+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Կինոերաժշտություն. երբ խոսում է մեղեդին


Ասում են, լավ ֆիլմի հաջողության գրավականը` լավ երաժշտությունն է. կա այդպիսի ճշմարտություն: Թող ինձ ներեն, իհարկե, ռեժիսորներն, սցենարիստներն, դերասաններն, օպերատորներն և այլոք… նոր թեորեմ առաջ չեմ քաշում, թե վերոնշյալ երևլիներն ընդհանրապես դերակատարում չունեն: Խոսքը դրա մասին չէ: Պարզապես, եթե հայացք ենք գցում դեպի անցյալ, ապա տեսնում ենք, որ հենց երաժշտությունն է հանդիսացել կինոյի ստեղծման հիմքը, արտահայտչական հիմնական միջոցը ու դրա վառ ապացույցը համր ֆիլմերն են:

Համաձայնե՜ք, առանց դինամիկ երաժշտության ու մեղեդիների կամ ասենք՝ ձայնային էֆֆեկտների, կինոն ձանձրալի ու դժգույն կլիներ, ինչպես երկար ու բարակ երկխոսություններով ողողված տեսարաններն են, որոնք հաճախ սղոցում են մեր նյարդերը: Ա՛յ, թե ինչ կարևորություն ունի կինոերաժշտությունը. հազար ու մի խոսքից էլ արժեքավոր է, երբեմն էլ ֆիլմը մոռացվում է, իսկ մեղեդին՝ մնում է հավերժ…

«Արվեստագիր» առցանց  մշակութային հանդեսի կինո բաժնի մշտական սյունակագիր Միքայել Մարգարյանը մեծ սիրով ներկայացնում է Ձեր՝ սիրելի ընթերցողների դատին, իր սիրելի  լեգենդար ֆիլմերի ոչ պակաս հանճարեղ սաունդթրեքերը… երգեր ու մեղեդիներ, որոնք լսելիս աչքիդ առաջ են գալիս սիրելի ֆիլմերի կադրերը, իսկ զգացմունքներն այնքան խորն են, որ կարծես ժամանակը մի պահ կանգ է առնում:

Դե ի՛նչ, գնացինք:


02-Teheran-43ԹԵՀՐԱՆ-43

«Une vie d’amour»

Մեղեդի՝ Ժորժ Կառվարենց

Խոսք՝ Շարլ Ազնավուր

Կատ՝ Շառլ Ազնավուր

Համաշխարհային կինոյի ու առհասարակ էստրադային երաժշտության պատմության մեջ՝ սիրո մասին ամենասիրված ու հանրահռչակ երգերից մեկն է, որը կատարվել է լեգենդար շանսոնյե, ֆրանսահայ, բայց աշխարհի քաղաքացի Շառլ Ազնավուրի կողմից:

«Une vie d’amour» (հայ.՝ Սիրո մի կյանք) գրվել է 1981 թվականին՝ հատուկ բոլոր ժամանակների կուլտային քաղաքական դետեկտիվի՝ Թեհրան-43-ի համար: Հայազգի շանսոնյեն այն երգել է նաև ոչ պակաս աշխարհռչակ ֆրանսիացի երգչուհի Միրեյ Մատյոյի հետ:

Mattie-and-Aznavour

Մատյե-Ազնավուր դուետ

George-Garvarenz

Ժորժ Կառվարենց


1981 թ. մարտին ֆրանսիական Barclay Records ձայնագրման լեյբլը թողարկել է Շարլ Ազնավուրի «Թեհրան-43» (Teheran 43), «Ինքնակենսագրություն» (Autobiographie) և (Une vie d’amour) երեք առանձին ալբոմները։ Գոյություն ունի երգի բառերի երեք տարբերակ՝ ֆրանսերեն, հայերեն և ռուսերեն:

Հոգեթով այդ լեյտմոտիվը ներդաշնակորեն ձուլվում է ֆրանկո-սովետական կինոարտադրության այդ գլուխգործոցի՝ գործողություններով հագեցած դետեկտիվի սյուժետային ընթացքին: Իսկ Մատյե-Ազնավուր դուետի շուրթերից դուրս պրծնող հարմոնիկ ելևեջները էլ ավելի տրագիկ ու համաժամանակ հույս են ներշնչում՝ ֆիլմում անտենասենելի թելի պես ձգվող ի սկզբանէ դատապարտված հոգեցունց սիրո պատմությանը…

Ինֆորմացիա ֆիլմի մասին՝

Թեհրան-43 (ԽՍՀՄ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Իսպանիա, 1981), դետեկտիվ ֆիլմ, «Մոսֆիլմ», «Mediterranee Cinema», «Pro Dis Film» ստուդիաների համատեղ արտադրություն։  Ֆիլմի հեռուստատեսային տարբերակի անվանվումն է «Մահափորձ»:

03-Teheran-43Ֆիլմի առանցքային կերպարներին մարմնովորել եվրոպական և սովետական կինոյի այնպիսի երևլիներն, ինչպիսիք են՝ Ալեն Դելոնը /ոստիկանության տեսուչ Ֆոշ/, Նատալիա Բելոխվոստիկովան /Մարի Լունի/, Իգոր Կաստալեվսկին /հետախույզ Անդրեյ Բորոդին/, Կլոդ Յուրգենսը /փաստաբան Լեգրեն/, ինչպես նաև վերջերս 80-ամյա հոբելյանը տոնած՝ լեգենդար Արմեն Ջիգարխանյանը /Մաքս/ և ուրիշներ:

Սցենարի հեղինակներն ու ռեժիսորներն են Ալեքսանդր Ալովը և Միխայիլ Նաումովը /մասն. Միխայիլ Ֆիլիպովիչի/, օպերատորը՝ Վալենտին Ժելեզնյակովն է:

Ֆիլմն արժանացել է մի շարք պարգևների, որոնց թվում՝ համամիութենական կինոփառատոնի գլխավոր մրցանակի /1981/, Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոսկե և «Родина» ընկերության մրցանակների /1981/:

Gevorg-Vardanyan-Teheran-43

Գևորգ Վարդանյան

Ֆիլմը նկարահանված է իրական փաստերի վրա: Կասկած չկա, որ գերմանացիներն իսկապես ծրագրել էին տապալել Թեհրանի կոնֆերանսը ու սպանել Ստալինին, Չերչիլին և Ռուզվելտին: Սակայն նացիստների հրեշավոր ծրագրերը կանխվել են խորհրդային հետախույզների կողմից։ Հետաքրքիր է նաև այն, որ կինոնկարի թեհրանյան տեսարանները նկարահանվել են Բաքվում, քանզի որոշ թաղամասեր իսկապես նման են եղել Իրանի մայրաքաղաքին:

Նացիստների ծրագրերը խափանելու գործողության մեջ իր ավանդն է ունեցել խորհրդային հետախուզության հայազգի ու ամենաճանաչված հետախույզներից մեկը` Գևորգ Վարդանյանը։

«Թեհրան-43»-ի գործողությունները ծավալվում են երկու տարբեր ժամանակներում՝ 1943 և 1970 թվականներին: Սյուժեյի սիրային գիծը կենտրոնացած է հետախույզ Անդրեյ Բորոդինի /Իգոր Կաստալևսկի/ և ռուսական արմատներով ֆրանսուհի, պարսկերենի թարգմանչուհի Մարի Լունի /Նատալիա Բելոխվոստիկովա/ ռոմանտիկ հարաբերությունների շուրջ:

Ֆիլմի գլխավոր կոնֆլիկտը պտտվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երեք տերությունների` ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների  Թեհրանում կայանալիք հանդիպան շուրջ: Այն կանգնած էր խափանման վտանգի տակ, քանզի գերմանացիները ծրագրում էին սպանել նրանց և դրանով խանգարել նրանց միջև կայանլիք համաձայնությունն ու փոխել պատերազմի ընթացքը։

01-Teheran-43Խորհրդային հետախույզների /որոնցից մեկն Անդրեյն է/ նպատակն է հանդիսանում հանդիպման անվտանգության ապահավումը։ Նրանց ջանքերով ահաբեկչությունը կանխվում է։ Սակայն մահափորձի կազմակերպիչն ու նրա գլխավոր օգնականը՝ Մաքս Ռիշարը /Արմեն Ջիգարխանյան/ կարողանում են ճողոպրել։

Պատմական դեպքերից 30 տարի անց՝ 1970 թվականներին պատահաբար հայտնաբերվում է վերոհիշյալ իրադարձությունների մասին պատմող ֆիլմի ժապավենը, քանի որ Մաքս Ռիշարը՝ կեղծ անունով որոշում է աճուրդի հանել այն, սեփական հիշատակարանի հետ միասին։ Իմանալով այդ մասին, ահաբեկչական խմբի ղեկավարը փորձում է ձեռք բերել ժապավենը և վերացնել վկաներին` Մաքսին և Մարիին։ Անդրեյ Բորոդինն իմանալով աճուրդի մասին, մեկնում է Ֆրանսիա, փորձելով միաժամանակ գտնել Մարիին, որին կորցրել էր Թեհրանում կատարվելիք իրադարձությունների հորձանուտում։ Ցավոք նրա որոնումները ողբերգական ավարտ են ունենում, քանի որ Մարիին հանդիպելուց հետո վերջինս վթարի է ենթարկում և մահանում…

Գնահատականը՝ 10/10


«Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն»

Հովարդ Շոր – Concerning Hobbits

The-Lord-of-The-Rings-01Վաստակաշատ կանադացի կոմպոզիտոր Հովարդ Շորի դեռևս ամենաազդեցիկ գործերից մեկն է, որն առավել կտրուկ ու լավագույնս կերպով է փոխանցում թե՜ եռերգության ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի և թե՜ ֆենտեզի ժանրի լեգենդար վիպերգության հեղինակ Ջոն Թոլկիենի էպիկական, հերոսական ու սխրանքային շունչը: Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ երաժշտությունն ու ֆիլմը՝ առանձին-առանձին, յուրօրինակ արժեք են իրենցից ներկայացնում:

Այդ փոքրիկ հեքիաթային արարածների՝ հոբիտների արկածներին հետևելը ւ վերջիններիս հետ միասին այդ գործողություններով հագեցած պատմությանը մասնակցելը հաճելի է ընթանում Շորի ստեղծած յուրաքանչյուր մեղեդու, ռիթմի, անցումների, սիմֆոնիկ նվագախմբի… ֆլեյտայի, կլավիսինի ուղեկցությամբ: Այն կարող է հանգստացնել, զուգահեռաբար վախ ու սարսափ ներշնչել: Հերոսների փոխարեն ամեն մի փորձություն վերապրել…

Howard-Shore

Հովարդ Շոր

Այս հոգեցունց երաժշտությունը նման մի նոստալգիկ ճանապարհորդության՝ երկար, մոլորեցնող, բայց հստակ ուղղությամբ՝ դեպի հեռավոր հայրենիք: Այս դեպքում Շիր գյուղ, որը եռերգության գլխավոր հերոսի՝ Ֆրոդոյի ծննդավայրն է: Ընթացքում իհարկե կարելի է պատկերացնել նաև էլֆերին, օրկերին, հրաշագործներին… մի խոսքով հեքիաթային նախամարդկային աշխարհ, որտեղ հնարավոր է ամեն ինչ…

Ինֆորմացիա ֆիլմի մասին՝

«Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն» (բնօր.՝ The Lord of the Rings: The Fellowship of the Ring), ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի լեգենդար եռերգության առաջին մասն է, որը նկարահանվել է 2001 թվականին, բրիտանացի արձակագիր Ջոն Թոլկիենի վիպերգության մոտիվներով: Կինոնկարի գլխավոր հերոսներին մարմնավորել են Էլայջա Վուդը, Յան Մաքկելենը, Վիգգո Մորտենսենը, Շոն Բինը, Օրլանդո Բլումը, Ջոն Ռիս-Դևիսը, Յեն Հոլմը, Շոն Էսթինը, Բիլի Բոյդը, Դոմինիկ Մոնահենը և Լիվ Թայլերը։

Ֆիլմն արժանացել է 4 Օսկարի, 68 այլ մրացնակների և առաջադրված է եղել ավելի քան 81 անվանակարգում: Եռերգության նկարահանումները տևել են 15 ամիս, իսկ հետարտադրական աշխատանքները տևել են 1 տարի: Առաջին մասի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2001 թ. դեկտեմբերի 19-ին:

The-Lord-of-The-Rings-02 The-Lord-of-the-Rings-03


Գործողությունները ծավալվում են հեռավոր անցյալում՝ Միջերկիր կոչվող մտածածին աշխարհում և կենտրանացած են Ուժի Մատանու համար մղվող Մեծ պատերազմի շուրջ, որը շարունակվել է մի քանի հազարամյակ։ Նա, ով ստանում է մատանին, տիրապետում է բոլոր կենդանի արարածներին, բայց ստիպված է ծառայել չարիքին։

Այն օրը, երբ սկսվում է պատմությունը, հրաշագործ Հենդալֆը գնում է մի խաղաղ գյուղ, որտեղ բնակվում են հոբբիտները, որպեսզի այնտեղ մասնակցի իր ընկերոջ՝ Բիլբո Բեգինսի 111-ամյակին։ Այնտեղ էլ նա խոսք է բացում տարիներ առաջ գտնված մատանու մասին։ Այդ մատանին պատկանում է Միջերկրի մռայլ ուժերի տիրակալ Սաուրոնին և նա մեծ ուժ է տալիս իր տիրոջը։ Եվ հիմա Սաուրոնը կարող է վերականգնել իր տիրապետությունը ողջ Միջերկրի վրա։ Բիլբոն մատանին տալիս է իր զարմիկ Ֆրոդոյին, որը փորձում է դիմակայել մատանու չար գայթակղությանը։

Գնահատականը՝ 10/10

Կինոերաժշտություն՝ գեղեցիկ, հոգեցունց արվեստ, որի մասին կարելի է խոսել ժամերով: Ցավոք թուղթը չի հերիքի, իսկ անհագ ցանկությունը՝ ներկայացնել, վերապրեցնել Ձեզ այն բոլոր սրտահունչ մեղեդիները, որոնք ստեղծվել են կինոյի հիմնադրման ժամանակիներից ի վեր, շատ մեծ է: Լա՛վ, իսկ հետաքրքիր է, ո՞րն է Ձեր՝ սիրելի ընթերոցողներ, ամենիսիրված կինոմեղեդին…



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով