+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Գրականության ուժը գեղարվեստի մեջ է… Զրույց «Դարակ» հրատարակչության տնօրեն Արմեն Գասպարյանի հետ…


Վերջին շրջանում հայ ընթերցողի սեղանին դրվեց համաշխարհային գրականության գոհարներից ևս մեկը՝ Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» ստեղծագործությունը, նորաբաց «Դարակ» հրատարակչության կողմից: Վիրջինիա Վուլֆը 20-րդ դարասկզբի մոդեռնիստական գրականության վառ ներկայացուցիչներից է, Բլումսբերի խմբավորման անդամ: Նրա ամենահայտի ստեղծագործությունեից է «Սեփական սենյակը», որ ֆեմինիստական գրականության վառ օրինակներից է համարվում: Իր ուղին դեռ նոր սկսած «Դարակ» հրատարակչության տնօրեն Արմեն Գասպարյանի հետ զրուցեցինք հրատարակչության, գրիքերի ու Վիրջինիա վուլֆի մասին…

-Պատմեք «Դարակ» հրատարակչության գաղափարի, ստեղծման ու նպատակների մասին

– Մենք նկատում ենք, որ Հայաստանն ունենալով փոքր ռեսուրսներ, շատ հաճախ գրահրատարակչական ոլորտում չի հասցնում ժամանակին արձագանքել համաշխարհային գրականության միտումներին: Այս փոքր ռեսուրսներն էլ պատճառ են դառնում, որ հայաստանյան հրատարակչությունները ոչ թե կոնկրետ գաղափարական խնդիրներ դնեն իրենց առջև, այլ ավելի շատ փորձում են բացերը լրացնել: Շատ բացեր կան, որոնք մենք ևս փորձելու ենք լրացնել և մեր լուման ունենալ մեր ռեսուրսներով: Մյուս կողմից փորձելու ենք մեր հրատարակած գրքերով բարձրացնել հանրության մեջ հրատապություն ունեցող խնդիրներ, ինչպես նաև խրախուսել գրականություն մուտք գործող նոր անուններին:

Virginia-Woolf-004-Որքանո՞վ է դժվար, այսօր Հայաստանում հիմնել հրատարակչությունգրականության պահանջարկի տեսանկյունից:

– Իհարկե, դժվար է: Հայաստանյան գրաշուկան չափազանց փոքր է, ինչը բացասաբար է անդրադառնում թե՛ գրողի, թե՛ թարգմանչի, թե՛ հրատարակչի, թե՛ գրավաճառի սոցիալական վիճակի վրա: Բայց եթե հավատում ես արածիդ կարևորությանը, չպետք է դժվարություններից վախենալ:

-Կա՞ն որոշակի ֆորմատներ, որոնց շրջանակներում գործում եք, թե պատրաստ եք հրատարակել ցանկացած գրականություն:

– Խորհրդային շրջանում կար մի ֆորմատ. տպագրվող գրքերը պետք է ծառայեին մի գաղափարախոսության: Բարեբախտաբար, այսօր այդ միակ ֆորմատի գաղափարը չկա, և մենք պատրաստ ենք տպագրել ցանկացած լա՛վ գրականություն: Մենք նկատում ենք նաև, որ այսօր էլ շատ լավ գրականություն տպագրվում է, սակայն դա շատ հաճախ չի հասնում ճիշտ հասցեատիրոջը: Հրատարակչության խնդիրն է նաև իր հրատարակած գրքերը ճիշտ հասցեատիրոջը հասցնելը, ընթերցողին մասնակից դարձնել այն գաղափարների քննարկմանը, որոնք մատուցվում է լավ գրականությամբ:

Virginia-Woolf-1882-1941-001

Վիրջինիա Վուլֆ 1882-1941թթ.

Roger-Fry-Virginia-Woolf-portrait-1917-002

Ռոջեր Ֆրայ, Վիրջինիա Վուլֆի դիմանկարը, 1917թ.


-Առաջինը հրատարկել եք Վիրջինա Վուլֆի «Սեփական Սենյակը» … Ինչու՞ հատկապես այս գիրքը առաջին հրատարակման համար

– Մինչև այս գիրքը հրատարակել որոշելը, նախ որոշեցինք տպագրել մի մատենաշար, որտեղ ընդգրկված կլինեն միայն կին հեղինակներ և այդ գրականությամբ կբարձրաձայնվեն կանանց իրավահավասարության խնդիրները, ինչպես նաև կին հեղինակների միջոցով կբարձրաձայնվեն հասարակության մեջ առկա բազմաթիվ խնդիրների մասին: «Սաֆո» մատենաշարի բացման համար որոշեցինք տպագրել Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը», որը լավ նախաբան կլիներ մատենաշարի ընդհանուր միտվածությունը բացահայտելու համար:

-Գրքի ամենակարևոր ուղերձը ընթերցողին

– Գրքի ամենակարևոր ուղերձները, կարծում եմ, խտացված են գրքի վերջին էջերում: Չեմ ուզում խոսել դրանց մասին, քանի որ ինքս գեղարվեստական այն հմայքով չեմ կարող արտահայտել դրանք, ինչպես Վուլֆն է արտահայտել: Գրականության ուժը գեղարվեստի մեջ է:

-Որքա՞ն ժամանակ է անցել գրքի՝ գրախանութներում հայտնվելուց ի վեր, և ինչ հաջողություններ եք գրանցել.  հասցրե՞լ է արդյոք գիրքը դառնալ երևանյան բեսթսելլեր:

Virginia-Woolf-003-Գրքի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է. այն եղել է նաև «Երևանյան բեսթսելլեր» նախագծի ամենավաճառված գիրքը, սակայն գրքի հաջողությունները պայմանավորված չեն միայն վաճառքի քանակով: Մեզ ավելի շատ ուրախացնում է այն հանգամանքը, որ ընթերցողները մեծ հետաքրքրությամբ ցանկանում են կիսել իրենց կարծիքները և նախաձեռնել են գրքի քննարկումներ, որոնց հրավիրել են նաև մեզ: Մեր նպատակը գրքում առաջ քաշվող խնդիրների բարձրաձայնում էր: Կարծում եմ` մենք հասել ենք դրան:

-Հրատարակչության հետագա պլանների մասին

– Մի քանի նախագծեր կան, որոնք կյանքի կոչվելու ընթացքի մեջ են: Կարծում եմ` շուտ է դրանց մասին բարձրաձայնելը, բայց ասեմ, որ պատրաստվում ենք կյանքի կոչել ևս մի քանի մատենաշարեր, որոնք հատուկ խնդիրներ կբարձրաձայնեն:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով