+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ


Artavazd-Peleshyan-003Այսօր կինոռեժիսոր, վավերագիր Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է: «Բացառիկ կինոհանճար» – այսպես է անվանում Փելեշյանին Սերգեյ Փարաջանովը: Իսկ ռուսական պարբերականներից մեկում նրան անվանում են «կինոյի Լեոնարդո դա Վինչի» [1] Հայ կինոռեժիսոր, տեսաբան, կինոարվեստի պատմության մեջ ամենահայտնի վավերագիրներից մեկը` Արտավազդ-Արթուր Փելեշյանը ծնվել է 1938թ. ի փետրվարի 22-ին Գյումրիում: 1963-68թ.. սովորել է Մոսկվայի կինոյի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում: Փելեշյանը սկսել է ֆիլմեր նկարել դեռևս ուսանողական տարիներից, որոնք նրան բազմաթիվ մրցանակների ու պարգևների են արժանացրել: 1964թ. Հայաստանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում նկարահանել է իր առաջին ֆիլմը` «Լեռնային պարեկը»: Այնուհետև «Հայֆիլմ» կինոստուդիայում և «Երևան» ստուդիայում նկարահանել է «Մարդկանց երկիրը», (1966), «Սկիզբը» (1967), «Մենք» (1969), «Երկրաբնակները»(1970), «Տարվա եղանակներ»(1975), «Մեր դարը» (1982): 1990-ականներին նկարահանել է 2 կարճամետրաժ ֆիլմ «Կյանք» (1993) և «Վերջ» (1994), որոնք լուրջ հավանության են արժանացել կինոքննադատների կողմից: Երկար տարիներ նրա ֆիլմերը Հայաստանում գրեթե չէին ցուցադրվում կամ հայտնի էին միայն կինոաշխարհի մարդկանց: Այնինչ այդ ֆիլմերը վաղուց դարձել էին համաշխարհային կինոյի սեփականությունը: «Երբ իմ ֆիլմն անվանեցի «Մենք», ես նկատի եմ ունեցել հայ ժողովրդին, որը, սակայն, մեծ ՄԵՆՔ-ի ընդամենը մի մասն է» :

Artavazd-Peleshyan-Menq-004

Արտավազդ Փելեշյանը մնայուն հետք է թողել ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային կինոյի պատմության մեջ: Նա իր կինոաշխարհը կառուցում է իրական աշխարհից, վավերագրական նյութից: Առաջին հայացքից հասարական թվացող գործողությունները նրա ֆիլմերում ստացել են մարդկային հոգու և գիտակցության արտացոլանքի արժեք, որին նպաստել է նաև կադրի և երաժշտության ֆանտաստիկ համադրությունը: Իր հարցազրուցներից մեկում Փելեշյանը ասում է. «Ես մոնտաժում եմ պատկերի զգացմունքը երաժշտության զգացմունքի հետ» [2]: Ստեղծելով կինոմատոգրաֆիայում իր առանձին` փելեշյանական ոճը, մաեստրոն կինոաշխարհին ներկայացավ նոր խոսքով, բայց առանց բուն խոսքի: Նրա ֆիլմերը հիմնականում կարճամետրաժ են. ամենաերկարը 60 րոպե տևողությամբ, իսկ ամենակարճը ` 6 րոպե, բայց ինչպիսի~ րոպեներ. լի կյանքը իմաստավորելու և արժևորելու ձգտումով: Համամարդկային արժեք ներկայացնող այդ ֆիլմերը ասելիք են, հաղորդագրություն առանց բառերի: Հեղինակն ինքն այս մասին ասել է ` «Իմ ֆիլմերի թերությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան, իմ ֆիլմերի առավելությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան»:

Artavazd-Peleshyan-tarva-exanakner-002 Artavazd-Peleshyan-tarva-exanakner-001Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանը գրում է. «Փելեշյանի կինոն ծիսական է՝ դեպի մարդու նախահիմքերը գնացող: Այդ կինոն հողի, երկրի, ճակատագրի թանձրացումների մասին է, կյանքի գաղտնիքը որոնելու, ժամանակի ու հավերժության, և բառը պիտի նահանջի այդտեղ: Դա կինոյի մաքուր տեսակն է, որտեղ պատկերն է խոսք: Փելեշյանը խոսում է պատկերաշարով և դա իսկապես հեղափոխական ներկայություն էր 60-80-ական թթ. համաշխարհային կինոյում»: [3] Կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սիրանուշ Գալստյանը գրում է. «Փելեշյանի ֆիլմերն անվանում են «էկրանի լեզվով գրված բանասետղծություններ»: Դրանք ստեղծվում են պատկերահնչյունային կերպարների միջոցով, առանց խոսքի: Հիրավի, երբ պատկերն է խոսում, այն էլ` այդպիսի ուժով, բառերը լռում են» [4, էջ 113]: Տարածական մոնտաժի հեղինակն ու գյուտարարը համաշխարհային կինոյում հեղաշրջում արեց` ցույց տալով մոնտաժի գեղագիտական արժեքը: Նա նախընտրում էր կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն: Իր ֆիլմերում նա վերացնում է վավերագրականի և խաղարկայինի միջև սահմաննեը`երկուսն էլ մոնտաժելով իբրև իրական բանաստեղծական էություն [5]:Artavazd-Peleshyan-Kyanq-005

Փելեշյանը նաև բազմաթիվ տեսական աշխատություններ է հրատարակել կինոմատոգրաֆիայի մասին, որոնք թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: «Տարածական մոնտաժ» աշխատության մեջ նա շարադրել է Մոնտաժի իր տեսությունը, 1974թ. : Իր բոլոր աշխատությունները նա հավաքել է «Իմ կինո» հայտնի գրքում, (1988թ.), որտեղ զետեղված են տեսական աշխատանքները և սցենարները: 1979թ. Փելեշյանին շնորհվել է «Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի» կոչումը, իսկ 1995թ.` ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ: 2000թ. Փարիզի կինոփառատոնում ստացել է Մեծ մրցանակը: 2006թ. երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնում արժանացել է Փարաջանովի մրցանակին համաշխարհային կինոմատոգրաֆիայում ունեցած մեծ ավանդի համար: Նկարահանվել է «Մենք ենք մեր սարերը» ֆիլմում` Ռևազի դերում: 2011թ, իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոն նկարահանել է «Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմը`նվիրված մեծ կինոռեժիսոր-վավերագրողին: Ներկայումս հայ ռեժիսորը ապրում և ստեղծագործում է Մոսկվայում: Արդեն երկար տարիներ նա ֆիլմ չի նկարում, թեև «Հոմո Սապիենս» (Homo Sapiens) ֆիլմի սցենարը վաղուց պատրաստ է, սակայն ֆինանսների բացակայության պատճառով այն մինչև հիմա մնացել է դարակում: Փելեշյանը դասավանդում է, վարպետության դասեր է տալիս տարբեր երկրների տարբեր բուհերում, գիրք է գրում: Համաշխարհային կինոյի հսկաները, միջազգային մամուլը նրան համարել են և շարունակում են գնահատել՝ որպես բոլոր ժամանակների ամենատաղանդավոր կինոռեժիսորներից մեկը:

  1. Искусствокино, Москва, 2000, #12
  2. http://kinoashkharh.am/2012/12/556#sthash.7s9XVkfV.dpuf
  3. Ա. Փելեշյան. «Իմֆիլմերըերկարկապրեն, որովհետև նրանք լի են սխալներով»: http://hetq.am/arm/news/58666/apeleshyanim-filmery-erkar-kapren-orovhetev-nranq-li-en-skhalnerov.html/

 4.Սիրանուշ Գալստյան, «Հայացք մեր կինոյին. պատմությունը և ներկան», Երևան 2011

 5.Արտավազդ Փելեշյանի մասին http://kino-teatr.ru/kino/director/sov/30442/bio/



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով