+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Ծագումով հայ լուսանկարիչ եղբայրների մենաշնորհը Օսմանյան կայսրությունում և նրա սահմաններից դուրս


Լուսանկարչության պատմության մեջ անգնահատելի է Աբդուլլահ (Աբդուլլահյան) երեք եղբայրների՝ Վիչենի, Հովհաննեսի և Գևորգի կատարած դերը: Ապրելով օտար հողի վրա. այն էլ Օսմանյան կայսրության տարածքում՝ Կոստանդնուպոլսում, նրանք կարողացան այնպես աշխատել, որ արժանացան բազմաթիվ մրցանակների, ձեռք բերեցին մեծ համբավ, եղան սուլթանի և ողջ կայսրության պաշտոնական լուսանկարիչները: Եղբայրներն այնքան հմուտ էին իրենց գործում, որ անգամ ծագումով հայ լինելը և մուսուլման չդառնալը չխոչընդոտեց վերջիններիս իրենց անունները հնչեցնել ողջ կայսրության տարածքում և նրա սահմաններից դուրս, հարգված լինել սուլթանի և արքունիքի կողմից: Թուրքիայում լուսանկարների մեծացման մենաշնորհը պատկանում է հենց նրանց:
Աբդուլլահյան ազգանվան ծագման հետ կապված կա մի վարկած ՝ համաձայն որի այն ընդունել է եղբայրների պապը, որն աշխատում էր սուլթան Աբդուլ Համիդ 1-ինի պալատում: Երբ վերջինիցս պահանջում են, որ իսլամ ընդունի, մերժում է և սուլթանի բարկությունը մեղմելու համար ընդունում Աբդուլլահ ազգանունը, որը նշանակում է «Ալլահի ծառա»:

Abdullahyan-001

Վիչեն Աբդուլլահյան

Abdullahyan-002

Հովհաննես Աբդուլլահյան

Abdullahyan-003

Գևորգ Աբդուլլահյան

Աբդուլլահյան եղբայրներից կրտսերը՝ Գևորգը, սովորել է Մուրադ Ռաֆայելյան վարժարանում, որտեղ աշակերտել է Ղևոնդ Ալիշանին: Եղել է ամենահեղինակավոր արվեստագետը եղբայրների մեջ: Նրա կատարած դիմանկարներն առանձնանում են իրենց գրավչությամբ, լույսի վարպետորեն օգտագործմամբ: Նրա ավագ եղբայրը՝ Վիչենը, այդ շրջանում մայրաքաղաքում արդեն իսկ հայտնի նկարիչ էր: Վերջինիս պատվիրատուների թվում էին սուլթան Աբդուլ Մեջիդը և նրա հաջորդ սուլթան Աբդուլ Ազիզը:Սուլթան Աբդուլ Ազիզը 1863 թվականին Աբդուլլահյան եղբայրներին հրավիրում է Իզմիթում գտնվող իր ապարանքը, որ լուսահանեն իր դիմանկարը: Նա այնքան է հավանում աշխատանքները, որ եղբայրներին կայսրության լուսանկարիչներ է կարգում:

Abdullahyan-photography-004

Սուլթան Աբդուլ Ազիզի դիմանկարը

Աբդուլլահյան եղբայրների լուսանկարները, որոնցում արտացոլված էր կյանքը Օսմանյան կայսրությունում, ներկայացվում են կայսրության առաջին ազգային ցուցահանդեսում (1863 թվական): Իսկ առաջին միջազգային հաջողությունը եղբայրներն ունենում են 1867 թվականին՝ փարիզյան համաշխարհային ցուցադրության ժամանակ, որի բացման արարողությանը հրավիրյալների թվում էր նաև սուլթան Աբդուլ Ազիզը: Եվ լուսանկարների թվում կարելի էր տեսնել հենց սուլթան Աբդուլ Ազիզի դիմանկարը պատկերող լուսանկարը:

Աբդուլլահյան եղբայրները լուսանկարել են նաև Օսմանյան կայսրություն այցելած ծանոթ և հանրաճանաչ մարդկանց, ինչպիսիք են Գերմանիայի կասր Վիլhելմ 2-ը, Ուելսի իշխանը, Միացյալ թագավության թագաժառանգ Էդուարդը, Պրուսիայի թագավոր Ֆրեդերիկ 3-ը և բազմաթիվ այլ մեծանուն անձինք: Աբդուլլահյան եղբայրների լուսանկարչական ապարատի առջև հայտնվել է նաև Եգիպտոսի Խդիվ Թևֆիկ փաշան, որը հյուրընկալվել էր սուլթանին Կոստանդնուպոլսում. Դա և առիթ էր հանդիսացել, որ վերջիններիս հրավիրի Կահիրե՝ լուսանկարչատուն բացելու: Եվ ահա 1886 թվականին եղբայրները Կահիրեում բացում են իրենց մասնաճյուղը: Ինը տարվա փայլուն և հաջող գործունեությունից հետո, սակայն,՝ մասնաճյուղը փակվում է: Աբդուլլահյան եղբայրներն իրենց մասնաճյուղերը հիմնում են նաև Իզմիրում, Թեհրանում, Փարիզում:

Եղբայրները հրատարակել են 51 անուն լուսանկարչական ալբոմ՝ նվիրված Թուրքիային և տարածաշրջանի ազգաբնակչությանը, որոնք այսօր պահպանվում են աշխարհի խոշոր գրադարաններում:

Abdullahyan-photography-005

Քաղաքային տեսարան

Աբդուլլահյանների արվեստը բարձր է գնահատվում առաջին հերթին բազմաժանրության համար: Նրանք լուսանկարում էին քաղաքային տեսարաններ, որոնցից հատկապես հիշարժան են Կոստանդնուպոլիս և Իզմիր քաղաքների համայնապատկերը ներկայացնող լուսանկարները, թատերական տեսարաններ՝ նշանավոր արտիստների մասնակցությամբ:

Abdullahyan-photography-006

Արքայադուստր Սալիհան

Abdullahyan-photography-008

Չերքեզը

Նրանք ստեղծել են նաև արևելյան դեմքերի, զգեստների և, հատկապես, տարբեր ցեղերի՝ զանազան հանդերձներով, տեսակ տեսակ գործիքներով տարատեսակ գործողությունների պահին լուսանկարված կերպարներ:
Աբդուլլահյան եղբայրների կատարած աշխատանքներից հատկապես տպավորիչ էին իրենց արվեստանոցում ստեղծած լուսանկարները: Արվեստանոցում նրանք ունեին տարբեր դեկորացիաներ, նուրբ վարագույրներ, ժամանակակից աքսեսուարներ՝ լուսանկարներում ֆոն ստեղծելու համար: Եղբայրներն առավելագույնս օգտագործում էին բնական լույսը՝ աշխատելով արվեստանոցի վերևի հարկում, որի առաստաղն ապակուց էր: Մեծ ճշգրտությամբ էին եղբայրներն օգտագործում վարագույրներն ու ռեֆլեկտորները:Տաղանդավոր եղբայրներն ունեն լուսանկարների մի շարք, որտեղ տեսնում ենք բարձրագույն զինվորական կոչում ունեցող անձանց: Նրանց մեջ մեծ թիվ են կազմում նաև ռուս գեներալները: Հարկ է նկատել, որ այսօր վաճառվում են Աբդուլլահյանների կողմից արված ռուս գեներալների 19-րդ դարի լուսանկարները: Աշխարհի տարբեր թանգարաններում հայ առաջին լուսանկարիչների թողած ժառանգությունը այսօր գեղարվեստական մեծ արժեք է ներկայացնում: Դրանք կանանց և տղամարդկանց, հոգևորականների և երեխաների շքեղ դիմանկարներ են, որոնք նաև փաստագրական, վավերագրական կարևոր  նշանակություն ունեն:

Այդուհանդերձ Աբդուլլահյան եղբայրների առավել հայտնի ստեղծագործութ-յունները նրանց լուսանկարած դիմանկարներն էին՝ շքեղ և խոսուն: Եղբայրների համար դիմանկարը անձի հոգու արտացոլումն էր: Նրանք դիմանկարներ ստեղծելիս միշտ հաշվի էին առնում պատկերվողի տարիքը, դերը հասարակության մեջ:

Abdullahyan-photography-007

Առաջին արագաշարժ հրետանու զինվորները

Մեծ է Աբդուլլահյան եղբայրների դերը ինչպես Թուրքիայում, Եգիպտոսում և առհասարակ Մերձավոր Արևելքում լուսանկարչության զարգացման, այնպես էլ հետագա սերունդներին կրթելու և նրանց վրա մեծ ազդեցություն թողնելու գործում: Երեք եղբայրներն իրենց աշխատանքով, բարձր որակի լուսանկարներով, մեծ փորձով, ճանապարհ հարթեցին Օսմանյան կայսրության տարածքում ապրող և իրենց գործունեությունը ծավալող հայ լուսանկարիչների համար: Նրանք դարձան այն ամուր և հաստատուն հենքը, որի վրա ձևավորվեց և զարգացավ հայ լուսանկա-րիչների մի ամբողջ սերունդ: Հայ լուսանկարիչ եղբայրների աշխատանքներն այնքան յուրօրինակ էին, որ նունիսկ գնահատականների մեջ չափազանց զուսպ անգլիական «Թայմս» օրաթերթը խոսքեր չի խնայել եղբայրների արվեստը գովաբանելու համար:

Օգտագործված գրականության ցանկ

  1. Կիրակոսյան Անի, «Մենք մեր մասին», Աբդուլլահյան եղբայրներ, թիվ 3, 2008:
  2. Քեզ կը սիրեմ Ստանպուլ – ԺԹ. Դարէն մինչև այսօր լուսանկարին ընդմէջէն, Ստանպուլ, 2011 / I love you Istanbul – Through the language of photography from the 19th century to our day, Istanbul, 2011/:
  3. Քոչար Վահան, Հայ լուսանկարիչներ, Երևան, 2007:
  4. Анив N 4(37) 2011, «Братья Абдулла. Вне конкуренции» по материалам Энгин Озендес «Братья Абдулла. Придворные фотографы Османской империи».
  5. Nissan N. Perez, «Focus East», Early photography in the Near East 1839-1885.
  6. http://www.sobesednik.am/old_archive/index.php?option=com_content&view=article&id=32129:2009-07-27-14-40-30&catid=2265:-99&Itemid=13401


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով