սակայն լուսանկարելով եմ կարողանում փոխանցել զգացողություններս և որոշ փիլիսոփայական մտքեր:

Բեռտան դեռ որոնման ճանապարհին է, նա ուսումնասիրում է իրեն` մարդկանց միջոցով, փորձելով տալ առավելագույնը առաջին հերթին հենց իրեն: Նա թողնում է մեզ իր հետ խորհել, բայց փնտրելու ճանապարհը գծված է միայն իր համար: Կսպասենք լուսանկարչուհու նոր աշխատանքներին, կհետևենք իր բռնած ուղուն, այնքան, որքան ինքը մեզ թույլ կտա:

Լուսանկարները տրամադրեց Բեռտա Մարտիրոսյանը:

Լուսանկարչուհու աշխատանքներին կարող եք ծանոթանալ նաև իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում`

  https://www.facebook.com/Photoberta/?fref=ts



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով